|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
«Մեռավ թագավորը, կեցցե նոր թագավորը»: Ովքեր են իրականում Սամցխե-Ջավախքի «նահանգապետ» կոչված մարդիկ 04/11/08 Վրաստանում կառավարության կազմում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր (նահանգապետ) Գոգա Խաչիձեն լքեց իր զբաղեցրած պաշտոնը և հոկտեմբերի 29-ին նոր վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլու ներկայացրած կառավարության կազմում ներկայացվեց որպես Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարար[1], որը դրանից առաջ զբաղեցնում էր Իրակլի Գվալաձեն: Գոգա Խաչիձեն նահանգապետ էր դարձել 2005թ. մարտին: 1993-95 թթ. տեղի ունեցավ Վրաստանի տարածքային բաժանման գործընթացը։ Վրաստանն այս ընթացքում բաժանվեց 11 երկրամասերի (նահանգների)՝ Աբխազիայի, Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի, Կախեթիի, Մցխետա-Մթիանեթիի, Ռաջա-Լեչխումիի և Քվեմո (Ստորին) Սվանեթիի, Սամեգրելո - Զեմո (Վերին) Սվանեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո (Ստորին) Քարթլիի, Շիդա (Ներքին) Քարթլիի։ Եվ քանի որ 1995թ. օգոստոսի 24-ին ընդունված Վրաստանի սահմանադրության մեջ այդպես էլ չլրացվեց երկրի կառուցվածքի (հետևաբար նաև՝ վարչական բաժանումների մասին) գլուխը, նահանգային այս բաժանումները այդպես էլ չստացան իրավաբանական ձևակերպումներ[2]: Արհեստական (ոչ էթնիկ հողի վրա կատարված) նահանգային այս բաժանումը մեծապես փոխեց իրավիճակը նաև Սամցխե - Ջավախք – Ծալկա (Թռեղք) պատմական հայկական գավառներում։ Վրաստանի ղեկավար Է. Շևարդնաձեի, 1994թ. հուլիսի 31-ի թիվ 237 հրամանագրով ստեղծվում է նոր տիպի մի «երկրամաս»` նահանգ, որը կոչվեց Սամցխե-Ջավախք: Նշենք նաև, որ “բաժանիր, որ տիրես” քաղաքականության իրագործմամբ նորաստեղծ այս նահանգից դուրս թողնվեց պատմական հայկական այս գավառների շարութնակությունը հանդիսացող հայաբնակ Ծալկայի շրջանը (Մեծ Հայքի Գուգարք նահանգի Թռեղք գավառ): Հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում 1994թ. ստեղծվեց Վրաստանի նախագահի լիազոր-ներկայացուցչի պաշտոնը, որի առաջին ներկայացուցիչը դարձավ և մինչ 2002թ. փետրվար ամիսը հայաբնակ նահանգը ղեկավարեց ընդգծված հայատյաց մի քաղաքագետ և դիվանագետ` Գիգլա Բարամիձեն: Նշենք նաև, որ նա, այս պաշտոնավարման հետ միաժամանակ, հանդիսացել է ՀՀ-ում Վրաստանի առաջին դեսպանը` մինչև 1998թ.: Գիգլա Բարամիձեից հետո Սամցխե-Ջավախքի նահանգապետեր են եղել Թեյմուրազ Մոսիաշվիլին (2002թ. փետրվար – 2003թ. օգոստոս), Գելա Կվարացխելիան (2003թ. օգոստոսի 23 – 2003թ. նոյեմբեր), Նուգզար Պարունաշվիլին[3], Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին (2004թ. փետրվար – 2005թ. մարտ), Գոգա Խաչիձեն (2005թ. մարտ – 2008թ. հոկտեմբերի 29)[4]: Նշենք նաև մեկ կարևոր հանգամանք. Սամցխե-Ջավախքի բոլոր նահանգապետերը եղել են ոչ Սամցխե-Ջավախքի նահանգից: Սա խոսում է այն մասին, որ Սամցխե-Ջավախքում պաշտոնավարման նշանակված այս «դեսպան» - լիազորները ոչ թե ժողովրդի շահերն էին պաշտպանելու (գոնե դա ցույց տրվեր ձևական), այլ իրականացնելու էին/են Թիֆլիսի «ծրագրերը»: Վերոնշյալ հանգամանքն ապացուցվում է նրանով, որ չնայած ստեղծված «նահանգի»` (որի մեջ, ինչպես նշեցինք, չէր ներառված հայաբնակ Ծալկան) 2002թ. Վրաստանի պաշտոնական մարդահամարի տվյալներով, 207.598 մարդուց 113.347-ը հայեր էին (55%), այնուամենայնիվ, «նահանգապետարան» կոչված վարչական կառույցում հայ աշխատակիցների թիվը սահմանափակվում է միայն մեկ փոխնահանգապետի ներկայացվածությամբ (որն իրականում հայության խնդիրների բարձրաձայնման, և, առավել ևս` լուծման գործում, որևէ էական դեր չունի): Հավելենք նաև, որ այս 55%-ը վրացական տվյալ է, իրականության մեջ հայերի թիվը ոչ պաշտոնապես հասնում է 150.000-ի (72%): Սամցխե-Ջավախք տարածաշրջանում հայոց լեզուն` որպես երկրորդ պետական լեզվի չգոյությունը, վրացական իշխանությունների համար հիմք է հանդիսանում, որպեսզի ինչպես նահանգապետարանում, այնպես էլ վարչական բոլոր օղակներում չներառվեն տեղի լավագույն, բայց վրացերեն չիմացող մասնագետ-կադրերը: Թե ովքեր էին Վրաստանի նախագահի կողմից Սամցխե-Ջավախքի հայության ճակատագիրը տնօրինելու եկած տխրահռչակ այս անձնավորությունները` վկայում են ոչ միայն տարածաշրջանում ապրող բնակիչները/հայերը[5], այլև բազմաթիվ փաստեր. Դեռ Է. Շևարդնաձեի օրոք լուրեր տարածվեցին այն մասին, որ նահանգապետ Գիգլա Բարամիձեն թմրանյութերի օգտագործման նկատմամբ ուներ շատ մեծ հակումներ: Վերջինիս բազմաթիվ փորձագետներ և քաղաքագետներ անվանել են պաշտոնական Թբիլիսիի քաղաքականության գլխավոր ճարտարապետը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում[6]: Սամցխե-Ջավախքում այս ժամանակահատվածում իշխող նահանգային, առանձին շրջանների վարչախմբերի, ինչպես նաև նրանց հետ սերտաճած կլանների գործունեության որոշ պատկերը պարզ դարձնելու համար անհրաժեշտ ենք համարում վկայակոչել «Խիստ գաղտնի» մակագրությամբ մի փաստաթղթից որոշ հատվածներ, որը Սամցխե-Ջավախքում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում մանրակրկիտ ձևով կազմել և 1997թ. մարտի 31-ին Վրաստանի Քաղաքացիների միության նախագահին է ներկայացրել նույն միության փոխնախագահ Կոնտրատե Բաբունաշվիլին[7]: Վերոնշյալ փաստաթղթում Գիգլա Բարամիձեն գլխավորում էր Սամցխե-Ջավախքում գործող կազմակերպված կոռումպացված խմբերի անհատական սխեման: Մեջբերենք այդ փաստաթղթից մի քանի հատվածներ. “Փաստեր. …Գ. Բարամիձեն կապված է Ներքին գործերի մինիստրի տեղակալ ոմն Բաձաղուայի հետ, որը «Ռևազովիչին» ապահովում է կանացով: …Ջավախեթիից մեծ քանակությամբ փայտանյութ է անցնում Հայաստան և Իրան: Գ. Բարամիձեն ունի մեծ քանակի զինամթերք, որի մի մասը բաժանել է իր թիկնապահներին (անօրինական): Հատուկ նշանակության ջոկատի աշխատողները Թբիլիսիում ձերբակալել են Գ. Բարամիձեի մարդկանց, որից հետո Ն. Սաճայայի (Ն. Սաճայան եղել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը – Վ. Ս.) միջամտությամբ Դ. Մքաձեն ազատեց Գ. Բարամիձեի մարդկանց` նրանց տալով նոր պաշտոններ (վերջիններս Գ. Բարամիձեի հորեղբոր տղայի` Ջ. Բարամիձեի մոտի մարդիկ էին): …Ախալցիխեում իսկական նարկոմանների բույն է, որտեղ պատրաստվում են մեծ քանակի նարկոտիկներ: Տեղական ոստիկանությունն ուզեց իրականացնել հակաթմրանյութային օպերացիա` Վ. Ախալկացիի նախաձեռնությամբ (Վ. Ախալկացին եղել է 1996-1998թթ. Վրաստանի ՆԳՆ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ոստիկանության վարչության պետը – Վ. Ս.): Բայց Գ. Բարամիձեն նախապես զգուշացրել էր այդ օպերացիայի մասին` Նոզաձեի միջոցով (Նոզաձեն եղել է Գ. Բարանիձեի պահակախմբի ղեկավարը – Վ. Ս.), որն էլ արգելեց հակաթմրանյութային օպերացիայի գործողությունները: Գ. Բարամիձեն և Նոզաձեն նույնպես նարկոտիկ օգտագործողներ են: Հիմա Նոզաձեին տեղափոխել են այլ աշխատանքի. Նա այժմ Ախալքալաքի արդարադատության պետն է: ….Գ. Բարամիձեն մի շաբաթ ժամանակ է տվել Վ. Ախալկացուն, որպիսի սպանեն ս. Պետրոսյանին և Դ. Վեքիլյանին: Այս փաստն Վ. Ախալկացին հայտնեց պառլամենտի նիստի ժամանակ, որը պետք է ի կատար ածվեր Ռ. Տոլիկձեի ղեկավարությամբ: Ախալցիխեից մեծամասնական հիմունքներով ընտրված պատգամավոր Նաթենաձեին Գ. Բարամիձեն իր անվտանգության աշխատողների միջոցով ծեծի է ենթարկել, քանի որ վերջինս միշտ հակասությունների մեջ էր Գ. Բարամիձեի հետ և ապրիլ ամսին պետք է ելույթ ունենար «Ախալցիխեի և սամցխե-Ջավախքի մասին» իր զեկուցումով: Նաթենաձեն վախեցած էր, որ մինչև իր ելույթը` իրեն չենթարկեն պրովոկացիայի: Հարցն այն էր, որ Թամար Թագուհու հուշարձանի համար ծախսվել է 500-600 հազար լարի (այն ժամանակվա փոխարժեքով դա կազմում էր 400-460 հազար դոլար – Վ. Ս.), իսկ Ախալցիխեի բնակիչները ոչ ջուր ունեն, ոչ լույս և ոչ էլ նորմալ կոյուղային ցանց”: Շուտով, Մ. Սահակաշվիլու իշխանության գալուց հետո, Գ. Բարամիձեի դեմ քրեական գործ հարուցվեց մի քանի հոդվածներով, այդ թվում իշխանության չարաշահում և այլն, որոնց հիմքի վրա Գ. Բարամիձեի նկատմամբ հայտարարվեց քրեական հետախուզում: Նահանգապետ-լիազորներից` Գելա Կվարացխելիան, մինչ նահանգապետ նշանակվելը հանդիսանում էր Է. Շևարդնաձեի հիմնադրած և մինչ վերջինիս իշխանութոյւնից հեռացումը` 2003թ. նոյեմբերը իշխանության ղեկին գտնվող «Վրաստանի Քաղաքացիների միություն» կուսակցության կոորդինացիոն խորհրդի ղեկավարը, միաժամանակ վերջինս Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր էր[8]: Ըստ որոշ աղբյուրների` Գ. Կվարացխելիան հանդիսանում էր նաև Քվեմո Քարթլիի նախկին նահանգապետ Լևան Մամալաձեի մոտ ընկերը[9]: Մ. Սահակաշվիլու իշխանության տարիներին գտնվելով հետախուզման տակ` իր բնակության վայրում` Ռուսթավի քաղաքում ապօրինի զենք կրելու և այն օգտագործելու մեղադրանքով ձերբակալվեց 2006թ. ապրիլին[10]: Վերջին «պաշտոնազուրկ» նահանգապետը (այժմ` նախարար)` ծնունդով Խաշուր քաղաքից (այս քաղաքն անգամ Սամցխե-Ջավախքի կազմում չէր. Խաշուր քաղաքը, նախկին խորհրդային Խաշուրի վարչական շրջանի հետ մեկտեղ, իրավաբանորեն ներառված է ներկայումս Շիդա Քարթլի նահանգի մեջ: Այս նահանգի մեջ է ներառված նաև Հարավային օսեթիայի մեծ մասը) Գոգա Խաչիձեն (հայերեն` Գևորգ Խաչիկյան, վերջինիս հայկական ծագման մասին քննարկվում է տարբեր ֆորումներում տես` http://vesta923.livejournal.com/47223.html) իր նահանգապետ նշանակման ժամանակ 30-ամյա մի երիտասարդ ջութակահար էր, էստրադային մենակատար, «Սախե» (վրաց.` «Երես») խմբի երգիչ: Վերջինս Մ. Սահակաշվիլու իշխող «Դեմոկրատներ – Ազգային շարժում» բլոկի ցանկով, որի մեջ ներառված էին նաև «Ազգային ուժերի միավորում - Պահպանողականներ» և “Վրաստանի Հանրապետական կուսակցություն» կուսակցությունները, 2004թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել էր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր[11]: Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր-ներկայացուցիչների (նահանգապետերի) և ՀՀ-ում Վրաստանի դեսպանների նշանակումները ունեն բավականաչափ հետաքրքիր «ավանդույթ» և օրինաչափություն. ՀՀ-ում Վրաստանի դեսպանները, իրենց պաշտոնավարման ավարտից հետո, անմիջապես նշանակվում են Սամցխե-Ջավախքի նահանգապետ: դա տեղի ունեցավ Գիգլա Բարամիձեի պարագայում, երբ վերջինս միաժամանակ և դեսպանն (առաջին դեսպանը) էր ՀՀ-ում, և Սամցխե-Ջավախքի նահանգապետ/նախագահի լիազոր ներկայացուցիչը, իսկ իր դեսպանի պաշտոնավարման ավարտից հետո` 1998թ. արդեն անցավ իր երկրորդ պաշտոնին: Նույն ճակատագրին արժանացավ նաև Սամցխե-Ջավախքի նախավերջին նահանգապետը` Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին, որը 1998թ. մայիսի 15-ից 2003թ. փետրվարը եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ-ում, իսկ 2003թ. փետրվարից 2005թ. մարտը պաշտոնավարել է Սամցխե-Ջավախքում` որպես նահանգապետ: Այս մարդիկ պաշտոնավարելով ՀՀ-ում, լավագույնս ծանոթ լինելով հայկական միջավայրին և տեղյակ լինելով ՀՀ-ի անցուդարձերին, հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանում «թագավորելու» լավագույն թեկնածուներն են: Վերջիններս Թիֆլիսի ոչ պաշտոնական դեսպաններն են, հետախուզական ցանցի ղեկավարները` հայկական Սամցխե-Ջավախքում: Ելնելով այս օրինաչափությունից` չի բացառվում, որ Գոգա Խաչիձեի աթոռն զբաղեցնի ՀՀ-ում ներկայիս Վրաստանի դեսպան Ռ. Գաչեչիլաձեն: Վահե Սարգսյան «Միտք» վերլուծական կենտրոն
02 November, 2008 10:51:00 Հոդվածը հայերեն լեզվով տպագրվել է www.natnews.info լրատվական կայքէջի http://www.natnews.info/index.php?news=807&VivvoSessionId=2303228490ea18e3a62f հասցեում: [1] http://www.regnum.ru/news/fd-abroad/georgia/1076447.html [2] http://www.bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=604&SectionID=- 1&PagePosition=1&search=Վահե%20Սարգսյան&mode=allwords, հմմտ.` “Երկիր”, 22,09. 2006, #35/1905/: [3] http://whp057.narod.ru/ կայքէջի http://whp057.narod.ru/samch.htm հասցեում Սամցխե-Ջավախքի նահանգապետերի/պետության լիազոր-ներկայացուցիչների ցանկում չի նշվում Ն. Պարունաշվիլու` որպես նահանգապետի անունը, սակայն այլ աղբյուրների համաձայն վերջինս շատ կարճ, բայց հանդիսացել է նահանգապետ: Միաժամանակ` վերոնշյալ աղբյուրում բաց է մնում Գելա Կվարացխելիայի պաշտոնավարման ավարտից` 2003թ. նոյեմբերից, մինչև Նիկոլոզ Նիկոլոզիշվիլու պաշտոնավարման սկիզբը` 2004թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը: Իսկ որոշ աղբյուրների համաձայն` երբ Է. Շևարդնաձեի իշխանությունից հեռացումով հեռացավ նաև վերջինիս դրածո Գելա Կվարացխելիան, Սամցխե-Ջավախքում նահանգապետի գործառույթներն իրականացնում էր վերջինիս տեղակալ Վաժա Բերիձեն: Տես` http://www.memo.ru/hr/hotpoints/caucas1/msg/2003/11/m15234.htm: Այնուամենայնիվ` 2004թ. մարտ ամիսը համընկնում է Ն. Պարունաշվիլու` Վրաստանի խորհրդարանի պատգամավոր ընտրվելու թվականի հետ, հնարավոր է, որ վերջինս մինչ այդ կարճաժամկետ պաշտոնավարած լինի Սամցխե-Ջավախքում որպես նահանգապետ: Վերջինս Ադիգենի շրջանի Ուդե գյուղից է: Ինչպես գյուղի ողջ բնակչությունը, այնպես էլ ինքը` վրացականացված հայ: Վերջինս 2004թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ախալցխայի շրջանից որպես անկախ թեկնածու մեծամասնական կարգով ընտրվեց Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր: Տես` http://www.regnum.ru/news/251288.html: [4] http://whp057.narod.ru/samch.htm: [1] Տեղի բնակչության/հայության կողմից Սամցխե-Ջավախքի նահանգապետերի և վերջիններիս միջոցով Թիֆլիսի իրականացրած հակահայ քաղաքականության մասին տես «Ռեգնում» գործակալության հրապարակումը` http://www.regnum.ru/news/443072.html հասցեում: [6] «Երկիր», 19,11,2004: [7] Փաստաթուղթը վրացերեն լեզվով է, որի ամբողջական հայերեն թարգմանությունն ու մեջբերումը տես` Սարգսյան Վ., Սամցխե-Ջավախք-Թռեղքը հայ-վրացական հարաբերությունների հոլովույթում (1980-ական թթ. վերջ – 1990-ական թթ.), Երևան, 2006, էջ 223-230: Նպատակահարմար չհամարելով հրապարակել` փաստաթղթից կրճատել ենք էական նշանակություն չունեցող որոշ մասեր, որը չի խանգարում ընթերցողին` պատլերացում կազմելու ընդհանուր համակարգի վերաբերյալ: [10] «Վրաստան», 21,04,2006: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: