Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայկ Բալանյան. «Թուրքիան հարձակվեց Արևմուտքի վրա, բայց իրականում խփեց Արևելքին»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել  է նաև թուրք-իսրայելական խնդրին և նշել է, որ այդ երկու երկրների հակամարտությունը նորություն չէ, սակայն վերջին դեպքերը սցենարի ամենացինիկ դրսևորումներն էին։

 -Սցենարը հետևյալն է. քանի որ գերտերություն համարվող Միացյալ Նահանգները Միջին Արևելքում ոչ միայն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը, այլև արդեն առնվազն մի քանի երկրներում մի քանի տարի է՝ իրենց ազդեցությամբ առաջին տեղը զիջում են Իրանին, որն իսլամական առավելություն ունի։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիային պետք էր հերոսացնել արաբական և իսլամական աչքի համար։ Եթե անցյալ տարիների դեպքերն ուսումնասիրենք, կտեսնենք, որ տարբեր միջոցառումներ են տեղի ունեցել այս համատեքստում։ Ես համարում եմ, որ նավատորմում մահացած մարդիկ գերտերությունների խարդավանքների զոհեր են,-նշել  է նա։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանն էլ շարունակելով Ժիրայր Սեֆիլյանին՝ նշել է, թե այնպիսի տպավորություն է, ասես այս ամենը շատ լավ ծրագրված և կազմակերպված էր։

-Պաղեստինում ինչ լինի-չլինի, Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների գլխավոր կնճիռը չէ։ Գլխավոր խնդիրը Իրաքի քրդերն են։ Մնացածը լուրջ չէ։ Հակառակը, մենք տեսել ենք  Իսրայելի կողմի աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչումը կասեցնելու գործում։ Թուքրիան ինչ-որ ակնկալիքներ ունի, և նրա ակնկալիքները կապված են Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ծրագրվող պետության հետ, որը Իսրայելական պրոյեկտ  է, իսկ պաղեստինցիներն այս հարցում հանդիս են գալիս թնդանոթի մսի դերում։ Պարզ ասած՝ Թուրքիան հարձակվեց Արևմուտքի վրա, բայց իրականում խփեց Արևելքին,-նշել  է նա։

Հայկ Բալանյանի խոսքերով՝ երկարաժամկետ հեռանկարում, երբ Իսրայելը կփորձի Իրաքում իր ծրագիրն իրականացնել, ամեն անգամ Թուրքիան շահարկելու է Պաղեստինի և Գազայի խնդիրը։

Ե՛վ Հայկ Բալանյանը, և՛ Ժիրայր Սեֆիլյանը նշել են, թե այս ամենին հետևելով՝ հայերը պետք  է դասեր քաղեն։

-Անշուշտ, այս ուղղությամբ մենք՝ հայերս, պետք  է աշխատենք, որ միջազգային այն ուժերը, որոնք փորձում են այս պատկերը ձևավորել Միջին Արևելքում, եթե ահջողվի, դա ի վնաս մեզ կլինի, և այս իմաստով կարծում եմ, որ ինչ-որ կատարվում է, հայերին պետք  է հետաքրքրի,-հավելել է Ժիրայր Սեֆիլյանը։

7or.am                                                                                                                        Հեղինե Հարությունյան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: