Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ՎԵՐՋԻՆ ԱՀԱԶԱՆԳԻ, ՕԿՈւՊԱՆՏԻ ԵՎ ՊԱՍՍԻՎՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սրանք էին «Ուրբաթ» ակումբում հյուրընկալած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի և Ալեք Ենիգոմշյանի մտահոգությունները` կապված Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձևի և հայկական դիվանագիտության հետ: «Այդ խայտառակ բանաձևը և դրան հաջորդած հայկական քաղաքական դաշտի հակազդեցությունները մի անգամ ևս ապացույցն են հանդիսանում այն բարոյական, անպատասխանատու և անգործունեության իրավիճակին, որը տիրում է հենց այս քաղաքական դաշտում և ահազանգ են հնչեցնում, որ այս իրավիճակը շարունակվելու պարագայում արդեն կարող է մենք բարելավման միջոց չունենանք»: Ըստ բանախոսի, այս իրավիճակն առանձին երևույթ չէ, այլ հետևանք է մեր երկրի` վերջին 2 տասնամյակների արտաքին քաղաքականության և տիրող համակարգի: Ալեք Ենիգոմշյանն այս ամենը կապեց արտգործնախարարության անգործության, խորհրդարանական դիվանագիտության, Եվրոպայում գործող հայկական կողմի թերացումների հետ: Բանաձևի հաստատման գլխավոր պատասխանատու նա համարում է հայկական կողմին, քանի որ համարյա չի խոսվել բանաձևի հիմնական բացասական դրույթների վերաբերյալ (հայկական ուժերի անհապաղ հեռացում բոլոր ադրբեջանական գրաված տարածքներից և Թուրքիային դերակատարության շնորհում): Բանախոսը նշեց, որ այդ կետերը տեղ չեն գտել նախագծի առաջին` հունվարյան տարբերակում, որը մինչև ապրիլի 23-ին ընդունվելը անցել է եռամսյա մշակման ու քննարկման փուլ: Բանաձևին հաջորդած արձագանքները, այն, որ իշխանությունը քննադատեց և «հաստատեց, թե այս բանաձևը նշանակություն չունի դիվանագիտական առումով», զարմանալի է թվում Ալեք Ենիգոմշյանին, ով ցավով փաստեց. «Նման բանաձևերը կուտակվում են, քանակը դառնում է որակ»: Նա նաև հավելեց, որ ՀՅԴ ներկայացուցիչները նույն կեցվածքը որդեգրեցին, հայտնելով, թե սա թուրք, ադրբեջանամետ բուլղարի ներկայացրած բանաձևն է: «Առնվազն, եթե Կիրիլովը ադրբեջանամետ է, Սոցինտերնի անդամ Դաշնակցությունը, թեկուզև ոչ ուղղակի Կիրիլովի վրա, Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության վրա և ընդհանրապես Եվրախորհրդարանի սոցիալիստական բլոկի մոտ կարող էր աշխատանքներ տանել, որպեսզի այս բանաձևը ոչ թե ավելի վատանար, բացարձակ իմաստով վատանար մեր նկատմամբ, այլ մի քիչ գոնե բարելավվեր»: Այս ամենով հանդերձ նա մեղքը դնում է միայն և բացառապես արտաքին գործերի նախարարության վրա:

Արտաքին դիվանագիտության բացթողումներին անդրադարձավ նաև Զարուհի Փոստանջյանը` նշելով, որ Մովլուդ Չավուշօղլուն քննարկման է նախապատրաստում 1416 բանաձևը, որը նույնպես նպաստավոր չէ մեզ համար, և մենք շարունակում ենք մնալ նույն պասսիվ վիճակում: «Եթե մենք ընդունում ենք այս փաստաթուղթը, ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը օկուպացրել է Ադրբեջանի տարածքներ: Իսկ եթե չենք ընդունում, ուրեմն ընդունում ենք այլ ելակետ, որ Հայաստանի տարածքները օկուպացրել է Ադրբեջանը, և պետք է այդ ուղղությամբ մենք նախաձեռնող լինենք` վկայելով, թե ինչ են օկուպացրել Ադրբեջանը և Թուրքիան»,- մինչդեռ, ինչպես փաստում է Զարուհի Փոստանջյանը, ՀՀ-ն ոչ միայն պասսիվ է ու ոչ մի քայլ չի ձեռնարկում, այլև «յուրաքանչյուր պատվիրակ գործում է ինքնուրույն, չի քննարկվում պատվիրակության ընդհանուր դիրքորոշումը, բացթողումները»: «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ կարող էր գոնե Հայաստանի, որը ունի 16 ելույթի իրավունք, 6 ելույթը վերաբերել նրան, թե ինչ են օկուպացրել Ադրբեջանն ու Թուրքիան: Այլապես մեր կողմից չկա համարժեք հակազդեցություն ադրբեջանական քաղաքականությանը:

Report.am 26.05.10                                                                                    ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: