Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սէֆիլյանի Մամուլի Ասուլիսը

Ժիրայր Սեֆիլյան. "Կայսրությունները պատրաստվում են մեր երկրում ձեւավորել այսօրվա ռեժիմից ավելի թույլ իշխանություն"

 Azatutyun 26/02/09

"Հայ կամավորականների համախմբում" շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, թե, հաշվի առնելով "սոցիալական ծանր վիճակի պատճառով" Հայաստանում առաջիկայում ստեղծվելիք "անկայուն իրավիճակը", որից կարող է օգտվել ընդդիմությունը, արտաքին աշխարհաքաղաքական ուժերը նախագահ Սերժ Սարգսյանին "ստիպում են" գարնան վերջին կամ ամռան սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` այդպիսով մեղմելով "ժողովրդի շրջանում աճող դժգոհությունը": Սեֆիլյանը չբացահայտեց, թե կոնկրետ որտեղի՞ց է նման տեղեկատվություն ստացել:

"
Այսօր կայսրությունները պատրաստվում են մեր երկրում ձեւավորել այնպիսի իշխանություն, որ նույնիսկ այսօրվա մեր կողմից չընդունված ռեժիմից ավելի թույլ են լինելու", - ասաց "Հայ կամավորականների համախմբում" շարժման ղեկավարը: - "Այսօր Սերժ Սարգսյանը, այո’, չունի ժողովրդի աջակցության ոչ մի նշույլ, բայց ունի կամակատարներ խորհրդարանում, ունի կամակատարներ օլիգարխիայի դաշտում: Դրանից նույնպես զրկելու են նրան, որ հանգիստ կարողանան իրենց ծրագրերը իրականացնել":

Ժիրայր Սեֆիլյանը նաեւ տեղեկացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին միջնորդավորված փոխանցել է այս տեղեկատվությունը եւ զգուշացրել, որ ոչ մի դեպքում իշխանությունների հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ համաձայնության չգնա :

Արձագանքելով այս տեղեկատվությանը` Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը "Ազատություն" ռադիոկայանին փոխանցեց, որ տեղյակ չէ, թե որքանով է Ժիրայր Սեֆիլյանի այս հայտարարությունը հիմնավորված: Նա նշեց, որ Հանրապետական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց չի քննարկել եւ նման խնդիր իրենց օրակարգում չկա:


Ռուզաննա Ստեփանյան

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: