| |
Ընդդիմությունը Նոր Մարտավարության
Անհրաժեշտության Առաջ
lragir
23/09/08
Սեպտեմբերի
23-ին գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Մարքսիստական կուսակցության
նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ երկրի
իշխանությունը տանուլ է տալիս թե արտաքին, թե ներքին քաղաքականության առումով,
հատկապես տնտեսական նոր քաղաքականություն չմշակելու եւ չիրականացնելու պատճառով:
Հակոբյանը նշել է, որ դա սպառնում է բնակչության կենսաբանական անվտանգությանը, եւ
ավելացրել, թե ինքը դա ասում է նաեւ որպես բժիշկ: Իսկ իշխանության տանուլ տալու
մասին, իր իսկ խոսքով, նա խոսում է սրտացավությամբ, ոչ թե այն բանից ելնելով, որ
իշխանության ախոյան է կամ մրցակից:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, որին մաս է կազմում Դավիթ Հակոբյանը, ապա նա
համարում է, որ ընդդիմությունը օգտագործելով հրապարակախոսական ամբիոնները,
այդուհանդերձ չի որդեգրել այդքան անհրաժեշտ նոր մարտավարական զինանոց: Ըստ Դավիթ
Հակոբյանի, իշխանության գոնե երեք ինստիտուտներից մեկում պետք է ընդդիմությունը
մինչեւ հունվար անպայման հասնի ռեւանշի: Դավիթ Հակոբյանն առավել նպատակահարմար է
գտնում պառլամենտում այդ բանն անելը, նշելով, թե եթե մինչեւ հունվար պառլամենտը
չցրվի, ապա դա կհանգեցնի պետության համար աղետի: Իսկ ընդդիմությունն էլ, ըստ նրա,
եթե մարտավարական առումով անհրաժեշտ հետեւություն չանի մինչեւ հունվար, ապա
հունվարից հետո ստիպված կլինի արդեն ներկայանալ նոր ձեւաչափով: Մարքսիստը կարծում
է, որ ամեն դեպքում հասարակությունը շատ արագ է կանխազգում որեւէ քաղաքական լիդերի
մոտալուտ մաշվածությունը, եւ լիդերները պետք է նկատի ունենան հասարակության այդ
ունակությունը եւ հասկանան, որ սերնդափոխությունը լինում է անխուսափելի: Ըստ Դավիթ
Հակոբյանի, Հայաստանում իշխանափոխությունը պատմական անհրաժեշտություն է, ոչ թե
Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ ընդդիմության կամք: Հակոբյանի խոսքով, այդ
իշխանափոխությունը չի լինելու Հերոստրատի ոգով, երբ ընդամենը կործանվում է եղածը,
այլ լինելու է ստեղծարար, նոր գաղափարներ առաջ բերող իշխանափոխություն: Եվ այդ
առումով Դավիթ Հակոբյանը հարցնում է, թե ով է լինելու Հայաստանի Ֆրանկլին Դելանո
Ռուզվելտը:
Ի դեպ, այդ համատեքստում նա հայտարարել է, որ “հարթակի տղաների”, ժամանակը վաղուց
անցել է: Դավիթ Հակոբյանը ասել է նաեւ, որ թող տպավորություն չստեղծվի, որ եթե
ընդդիմությունը չի որդեգրել նոր մարտավարություն, ապա նա այլեւս սպառվել է եւ անուժ
է: Նա հավատացրել է, որ ընդդիմությունը դեռ կասի իր խոսքը, քանի որ ունի դրա համար
անհրաժեշտ ռեսուրս:
|