Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ՄԵՐ ԿԱՐԹԱԳԵՆԸ ՄԵՐ ՄԵՋ Է

 

Եթե դու ի զորու չես քո շուրջ կատարվածի համար պատասխանատվություն կրես, ապա միշտ էլ կլինես նրա զոհը:
Ռիչարդ Բախ
 
Եթե մի ինչ-որ ժամանակ առաջ մեր երկրի, շատ մեղմ ասած, անհրապույր վիճակը շատերին ստիպում էր իրենք իրենց, ինչպես նաեւ՝ դիմացինին, մտահոգված հարց տալ, թե ,ի՞նչ անելե, ապա այժմ իրավիճակն ու ժամանակներն արդեն էապես փոխվել են, իրենց հետ փոխելով օրվա կարգախոսը: Այսօր արդեն տրվում է լրիվ այլ բովանդակության եւ այլ բնույթի հարց. ,ի՞նչ է լինելուե: Հենց հարցի նման դրվածքով էլ ամենաուղղակի ձեւով խոստովանելով, որ այլեւս ի վիճակի չենք ազդելու դեպքերի ընթացքին: Նրանք սկսել են արդեն ընթանալ, ենթարկվելով մի կողմից, այլ ուժերի ազդեցությանն ու հսկողությանը, մյուս կողմից՝ իրենց ներքին տրամաբանությանը, որը հիմնված ու ձեւավորված է հայ քաղաքական մտքի ներկայիս իրողությունների վրա:
 
Այո, մենք եկանք հասանք այն հանգրվանին, երբ հասարակություն կոչվածը, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, բացարձակապես չի կարող որեիցե կերպ եւ որեւիցե չափով ազդել ոչ միայն առօրյա խնդիրների, այլ նույնիսկ երկրի պետական ու ազգային կարեւորագույն խնդիրների հետ կապված գործընթացների վրա: Այդ գործընթացներն, իրոք, պոկվել են մեզանից եւ զարգանում են արդեն մեր կամքից ու ցանկություններից անկախ:
 
Իսկ գերխնդիրը միակն է. երկրում սահմանադրական կարգի հաստատում: Միայն այդ պարագայում է, որ հնարավոր կլինի վերացնել ներքին կյանքում առկա խորը հակասություններն ու բացահայտ անտագոնիզմը հասարակության տարբեր հատվածների միջեւ, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռնվի վարել փոքրիշատե ինքնուրույն, սեփական պետության եւ ազգի շահերից բխող արտաքին քաղաքականություն:
 
Մենք կաշխատենք զերծ մնալ գայթակղությունից եւ հատուկ էջ չտրամադրել եւ, որպես ծրագրի պարտադիր մի մաս, մեկ անգամ եւս, հայերենի արդեն սպառվող քննադատական ու մերժողական բառաշտեմարանից մի քանի կծու խոսքեր չշպրտել ներկայիս իշխանությունների հասցեին: Ամեն ինչ առանց այդ էլ պարզ է ու հասկանալի: Մենք կգերադասենք պարզապես արձանագրել եւ շեշտել, որ ներկայիս իշխանությունների օրոք, նրանց ներկայիս համակազմի միջոցով, այդ խնդիրները իրենց լուծումը երբեիցե չեն ստանա: Եւ առաջնային պատճառը զուտ այն չէ, որ ներկայիս իշխանությունները չեն կարող, ի վիճակի չեն, քանզի ցանկացած խնդրի համապատասխան լուծում ենթադրում է նաեւ համապատասխան մարդկային կարողությունների դրսեւորում այն լուծելու փորձ անողի կողմից: Ոչ: Այդ կարողությունների բացահայտ բացակայության հետ մեկտեղ, առաջնային պատճառն  այն է, որ ներկայիս իշխանությունները պարզապես չեն ցանկանում, որպեսզի մեր առջեւ ծառացած հիմնախնդիրները ստանան հենց նման լուծում: Իսկ ավելի ճշգրիտ՝ ոչ միայն չեն ցանկանում, այլ հիմնովին դեմ են դրանց նման լուծումներ տալուն: Քանզի նման լուծում տալը, այն է՝ երկրում սահմանադրական կարգի հաստատումը,  առաջին հերթին եւ նախեւառաջ, կնշանակի իրենց վերջը որպես իշխանության:
 
Գուցեեւ լինեն անհամաձայններ, բայց մեր խորին համոզմամբ, նման իշխանական համակարգով Հայաստանը, ինչպես ասում են, երկար չի ձգի: Վտանգավոր սողանքը դադարեցնելու եվ կանխելու, հետագայում այն առհասարակ բացառելու համար կա միայն մի ելք՝ իշխանափոխություն: Որեւիցե այլընտրանք դրան չկա, գոյություն չունի: Բայց քսան տարիների ընթացքում սեփական իշխանությունների կողմից անընդհատ պարտությունների մատնված ժողովուրդն այսօր վերջապես կարծես թե հասկացել է, որ իշխանական համակարգի զուտ անձնակազմի փոփոխությունով հարց չի լուծվում: Անհրաժեշտ է իշխանավարման էության ու ձեւի բովանդակային փոփոխություն: Ինչպես ավելի արհեստավարժ ընկերներն են ասում, ,անհրաժեշտ են համակարգային փոփոխություններե: Այդ դեպքում էլ կհավաքագրվի դրանց համապատասխան համակազմ: Ինչպես որ այսօր է  համալրվել համապատասխան կադրերով իշխանական ,երկաթյա կոհորթըե:
 
Ժողովուրդը հասկացավ նաեւ մեկ այլ կարեւորագույն բան: Թե ինչու, խոշոր հաշվով, նա այսօր պարտված դուրս եկավ, ինչու անհաջողության մատնվեցին  երկրում իշխանափոխությունն իրականացված տեսնելու նրա բոլոր փորձերն ու ցանկությունները: Որովհետեւ ժողովրդին դեպի իշխանափոխություն առաջնորդողներն իշխանությունների հետ խոսում էին նույն լեզվով, ինչն արդյունք էր, ամենայն հավանականությամբ, նույն մտածելակերպով առաջնորդվելու իրողության: Նրանք ասում էին. ,դուք սխալ ու վատ եք կառավարում, գնացեք: Մենք կգանք եւ ճիշտ ու լավ կկառավարենքե: Պատասխանն էլ, ինչպես նման դեպքերում սովորաբար լինում է, ունիվերսալ էր. ,Դուք ով եք, որ ձեզ իշխանություն տանք: Ուզում եք հարյուր տոկոս ձայներ հավաքեքե: Իսկ որպեսզի ինչ-որ մեկի մոտ հանկարծ կասկածներ չմնան՝ հետեւում էր իշխանական ինքնահաստատում, ասենք, մարտի մեկի սցենարով եւ հետո, սեփական ժողովրդից սափրագլուխների ու փշալարի շարքերով պաշտպանված հանդիսավոր երդում՝ Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա: Ուր մեկում գրված է, թե մի սպանիր, իսկ մյուսում՝ որ դու ես քո ժողովրդի կյանքի եւ անվտանգության երաշխավորը: Երբ այսօր տեղի-անտեղի օգտագործում են այն տափակ տրաֆարետը, թե ամեն մի հայ իրեն երկրի նախագահ է զգում, չեն հասկանում, որ խոստովանում են ակնհայտ մի փաստ. Այն, որ մեր հասարակությունը ծայրահեղ քաղաքականացված է: Իսկ նման հասարակական, պատկերավոր ասած, ,էլեկտրիզացիանե հղի է շատ անցանկալի եւ կործանարար ,պարպումներովե: Եվ, առաջին հերթին, չափազանց ձեռնտու է, նախեւառաջ, իշխանություններին: Զի նման իրավիճակներում նրանց ձեռքերն ազատ են:
 
Այսօր, բարեբախտաբար, շատերն են տեսնում արագացված տեմպերով ազգովի, մեկից քաղաքականության մեջ իբր մուտք գործելու անարդյունավետությունը, եթե չասենք՝ բացահայտ վնասարարությունը: Մենք՝ հասարակություն ասենք, թե ժողովուրդ կոչվածներս, ինչ էլ անենք, թեկուզեւ հեղափոխություն, միեւնույն է, չենք ստանա մեր երազած եւ ուզած իշխանությունը, եթե հասարակության, հանրության մեջ բացակայում է բարոյականության վրա հիմնված արժեհամակարգը: Դրա խեղման, այլասերման եւ բացահայտ ոտնահարման մասին կարելի է խոսել ճիշտ նույնքան, որքան որ կարելի է խոսել ներկայիս իշխանությունների նեգատիվի մասին: Զի դրանք միահյուսված են ու փոխկապակցված, եւ մեկը մյուսի ուղղակի պատճառն է ու հետեւանքը միաժամանակ:
 
Երբ պարզապես իշխանություն ես պահանջում, իշխանությունը կարող է կրակել քո վրա եւ, կարեւոր չէ, ճիշտ թե սուտ, ներկայացնի իր գործողությունների ինչ-ինչ արդարացում: Երբ այսօրվա ամենատգետ եւ ամենատխմար իշխանավորին ասում ես, որ քո խելքի ինչ բանն է պետական մասշտաբի հարցերի վերաբերյալ քննարկումն ու որոշում կայացնելը, նա քեզ հանգիստ պատասխանում է, թե ,հենց ըտենց ա, ոնց որ կա, իսկ դու՞ ով եսե: Նման պարագայում մենք միշտ պարտված կմնանք, քանզի խոսում ենք իրենց՝ մեզ համար բացարձակ օտար լեզվով, եւ փորձում ենք գործունեություն ծավալել իրենց դաշտում, որտեղ մենք չունենք եւ ոչ մի լծակ: Բայց երբ հասարակություն-իշխանություն բանավեճը ծավալվի բարոյական սկզբունքների վրա խարսխված դաշտում, ապա բացահայտ պարզ կդառնա, որ քաղաքականությունն ու պոռնկությունը նույնացնողներն իրական քաղաքականության մեջ այլեւս տեղ ունենալ չեն կարող: Նրանց իսկական զբաղմունքն ու կենսագրությունն, իրոք որ, մնալու է այդ դեպքում  մարդկության կողմից հնարած հնագույն մասնագիտությունը: Իսկ քաղաքականությամբ այդ պարագայում կսկսեն զբաղվել  իսկական քաղաքական գործիչները
 
Ամենաարդյունավետ եւ ամենանպատակային պայքարը երկիր ստեղծելու եւ պահպանելու հարցում այսօր, անկասկած, մեզանում  բարոյականության ամրապնդմանը միտված քայլերն են: Միայն այդ եղանակով հնարավոր է ազատվել երկիրը ծծող-արնաքամ անող այսօրվա շերտից: Չվերականգնեցինք հզոր բարոյականությունը՝ կկորցնենեք ամեն ինչ:
 
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 

16.12.09  

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: