|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Մշակվում է կոմիտասյան քաղաքականության իրականացման ծրագիրը. Կոմիտասի երգերը կտարածվեն Հայաստանում
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը և կոմիտասագետ,
կոմպոզիտոր, մշակութաբան Արթուր Շահնազարյանը մշակում են «Կոմիտասյան
քաղաքականության իրականացման» ծրագիրը, որով պատրաստվում են Կոմիտասի հինգ
ամենապարզ երգերն ամբողջ Հայաստանում տարածելու շարժում սկսել: Այս մասին այսօր
լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի
անդամ Լալա Մնեյանը՝ նշելով, որ իրենք մտահոգված են այսօր մշակութային կյանքում
տիրող իրավիճակով: «Այսօր մշակույթի առումով ազգային անվտանգության խնդիր
ունենք, վտանգված է մեր ազգային ինքնությունը»,- ասաց նա՝ դժգոհելով, որ
հասարակությանը Կոմիտասի ժառանգության ներկայացումն ու պրոպագանդումը մի քանի
հոգու միջոցով է արվում, և այդ հարցում չկա համակարգված մոտեցում:
Կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը նշեց, որ հայերը շատ մեծեր ունեն, որոնց ստեղծագործություններն ու թողած ժառանգությունն արժանի են ներկայացման, բայց իրենք ընտրել են Կոմիտասին, քանի որ կարծում են, որ «ամենաազդեցիկը երաժշտության ձայնն է»: Մասնագետի խոսքով՝ Կոմիտաս անվան տակ ընկալվում է Արևմտյան և Արևելյան Հայաստանների մշակույթը երաժշտության լեզվով: Արթուր Շահնազարյանն ասաց, որ իրենք պատրաստվում են Կոմիտասի երգերը տարածել բոլոր միջոցներով, այդ թվում՝ լազերային սկավառակների, Կոմիտասի երգերի բառերի տպագրված տարբերակները ողջ երկրով տարածելով, ինչպես նաև հեռուստատեսությամբ, եթե նման հնարավորություն լինի: «Այս հինգ երգերն՝ իբրև պատվաստ, առաջարկում եմ, որ պատվաստեն բոլորին: Ով այդ հինգ երգն իմանա, նա պաշտպանված կլինի բոլոր հակաերաժշտական աղետներից, բոլոր թուրքական ելևէջներից, որոնք այսօր ներխուժում-գրոհում են մեր երեխաների հոգու մեջ»,- ասաց կոմիտասագետը: Ասուլիսի մասնակիցները լրագրողներին բաժանեցին Կոմիտասի «Սոնա յար» երգի բառերը՝ առաջարկելով միասին երգել այն: Tert.am 17.02.2011 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: