|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Սամցխե-Ջավախք-Ծալկա. հայությունն ինտեգրվում է, երկնում և ծնում... արամվարդանյաններ և ռուբենկարապետյաններ04/11/08 Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում կան 15 հայկական գյուղեր[1], որոնցից ամենամեծը Ծուղրութն է: 2007թ. պաշտոնական տվյալներով գյուղն ուներ 416 տուն` 1200 հայ բնակչությամբ[2]: Բացի հայերից, Ծուղրութում նախկինում բնակվել են նաև թուրքեր և հույներ, որոնցից առաջինները 1944թ. աքսորվել են Միջին Ասիա, իսկ հույները տեղափոխվել են մոտակա հունական Միքելծմինդա գյուղ: Իր պատմությամբ[3], հնություններով[4] և անվանի մարդկանցով[5] հարուստ այս գյուղը ներկայումս գտնվում է ոչ միայն Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանին հատուկ սոցիալ տնտեսական վատթար վիճակում, այլ նաև` հոգևոր և սեփական իրավունքների պաշտպանության իմաստով: Գյուղն իսպառ բարոյազրկված է: Նախևառաջ, նշենք մեկ կարևոր փաստ. 1991թ. ի վեր, երբ նորանկախ Վրաստանում սկսվեցին դանդաղորեն ձևավորվել տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ), գյուղն ի սկզբանե ուներ վրացի կառավարիչ (խորհրդային շրջանում այդ մարմինները կոչվում էին Գյուղական Խորհուրդներ, որոնց հիմքի վրա ձևավորվեցին նոր անվանում ունեցող մարմինները` Գյուղական Սակրեբուլոները (Ժողովները)): Հայկական գյուղում վրաց պաշտոնյայի գոյության փաստն ինքնին ապացուցում է, որ նախ` գյուղում ի սկզբանե գործել է վրաց պետական մեքենան, երկրորդ` գյուղն անտարբեր է եղել իր խնդիրների լուծման հանդեպ: Եվ միայն 2002թ. Վրաստանում անցկացված թվով 3-րդ ՏԻՄ ընտրություններում գյուղի սակրեբուլոյի նախագահ ընտրվեց Ռուբեն Կարապետյանը: Այդուհանդերձ, այդպես էլ լուծում չստացան Ծուղրութ գյուղի բազմապիսի հիմնախնդիրները, որոնցից ամենակարևորը գյուղի խմելու ջրի ջրամատակարարման հարցն էր: Տեղացիների “ավանդական” դարձած խնդրագրերն անարձագանք են մնացել ինչպես Ախալցխայի ղեկավար շրջանակներում, այնպես էլ կենտրոնական իշխանությունների շրջանում: Նախկինում Ծուղրութ գյուղի հետ մեկ սակրեբուլոյի (տեղական ինքնակառավարման մարմնի) մեջ են ներգրավված եղել նաև վերջինիս հարևանությամբ գտնվող Ծիրա[6] և Միքելծմինդա[7] գյուղերը, որի հիմքի վրա` համաձայն 2005թ. վերջին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված ՏԻՄ նոր օրենքի (որով լուծարվեցին նախկին գյուղական տեղական ինքնակառավարման մարմինները և խոշորացվելով` վերածվեցին շրջանային ժողովների: Վերջիններս այժմ անվանվում են մունիցիպալիտետային ժողովներ) [8]` 2006թ. տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում այս գյուղերը բոլորով միասին ունեն մեկ ներկայացուցիչ Ախալցխայի մունիցիպալիտետի ժողովում (ներկայացուցիչն է Արամ Վարդանյանը), մեկ գործադիր ֆունկցիաներ իրականացնող պաշտոնյա (մենեջեր, որը ներկայումս Ռուբեն Կարապետյանն է (2002-2006թթ. Ծուղրութ, Ծիրա և Միքելծմինդա գյուղերի Սակրեբուլոյի նախագահ)), ինչպես նաև մեկ մասնագետ: Հետևաբար, առավելապես կարևորվում է այս գյուղերը ներկայացնող պաշտոնյաների դերն ու նշանակությունը` ինչպես գյուղերի զարգացման, այնպես էլ` ազգային ինքնության պահպանման գործերում: Ինչպես արդեն նշեցինք, 2006թ. ՏԻՄ ընտրություններում Ծուղրութ, Ծիրա և Միքելծմինդա գյուղերից Ախալցխայի Մունիցիպալիտետի ժողովի պատգամավոր է ընտրվել ծուղրութաբնակ, 34-ամյա Արամ Վարդանյանը[9]: Ա. Վարդանյանի` որպես հասարակական գործչի ու հայության իրավունքների պաշտպանի առաքելություններն առավել կարևոր են դառնում, երբ հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա, սկսած 2008թ. մարտ ամսից, հանդիսանում է նաև Ծուղրութ գյուղի միջնակարգ, միաժամանակ նաև` Ծիրա և Միքելծմինդա գյուղերի տարրական դպրոցների տնօրենը (տարրականն ավարտելուց հետո Ծիրայի և Միքելծմինդայի աշակերտությունը հաճախում է Ծուղրութի միջնակարգ դպրոց) [10]: Վերջինս, լինելով երիտասարդ, իր վրա վերցնելով այսչափ կարևոր և բազմաթիվ պաշտոն-պարտականություններ, որքան էլ ցավալի է, խորապես չի գիտակցում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայության խնդիրների բուն պատճառների ու դրանց վերացման ուղիների մասին: Կոնկրետ իրեն վերապահված ոլորտի հիմնախնդիրներից ամենակարևորի` դպրոցների տնօրենների ատեստացիայի խնդրի մասին, երբ չկարողանալով հաղթահարել լեզվական արգելքները, հայկական դպրոցների տնօրենները համատարած զրկվեցին իրենց պաշտոնների իրավական ձևակերպումներից և ձեռք բերեցին ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ, Ա. Վարդանյանն ունի հետևյալ կարծիքը. “Ես դեմ չեմ իմանալու վրաց պետական լեզուն, դա մեր հաջողությունն ու առավելությունն է: Ես նույնպես մասնակցել եմ նախորդ քննություններին և, անցնելով հիմնական փուլերը, կտրվել եմ վրաց լեզվի քննությունից` լեզվի չիմացության պատճառով: Դա իմ մեղքն է, եթե 34 տարի ապրել եմ այստեղ և չգիտեմ այդ լեզուն, դա իմ թերությունն է: Ես կասեմ հենց Ծուղրութի օրինակով, եթե ունենանք նորմալ մասնագետներ, ապա կարելի է սովորել”: Փաստորեն, ըստ Ա. Վարդանյանի, 190 տարի վրացապատկան նահանգներում գտնվելով, Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայությունը չի տիրապետում վրաց լեզվին զուտ որակյալ մասնագետներ չունենալու պատճառով: Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայությունը հայոց լեզուն տարածաշրջանում որպես երկրորդ պետական լեզու հռչակելու խնդրի մասին, որն իրապես կլուծի բազմապիսի ազգային, հոգևոր, սոցիալ-տնտեսական և բարոյական շատուշատ խնդիրներ` Ա. Վարդանյանն այդ մասին իսպառ չունի տեղեկություն` և որպես Ախալցխայի Մունիցիպալիտետի պատգամավոր, և որպես Ծուղրութի միջնակարգ դպրոցի տնօրեն: Ինչպես Վրաստանի բոլոր հայկական դբրոցներում, այնպես էլ` Ծուղրութ և Ծիրա գյուղերի դպրոցներում (դպրոցները միասին ունեն 202 աշակերտ և 30 ուսուցիչներ) “Հայոց պատմություն” առարկան չկա պետական կրթական ծրագրում[11]: Սակայն այս դպրոցների պարագայում գոյություն ունի մեկ այլ “առանձնահատկություն”. Եթե շատ դպրոցներում այս բացը լրացվում է դպրոցների տնօրենների ջանքերով` ֆակուլտատիվ ժամերի հաշվին, ապա այստեղ “Հայոց պատմության” և դրա հիմքի վրա նաև` հայոց պատմության մասին մոռացել են արդեն տասնամյակներ ի վեր: Ծուղրութի դպրոցը Ախալցխայի թիվ 3 միջնակարգ դպրոցից հետո իր մեծությամբ երկրորդ հայկական դպրոցն է շրջանում: Իսկ տարբեր իմաստներով վատթար վիճակում գտնվողներից` առաջատարը: Ա. Վարդանյանի խոսքերով` նախկին ղեկավարները ոչինչ չեն պահանջել և ներդրել` հանուն դպրոցի բարեկեցության: “Դպրոցն ունի ավելի քան 200 աշակերտ[12] և այստեղ չկա հայոց պատմության ուսուցում: Ես աշխատելու եմ, որ այս տարի ունենանք հայոց պատմության ֆակուլտատիվ ժամեր, սակայն չունենք հայոց պատմության մասնագետներ”, նշում է Ա. Վարդանյանը: Չնայած իր ոգևորված խոսքերին` Ա. Վարդանյանը որպես Ախալցխայի Մունիցիպալիտետի պատգամավոր, երբևիցե չի բարձրացրել այս հարցերը Մունիցիպալիտետի ժողովում: Զավեշտականն այն է, որ վերջինս` որպես այդ պաշտոնի ներկայացուցիչ, չի տեսնում ոչ մի խնդիր այդ բնագավառում. “Մենք խուսափել ենք ազգային հարցերի քննարկումներից: Այստեղ մեծ դեր է խաղում նաև լեզվի չիմացության գործոնը, երբ շատ քննարկումների մասնակիցներ հայ պատգամավորներն այդպես էլ չեն դառնում: Դրա մեղավորներն էլ մենք ենք: Այդուհանդերձ չկա ազգային խտրականություն: Գործադիրի մասով` մենեջերների և մասնագետների նշանակման հարցերում ևս չկա խնդիր: Ես հանդիսանում եմ Ծուղրութ, Ծիրա և Միքելծմինդա գյուղերի պատգամավորը Ախալցխայի Մունիցիպալիտետում և չեմ տեսել ոչ մի խնդիր”: Նույն կարծիքին է նաև Ծուղրութ, Ծիրա և Միքելծմինդա գյուղերում Ախալցխայի մունիցիպալիտետի ներկայացուցիչ (գործադիր ֆունկցիաներ իրականացնող պաշտոնյա) Ռուբեն Կարապետյանը. “Մեր երեք գյուղերում միասին վերցրած 95%-ով հայեր են, չունենք խնդիր վրացիների հետ հարաբերություններում[13], միակ խնդիրը ոռոգման ջուրն է, 70% չափաբաժնով կա նաև խմելու ջրի հիմնախնդիր: Նախկինում պաշտոնյաների նշանակման և այլ հարցերում կային խտրականության դեպքեր, այժմ գնալով դրանք նվազում են”: ՏԻՄ ոլորտում մի քանի գյուղեր իրար միացնելն ու այդպիսով Մունիցիպալիտետներում հայ պատգամավորների թիվը արհեստականորեն նվազեցնելը նույնպես խտրականության փաստ չի համարում Ռ. Կարապետյանը:«Ես այդ նույն փաստը կարող եմ ասել վրացական գյուղերի պարագայում. երեք, չորս, հինգ գյուղեր միացված են մեկ ընտրատարածքի մեջ: Ընդհանրապես, ինչ որ տեղի է ունենում հայկական գյուղերում, նույնը վրացական գյուղերի հետ է լինում»: Ճիշտ է,Ախալցխայի պարագայում Մունիցիպալիտեի ժողովի հայ և վրացի պատգամավորների թվակազմի հարաբերակցությունը համընկնում է Ախալցխայի մունիցիպալիտետի (շրջանի) ազգաբնակչության պաշտոնական տվյալների հարաբերակցությանը (Ախալցխայի Մունիցիպալիտետի ժողովն ունի 25 պատգամավոր, որից հայ են 9-ը կամ 36%-ը: Միաժամանակ` 2002թ. պաշտոնական տվյալներով Ախալցխայի մունիցիպալիտետի (շրջանի) բնակչության թվաքանակը հասնում էր 46.134-ի: Այդ թվաքանակից 28.473-ը կազմում էին վրացիները, 16.879 (մոտավորապես` 17.000)- ը կամ 36,9%-ը` հայերը) [14], այնուամենայնիվ այդ նույնը բացարձակորեն չի կարելի ասել Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի մյուս Մունիցիպալիտետների մասին: Այս ամենը խոսում են այն ցավալի փաստի մասին, որ Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայությունը հեռու է դեռևս միասնական մտածողությունից: Տարբեր մունիցիպալիտետ-շրջանների հայությունը, կտրված լինելով միմյանցից և փոխադարձորեն տեղյակ չլինելով մյուսի խնդիրների մասին, մինչ օրս չի կարողացել ձևավորել խնդիրների առաջադրման և հանուն այդ խնդիրների լուծման պայքարելու միասնական հայեցակարգ: Այս հողի վրա դեռ վաղ է մտածելն այն մասին, որ Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հայությունը կարող է դառնալ գործոն: Իսկ այսպիսի հայ պաշտոնյաների գոյությունը, որոնք հեռու են հասարակական գործիչ համարվելուց և պաշտոնները կորցնելու վտանգից ելնելով վախենում են խոսել իրական խնդիրների մասին, դեռ չի խոսում այստեղի հայության` երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցության, ինչպես նաև սեփական իրավունքների պաշտպանության երաշխիքների առկայության մասին: Վահե
Սարգսյան _____________ Տպագրվել է հայերեն տարբերակով http://www.natnews.info լրատվական կայքէջում` http://www.natnews.info/index.php?news=778&VivvoSessionId=3638322449096854873e8 հասցեում: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: