Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սէֆիլյանի Մամուլի Ասուլիսը

Նոր Կազմակերպություն Եվ Կարգավորման Նոր Տարբերակ 

Lragir.am 29/10/08 

Հոկտեմբերի 30-ին կհայտարարվի Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի մտահոգիչ բովանդակության դեմ պայքարի նպատակով ստեղծվող միավորման մասին, որը նախաձեռնում են Ժիրայր Սէֆիլյանը, եւ Տիգրան Խզմալյանը: Նախաձեռնությունը կկոչվի “Միացում” եւ կընդգրկի այն բոլոր ուժերին, որոնց մտահոգում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու ազատագրված տարածքների վերադարձի հարցը: Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է նաեւ, որ նորաստեղծ միավորումը կներկայացնի նաեւ հակամարտության կարգավորման իր տարբերակը, որի գլխավոր սկզբունքը լինելու է միացման գաղափարը:

Սէֆիլյանն ասում է, որ դեմ են 1991 թվականից մինչեւ այժմ տարվող մարտավարությանը, թե Ղարաբաղը անկախ պետություն է: Ժիրայր Սէֆիլյանի խոսքով, նույնիսկ լեզուն չի պտտվում ասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քանի որ Արցախը Հայաստանի մաս է: Ում ենք ուզում խաբել, հարցնում է նախկին ազատամարտիկը, նշելով, թե բոլորն էլ աշխարհում գիտեն, որ օրինակ Բակո Սահակյանը ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել Երեւանից, որ օրինակ Ղարաբաղում Հայաստանի բանակն է, որ Հայաստանը փող է հատկացնում Ղարաբաղին, այսինքն Ղարաբաղն ըստ էության Հայաստանի մարզերից մեկն է, եւ Ժիրայր Սէֆիլյանի կարծիքով, պետք է հակամարտության կարգավորման գործընթացում հանդես գալ այդ մարտավարությամբ:

Ներկայիս վիճակը Սէֆիլյանը համարում է խիստ մտահոգիչ եւ ասում, որ վտանգը շարունակվելու դեպքում իրենք նորաստեղծ միավորման շրջանակում ակտիվ պայքարելու են, փորձելու են հասարակության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա եւ եթե պետք լինի, անելու են հանրահավաքներ: Դա, ըստ Ժիրայր Սէֆիլյանի, չի նշանակում, թե իրենք պառակտվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ով հայտարարել է ակտիվ պայքարի ժամանակավոր դադարի մասին: Սակայն, Սէֆիլյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցում այժմ կան շատ մտահոգիչ իրողություններ, տարածքների վերադարձի վտանգ, ինչը պետք է կանխել միասնական ուժերով:

Սակայն, ըստ Ժիրայր Սէֆիլյանի, տարածքների վերադարձին եւ Ղարաբաղի հարցում որեւէ զիջման ոչ ասելով հարցը չի լուծվում: Հարցի լուծումը, նրա կարծիքով, լինելու է Սերժ Սարգսյանի հեռացումը, եւ առաջին հերթին նաեւ Ռոբերտ Քոչարյանի հեռացումը, ով, ըստ Սէֆիլյանի, ունի վերադառնալու ցանկություն, թեեւ այդ ցանկությունը Ժիրայր Սէֆիլյանը համարում է անիրականանալի: Նա ասում է, որ եկել է պահը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին հեռացնելու համար, որից հետո կլինի նոր ընտրություն, ժողովրդի ձեւավորած իշխանություն: Միայն այդ իշխանությունն է, որ ըստ նախկին ազատամարտիկի, կարող է դիմագրավել Ղարաբաղի հարցում արտաքին որեւէ ճնշման:

Ժիրայր Սէֆիլյանը, ասելով, որ բավական մտահոգիչ եւ Ղարաբաղի հարցի լուծման տեսանկյունից վատ տարբերակներ են քննարկվել Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման ընթացքում, դիմել է նաեւ Ռուսաստանին, ասելով, որ վերջինս թող չմտածի, թե վասալային իրավիճակում հայտնված իշխանության պարագայում Հայաստանին կարող է պարտադրել ինչ որ ուզենա: Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, որ ցանկացած նախաձեռնություն կամ առաջարկ, որ դեմ կլինի մեր պետության շահին, հայ հասարակությունը վճռականորեն կմերժի եւ կասի ոչ: Այսօրվա սերունդը հարյուր տարի առաջվա սերունդը չէ, Ռուսաստանին զգուշացնում է Ժիրայր Սէֆիլյանը:
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: