Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

«Սարդարապատ» նախաձեռնությունը որոշել է Հայաստանում այլընտրանքային խորհրդարան ստեղծել

 

«Սարդարապատ» նախաձեռնությունը որոշել է Հայաստանում այլընտրանքային խորհրդարան ստեղծել: Այս մասին այսօր` հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն ու ընդգծեց. «Այսօրվա վարչակարգը մենք չենք համարում ժողովրդի իշխանություն: Ի տարբերություն ներկայիս ռեժիմի, որտեղ հավաքված են ժողովրդին լափողներն ու կեղեքողները, մեր պատկերացրած իշխանությունը բառիս բուն իմաստով ծառայելու է ժողովրդին»:

Նրա խոսքով, իրենց կողմից ստեղծվելիք այլընտրանքային խորհրդարանը (որն էլ հենց դառնալու է ժողովրդի իշխանության մարմինը) լինելու է մի տեղ, ուր մարդիկ կարողանալու են խոսել իրենց հուզող խնդիրների մասին։ «Մենք որեւէ մեկին փնովելու կարիք չունենք։ Այս ծրագիրը կյանքի կոչելու գործում մրցակցության խնդիր չկա, այլ միայն ճիշտ ճանապարհ դուրս գալու խնդիր կա, այնպես որ մեր նախաձեռնությունը իրեն մրցակից չի տեսնում նույնիսկ Հայ ազգային կոնգրեսին»,- նշեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ այլընտրանքային խորհրդարանը նպատակ ունի իր հարկի տակ հավաքել հարյուր-հազարավոր ինտելեկտուալների, ովքեր իրենց առջեւ խնդիր են դնելու ժողովրդի իշխանություն ստեղծել։ «Այս մասով մենք առայժմ բոլոր փակագծերը չենք բացի, սակայն կարող եմ ասել որ ներկայումս հանձնաժողովների ձեւավորման աշխատանքներ ենք իրականացնում»,- նկատեց Սեֆիլյանը։

Անդրադառնալով ներկա իշխանությունների գործելաոճին՝ «Սարդարապատ» նախաձեռնության համակարգողը ընդգծեց, որ նրանց օրակարգային խնդիրը եղել եւ շարունակում է մնալ իշխանությունն ամեն կերպ պահելու հարցը։ «Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա մեր երկրում դրանք սկսվել են դեռեւս 1996 թվականից։ Այնպես որ մեր ընդդիմադիր ուժերին զգոնության կոչ եմ անում։ Իշխանություններն անշուշտ պետք է ձեւավորվեն ընտրությունների միջոցով, սակայն բռնատիրությունը չի վերանում ընտրություններով. սկզբում պետք է տապալվի  բռնատիրությունը, եթե կուզեք՝ թեկուզ 1990 թվականի օրինակով, երբ իշխանությունը զավթվեց հենց փողոցում»,- նկատեց Սեֆիլյանը։ «Մենք գիտենք, որ այլընտրանքային խորհրդարան նախաձեռնելու մեր որոշումն ուշացած է, սակայն կարեւորը գործը սկսելն է։ Լավ է ուշ սկսել, քան երբեք չսկսել»,- ամփոփեց Սեֆիլյանը։

Ասուլիսի մյուս բանախոս, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Հայկ Բալանյանն էլ նկատեց, որ յուրաքանչյուր ընտրություններից առաջ ստեղծվում է կեղծ ընդդիմություն, որը բուն ընտրությունների պահին ձայներ է խլում իրական ընդդիմությունից։ «Օրինակ՝ Արտաշես Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունները»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ոչ միայն  կեղծ ընդդիմություն, այլ նաեւ կեղծ կուսակցություն է նաեւ ՀՅԴ-ն։

Իսրայելի գործողությունները թուրք-իսրայելական սցենարի ամենացինիկ դրսեւորումներից էին

Թուրք-իսրայելական կոնֆլիկտը նոր չէ, սակայն Իսրայելի բանակի՝ Միջերկրական ծովում իրականացրած վերջին վայրագ գործողությունները թուրք-իսրայելական սցենարի ամենացինիկ դրսեւորումներից էին։ Նման կարծիք հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը։

Նշելով, որ Թուրքիան իր առջեւ խնդիր է դրել դառնալ իսլամական աշխարհի  առաջնորդ՝ նա նկատեց. «Հարցն այն է, որ արվում է ամեն բան՝ Թուրքիային արաբական եւ ընդհանրապես իսլամական աշխարհի աչքում հերոսացնելու համար, եւ եթե նա հաջողի Միջին Արեւելքում դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ, ապա դա, որքան էլ,աշխարհագրական առումով մեզանից հեռու, կլինի նաեւ ի վնաս Հայաստանի»,- շեշտեց Սեֆիլյանը՝ հատկանշական համարելով, որ սրանից առաջ Թուրքիան երբեւիցե հետաքրքրված չի եղել պաղեստինցիների ճակատագրով։

«Թուրք-իսրայելական հակամարտությունը մեծ քաղաքական խաղ էր, որը Թուրքիային բնական մրցակցության է բերելու Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ»,- կարծիք հայտնեց «Սարդարապատ» նախաձեռնության համակարգողը։

Հիշեցնենք, որ օրերս իսրայելական բանակը գրոհել էր Գազայի հատված մարդասիրական բեռներ տեղափոխող այսպես կոչված «Ազատության նավատորմ»-ի վրա, ինչի արդյունքում զոհվեց 9 մարդ, նրանցից 8-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։

News.am 09.06.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: