|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Սույն թվի հունիսի 18–ին ՄԻԺԻ գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Ստորև ներկայացված է այդ նիստի ընթացքում տեղի ունեցած երկխոսություններից մի հատված, որը տեղի ունեցավ քաղաքագետ Մանվել Սարգսյանի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի միջև։
Մանվել Սարգսյան Այս վերջին տարիներին ես տարբեր կուսակցությունների և շարժումների նմանատիպ հանձնաժողովներում աշխատել եմ, ուստի կցանկանայի մի քանի հարցադրումներ կատարել։ Հայաստանում հիմա փորձագետներ կան և գնալով դրանց թիվը շատանալու է։ Որպեսզի այս հանձնաժողովը լուծի ինչ–որ խնդիրներ, պետք է հստակ ձևակերպվի, թե ի՞նչ գործառույթ է նա իրականացնելու, որ՞ն է նպատակը, և ի՞նչ է նշանակում զբաղվել արտաքին քաղաքականության հարցերով։ Պետք է տրվի այս հարցերի պատասխանը, որը շատ դժվար է։ Ինչո՞վ ենք զբաղվելու մենք։ Կամ ուղղակի ստեղծում եք որոշակի հայեցակարգ, նշելով, որ ՀՀ-ում վարվում է մաֆիոզ արտաքին քաղաքականություն, որը բոլորիս համար էլ պարզ է։ Կամ պետք է ասվի, որ հանձնաժողովը մշակում է ազգային դիրքերից արտաքին քաղաքականության համար հայեցակարդ, կամ էլ խնդիր է դրվում, որպեսզի ուղղվի մաֆիայի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը և այն տարվի ելնելով ազգային շահից։ Քանի դեռ այս հստակեցումը չի տրվել, որևէ բան չի ստացվի։ Ես հիմա Հայ ազգայի կոնգրեսում եմ շուրջ մեկ և կես տարի է, ինձ հրավիրում են այդտեղ որպես փորձագետ։ Կոնգրեսի այդ հանձնաժողովը վերածվել խորհրդակցական մի մարմնի, որտեղ արտաքին քաղաքականության հարցերով հետաքրքրված մարդիկ շատ լուրջ քննարկումներ են կատարում և գնում տուն։ Այնուհետև ինչ–որ մի փաստաթուղթ են տարածում, որը բացարձակապես կապ չունի Կոնգրեսի որոշումների հետ։ Հետևաբար հարց է առաջանում, ինչի՞ համար է ստեղծվել այդ հանձնաժողովը, ի՞նչ գործառույթը ունի նա։ Ուստի պետք է հստակեցվի, թե ինչ խնդիր է լուծում ստեղծված այս հանձնաժողովը, քանի որ շատ բարդ գործ է արտաքին քաղաքականությունը, և նրանով պետք է զբաղվեն մասնագետները։ Արտաքին քաղաքականությունը ամեն մարդու գործ չէ, և հիմա դրա դառը պտուղները քաղում ենք։ Ինչպես անել, որ մի 10-15 նմանատիպ մտածող մարդկանց գիտելիքը հավաքվի և տրվի այն փորձագետներին գնահատելու համար։ Ո՞նց եք հավաքելու, ապարատ ունե՞ք թե ոչ, կա՞ն մարդիկ, որոնք առավոտից երեկո զբաղվելու են կարծիքներ և տեղեկատվություն հավաքելով, ովքե՞ր են դնելու հարցեր այդ փորձագետների առջև, որ՞ն է հարցադրման և առաջադրվող խնդրի նպատակը։ Փորձագետը պետք է իմանա, թե ո՞րն է առաջադրվող խնդրի նպատակը, որպեսզի հստակ գնահատի և պատասխանի։ Ցանկանում եմ լսել իմ առաջադրած հարցերի պատասխանները։
Ժիրայր Սեֆիլյան Եթե մենք խորհրդատվական մարմնի տպավորություն ենք թողնում, ասեմ որ դա այդպես չէ։ Մեր սահմանումը շատ հստակ է։ Մենք այսօր պետություն չունենք , սա պետություն չէ, մենք բառի բուն իմաստով փորձելու ենք ժողովրդի իշխանության համակարգ ձևավորել և տվյալ դեպքում, ինչով որ այս հանձնաժողովը զբաղվելու է, ինչ–որ ձևավորվելու է, ինչ–որ ստեղծվելու է, կամ ինչի վրա փորձելու է ազդել ապագայում, պիտի ծառայի ստեղծվելիք այլընտրանքային համակարգին, որն այժմ մենք փորձում ենք ստեղծել։ Մենք երբեք այն մտքին չենք, որ կարող ենք հրապարակային գործունեությամբ ազդել այս մաֆիոզային իշխանության վրա, որ իրենք ճիշտ գործեն։ Ես կողմ եմ ընդհանրապես անտեսել նրանց գործունեությունը և փորձել ճիշտ գործունեության արդյունքում ձևավորել այլընտրանքային իշխանություն մեր երկրի ներսում։ Մեր պատկերացմամբ ստեղծվելիք բոլոր հանձնաժողովները պետք է ունենան մասնագետներ, որոնց աշխատանքը վճարվելու է։ Այդ գումարը չի գոյանալու ոչ օտարների գրանտներով և ոչ էլ այս ռեժիմի կողմից սնվող դրամաշնորհներով։ Այդ ֆինանսավորումը պետք է լինի հայ մարդկանց կողմից տրվող գումարներով։ Չեմ կասկածում, որ կգտնվեն հայ մարդիկ, որոնք կիրականացնեն այս կամ այն հանձանժողովի մասնագետ աշխատողների ֆինանսավորումը։ Եվ այսպիսով մենք պետք է կարողանանք ազդենլ արտաքին քաղաքական գործընթացների վրա, այլ ոչ թե այս հանցավոր համակարգի, որը ինչ–որ ժամանակ հետո փլուզվելու է, և այդ փլուզվելու ընթացքում արդեն իսկ մենք պետք է կայացած լինենք, որպեսզի ժողովուրդը ունենա հենարան։ 18.06.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: