Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ամենաիսկական հանցագործությունը մեզ ազատությունից զրկելն է

bagin.info

26/08/08

Ջավախքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, այն է` հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում տեղի ունեցած պայթյունի, ոստիկանական ուժերի կողմից դրան հաջորդած «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներին բռնի կերպով բերման ենթարկելու, կալանավորելու և նրանց հարազատների տները խուզարկելու գործողությունների  կապակցությամբ ուզում եմ հանրությանը իրազեկել ճշմարտությունը: 

Ամենաիսկական հանցագործությունը մեզ ազատությունից զրկելն է թե′ օրենքի, և թե′ բարոյականության կողմից, քանի որ մենք հանցագործներ չենք: Իսկ այդ անհեթեթ, անհիմն և երեխայական պատճառաբանությունը պայթուցիկի վերաբերյալ միայն փաստում է այն հանգամանքը, որ տեղի իշխանությունները, ուժային կառույցները և նրանց քմահաճույքների ներքո Ջավախքում հակահայ գործողություններ իրականացնողները իրականացնում են նախապես պլանավորած իրենց միակ նպատակը, այն է` կազմալուծել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, որը Ջավախքի ամենաանկախ կառույցն է և որն իր ստեղծումից մինչ այսօր գործում և նպաստում է ջավախահայության շահերի ու իրավունքների պաշտպանությանը և որի գոյությունն, ինչ խոսք, ձեռք չի տալիս Վրաստանի իշխանությանը:  

  Չնայած երկրի կենտրոնական իշխանությունների և վերջիններիս` Ջավախքում ծվարած կամակատար անձանց տարածած ապատեղեկատվությանը, ի սկզբանե պարզ էր, որ այս սադրանքը քաղաքական ենթատեքստ ունի: Խուզարկությունները ինչպես մեր տանը, այնպես էլ մեր բարեկամների, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամների բնակարաններում, այնուհետև դաշինքի անդամների ու իմ հարազատների սադրիչ մեղադրանքով ձերբակալությունները և ապօրինի կերպով մինչ այսօր կալանքի տակ պահելը հաջորդեցին Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտակայքում տեղի ունեցած  պայթյունին, որի համար, իբրև թե կասկածյալի, հուլիսի 17-ին` ժամը 20 : 00-ին, ոստիկանության աշխատակիցները, որոնց մեջ կային ինչպես վրացի` ոչ ոստիկան աշխատակիցներ, այնպես էլ քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, ովքեր ընդհանրապես ոչ մի կապ չունեն ուժային կառույցների հետ, ինչպես նաև անձիք, ովքեր չունեն Վրաստանի քաղաքացիություն` բոլորը զինված, անօրինական կերպով ներխուժեցին մեր տուն:

Երևի ոստիկանապետի ծրագրիրն իր մեջ ներառում էր նաև այն` միայն դավաճաններին հատուկ հոգեբանությունը, թե ես իր ոստիկաններին ու այդ զինված անձանց տեսնելուն պես կդիմեմ փախուստի, և ինձ մեջքից կրակելուց հետո (նա միշտ մեջքից է կրակում)` հանրությանը կիրազեկեն, որ Գուրգենը զոհվել է փախուստի ժամանակ` չենթարկվելով ոստիկաններին:

Սամվե′լ Պետրոսյան, ամեն մարդ իր անվան հանդեպ պարտավորություն ունի ինչ-որ չափով. Րաֆֆու Սամվելը իր հորն ու մորն սպանեց իր ազգը դավաճանելու համար: Իսկ Ախալքալաքի ոստիկանապետ Սամվելն ազգն է սպանում իր ունեցած պաշտոնի համար: Արդեն 10 տարուց ի վեր է, որ Սապոնվելը (Սամվելը` այսուհետ ես այսպես կանվանեմ իրեն) ծախում ու դավաճանում է Ջավախքն ու ջավախքցիներին` աշխատելով ու անցնելով Վրաստանի բազում ուժային կառույցների միջով:

Բոլոր նրանց, ովքեր թեկուզ ինչ-որ չափով տեղեկացված են Ջավախքում կատարվող իրադարձություններից, ուզում եմ իրազեկել, որ ինձ այդ երեխայական   պայթյունի համար մեղադրելով, որի հետ ես ընդհանրապես կապ չունեմ, և որը կատարվել է Ախալքալաքի ոստիկանապետ Սապոնվել (Սամվել) Պետրոսյանի տան մոտակայքում` ոստիկանապետն ուզում է պարզապես աշխարհին և հայության աչքերին թոզ փչել` քողարկելով նախապես մտահղացած սադրանքը: Այս դեպքը Ջավախքը ծախող դավաճանների ներկայացումն  է: Միշտ եղել են դեպքեր, նույնիսկ տասնամյակներ առաջ, երբ դավաճանները, ովքեր հայատյաց քաղաքականություն են վարել և ցանկացել են արդար ու ազգանպաստ գործողություններ ծավալող  մարդկանց կալանքի տակ պահել կամ հեռացնել Ջավախքից, կարողացել են ինչ-որ անհայտ ձևով զենքեր գտնել այդ մարդկանց տներից կամ երեկոյան իրենց տների մոտ հենց իրենք դավադրությամբ պայթյուն են սարքել և առավոտյան ձերբակալել այդ ամենի հետ կապ չունեցող մարդկանց: Հիմա էլ հենց նույն դավաճան ոստիկանապետ Սապոնվել  (Սամվել) Պետրոսյանի մտահղացած նույն ներկայացումն է:  

Իսկ տարածված այն սուտ տեղեկատվություններն առ այն, որ զենքեր են գտել ինչպես մեր, այնպես էլ դաշինքի մյուս անդամների բնակարաններից, միայն քրեական գործ հարուցելու անհիմն պատճառաբանություններ են և միջոցներ` կառույցը կազմալուծելու:  

Պարզապես, Հայաստանի իշխանությունները թող աչալուրջ մոտեցում ցուցաբերեն այս հարցին, իսկ Վրաստանի իշխանություններից ամենայն վճռականությամբ պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ապօրինաբար կերպով կալանքի տակ պահվող քաղբանտարկյալներ Հարություն Շիրինյանին, Կարինե Շիրինյանին, Վահագն Չախալյանին և Արմեն Չախալյանին, կարճել հարուցված` նախապես մտահղացած ու անհիմն քրեական գործերը և դադարեցնել երկրամասի հայության խորացող ահաբեկումն` ուժային կառույցների սադրիչ ներգրավվածությամբ:  

Հակառակ պարագայում, այս սադրանք-շոուն, որը կազմակերպեցին վրացական իշխանություններն ու ուժային կառույցները, դավաճան Սապոնվել (Սամվել) Պետրոսյանի ձեռքով, կդիտվի որպես ոտնձգություն Ջավախքցիների իրավունքների հանդեպ և կփաստի այն հանգամանքը, որ Վրաստանի իշխանությունները չեն հարգում ոչ Ջավախքը, ոչ ջավախքցիների իրավունքները  (որպես բնիկ ժողովուրդ), ոչ  ջավախքցիների մշակույթն ու պատմությունը և ոչ էլ ազգային պատկանելիությունը, այսինքն` հայերին...  

Այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեկ ամիս առաջ, արդեն իսկ ջավախահայության համար ունեցավ իր անդառնալի հետևանքները. հատուկ ջոկատայինների Ախալքալաք մուտքը, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներին բերման ենթարկելու և կոպիտ ու դաժան վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև կալանքի մեջ գտնվող անձանցից ոչ մի տեղեկություն չունենալու հանգամանքը, նաև մինչ այսօր շարունակվող հետապնդումները տեղի բնակչության շրջանակներում առաջացրին վախի ու ահաբեկման մթնոլորտ, մինչև այն աստիճան, որ մարդիկ իրենց տներում վախենում էին բարձրաձայնել իմ անունը, ինչն էլ ավելի խորացրեց նախկինում տիրող հուսալքությունն ու սեփական հայրենիքում իր ապագայի նկատմամբ անորոշության զգացումը, ինչը նպաստելու է բնակչության արտագաղթի տեմպերի ուժեղացմանը և երկրամասի հայաթափմանը: Ինչն էլ հենց Ջավախքում հակահայ գործողություններ իրականացնողների նախապես պլանավորած սադրանքի մի մասն է: 

Հանրությանը նաև տեղյակ  եմ պահում, որ ջավախահայության արդար և համընդհանուր վճռականությանը հակազդելու, ապօրինաբար ձերբակալված անձանց անհապաղ ազատ չարձակելու, բնիկ ժողովրդի անվիճարկելի իրավունքները ոտնահարել շարունակելու պարագայում, իրավիճակի ապակայունացման ողջ պատասխանատվությունը կնկնի երկրի կենտրոնական իշխանությունների և Ջավախքում ծվարած վերջիններիս կամակատար անձանց վրա:  

Եվ  եթե մի օր ջավախահայության համբերությունն սպառվի, Վրաստանը թող մեղավոր չհամարի ջավախքցիներին` անվանելով անջատողականներ կամ ազգայնամոլներ, այլ ինքը թող իր մեջ փնտրի մեղավորությունը:  

Գուրգեն  Շիրինյանց

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: