|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ժիրայր Սէֆիլյանի Մամուլի Ասուլիսը Քոչարյանը Հոգեկան Հիվանդ Է 10/07/08 Հայտնի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը երեկ լրագրողների հետ հանդիպումը սկսեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին անդրադառնալով: «Եկել է ժամանակը, որ այդ մարդու հայտարարությունները մենք չմեկնաբանենք, քանի որ այդ մարդը ապացուցել է, որ ինքը հոգեկան հիվանդ է, իսկ հոգեկան հիվանդի խոսքերի մեկնաբանությունները պետք է թողնել համապատասխան մասնագետներին»,- այսպես Սեֆիլյանը պատասխանեց Քոչարյանին` հավելելով, որ նաեւ պիտի զգուշանալ, որովհետեւ այդ հիվանդը վերածվել է հրեշի, որը վիրավոր վիճակում է: «Շատ վտանգավոր է, որովհետեւ գիտենք` եթե հրեշը վիրավոր է, ապա մինչեւ սատկելը պիտի նոր ավերածություններ գործի: Անշուշտ, այդ բոլորը մեզ չի պարտադրելու, որ մենք մեր ուղին փոխենք կամ դադարեցնենք մեր պայքարը»,- շեշտեց Սեֆիլյանը: Ու քանի որ վերջինս ընդգծեց, որ պայքարը չի դադարեցվելու, հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է գնահատում ընդդիմության պայքարի էֆեկտիվությունը, հատկապես որ իշխանությունները, հույսները դնելով ամռան վրա, մտածում են, որ շարժումը կմարի: «Եղանակները ինչ-որ չափով ազդեցություն ունեն»,- ասում է Սեֆիլյանը` շեշտելով նաեւ, որ դա վճռորոշ հանգամանք չէ: «Դա ապացուցեցին նաեւ մեր ձմռան ցուրտ օրերի հավաքները, երբ բազմահազարանոց հավաքներ եղան: Ժողովուրդը այդ սառույցին եկավ, կանգնեց: Փորձագետներին որ հարցնեիք, բոլորը շատ խելոք տեսքով կասեին` հնարավոր չէ, վարյանտ չկա, այդ ցրտին չեն գա: Նույնն էլ ասում են ամառվա շոգի մասին, բայց համոզված եմ, որ ամառը շարունակվելու է այս նույն տեմպերով, ինչո՞ւ չէ, նաեւ ավելի ակտիվ վիճակներ են ստեղծվելու»,- ասում է Սեֆիլյանը: Իսկ արդյո՞ք այդ սպասելիքները կապված են օգոստոսի 1-ի հանրահավաքի հետ. այս առումով Սեֆիլյանը վստահ է, որ օգոստոսի 1-ի հանրահավաքը ավելի մարդաշատ կլինի: Ընդ որում, ազատամարտիկը հստակ շեշտում է` էական չէ` իշխանությունները կարգելե՞ն հանրահավաքը, թե՞ ոչ. միեւնույն է` հանրահավաքը կայանալու է, ինչպես կայացան վերջին հանրահավաքները: «Իրենց այլեւս հարցնող չկա, այդ ժամանակը անցել է, ամիսներ շարունակ շարժման ղեկավարությունը որդեգրել է այդ մարտավարությունը, որ օրենքի տառը հարգելով` դիմում ենք: Բայց դիմում ենք, արգելում են` 1, 2, 40, 50 անգամ, մինչեւ ե՞րբ. ամեն ինչ չափ ու սահման ունի»,- հավելեց ազատամարտիկը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ում Սեֆիլյանը ճանաչում է դեռ Ղարաբաղից, ապա նրա մասին ազատամարտիկը հատուկ կարծիք ունի: Իսկ այդ կարծիքը հնչեցնելու ամենաթարմ առիթը Սարգսյանի` Մոսկվայում արած հայտնի հայտարարությունն է: «Ես չեմ զարմանում դա լսել այն մարդուց, ով պաշտպանության նախարար եղած ժամանակ այնպիսի պարտվողական հայտարարություններ է արել Արցախի հետ կապված` որ Աղդամը մեր հայրենիքը չէ, որ, այո, մենք տարածքները պետք է վերադարձնենք: Գոնե պաշտպանության նախարարը պետք է հնարավորինս զիջող չլինի: Բայց ճանաչելով իրեն` կասեմ` այդ մարդը միայն մի նպատակ է ունեցել` տիրանալ նախագահական աթոռին եւ դա պահպանել»,- հայտարարեց Սեֆիլյանը` հավելելով, որ իրականում Ս. Սարգսյանի համար հայ-թուրքական հարաբերությունները, ցեղասպանության զոհերի հիշատակը ոչինչ է: Սեֆիլյանը նաեւ կարեւորեց Համաժողովրդական շարժման արձագանքը Սարգսյանի հայտարարությանը. «Շատ հետաքրքիր ձեւով շարժման ղեկավարությունը արձագանքեց` քննադատելով: Դա մեր կողմից ողջունելի է, որովհետեւ, չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ հայ-թուրքական հարաբերություններ ստեղծելու ջատագովն է եղել, բայց այդ մարդը միշտ շեշտը դրել է քաղաքական կողմի վրա, ոչ թե ախպերության: Սրանք քաղաքականը մի կողմ են դրել, ասում են` գնանք ախպերության»: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության հարցն առանձին թեմա էր. շեշտելով, որ 1-ին նախագահի հետ համագործակցությունը գալիս է մի մտահոգությունից (երկիրը կորցնելու վտանգը), Սեֆիլյանը նշեց, որ իրենց երկուսի գլխավոր նպատակն է` դադարեցնել Հայաստանի գահավիժումը եւ կազմաքանդել գործող ռեժիմը: Բայց այդ համագործակցությունը չի նշանակում, որ Սեֆիլյանը կամ առաջին նախագահը իրենց դիրքորոշումները վերանայել են. տարաձայնություններ, ըստ Սեֆիլյանի, կան, բայց դրանց իրենք կանդրադառնան միայն երկիրը մաքրելուց հետո: «Ես նաեւ համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, արցախյան հարցի հետ կապված, նախագահ դառնալով անմիջապես քայլեր ձեռնարկելու խնդիր չունի: Նախ ինքը զբաղվելու է նշանավոր ավգյան ախոռները մաքրելով. պետական հաստատությունների առողջացումը մտնում է ավգյան ախոռների մաքրման պրոյեկտի մեջ: Համոզված եմ, որ ինքը միայն այդ հարցով է զբաղվելու եւ չի պատրաստվում 5 տարի նախագահ մնալ: Ինքը պիտի փորձի այնպիսի մի վիճակ ստեղծել, որ վերջապես կարողանանք 1991 թվականից հետո 2-րդ անգամ նորմալ ընտրություններ կատարել մեր երկրում: Իսկ դրանից հետո մենք պատրաստ ենք քաղաքական, բարեկիրթ ձեւով բանավիճել, պայքարել, եւ ժողովուրդը ավելի շատ ում կաջակցի, այդ ուժն էլ կղեկավարի երկիրը»,- նշեց Սեֆիլյանը: Նա նաեւ ընդգծեց, որ այսօր էլ կան առաջին նախագահի կողմից առաջ քաշված հարցեր, որոնք ինքը չի կիսում: Այդ հարցերից մեկը, ըստ Սեֆիլյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունն էր, որ գործող ռեժիմը մի քանի անգամ կորցրել է Ղարաբաղի հարցի բարենպաստ լուծման մի քանի առիթներ, այսինքն` ձգձգել է հարցի լուծումը: Սեֆիլյանը հստակ ընդգծեց, որ այդ հարցում կան կոնկրետ տարաձայնություններ, եւ որ իրենք կողմ չեն հարցի հապշտապ լուծմանը, բայց որ կարեւորն է, Սեֆիլյանն ասաց, որ ինքն այդ ամենն ասում է ոչ թե տարաձայնությունները ընդգծելու, այլ բոլորովին այլ բան ապացուցելու համար. «Սա ասում եմ` շեշտելու համար, որ այս տարաձայնությունները մեզ չեն խանգարում համատեղ գործունեություն ծավալել»,- հատուկ ընդգծեց Սեֆիլյանը: ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: