Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Նորաստեղծ ՚Միացում Մամուլի Ասուլիսը

 "Միացում " նախաձեռնությունը սկսում է գործել

 Azatutyun 30/10/08

 "Հայաստանի որեւէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու եւ երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակներն ու տնտեսական ապօրինի մենաշնորհային արտոնությունները պահպանելու անիրագործելի մտադրությունից ", - ասված է  "Միացում " ազգային նախաձեռնության` այսօր տարածած անդրանիկ հայտարարությունում, որի հեղինակները լրագրողների հետ հանդիպմանը ազդարարեցին նորաստեղծ նախաձեռնության գործունեության մեկնարկը:

Նախաձեռնությունը ներկայացված էր բավական լայն կազմով` Ժիրայր Սեֆիլյան, Զարուհի Փոստանջյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Տիգրան Խզմալյան, Գրիզելդա Ղազարյան, Սեդա Մելիքյան, Ալեքսանդր Քանանյան, Ալեք Ենիգումուշյան:

 "Միացում " անվանումը պատահականորեն չէ ընտրված. ըստ ժիրայր Սեֆիլյանի, անցել են  "Լեռնային Ղարաբաղի հանրապետություն " ձեւակերպմամբ դիվանագիտական խուսանավումներ կատարելու ժամանակները. -  "Այսօրվա Արցախը փաստացի սահմաններով, հայկական գերիշխանությանը ենթակա գտնվող տարածքներով պետք է լինի Հայաստանի Հանրապետության մի մարզ կամ երկու մարզ ":

Ըստ Ազգային ժողովի պատգամավոր ( "Ժառանգություն ") Զարուհի Փոստանջյանի, վերջին 17 տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ձեւավորված համակարգը սպառել է իրեն: Այն  "փուխր է, անկայուն եւ սպառնում է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի անվտանգությանը ":

 "Յուրաքանչյուր խախտում սահմանի, որը ներկայումս գոյություն ունի, կարող է հրահրել պատերազմ, որը իհարկե ցանկալի չէ երկու պետությունների համար: Այդ իսկ պատճառով, այն բոլոր բանակցությունները եւ խոսակցությունները եւ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից ներկայացված փաստարկները զիջումների, փոխզիջումների վերաբերյալ, պետք է մենք հասցնենք մեր ժողովրդին, որ դրանք բոլորը անընդունելի են ", - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը, ով Քելբաջարի բնակիչ է, նախանշեց, թե ինչ գաղափարով այսուհետ պետք է առաջնորդվի յուրաքանչյուր հայ գործիչ. -  "Այսուհետ ցանկացած անձ, ով պետք է կամենա գործել Հայաստանի քաղաքական դաշտում, պետք է միանգամայն ընդունի, որ Հայաստանի տարածքը նվիրական, գերագույն արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել ո’չ հայոց պետականությունը, ո’չ ժողովրդավարության հաստատումն ու զարգացումը
, եւ առհասարակ որեւէ կերպով Հայաստանի ապագան ":

Քանանյանը հավաստիացնում է, թե սա ամենեւին էլ ծայրահեղական մոտեցում չէ, ինչպես կարող է թվալ. -  "Իրականում հերիք է մի քիչ փորձագիտական հմտություն ունենալ, պարզապես աչք եւ հայացք նետել քարտեզին, որպեսզի մենք հասկանանք, որ այն բոլոր նվաճումները, այն բոլոր ազատագրված տարածքները, որոնք մենք ձեռք ենք բերել 92-94 թվականների ազատամարտի ընթացքում, այն նվազագույնի նվազագույնն են, որը կարող է արեւելյան ճակատում ապահովել մեր երկրի տարածքային, տնտեսական կենսունակությունը ":


Ըստ Քանանյանի, իրենց համար անընդունելի է նույնիսկ այն, որ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչվի անկախ պետություն` հարակից տարածքների վերադարձման դիմաց:

 "Ազատություն " ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այս նախաձեռնության տրամաբանությամբ անիմաստ չեն
դառնում Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները, պատասխանեց հենց Ալեքսանդր Քանանյանը. -  "Բանակցությունները դա քաղաքականություն է, որը ընթանում է հնարավորի շուրջ: Մենք պարզապես հստակեցնում ենք զիջումների այն նվազագույն նշաձողը, որից նահանջը կնշանակի մեր անվտանգության համակարգի ոչնչացում, եւ ըստ այդմ` Հայաստանի գոյության հեռանկարային ավարտ ":

 "Միացում " գաղափարի իրավական ընթացքը նախաձեռնողներն այսպես են պատկերացնում. նախ` Արցախի անկախության ճանաչումը, ապա` միավորումը Հայաստանի հետ:

 "Մենք կողմ ենք Հայաստանի անկախությանը, այլ ոչ թե դրա մի մասի անկախությանը ", - ընդհանրացրեց Տիգրան Խզմալյանը:


Տիգրան Ավետիսյան
 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: