Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ազգային պետության ծնունդը

 natnews 11 May, 2009

Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը» հոդվածի քննադատություն և մեկնաբանություն:

Մեկ տարի առաջ` վարչապետ նշանակվելու նախօրյակին, Տիգրան Սարգսյանը հանդես եկավ իր հերթական աշխարհայացքային հոդվածով: Այն բավարար ուշադրության չարժանացավ գլխավորապես այն պատճառով, որ հանրությունը հոդվածի հեղինակին և պետության վարչապետին շարունակում է քաղաքական կամակատար, ժամանակավոր և երկրորդական դերակատար համարել: Ըստ որոշ կանխատեսումների` նա իր տեղը վաղուց պետք է զիջած լիներ Ռոբերտ Քոչարյանին: Մյուսների կարծիքով Տիգրան Սարգսյանը պետք է քավության նոխազ դառնար դրամի փոխարժեքի անկման կամ դեռ դառնալու է տնտեսական ճգնաժամի հետ կապված այլ առիթով:

 
Իրականում, սակայն, Տիգրան Սարգսյանը ոչ միայն Սերժ Սարգսյանի ամենավստահելի թիմակիցն է, այլև ամենաազդեցիկ անձն է ներկայիս իշխանական թիմում, նրա գաղափարախոսն ու մեթոդաբանը: Վարչապետը ներկայանում է որպես նոր սերնդի գործիչ ոչ այնքան տարիքային, որքան գաղափարական-քաղաքական հայացքների առումով: Նրա ներկայությամբ գործող իշխանությունը դադարում է սոսկ կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգ լինել: Առաջնորդվելով Տիգրան Սարգսյանի փիլիսոփայական մոտեցումներով` իշխանությունն արդեն այսօր նախաձեռնողական ակտիվություն է դրսևորում երկրի և ժողովրդի համար կենսական մի շարք ուղղություններով, այդ թվում` Ղարաբաղյան «կարգավորման» և հայ-թուրքական «հաշտեցման»: Զուգահեռաբար, վարչապետի գաղափարները քաղաքական դաշտում առաջ մղելու նպատակով փորձ է արվում ձևավորել նոր, «արմատական և ուժեղ» քաղաքական միավոր` «ապագայի կուսակցություն», որն ավելի կհամապատասխանի «հետինդուստրիալ» դարաշրջանին, որտեղ «չի լինի վայրի կապիտալիզմ, չի լինի ազատ մրցակցություն, կլինեն համագործակցային գաղափարի վրա հիմնված հարաբերություններ»:

 
Այս համատեքստում Տիգրան Սարգսյանի հեղինակած հոդվածները, հատկապես դրանցում առկա վիճահարույց և նույնիսկ սպառնալի մտքերը, ավելի մեծ ուշադրության են արժանի: Առանց դրանց ծանոթանալու` դժվար է հասկանալ Սերժ և Տիգրան Սարգսյանների իշխանության քայլերի իրական տրամաբանությունը:

  «
Պետության վախճանը» հոդվածը որոշ չափով քննարկվել է հիմնականում հեղինակին համախոհ անձերի և սովորող երիտասարդների մասնակցությամբ: Շուրջ մեկ տարի անց ներկայացվող այս պատասխան հոդվածի նպատակն է ընդլայնել Տիգրան Սարգսյանի հեղինակած իշխանությունների նոր փիլիսոփայության հանրային քննարկումը` դրանում ներառելով նաև քննադատական տեսակետները
 

 
Արմեն ԱՂԱՅԱՆ 
 



 


 

Ազգային Պետության Ծնունդը 

Խորհուրդ է տրվում ընթերցել Տիգրան Սարգսյանի  հոդվածին ծանոթանալուց հետո 

 * * *

 
Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը», ինչպես նաև դրան նախորդած «Ինչպե±ս իրականացնել հեղափոխություն» և այլ հոդվածների հայտարարված նպատակը Հայաստանի ապագայի վերաբերյալ նոր պատկերացում տալն է` աշխարհում մեծ արագությամբ տեղի ունեցող փոխակերպումների համատեքստում: Որպես գիտնականի կարծիք, որպես հայացք այլ դիտանկյունից` դրանք իհարկե հետաքրքիր են: Ու թեև շատ դրույթներ, համոզված եմ, վիճելի են, սակայն դրանց պատասխանելն այնքան էլ իմաստ չուներ, որովհետև յուրաքանչյուր կարծիք, հատկապես հեռու ապագայի վերաբերյալ, գոյության իրավունք ունի:

 
Այսօր, սակայն, երբ Տիգրան Սարգսյանը ոչ միայն վարչապետ է, այլև վարչախմբի յուրօրինակ գաղափարախոսը, նրա` պաշտոնը ստանձնելու նախօրյակին գրված հոդվածները նոր նշանակություն են ձեռք բերել: Հոդվածներում տեղ գտած մտքերը, դրանց ավելի հանրամատչելի և հարաբերականորեն դյուրամարս ածանցումները հետևողականորեն ներդրվում են ինչպես Տիգրան, այնպես էլ Սերժ Սարգսյանների ելույթներում: Դրանք փաստորեն դարձել են իշխող վարչախմբի բավականին «հավակնոտ» և «նախաձեռնողական» գործունեության փիլիսոփայության արտահայտիչներ ու կարծես կոչված են հաստատելու հեղինակի հիշեցումն այն մասին, որ «ապագան այսօր ավելի արագ է մոտենում, քան երեկ»:

 
Այստեղ էլ հենց ծնվում է առաջին հարցականը: «Ապագան» ինքն է± մոտենում, թե± մոտեցնում ենք արհեստականորեն: Այսինքն, երբ ասում ենք, որ «պետությունը վախճանվելու է», արդյո±ք դա համարում ենք պատմականորեն անխուսափելի, թե ինչ որ մեկի ցանկություն-ծրագիրն է դա: Իսկ գուցե±, խոսելով հեռավոր ապագայում պետության վախճանի մասին, ակնկալում ենք, որ արդեն այսօր մարդիկ դրսևորեն որոշակի, մեզ համար նպաստավոր վարքագիծ կամ առնվազն «ըմբռնումով վերաբերվեն» կառավարության որոշ գործողություններին:

 
Մենք էլ ենք այն կարծիքին, որ «պետություն» հաստատությունը շարունակելու է ենթարկվել հիմնարար կառուցվածքային ձևափոխության ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ինչի արդյունքում նրա ներկայիս տեսակը վաղ թե ուշ անպայման կվերանա: Սակայն վստահ ենք, որ դա չի հանգեցնի պետության վախճանին ընդհանրապես: Ընդհակառակը, ազգերը և նրանց կազմակերպական կառուցվածքները (իսկ դրանք նույնպես պետություն են կոչվում) շարունակելու են հանդես գալ որպես համամարդկային համակեցության հիմնական գործող անձեր` միաժամանակ ենթարկվելով ինչպես աստիճանական, այնպես էլ թռիչքային փոփոխությունների:

 
Որքան էլ որ մեծանա անհատի դերը համաշխարհային գործընթացներում, այն երբեք էլ «գլխավոր օղակ» չի դառնա, առավել ևս չի փոխարինի առարկայորեն ավելի հարատև գործող անձերին` ազգային կազմավորումներին, իր կյանքի կարճաժամկետության պատճառով: Իսկ պետությունը, բացի որոշակի տարածքի վրա որոշակի բնակչության նկատմամբ հարկադրանքի համակարգ լինելուց, նաև սեփական հայրենիքում ազգերի կենսագործունեության կազմակերպական ձև է: Հնարավոր չէ խոսել պետության և նրա վախճանի մասին` չնկատելով նրա էության այս մյուս` մեր կարծիքով շատ ավելի կարևոր երեսը:

 
Օրինաչափ մտավախություն է առաջանում, որ, հայտարարելով պետության վախճանի մասին, դրան նպաստելով, իրականում մենք չենք վերացնի իշխանական հարկադրանքը, պարզապես դրա կենտրոնը մեր երկրի տարածքից կտեղափոխենք համաշխարհային մայրաքաղաքներ, իսկ փոխարենը կկորցնենք ինքնիշխանությունը և դրանով էապես կսահմանափակենք մեր ազգային ինքնակազմակերպման հնարավորությունները` զրկվելով վերջինիս համար շատ կարևոր տարածքային բաղադրիչից:

 
Տեղին է հիշատակել բոլշևիկյան հանրահայտ օրինակը: Համայնավարները նույնպես պետությունը բռնության գործիք էին համարում ու կանխատեսում էին, որ իշխող դասակարգի վերացմամբ կվերանա նաև պետությունը, սակայն արդյունքում ամենուր ստեղծեցին դաժան բռնապետություններ: Նրանք նույնպես հորդորում էին ժողովուրդներին կառչած չմնալ իրենց ազգային պետական կաղապարներից և տարածքներից. չէ± որ առջևում համաշխարհային հեղափոխությունն էր և մոլորակի աշխատավորների համերաշխությունը:

 
Այս զուգահեռը Տիգրան Սարգսյանի հոդվածին վերաբերող միակ քննադատությունը չէ: Բայց մեր խնդիրը բոլորովին էլ հոդվածը և նրա հեղինակին դատապարտելը չէ: Այնտեղ կան բազմաթիվ կարևոր դիտարկումներ, որոնք իրոք բազմակողմանի մեկնաբանության և ճշմարիտ եզրահանգումների կարիք ունեն: Հենց դա էլ մենք կփորձենք անել այս պատասխան հոդվածում, ինչպես նաև կփորձենք ուրվագծել Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումը, որը նույնպես կտրված չէ աշխարհում մեծ արագությամբ տեղի ունեցող փոխակերպումների համատեքստից:  
 

  * * *

 
Ի±նչ է պետությունը: Տիգրան Սարգսյանը երեք հատկանիշ է դիտարկում: Դրանք են. «հարկադրանքի գործիք», «գաղափարախոսության կրող» և «որոշակի տարածքում բնակչության կառավարիչ» լինելը:

 
Այն, որ պետությունը կամ պետական իշխանությունը հարկադրում է, ապա դա նրա հատկություններից մեկն է միայն, որը տարբեր ժամանակներում և տարբեր տեղերում շատ տարաբնույթ դրսևորումներ է ունեցել` ծայրահեղ կամայական բռնապետությունից մինչև կատարյալին մոտ իրավական պետություն: Պետությունը նաև կազմակերպում է, պաշտպանում է, բաշխում և վերաբաշխում է, դատում է, լուսավորում է, ներդրումներ է իրականացնում և այլն, և այլն: Սրանք բոլորը պետության գործառույթներ են, որոնք լավ կամ վատ անում են կամ պետք է որ անեն բոլոր իշխանավորները: Դրանցից ոչ մեկը հնարավոր չէ միանշանակորեն համարել բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում գործած պետությունների գլխավոր հատկանիշ:

 
Գաղափարախոսության ձևավորումը և վարքագծի կանոնների սահմանումը նույնպես մեծ վերապահումով կարելի է պետության հիմնական հատկանիշ համարել: Գաղափարախոսություն-պետություն հարաբերակցության մեջ հաճախ առաջնայինը գաղափարախոսությունն է, այլ ոչ թե պետությունը: Բազմաթիվ պետություններ և անգամ պետականության տեսակներ ուղղակի ստեղծվել են այս կամ այն գաղափարախոսության հաղթարշավի հետևանքով, հետո հեռացել են այդ գաղափարախոսությունից և նույնիսկ հակասել նրան: Ճիշտ է, երբեմն նվաճված երկրներում օտար իշխողները փորձում են իրենց գաղափարախոսությունը պարտադրել և թելադրել իրենց տիրապետությունը դյուրացնող վարքագիծ, սակայն պատմությանը հայտնի են նաև դեպքեր, երբ նվաճողներն իրենք էին յուրացնում գրաված երկրներում տիրապետող գաղափարախոսությունը և վարքագծի կանոնները: Բացի այդ, բազմաթիվ պետություններ գործում են գաղափարական ներքին վիճաբանության պայմաններում կամ գաղափարախոսություն են հռչակում «գաղափարախոսություններից հրաժարվելը»:

 
Շատ ավելի կարևոր է տարածքի նկատմամբ ունեցած գերիշխանությունը: Սա է պետության գլխավոր հատկանիշը: Առանց հարկադրանքի և գաղափարախոսության պետություն կարող է լինել, իսկ առանց տարածքի` ոչ: Եթե «պետության վախճան» ասելով նկատի ունենք, որ տարածքն այնքան անկարևոր կդառնա, որ այն այլևս ոչ մեկին որպես իշխանության առարկա չի հետաքրքրի, ապա դա այնքան էլ շուտ չի լինի: Տարածքը միայն գյուղատնտեսական հանդակները և ընդերքի հարստությունները չեն: Դրանում կհամոզվենք, եթե հպանցիկ հայացք նետենք այսօր աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական բնույթի մրցակցությանը:

 
Տարածքի հետ ուղղակի կապ ունեն նրա բնակիչները, որոնք միաժամանակ հանդես են գալիս որպես պետության հպատակներ կամ քաղաքացիներ: Տարածքը և նրա բնակչությունը միասին կազմում են պետական իշխանության առարկան:

 
Այդ իշխանության անվանական և փաստացի կրողները կարող են փոփոխվել: Անվանական իշխանությունն այսօր ժառանգական միապետերից անցել է քաղաքացիների մեծամասնությանը: Փաստացի իշխանությունը զինվորական ազնվականությունից փոխանցվել է դրամատերերի խավին: Մի օր այն իսկապես կարող է պատկանել առավել խելոք և շնորհալի անհատներին: Այդ դեպքում իշխանության մարմինները և համապետական որոշումներ կայացնելու եղանակները կարող են զանազան կերպարանափոխությունների ենթարկվել. հարկադրող կառույցների փոխարեն կառաջանան ցանցային ինքնավարությունը համադրող բազմակենտրոն համակարգեր: Սակայն համապետական կառույցները և կազմակերպական մարմինները չեն կարող ընդհանրապես վերանալ: Տարածքի և բնակչության կողքին կառավարման ինքնիշխան մարմինների առկայությունը պետության գոյության երրորդ պարտադիր պայմանն է:

 
Տիգրան Սարգսյանը պետությունը սահմանում է երեք կետերով, որոնցից մեկը իսկապես նման է պետության սահմանմանը, որովհետև ձևակերպված է որպես որոշակի տարածքում բնակչության կառավարման ձև, իսկ մյուս երկուսը` հարկադրանքը և գաղափարախոսությունը, կարծում ենք, սահմանման հետ ընդհանրապես կապ չունեցող հավելագրումներ են:

 
Եթե ընդունում ենք, որ պետությունը տարածք-բնակչություն-ինքնիշխան կառավարություն երրորդությունն է, ապա այդ երրորդության վերանալու դեպքում միայն կարող ենք խոսել պետության վախճանի մասին: Գալով նման եզրահանգման` հեղինակը փաստորեն կանխատեսում է ոչ այնքան պետական հարկադրանքի վերացումը, որքան վերոհիշյալ երրորդության իմաստափոխումը և վերացումը, թեև, չգիտես` ինչու շեշտադրում է պետության հարկադրանքի համակարգ լինելու վրա: Միգուցե դա արվում է այն պատճառով, որպեսզի մարդիկ հանգիստ ընդունեն պետականության կորուստը. չէ± որ այն ընդամենը հարկադրանքի համակարգ էր, այլ ոչ թե հայրենիք և ազգային ինքնավարություն:

 
Ինչպես է Տիգրան Սարգսյանը նկարագրում տարածքի, բնակչության և կառավարության հետ ենթադրաբար տեղի ունենալիք փոփոխությունները: Հեղինակը կարծիք է հայտնում, որ կառավարությունը պետք է վերանա` իր լիազորությունները մաս-մաս փոխանցելով դեպի վերև, կողք և ներքև:

 
Լիազորությունների թեկուզ մասնակի փոխանցումը դեպի վեր մեզ քաջ ծանոթ համաշխարհայնացումն է: Այս ուղղության գերակայության արդյունքում ազգային կառավարությունները կվերածվեն համաշխարհային կառավարության: Այլ կերպ ասած` 200 պետությունները կդառնան մեկ գերպետություն:

 
Ազգային պետությունների բացակայության պայմաններում համաշխարհային կառավարությունից անմիջապես ներքև կգտնվեն համայնքները, որոնք ավելի ինքնավար կլինեն, որովհետև նախկին պետական լիազորությունների երկրորդ մասն էլ նրանց փոխանցված կլինի: Բազմահազար համայնքների հետ ուղղակի շփվելը, առավել ևս կառավարելը դժվար է և անխուսափելիորեն կառաջանան տարածաշրջաններ և միգուցե ենթատարածաշրջաններ, որոնք ենթադրաբար ազգային գունավորում չեն ունենա: Այսինքն` Հայաստան չի լինի, այլ կլինի, օրինակ` Հարավային Կովկաս:

 
Բացի այդ, պետության լիազորությունների երրորդ մասը դեպի կողք փոխանցելու արդյունքում կստեղծվեն մասնագիտացված հասարակական կառույցների բազմաշերտ և խիտ ինքնավար ցանցեր:

 
Այս ամենը պատկերացնել փորձող հայ մարդու գլխում անխուսափելիորեն հարց կծագի. իսկ ազգերը, որպես ինքնուրույն գործող անձեր, ի±նչ մարմնով պետք է հանդես գան: Այսինքն` բոլոր այն համայնքները, որտեղ հիմնականում հայեր են ապրում, արդյո±ք չեն փորձի միավորվել ազգային միության մեջ, թե± տնտեսական, հաղորդակցային կամ այլ նկատառումներով Մեղրին կնախընտրի միանալ Թավրիզի, Ալավերդին` Թիֆլիսի, Ստեփանակերտն էլ` Բաքվի հետ: Կամ, եթե մի տարածաշրջանի քառորդ մասը հայերով բնակեցված լինի, արդյո±ք չեն փորձի նրանք անջատվել մնացած տարածաշրջանից և ունենալ սեփական առանձին հայկական տարածաշրջանը և այդ ձևաչափով քննարկել իրենց խնդիրները: Իսկ հասարակական կառույցների ցանցում արդյո±ք չեն գոյանա առանձնացված ազգային ենթացանցեր, որոնցում շփվող մարդիկ միմյանց ավելի հոգեհարազատ կլինեն:

 
Եթե «անպետություն դարաշրջանում» հայկական համայնքները նորից միավորվեն, ապա նրանք անխուսափելիորեն իրենց գործառույթների մի մասը կփոխանցեն այդ միությանը: Իսկ առանձին տարածաշրջան դառնալու նրանց ձգտումը շատ նման կլինի ինքորոշման և անկախացման պայքարի: Ազգայնացված հասարակական ցանցերն էլ հիմնական դերակատարություն կունենան վերակազմյալ ազգային միավորի ինքնակառավարման գործում: Այսպիսով կվերականգնվեն պետության բոլոր երեք հայտանիշները և ազգային պետությունն ինքը: Եվ այդ բանը տեղի չի ունենա միայն մեկ դեպքում, եթե ազգերը փաստացի մահացած լինեն: Միգուցե այդ ժամանակների մասի±ն է պատմում Տիգրան Սարգսյանը, թեև կասկածելի է, որ երբևէ կգան նման ժամանակներ:

 
Ազգային իրականության մեջ կարևոր են թե տարածքը` իր հայրենիք նշանակությամբ, թե բնակչությունը` իր ազգ նշանակությամբ, թե ինքնիշխան կառավարությունը` որպես ազգ-գործող անձի կազմակերպական ձև: Ազգային պետության վախճանը հնարավոր է միայն ազգերի չգոյության դեպքում, որը տեսանելի և կանխատեսելի ապագայում հաստատ չի սպասվում
 

  * * *

 
Հետարդյունաբերական դարաշրջանի նկարագրություններում առանցքային տեղ է հատկացվում գիտելիքին և այն կրող անհատին: Ենթադրություն է արվում, որ գիտելիքի կուտակումը կդառնա հիմնական վարքագիծ, ինչը կհանգեցնի կառավարման ցանցային ձևի որդեգրմանը և տարածմանը: Համաձայն ենք ինչպես այս կանխատեսմանը, այնպես էլ այն մտքին, որ այս ամենում անհատն իսկապես կարևոր տեղ է զբաղեցնելու: Այսինքն` մարդը և նրա գիտելիքը ավելի կարևոր կդառնան, քան դրամագլուխը կամ հողն ու մնացած բնական հարստությունը:

 
Սակայն երբ Տիգրան Սարգսյանն իր քննարկվող հոդվածի վերնագրի համատեքստում է հայտարարում, որ անհատը հանդես կգա` որպես աշխարհում տեղի ունեցող գործընթացների գլխավոր օղակ, ապա ստացվում է, որ նա` որպես գլխավոր օղակ, պետք է փոխարինի ազգերին և պետություններին:

 
Պետք է նկատել որ «պոստինդուստրիալիզմը» առաջին «իզմը» չէ, որ փորձում է «կարևորել» անհատ-մարդկություն բևեռային զույգը` ի վնաս «ազգ-համայնք-ընտանիք» միջին օղակների: Ուստի, մեր առարկությունը ավելի հիմնավոր շարադրելու համար համառոտ անդրադառնանք մարդկության բնական կառույցին:

 
Մարդ տեսակի մասին խոսելիս բացարձակ հստակությամբ կարելի է առանձնացնել նրա միայն երկու` ամենաբարձր (կամ համընդհանուր) և ամենացածր (կամ անբաժանելի) մակարդակները: Դրանք են ամբողջ մարդկությունը և առանձին անհատները: Միջանկյալ օղակները` ընտանիքները, գերդաստանները, համայնքները, ազգերը, ռասսաները առանձնացվում են որոշ մոտավորությամբ: Համայնքների, ազգերի, նույնիսկ ռասսաների սահմանները էլ ավելի անորոշ են դարձել խառնամուսնությունների, բազմակի ամուսնությունների, բնակչության շարժի, լեզվամշակութային փոխազդեցությունների ծավալման պատճառով: Սակայն դա չի նշանակում, որ այդ սահմաններն ընդհանրապես գոյություն չունեն:

 
Ազգային, կրոնական, ռասսայական և համայնքային տարբերությունները, դրանց միջև առկա հակասությունների պատճառով գոյացող հակամարտությունները մեծ գլխացավանք են պատճառում մարդկությանը: Մյուս կողմից թվում է, թե ավանդական ընտանիքը սահմանափակում է անհատական` հատկապես կանանց և երիտասարդների ազատությունը: Ու քանի որ թե ազգերը, թե ընտանիքները «անորոշ» և «փոփոխական» կազմավորումներ են, ոմանք շատ են ցանկանում ընդհանրապես ազատվել դրանցից ու դրանց առաջացրած գլխացավերից: Այդ փորձերն էլ հենց հանգեցնում են աշխարհաքաղաքացիական տեսությունների ի հայտ գալուն, որոնք մի կողմից կարևորում են ամբողջը` համայն մարդկությունը, մյուս կողմից` անբաժանելի միավորը` անհատին` ի վնաս միջանկյալ օղակների` ազգերի, ընտանիքների:

 
Այնուամենայնիվ, ռասսաների, ազգերի, համայնքների, ընտանիքների գոյությունը ակնհայտ և անհերքելի իրողություն է, իսկ դրանց դերի նվազմանը վերաբերող դատողությունները` բավարար չափով չհիմնավորված կարծիք: Ավելի մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ դրանք կլինեն այնքան ժամանակ, որքան ինքը` մարդկությունը:

 
Ազգերը կլինեն, որովհետև «համայն մարդկությունը» չի կարող հանդես գալ որպես մեկ գործող անձ, քանի որ իր մակարդակում երկրորդ և երրորդ մարդկություններ գոյություն չունեն, որոնց հետ նա համակեցության մեջ հարաբերվի: Մարդկություն համակեցության տիրույթում միշտ առանձնանալու են հավաքական գործող անձեր, և այդ բաժանման հիմքում լինելու են նրանց ազգային հատկանիշները: Կամ այն հատկանիշները, որոնք կլինեն բաժանման հիմքում, ընդունված է կոչել «ազգային» և դրանք բնութագրում են անհատների գիտակցական ինքնաճանաչողական պատկանելությունը գենետիկ-մշակութային խմբին:

 
Իսկ ընտանիքներն էլ միշտ կլինեն, որովհետև իրականում ընտանիքն է «փոքրագույն» և «անբաժանելի» միավորը, այլ ոչ թե անհատը: Անհատները չեն կարող ապրել առանց ընտանիքի: Ընտանիքում է տեղի ունենում սեռերի և սերունդների հիմքային փոխհարաբերությունը, առանց որի մարդկային կյանքն ընդհանրապես գոյություն չի ունենա:

 
Անհատների բազմաթվությունը և պատմական առումով կյանքի կարճատևությունը ստեղծում են մի իրավիճակ, երբ յուրաքանչյուրի անձը, նրա շարժառիթները դառնում են շատ անկարևոր: Դրա փոխարեն անհատական վարքագիծը ամբողջությամբ պայմանավորվում է տվյալ անձի ինքնագիտակցությամբ, որը նախ և առաջ ընտանեկան է և ազգային, նաև համայնքային, գերդաստանային կամ ռասսայական, երբ ծագում է այդպիսի ընտրության անհրաժեշտություն:

 
Եթե ընտանիքը «փոքրագույն միավորն» է, ապա ազգը «հիմնական տեսակն» է (բայց ոչ միակ): Այն մի կողմից համակեցություն է նման ծագում ունեցող և նույնամշակույթ ընտանիքների համար, մյուս կողմից միասնական գիտակցությամբ օժտված պատմական գործող անձ է և բավականաչափ անկախ է իրեն պատկանող անհատների, անգամ առանձին սերունդների գիտակցությունից: Համամարդկային համակեցության մեջ անհատների գործունեությունը գլխավորապես պայմանավորված է ազգային գիտակցությամբ (կամ դրա անբավարարությամբ) և երբեք չի կարող ավելի կարևորվել ազգի հավաքական կենսագործունեությունից
 
Պետական օրենսդրությունները փորձում են հստակ սահմանել և առանձնացնել ազգերը և ընտանիքները: Այդ նպատակին են ծառայում քաղաքացիություն երևույթը և քաղաքացիական կացությունը գրանցող համակարգերը: Դրանց համաձայն ֆրանսիացի է համարվում ֆրասիայի քաղաքացին, թեկուզ իրականում արաբ լինի, իսկ ընտանիք են համարվում արձանագրված ամուսինները և նրանց զավակները, այդ թվում որդեգրվածները: Համայնքները նույնպես որոշվում են գրանցման ինչ-որ կարգի համաձայն:

 
Օրենսդրության և իրականության մեջ միշտ առկա է որոշ հակասություն: Ապարանցին Երևան տեղափոխվելուց հետո դեռ երկու սերունդ ապարանցի է մնում, ինչպես որ հայը երեք-չորս սերունդ հայ է մնում այս կամ այն երկրում: Երեխան օտար ընտանիքի կողմից որդեգրվելուց հետո էլ շարունակում է կրել իր կենսաբանական ծնողների գեները: Բազմաթիվ ամուր ընտանիքներ ապրում են առանց արձանագրության, իսկ երբեմն էլ կեղծ ամուսնություններ են արձանագրվում: Սակայն, մյուս կողմից, ֆրանսիացիները հիմնականում ապրում են Ֆրանսիայում կամ Ֆրանսիայի քաղաքացի են, ընտանիքների մեծ մասը պաշտոնապես արձանագրված են:

 
Այսպիսով յուրաքանչյուր մակարդակում գործող բնածին միավորին փորձ է արվում համապատասխանեցնել մի արհեստածին միավոր, ինչի արդյունքում մարդկության իրական կառուցվածքի բուրգին զուգահեռ գոյանում է մեկ այլ` իրավաբանական անձերի արհեստածին բուրգ, որտեղ ոչ ճշգրիտ կերպով ընտանիքին համապատասխանում է արձանագրված ընտանիքը, համայնքին` տեղական ինքնավարությունը, ազգին` պետությունը, մարդկությանը` ՄԱԿ-ը: Այս համատեքստում նույնպես պետությունը կվախճանվի այն ժամանակ, երբ վախճանվեն ազգերը` որպես պետականածին միավորներ
 
Որոշ ազգերի հետ այդպես էլ կատարվում է: Կենսական ուժը կորցրած, բավարար չափով չվերարտադրվող եվրոպական ազգերը մեծաքանակ մարդուժ են ներգրավում այլ երկրներից: Ինքուրույն չկարողանալով մարսել հարուստ երկրներ ձգտող այլազգիների ներհոսքը, նրանք փորձում են միավորվել: Արդյունքում եվրոպական ազգերը կորցնում են իրենց ինքնատիպությունը ոչ միայն այլազգիների ներհոսքի, այլև եվրոպական մյուս ժողովուրդների հետ փոխձուլման արդյունքում: Եվրոպական ինտեգրացիայի էությունը եվրոպական ազգերի մահանալու ցավալի գործընթացն է: Եվրամիությունը նրանց ծերանոցն է:

 
Նման գործընթացներ են տեղի ունենում նաև Եվրամիությունից արևելք: Բնակչության չափազանց ցածր վերարտադրություն, համատարած ամուսնություններ օտարների հետ, անկայուն ընտանիքներ: Անկախ ռուս կանանց ծնելիության խրախուսման փորձերից, 4-5 տասնամյակ անց, թրքախոս մահմեդականների և ռուսների թվաքանակը մոտավորապես հավասարվելու է: Եվրասիականության դուգինանման տեսությունների նորաձև լինելն էլ պայմանավորված է ռուս ժողովրդի մահացման ոչ պակաս ցավալի ընթացքով: Դրա հաջորդ փուլը կարող է դառնալ ՌՖ և միջինասիական թյուրքական երկրների միաձուլումը:

 
Բազմագույն, բազմազգ, բազմակրոն, բազմալեզու խառնածիններով բնակեցված ամերիկյան երկրները նույնպես կարող են մի օր միավորել իրեց տարածքները` այդպես էլ չհասցնելով ձևավորվել որպես առանձին ազգեր: Այդ միության մեջ պետականածին ազգի դերը կարող է կատարել ծագումով մասամբ հնդկացի, իսպանախոս և հարաբերականորեն կենսունակ զանգվածը: Աշխարհի այլ անկյուններում նույնպես կարող են նման զարգացումներ տեղի ունենալ:

 
Վերը շարադրված պատճառներով կարող է տպավորություն ստեղծվել, թե շուտով բոլոր ազգերն էլ մահանալու են կամ միաձուլվելու են: Պետությունների վերանալը և միավորվելը կարող է լինել դրա հետևանք և արագացուցիչ: Սա ընդամենը կանխատեսում է, որն այս հոդվածում վիճարկելն իմաստ չունի: Բավարարվենք միայն այն հաստատումով, որ, իրոք, ազգերի վերացման դեպքում պետությունները նույնպես կարող են վերանալ: Այլ հարց է, թե մենք` հայերս, ուզո±ւմ ենք վերանալ, թե± ոչ, երբ խոսում ենք պետության վախճանի մասին: Իսկ մյուս կենսունակ ազգերը ի±նչ են մտածում այդ կապակցությամբ
 

  * * *

 
Տիգրան Սարգսյանն իր հոդվածում չի խոսում ոչ ազգերի և ոչ էլ ընտանիքների վերացման մասին: Ընդհակառակը, պետությունը «սպանելով», նա հայերի համար «Հայկական աշխարհ» է փորձում կառուցել: Իսկ հետարդյունաբերական շրջանի փոփոխությունների մասին խոսելիս հեղինակը օգտագործում է «հասարակություն» բառեզրը և նրա կազմակերպական ձևի մասին խոսում է` չկարևորելով հանրության ազգային բովանդակությունը: Վերացական հանրության փոփոխությունն է, որ ըստ նրա հանգեցնում է դրա կազմակերպական ձևի` պետության վախճանին և դա, ըստ նրա, կատարվելու է բոլոր ժողովուրդների հետ:

 
Մինչև հիմա մենք հերքում էինք պետության վախճանի հնարավորությունը` շեշտադրելով նրա ազգային բնույթը: Հիմա փորձենք տեղափոխվել հեղինակի դիտակետ, որտեղից ազգերը չեն երևում, և այդ դիրքից իմաստավորել նրա հիմնական եզրահանգումը:

 
Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք «հասարակության կազմակերպական ձևի փոփոխություն» արտահայտության վրա: Խոսքը պետության մասին է, սակայն արդյո±ք փոփոխությունը անպայման վերացում է նշանակում, թե± դա կարող է պարզապես պետության ձևի փոփոխություն լինել:

 
Միջնադարում պետությունը անսահմանափակ իշխանությամբ, «Աստծո կողմից օծված» միապետն էր: Միջնադարյան մարդու պատկերացումներով այսօրվա պետությունների մեծամասնությունը ընդհանրապես պետություններ չեն: Նա շատ կզարմանար, եթե իմանար, որ մի օր եվրոպական միապետերն այլևս ոչինչ չեն որոշի իրենց երկրներում և ընդամենը դեկորի դեր կկատարեն, իսկ ծաղրածուներին` օրինակ` այսօրվա երգիչներին, ասպետական տիտղոսներ կշնորհվեն: Անթագավոր Ֆրանսիայի կամ Իտալիայի մասին իմանալով` նա էլ կարող էր եզրակացնել, որ այդ երկրներում «պետությունը վախճանվել է»: Բայց մենք այսօր չենք կասկածում, որ Ֆրանսիական հանրապետությունը աշխարհի առաջատար պետություններից մեկն է:

 
Միջնադարում պետության գլխավոր հատկանիշ կարող էր համարվել ժառանգական իշխանությունը, և նա, ով կկանխագուշակեր ժառանգական միապետությունների վախճանը, նույնպես կարող էր հայտարարել, որ պետությունը կվերանա: Սակայն հանրային փոփոխությունների արդյունքում, գոնե հայերենում, փոփոխվեց միայն պետությանը նախորդող բառարմատը` «միա»-ն դարձավ «հանրա»: Սա հանրության և նրա կազմակերպական ձևի հիմնական փոփոխության ամենատիպական օրինակ է:

 
Այսօր դժվար է ավելի մեծածավալ հանրային փոփոխություններ պատկերացնել, քան այն փոփոխությունները, որ տեղի ունեցան արդյունաբերական հեղափոխության և դրամատիրության հաղթարշավի ժամանակներում: Դրանք իսկապես հիմնովին փոխեցին պետության տեսքը, սակայն չսպանեցին այն: Մինչինդուստրիալից ինդուստրիալ և ինդուստրիալից հետինդուստրիալ անցումները հեղինակի մոտ ներկայանում են որպես համարժեք փոփոխություններ: Եթե այն ժամանակ պետությունը չվերացավ, ինչո±ւ հիմա այն պետք է վերանա: Պետական հաստատությունները և հանրային կառուցվածքը կարող են անճանաչելիորեն փոխվել, բայց չվերանալ
 
  * * *

 
Մի կողմ դնենք պատմական զուգահեռները և փորձենք հասկանալ, թե ինչպե±ս է Տիգրան Սարգսյանը հիմնավորում, որ «հենքային գործընթացի» ներկա փոփոխությունը և «հետինդուստրիալ» դարաշրջանի կայացումը անխուսափելիորեն կհանգեցնեն պետության վախճանին` դարձյալ հիշելով, որ վերացական ենք խոսում: Այսինքն` խոսում ենք «պետություն» հաստատության մասին ընդհանրապես, այլ ոչ թե ազգերի կազմակերպական ձևերի, որոնց հեղինակը տեղափոխում է մշակութաբանական հարթություն:

  «
Զանգվածային ժողովրդավարությամբ բյուրոկրատական պետության» վախճանի գլխավոր հիմնավորումներից մեկն այն է, որ անընդհատ բարդացող աշխարհում մեծամասնության ձևավորած քաղաքական իշխանությունը աստիճանաբար կորցնում է մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում որոշումներ կայացնելու ունակությունը: Բյուրոկրատական ապարատի շրջանակներում պետության կայացրած որոշումները շատ հաճախ անիմաստ են դառնում նույնիսկ մինչև դրանց ուժի մեջ մտնելը, ինչը, ըստ հեղինակի, ապացուցում է տեխնոլոգիական զարգացման սլացքին համապատասխանելու ժամանակակից պետության անկարողությունը:

 
Ենթադրաբար այդ պատճառով են առաջանում ոչ այնքան պետական «անկախ» մարմինները, ինչպիսիք են` կենտրոնական բանկերը, արժեթղթերի, հակամենաշնորհային, հանրային ծառայությունները կարգավորող և այլ հանձնաժողովները, որոնք ենթադրաբար հետարդյունաբերական դարաշրջանին համապատասխանող կառավարման հաստատություններ են: Սակայն վերոհիշյալ մարմինները ավելի պակաս բյուրոկրատական և պակաս դանդաղաշարժ չեն: Դրանք ամենաիսկական պետական մարմիններ են, որոնք, ի դեպ, պետության կողմից օժտված են նաև հարկադրանքի լծակներով: Էական ոչինչ չէր փոխվի, եթե կենտրոնական բանկի պարտականությունները դրված լինեին ֆինանսների կամ ասենք դրամաշրջանառության նախարարության վրա:

 
Անգամ եթե պատկերացնենք, որ կենտրոնական բանկը կամ արժեթղթերի հանձնաժողովը (վերջինիս վերաբերող հայաստանյան փորձառությունը ուղղակի ծիծաղելի է և նման հաստատությունների արհեստածնության վկայություն է) մի օր կվերածվեն հասարակական կազմակերպությունների, և նույնպիսի հասարակական կազմակերպություններով կփոխարինվեն կրթության, առևտրի, գյուղատնտեսության և մյուս նախարարությունները, անգամ բանակն ու ոստիկանությունը, միևնույն է, դա չի հանգեցնի պետության վերացմանն ընդհանրապես, այլ միայն կփոխի պետական մարմինների կազմավորման կարգը, գործառույթները և գործելաոճը: Պետություն կկոչվեն իրենց ձևով ավելի շատ այսօրվա ոչ-կառավարական կազմակերպություններին նմանվող և մասնագիտական տարբեր ոլորտներում մրցակցությունը կամ համագործակցությունը կարգավորող կազմավորումները և կամ դրանց համախումբը:

 
Ժամանակակից պետությունում կառավարումը պայմանականորեն կարելի է երկշերտ համարել: Շերտերից մեկը քաղաքական դաշտն է, մյուսը` մասնագիտական բյուրոկրատիան: Ենթադրաբար, մասնագիտական բյուրոկրատիան քաղաքական դաշտին սպասարկող դերակատարություն պետք է ունենար: Սակայն տարբեր պետություններում միշտ գերիշխել է բյուրոկրատական օղակների ինքնաուռճացման, նրանց կողմից քաղաքական իշխանության փաստացի յուրացման կամ առնվազն դրա վրա արդյունավետ ազդելու միտումը:

 
Տիգրան Սարգսյանը նկարագրում է քաղաքական և բյուրոկարատական իշխանությունների միաժամանակյա վախճանը, սակայն տպավորություն է ստեղծվում, որ իրականում նա խոսում է քաղաքական դաշտի նկատմամբ բյուրոկրատիայի վերջնական հաղթանակի մասին, այն օրերի մասին, երբ խորհրդատուներն ու փորձագետները կդառնան իշխող դասակարգ: Բայց իշխող դասակարգի առկայությունը պետության ամենաիսկական դրսևորումներից մեկն է
 
Երկրորդ կարևոր հիմնավորումն այն է, որ համաշխարհայնացումը հարթեցնում է համաշխարհային խաղադաշտը, վերացնում է սահմանները և բացառիկ հնարավորություններ է ստեղծում բավարար մտավոր ներուժ ունեցող անհատների համար: Համաշխարհային համակեցությունը, այնտեղ սահմանված խաղի կանոնները տեղականներից ավելի կարևոր են դառնում: Հետինդուստրիալ աշխարհը «ապազանգվածայնացվում» է:

 
Իսկապես աշխարհը փոքրացել է, և հատկապես տնտեսական գործունեության ոլորտներում խաղի համաշխարհային կանոնները շատ կարևոր են դարձել, և պետական իշխանության մարմինները նույնպես դա կարևորում են: Պետությունները մի կողմից հավաքաբար են սահմանում այդպիսի կանոններ կամ կամավոր-պարտադրված ընդունում են միջազգային ոչ-պետական մասնագիտական կառույցների առաջարկները:

 
Միջազգային ոչ-կառավարական կամ միջպետական տարատեսակ կազմակերպությունների օրեցօր ծավալվող համաշխարհային ցանցը լայն հորիզոններ է բացել նախկին պետական բյուրոկրատների աշխատանքային առաջխաղացման համար: Դրանց թվի արագ աճը ձևավորել է աշխարհաքաղաքացիների ազդեցիկ և նորքուստ լավ կազմակերպված համայնք:

Օրինակ «UNESCO»-ի մի բարձրաստիճան պաշտոնյա, եթե նրա աշխատանքային պայմանաժամկետը ավարտվում է նախքան թոշակի տարիքին հասնելը, հեշտությամբ աշխատանքի է անցնում ասենք Միջազգային Կարմիր Խաչում կամ երիտասարդ առաջնորդների ինչ-որ միջազգային շարժման գլխավոր գրասենյակում: Նման կարևոր մասնագետներին մշտապես աշխատանքով ապահովելու նպատակով ստեղծված են մասնավոր ընկերություններ, որոնք մասնագիտացած են աշխատանքային մրցույթներ անցկացնելու գործում: Այսինքն` իրականում նրանք են որոշում, թե այսինչ միջազգային կազմակերպության ընտրված խորհուրդը ում պետք է գլխավոր քարտուղար նշանակի: Ընդ որում, որպես կանոն, մի կազմակերպությունից մյուսը տեղափոխվող երեց կառավարիչը առնվազն պահպանում է իր նախկին աշխատավարձը, եթե անգամ նրա նոր հիմնարկը ավելի աղքատ է:

 
Միջազգային, միջպետական և ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարությունները միասին կազմում են մի յուրօրինակ համաշխարհային կառավարություն: Դրանում խոշոր դրամատերերի համաշխարհային կոհորտան այսօր դեռ զգալի ազդեցություն ունի, սակայն չենք բացառում, որ վաղն այն իր տեղը ամբողջությամբ կարող է զիջել «գիտելիքի մարդկանց»:

Համաշխարհային կառավարության իշխանության մեծացումը իհարկե սահմանափակում է առանձին պետությունների դերակատարությունը: Հստակ ազգային գունավորում չունեցող կամ այն կորցնող ժողովուրդներն ու պետությունները ժամանակի