|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Հարություն Մեսրոբյան
Հարցազրույց տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ -Վերջին շրջանում բազմաթիվ մեկնաբանություններ եղան Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Դրակա՞ն եք այն գնահատում, թե՞ բացասական։ -Սովորաբար նմանատիպ գոծողություններն իրականացվում են մի շարք այլ գրավոր և բանավոր պայմանավորվածությունների հետ մեկտեղ: Հետևապես, չիմանալով պայմանավորվածությունների ամբողջ խումբը, անհնարին է որակավորել առանձին երևույթը: Սակայն հնարավոր է մի շարք այլ անուղղակի ազդակներով հասկանալ, թե ինչ է կատարվում: Իսկ 1991թ.-ից կատարվում է հետևյալը. ա) Հայաստանը փուլ առ փուլ փաստացի կորցնում է անկախությունը, քանի որ «վերնախավը» հիմնականում զբաղված է ամեն գնով սեփական իշխանության պահպանումով, բ) Հայաստանը գրեթե չի ունեցել իշխանական և ընդդիմադիր գործիչներ, որոնք մի կողմից լինեին ազգային, իսկ մյուս կողմից իշխանական լծակները դիտարկեին բացառապես, կրկնում եմ՝ բացառապես ազգին և պետությանը ծառայացնելու համար: Նման պայմաններում ցանկացած միջազգային պայմանավորվածությունների դրական և բացասական հետևանքների հանրագումարը Հայաստանի համար բարենպաստ լինել չի կարող: -Ձեր գնահատմամբ՝ այսօրվա իշխանություններին իրական հակակշիռ ուժ կա՞, թե՞ ոչ։ -Առայսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանություններին իրական հակակշիռ կազմակերպված ուժ չկա: Այստեղ հանգուցային հատկանիշներն են «իրական» և «կազմակերպված» բառերը: Հաշվի առնելով նախորդ պատասխանում նշված երկու պայմանները, ինչպես նաև այն, որ Հայաստանում պետական կամ ընդդիմադիր կառույցներն առաջնորդվում են սեփական կամ կորպորատիվ շահերով, հասկանալի է, որ անհրաժեշտ է ձևավորել նոր ուժ: Ընդ որում, այդ ուժը պետք է բացառի այս 22 տարիների ընթացքում Հայաստանում ու Սփյուռքում բացահայատված հայ ազգի պետական և ընդդիմադիր «հերոսների» ներգրավումը, մասնավորապես՝ քաղաքական և պետական գործիչների և նրանց սպասարկող քաղաքագետների, փորձագետների, թուրքագետների, խորհրդականների, սոցիոլոգների, հոգեբանների և այլն: Ավելին, Հայաստանում չկա ընդդիմադիր կուսակցություն դասական իմաստով: Այսպիսի հասկացողություններ, ինչպիսիք են «գաղափար» և «սկզբունք», մեր գործիչների և նրանց սպասարկողների կողմից տարօրինակ կերպով պիտակավորվում են որպես «զգացմունքային»: Ըստ Ֆրեյդի, կարելի է ենթադրել, որ նրանք շատ են արտասանում այն բառերը, որոնց էությունից զրկված են իրենց կյանքում: Այսպես կոչված՝ հոգեբանական բարդույթ: -Չե՞ք կարծում, որ իրական հակակշիռ ուժի բացակայության պայմաններում իշխանությունները կարող են վերարտադրվել։ Եվ ո՞ր դեպքում իշխանությունները կարող են վերարտադրվել, ո՞ր դեպքում՝ ոչ։ -Ոչ միայն կարող են վերարտադրվել, այլև համաձայն Պարկինսոնի օրենքի՝ պարտադիր վերարտադրվելու են բոլոր դեպքերում և ընդլայնողական կերպով, բացի մեկ դեպքից, երբ վերարտադրվելը հղի է լուրջ հետևանքներով: Այն պահից, երբ Հայաստանում «պաշտոն զբաղեցնելը» և «սեփական» գլխով պատասխան տալը» դառնալու են հոմանիշներ, հավատացեք, պաշտոնամոլուցքով տառապողների քանակը շեշտակի նվազելու է: Իսկ եթե «խոսքը» և «գործը» նույնպես դառնան հոմանիշներ, ապա հայերը դառնալու են աշխարհի ամենաքչախոս և «ճռճռան» բառերից խուսափող ազգը: -Թեպետ ընտրություններին դեռևս երկու տարի կա, սակայն արդեն նախընտրական իրավիճակներ են ստեղծվել։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։ Եվ, Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ ընդդիմադիր դաշինքներ ստեղծվեն։ -Միանշանակ է, որ արդեն նախընտրական իրավիճակներ են ստեղծվել և սկսվել են, այսպես կոչված, «ընդդիմադիր դաշինքների» ստեղծման նախնական աշխատանքները: Վստահ եմ՝ ինչ-որ արհեստական կարճաժամկետ դաշինքներ ստեղծվելու են: Սակայն կարծում եմ, որ կուսակցությունները Հայաստանի անցյալն են, այլ ոչ թե ապագան: Հաշվի առնելով, որ կուսակցությունների անդամներ են դառնում մարդիկ, ովքեր կա՛մ ուզում են ստանալ պաշտոն, կա՛մ լուծել բարեկեցության խնդիր, կա՛մ երկուսը միասին, կարելի է վստահությամբ պնդել, որ կուսակցությունների անդամների ճնշող մեծամասնությանը չի կարելի մոտեցնել իշխանական որևէ լծակի: Դա Հայաստանի կուսակցությունների միակ դրական դերն է, երբ ավտոմատ կերպով լուծվում է մարդկանց բացահայտման խնդիրը, ինչը շատ կարևոր է նոր ուժի ձևավորման համար: 7or.am 30.08.10 Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: