Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սեֆիլյանին մերժել են կացության կարգավիճակ տրամադրել

Hetq 05/02/09

Այսօր մամլո ասուլիս էին հրավիրել նորաստեղծ «Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի` քաղաքացիական իրավունքների պաշտպանության կոմիտե»-ի անդամները:
Կոմիտեի անդամ Արմեն Եղյանը, ով եղել է նաև Ժ. Սեֆիլյանի քաղաքացիական իրավունքների հարցերով ներկայացուցիչը, տեղեկացրեց, որ օրերս Սեֆիլյանին մերժել են հատուկ կացության կարգավիճակ տրամադրել, որով նա հնարավորություն կստանար օրինական կերպով ապրել Հայաստանում: Այժմ Ժ. Սեֆիլյանն ապրում է տուրիստի վիզայով, որի ժամկետը կավարտվի մարտի վերջին:

Հիշեցնենք, որ արդեն երկու անգամ` 2003-ին և 2006-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և մեկ անգամ`2008 թ. Սերժ Սարգսյանը մերժել են քաղաքացիություն տրամադրել նրան:

Ժ. Սեֆիլյանը դիմել էր նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով: Կոմիտեի անդամների խոսքերով` մինչ այժմ որևէ պատասխան նրանից չի եղել. «Սա Սեֆիլյան Ժիրայրի անձնական խնդիրը չէ, եկեք հարցին նայենք սփյուռքահայի աչքերով: ժ. Սեֆիլյանը Ղարաբաղի ազատագրմանը սփյուռքահայերի մասնակցության կենդանի ապացույցն է»,- շարունակեց Արմեն Եղյանը:

«Ցանկացած մարդու վախով են ընդունում, դա խոսում է այն մասին, որ իշխանությունները խուճապի մեջ են»,- կարծում է կոմիտեի անդամ, Աժ պատգամավոր Զարուհի Փոտանջյանը:

Կոմիտեի անդամները համոզված են, որ Ժ. Սեֆիլյանին կացության կարգավիճակ չտրամադրելու միակ պատճառը նրա` իշխանության տեսակետներից տարբերվող, այլընտրանքային հայացքներն են:

«Լինելով հանրահայտ նշանավոր հրամանատար և դուրս գալով բանակից` նա մտավ ազգային- հասարակական դաշտ շատ պարզ կարգախոսով, որ պատերազմի ժամանակ ազատագրված տարածքները չի կարելի վերադարձնել»,- ասացին կոմիտեի անդամները:

Կացության կարգավիճակ տրամադրելու դիմումը մերժելը որևէ կերպ այն չի հիմնավորել: «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն` կացության կարգավիճակ տալու դիմումը մերժվում է, եթե անձը ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավորված սպառնալիք է ներկայացնում:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով` «Այդ հիմքերը նա չունի, նա որպես լիարժեք քաղաքացի է հանդես եկել, եղել է նվիրյալ անձ, ծառայություններ է մատուցել իր պետությանը»: Ի դեպ, ազգությամբ հայերը պարզեցված կարգով են ստանում կացության կարգավիճակ:

«Սրանով իշխանությունները ցույց են տալիս, որ կապ չունի` կան իրավական հիմքեր, թե ոչ, ուզում են ասել, որ եթե մեզ դեմ ես, ինչ ուզենանք, այն էլ կանենք, բայց իշխանություններն ամենազոր չեն, եթե նրանք ամենազոր լինեին, վաղուց Սեֆիլյանին արտաքսել էին»,- կարծում է Արմեն Եղյանը:

Ի դեպ, անցյալ տարի այն բանից հետո, երբ Սեֆիլյանը դուրս եկավ բանտից, իշխանությունները նրան արտաքսելու փորձ արեցին` հայց ներկայացնելով վարչական դատարան, սակայն, քանի որ օտարերկրացիների մասին օրենքը թույլ չի տալիս իր խնամակալության տակ 2 անչափահաս երեխա ունեցող անձին արտաքսել, դատարանից դիմումը ետ վերցրին:

Արմեն Եղյանը կարծում է, որ եթե իշխանությունները հիմնավոր ապացույցներ ունենային, որ Ժիրայր Սեֆիլյանը իսկապես սպառնալիք է հանդիսանում, ապա, չկարողանալով արտաքսել, կդատեին նրան, իսկ եթե չեն դատում, դա նշանակում է, որ «նրանց մեղադրանքները բլեֆ են»:

Զարուհի Փոստանջյանն ասում է, որ իրենք հույս ունեին, որ Սեֆիլյանին զրկելով ընտրելու և ընտրվելու իրավունքից` գոնե կացության իրավունք կտրամադրեին, և դրանով կապահովվեր գոնե նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը, սակայն նույնիսկ այս իրավունքը իշխանությունները հրաժարվեցին տրամադրել նրան:
Չնայած «Օտարերկրացիների մասին» օրենքի 18.5 կետի համաձայն` նախագահի որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթական չէ, Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են դիմել վարչական դատարան և, անցնելով բոլոր դատական ատյանները, դիմել Սահմանադրական դատարան` բողոքարկելու նախագահի այդ որոշումը:

«Նախագահի որոշումը իրավական ակտ է, իսկ ցանկացած իրավական ակտ չվիճարկելու հնարավորությունը հակասահմանադրական է»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Վերջում կոմիտեի անդամները տեղեկացրին, որ պատրաստվում են Ժ. Սեֆիլյանի քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար ստորագրահավաք սկսել և ներգրավել սփյուռքի ազդեցիկ դեմքերին, ովքեր կունենան լուրջ լծակներ այս իշխանությունների վրա:

Կոմիտեի անդամ Աղավնի Սահակյանն անդրադարձավ մի քանի օր առաջ Շվեյցարիայում հայ համայանքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արած կոչին. «Ասում է` գոնե տարին մեկ-երկու անգամ որ գաք Հայաստան, գիտե՞ք ինչ լավ կլինի, ի՞նչ է` սփյուռքը միայն փող մուրալու համա՞ր է, եկել է, ինչո՞ւ քաղաքացիություն չեք տալիս»:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը 1990 թ. որպես կամավորական Լիբանանից եկել է Հայաստան 23 տարեկան հասակում: 1992-94 թթ. Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը, ստացել է փոխգնդապետի կոչում, մարտական առաջին աստիճանի շքանշան, իսկ պատերազմից հետո ԼՂՀ պաշտպանության 6-րդ շրջանի հրամանատարն էր: 2001-ին հիմադրել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը և առ այսօր այդ կառույցը համակարգողն է:

2006 թ. Ժ. Սեֆիլյանին ձերբակալեցին սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար, բայց դատապարտեցին ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Ըստ կոմիտեի անդամների` այդ զենքը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից որպես պետական պարգև էր տրվել Սեֆիլյանին:

Ըստ Արմեն Եղյանի` կեղծ մեղադրանքներ Ժ. ՍԵֆիլյանին առաջադրելով` Հայաստանի իշխանությունները հրահանգել էին ԼՂՀ իշխանություններին զենքի օրինականությունը հաստատող տեղեկանք չտալ նրան: Եվ Սեֆիլյանն, ի վերջո, պատիժ կրեց օրինական զենք ունենալու համար:

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: