|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Սամցխե-Ջավախք-Ծալկա հայկական տարածաշրջանի խամրող «արևելքի»` Ծալկայի ժողովրդագրական և կրթական վիճակը «Սա մեր հայերիս պատմական հայրենիքն է, և թող ոչ մեկը փորձ չանի մխրճվելու այստեղ…» Ղզլքիլիսայի միջնակարգ դպրոցի տնօրեն Էսմա Ղուլիկյան Սամցխե-Ջավախք-Ծալկա հայկական տարածաշրջանի «արևելքը»` Ծալկան ունի 13 հայկական գյուղեր (Այազմա, Աշխալա, Բուռնաշեթ, Դամալա-Խարաբա, Դաշբաշ, Դարագյուղ, Խաչգյուղ, Ղաբուռ, Ղզլքիլիսա (Կարմրավանք), Ղուշչի, Նարդևան, Հայ Ջինիս և Օզնի)[1]: Ըստ 1897, 1979, 1989, 2002 և 2006 թվականների Վրաստանի վիճակագրական տվյալների, Ծալկայի շրջանի ժողովրդագրական պատկերը հետևյալն էր[2].
1989թ. տվյալներով Ծալկայի շրջանի քաղաքային բնակչության թիվը հասնում էր 10.545 մարդու, գյուղական բնակչությանը` 33.642: Նույն թվականին բնակավայրերի ազգաբաշխական պակերը հետևյալն էր.
Ընդհամենը` 46 բնակավայր (մեկ քաղաք, 4 քաղաքատիպ ավան (Բեդիանի, Թրիալեթի, Խրամգես, Չիթախևի) և 41 գյուղական բնակավայրեր): Հետաքրքրական է, որ Ջոնաթան Ուիթլի (Փոքրամասնությունների Գործերով Եվրոպական կենտրոն, տնօրեն` Մարկ Վելլեր)` 2006թ. դեկտեմբերին հրապարակած N 36 Աշխատանքային զեկույցի «Հավելված N 1. գյուղերում արտագաղթի զննումը» բաժնում, բերելով Ծալկայի բոլոր 13 հայկական գյուղերի 2002թ. մարդահամարի տվյալները, բոլոր 13 գյուղերի համար նշվում է այն մասին, որ բնակչությունն այս գյուղերում կայուն է, և, ընդհանուր առմամբ, 2002 թվականից այս կողմ (հիշեցնենք, որ զեկույցը հրապարակվել է 2006թ.) բնակչության կազմը չի ենթարկվել նշանակալի փոփոխության: Նույն կերպ են բնութագրվում նաև Ծալկայի մունիցիպալիտետի բոլոր չորս ադրբեջանական գյուղերը (դրանք են` Արջևան-Սարվանի, Չոլյանի, Գյոդակլարի, Թեջիսի գյուղերը, որոնք 2002թ. տվյալներով ունեն համապատասխանաբար` 794, 295, 74, 607 մարդ)[11]: Պետք է նշել, որ այս մոտեցումն այնքան էլ մոտ չի իրականությանը, քանի որ մեր ուսումնասիրությունների համաձայն` չափազանց արագ է իջնում Ծալկայի հայկական գյուղերի բնակչության թվաքանակը: Այսպես` վերջին մարդահամարի` 2002թ. տվյալներով Ղզլքիլիսա գյուղն ուներ 800 ընտանիք, սակայն ներկայումս այդ թիվը էական չափով նվազել է: Հույների զանգվածային արտագաղթի պատճառով Ծալկայի բնակչությունն, ինչպես տեսնում ենք, 1989թ. համեմատ ուղիղ կիսով չափ նվազել է` 44.438-ից հասնելով 22.600-ի: Հույն բնակչության թիվն այս թվականներին կտրուկ նվազել է` 27.127 (61%)-ից հասնելով 1.500-ի: Սրան հակառակ` Ծալկայում անհամեմատ աճ է գրանցել վրացա-աջարա-սվանական տարրը` նույն թվականներին 1.613 (3,5%)-ից հասնելով շուրջ 8.000 մարդու: Հույների արտագաղթը շարունակվում է նաև այսօր: Հնարավոր է, որ մոտ ապագայում վերջին հույնը կլքի Ծալկան: Պետական աջակցության պայմաններում հույների տեղերն արագորեն զբաղեցնում է վրացա-աջարա-սվանական տարրը: Ծալկայի գամգեոբայի տվյալներով, արդեն 2006թ. 6500 միգրանտներ էին հիմնավորվել շրջանում, որոնց շուրջ 70%-ը եկել էր Աջարիայից` Խուլոյի շրջանից, սողանքային և սակավահող բնակավայրերից: Աջարիայից մասսայական վերաբնակեցումն սկսվեց 1998թ., երբ Վրաստանի նախագահի հրամանագրով երեք մլն դոլար հատկացվեց` Գումբատ, Քվեմո Խարաբա և Խանդո գյուղերում հույների տների առքի համար: 10 տարիների ընթացքում Ծալկա «մուտք գործած» վրացա-աջարա-սվանական տարրը զբաղեցրեց հույների լքած գրեթե բոլոր բնակավայրերը. Ծալկա, Թրիալեթ, Բեդիանի քաղաքատիպ բնակավայրերը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր: Ըստ որոշ հաշվարկների` 2002-2004թթ. Ծալկայի շրջանում վերաբնակեցվածների թիվը կազմում էր 2002թ. մարդահամարով Ծալկայի շրջանում գրանցված ողջ բնակչության 15-20%-ը[12]: Վրացա-աջարա-սվանական սևագործ տարրի` Ծալկայի շրջան «մուտք գործելուն» մեծապես նպաստեց «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի շինարարությունը, որն անցնում էր Ծալկայով: Այնուամենայնիվ` մինչ 2004թ. դեռ չէր կարգավորված վերաբնակների` տեղական սակրեբուլոներում գրանցման, ինչպես նաև սեփականության իրավունքների ձեռքբերման հարցերը: Վերջին տարիներին (սկսած 2004 թվականից, երբ պետությունն սկսեց վերահսկողություն սահմանել մինչ այդ պետության փաստացի վերահսկողության տակ չգտնվող Ծալկայի շրջանը) արդեն պետական հատուկ հանձնարարականնեով մեծ թափով կարգավորվում են վերաբնակների` տեղերում գրանցման և սեփականության ձեռքբերման հարցերը: Արդեն 2006թ. Ծալկայի գամգեոբան (վարչությունը) վեց ամսվա ընթացքում վերաբնակների շրջանում անցկացրել էր մարդահամար: Մինչ այդ` 2004թ. վեցամսյա մարդահաշվարկ էր անցկացրել նաև Ծալկայի նորանշանակ գամգեբելի Միխաիլ Ցկիտիշվիլին[13]: Ծալկայում պետության վերահսկողության ուժեղացման, ոստիկանների և անվտանգության աշխատակիցների թվի ավելացման համար հիմք են հանդիսանում վերաբնակների և տեղի հայ/հույն բնակչության միջև մշտապես առկա լարվածությունն ու վերջիններիս ուղեկցող զինված/անզեն բախումները, որոնք շատ դեպքերում ավարտվում են արյունահեղությամբ և սպանություններով[14]: Հունական համայնքի փոխնախագահ Էմանուել Պիվալովի խոսքերով, 1997-2005թթ. ընթացքում հույների դեմ բարձրացված ավելի քան 40 դեպքերից բոլորը մնացել են անպատիժ[15]: Արդյունքում` 2005թ. մարտի Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին պահանջեց Ծալկայի ոստիկանության վարչության պետ Զ. Խեշելաշվիլու հրաժարականը, որը և տեղի ունեցավ: Այս ամենի արդյունքում մեծացավ նաև Հունաստանի իշխանությունների ուշադրությունը` Ծալկայում ապրող իրենց հայրենակիցներին օժանդակելու համար. 2006թ. հուլիսին Ծալկայի ոստիկանության վարչությունը Հունաստանի կառավարությունից նվեր ստացավ 16 ոստիկանական ավտոմեքենաներ: Հունաստանի կողմից տեղի հույներն ուշադրության են արժանացել նաև տարբեր կազմակերպությունների ղեկավարների, փոխարտգործնախարարի, Գյուղատնտեսության նախարարի, Աթենքի համալսարանի ներկայացուցիչների` դեպի այս տարածաշրջան կատարած այցերի և այս միջոցով ցուցաբերված զանազան օժանդակությունների տեսքով[16], ինչը չի կարելի ասել տեղի հայության պարագայում (խոսքը ՀՀ պետական մակարդակով շրջանին ցուցաբերվող տարբեր տիպի օժանդակությունների մասին է): Ենթադրվում է, որ մինչ 2008թ. վերաբնակեցման արդյունքում Ծալկայի վրացի-աջար-սվան բնակչության թիվը հասած լինի մոտ 10.000-ի: Վերաբնակների մեջ զգալի տոկոս են կազմում նաև Սվանեթիայից եկածները: Կան նաև փախստականներ Աբխազիայից, վերջին շրջանում նաև` Հարավային Օսեթիայից: Վերաբնակների մեջ կան նաև Գուրիայից, Մեգրելիայից և նույնիսկ Թիֆլիսից եկածներ: Մեր հաշվումներով կարճ ժամանակ անց այս թիվը կգերազանցի Ծալկայի հայության թվաքանակին, և արդեն լիարժեք կդառնա Ծալկայի վրացականացումը: Վրաստանի ԿԳ նախարարության Ծալկայի կրթական ռեսուրս կենտրոնի հովանու ներքո այժմ գործում են 36 դպրոցներ, որոնցից` 17-ը` վրացական, 3-ը` ադրբեջանական, 3-ը` ռուսական, 13-ը` հայկական[17]: Ծալկայի կրթական ռեսուրս կենտրոնի հայկական դպրոցների և աշակերտների թվաքանակը` 2004թ. տվյալներով[18]:
http://www.noravank.am/file/article/127_am.pdf աղբյուրում բաց է թողնված Դաշբաշ և Խաչգյուղ գյուղերի հայկական դպրոցները: Միաժամանակ` Աշկալա գյուղն[20] ունի 2 դպրոց, նույն աղբյուրում նշվում է մեկը: Հետևաբար` Ծալկայի դպրոցների աշակերտության և ուսուցիչների թիվը 2004թ. դրությամբ ավելին է, քան, համապատասխանաբար` 1.488-ը և 174-ը: Վերոնշյալ աղյուսակում բերված դպրոցներից 3-ում (Դամալա-Խարաբա, Բուռնաշեթ, Ղաբուռ գյուղերի դպրոցներ) աշակերտների թիվն արդեն չէր հատում 100-ի սահմանագիծը: Բնականաբար վերոնշյալ` 100 աշակերտը չգերազանցող դպրոցների թիվը վերջին չորս տարիների ընթացքում աճել է: Օրինակ` Ղզլքիլիսա գյուղի (Ղզլքիլիսա գյուղի միջնակարգ դպրոցը Ծալկայի մունիցիպալիտետի ամենամեծ դպրոցն է) աշակերտների թիվը եթե 2004թ. 254 էր, 2005թ.` 242, ապա ներկայումս (2008թ.) այն հասնում է 216-ի (կրճատվել է 38-ով), ուսուցիչների թիվը նույնպես 30-ից իջել է 28-ի: Ստորև ներկայացնում ենք Ծալկայի հայկական դպրոցների աշակերտության թիվը 1980-ական թվականներին և 2005թ.[21]: Ավելացնենք, որ Ծալկայի աշակերտության այս` 1566 թիվն առավել ամբողջական և արժանահավատ է.
Վրաց ԿԳ նախարարության վարած քաղաքականությունը մեծապես նպաստում է Ծալկայի հայության ինչպես արտագաղթի տեմպերի, այնպես էլ` պետության նկատմամբ դրսևորվող դժգոհությունների ավելացմանը: Այդ քաղաքականության «հաջողված» մասը դա դպրոցների տնօրենների վերավորակավորումների (ատեստացիաների) մասին տխրահռչակ որոշումն էր: «Վերավորակավորումն ինչ խոսք, հարկավոր է ցանկացած ուսուցչի, առավելաբար տնօրենների համար: Սակայն 2007թ. Վրաստանում անցկացված վերավորակավորման քննությունները նպատակ ունեին ոչ թե ստուգելու մեր գիտելիքները, այլ դա հատուկ քաղաքականություն էր` հայկական դպրոցներից հայ տնօրեններին վերջնականապես վտարելու համար: Դա անօրինական մի ընթացք էր, երբ մենք` Ծալկայի բոլոր գյուղերի տնօրեններս, չտիրապետելով վրացերենին, դրվեցինք այդչափ խիստ քննության զոհասեղանին: Մենք գտնում ենք, որ դա խիստ անհարգի վերաբերմունք էր մեր նկատմամբ», նշում է Ղզլքիլիսայի միջնակարգ դպրոցի տնօրեն Էսմա Ղուլիկյանը[23]: Ծալկայի դպրոցների տնօրենները հաջողությամբ անցել են առաջին երեք փուլերը, սակայն վերջին փուլում, երբ վերջիններիս առջև խնդիր էր դրված գրելու 120 բառանոց վրացերեն տեքստ, բոլոր տնօրենները կամ հրաժարվել են այն հանձնելուց, կամ ոչինչ չկարողանալով գրել` թողել դուրս են եկել: Ծալկայի` այս փուլերն անցնող տնօրենների թիվը 18 է, բոլորն էլ անխտիր վրացական դպրոցների տնօրեններ են, հայկական 13 դպրոցների տնօրեններն առանց բացառության այժմ հանդիսանում են ժամանակավոր պաշտոնակատարներ: Մեծ դժգոհություն կար նաև այս պրոցեսի մեջ առանձնացող վիճակահանության բաժնի վերաբերյալ, երբ քննություններն անգամ հաջող հանձնած տնօրենը կարող է իր հայրենի դպրոցում տնօրինել միայն «երջանիկ պատահականությամբ», եթե վիճակահանությամբ նա «ընկնի» իր դպրոց, այլ դեպքում բախտը կարող է նրան գցել բոլորովին այլ դպրոց[24]: «Ինչպես կարող է օտար անձնավորությունը, որը տեղյակ չէ մեր դպրոցի վարքուբարքին, մեր միջավայրին, գալ ու տնօրինել մեր դպրոցում: Իսկ հակառակը, եթե ինձ ուղարկեին այլ դպրոցներ, ես կհրաժարվեի գնալ այլ դպրոց», նշում է Է. Ղուլիկյանը: Ըստ նրա` միայն այդ տեստերի պատասխանները լրացնելը և վրացերենի իմացությունը քիչ է, որպիսի մարդը գա ու դառնա տնօրեն: Տնօրեն աշխատելու համար պետք է հատուկ խառնվածք, պահվածք, հայրենասիրություն, վերջապես` անսահման նվիրում իր դպրոցին ու աշակերտներին… Էսմա Ղուլիկյանը քննությունների հաջորդ կայացմանը չի մասնակցելու, քանի որ համարում է անիմաստ: «Եթե ամեն ինչ ընթանա այսպես և այսպես կոչված ինտեգրման քողի տակ մեզանից բոլոր աշխատավայրերում պահանջվի վրացերենի իմացություն, ապա մի 5 տարի անց տեղի հայությունն այլևս իրեն ոչ մի ոլորտում չի կարողանա դրսևորել և իսպառ կմեկուսանա Վրաստանից: Մեզ` արդեն 50-նն անց տարիքի մարդկանց համար շատ դժվար է սովորել մեր համար այդքան օտար և պետական համարվող այս լեզուն: Ինչքան էլ պետության ներկայացուցիչներն աշխատեն մեր հետ, միևնույն է, երկար ջանքերի արդյունքում սովորած մի քանի բառերն էլ շատ արագ մոռացվում են, քանի որ իրականության մեջ բնական պահանջարկ չկա: Մենք ամեն ինչով կապված ենք մեր հայկական մշակույթին, լեզվին, հողին ու հայրենիքին և վրացերեն լեզուն ու մշակույթը չիմանալով մենք ոչինչ կորցրած չենք լինի: Սա մեր հայերիս պատմական հայրենիքն է, և թող ոչ մեկը փորձ չանի մխրճվելու այստեղ», ավելացնում է Է. Ղուլիկյանը: Է. Ղուլիկյանի դժգոհությունները հաստատում են պաշտոնական տվյալները. պետական/վրացերեն լեզվի չիմացության պատճառով 2006թ. տվյալներով Ծալկայի շրջանային վարչության (գամգեոբայի) 34 աշխատակիցներից միայն մեկն էր հայ, 9-ը` հույն և 24-ը` վրացիներ: Նույն «համամասնությունն է» նաև` Ծալկայի մունիցիպալիտետի ժողովի պարագայում. վերջինս ներկայումս ունի 41 պատգամավոր, որից հայեր են միայն 17-ը: Մնացած 24-ից` 4-ը հույն են, 2-ն` ադրբեջանցի, մնացյալ 18-ը` վրացիներ: Թե ինչպես են 8.000 վրացիները 11.000 հայերից շատ տեղեր զբաղեցրել մունիցիպալիտետի ժողովում` ցույց է տալիս Վրաստանի ընտրական համակարգի ողջ էությունն ու «ժողովրդավարությունը»[25]: Այստեղ իր տխրահռչակ դերն է խաղացել ինչպես հայկական մի քանի գյուղեր իրար միացնելու և մունիցիպալիտետի ժողովում մեկ ներկայացուցչով ներկայացվածության հնարավորություն ընձեռելու պարագան, այնպես էլ` Վրաստանի ՏԻՄ օրենքում համամասնաբար ընտրվելու հնարավորությունը, երբ մունիցիպալիտետների պատգամավորներից 10-ը մշտապես ընտրվում են համամասնական ընտրացուցակներով: Ծալկայում համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) ընտրվել են 8 վրացիներ և միայն 2 հայեր: Այստեղ է թաքնված վրացիների առավելության գաղտնիքը: Մեր եզրակացմամբ` բնակչության դեռ 50%-ը կազմող հայությունը պետք է գամգեոբայի աշխատակիցների թվի կեսի չափով ներկայացված լիներ այնտեղ: Իսկ ելնելով բնակչության ազգային բաշխումից` Ծալկայի ինչպես մունիցիպալիտետի ժողովի, այնպես էլ` գամգեոբայի ղեկավարները պետք է լինեին, համապատասխանաբար` ոչ թե Քեթևան Լավիձեն և Ռևազ Շավլոխիշվիլին, այլ` հայեր: Նախկինում Ծալկայում հույների հետ հայության հարաբերությունները եղել են հիմնականում բարյացակամ: Այժմ` Վրաստանի վերաբնակեցման քաղաքականության արդյունքում հույների բնակավայրերում հայտնված վրացա-աջարա-սվանական տարրն իրեն պահում է խիստ սառը և գրեթե բացակայում են հայության շփումները վերջիններիս հետ. «Վերցնենք մեր հարևանությամբ գտնվող Ավրանլո գյուղը, եթե առաջ այդ գյուղը մեր գյուղի պես ձգում էր մեզ, ներկայումս բոլորը խուսափում են այդ գյուղից[26]: Թեկուզ մեր աշխատանքի վայրում` Ծալկայի կրթական ռեսուրս կենտրոնում չկա այդ շփումը վրացական դպրոցների տնօրենների հետ, մենք խորթ ենք զգում իրարու նկատմամբ: Ես թեկուզ ավարտած լինելով Թիֆլիսում, այնուամենայնիվ`… չէ, չի ստացվում», նշում է Էսմա Ղուլիկյանը: Ծալկայի շրջանի աջարներին հիմնականում այստեղ են բերել Աջարիայի Խուլոյի շրջանից: Խուլոյի այդ հետամնաց բնակավայրերից գալով աջարներն իրենք իրենց անհամեմատ լավ են զգում: «Здесь, сравнително, рай». այսպես են արտահայտվում աջար վերաբնակները` Ծալկայի մասին խոսելիս: 2008թ. օգոստոսին Ծալկայի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը Ծալկայի մունիցիպալիտետի (նախկին շրջանի) ուսուցիչներին հայտնել է հերթական ցավալի լուրը` այն, որ չի թույլատրվում այլևս դրսից ներմուծած դասագրքերի կիրառումը դպրոցներում: Այս լուրը ևս մեծ դժգոհություն է առաջացրել Ծալկայում. «Ինչով պետք է սովորեցնենք մեր աշակերտներին, եթե ոչ ՀՀ-ից ներմուծած դասագրքերով, սա ինչ վերաբերմունք է: Իսկ ուր են թիֆլիսյան մեր դասագրքերը: Բերելու դեպքում էլ` դրանք անչափ թանկ գներով են վաճառում: Կան ընտանիքներ, որոնք ունեն 3-4 դպրոցականներ: Յուրաքանչյուր գիրքն արժե 15-20 լարի, պատկերացրեք, եթե յուրաքանչյուր աշակերտին գնի 4-5 գիրք, ապա այդ ծնողը միայն դասագրքերի համար պետք է վճարի 300-400 (200-250$) լարի, որը մեր պայմաններում ֆանտաստիկ թիվ է», նշում է Է. Ղուլիկյանը: Մեծ են դժգոհությունները նաև դասագրքերի խիստ անորակ թարգմանությունների հետ կապված. «Անցած տարի մենք կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի մի քանի դասագրքեր մի կերպ կիրառեցինք, բայց դա ծրագրի կատարում էր միայն, այլ ոչ թե գիտելիքների հաղորդում: Բոլորն էլ դեմ են այս դասագրքերի կիրառմանը, սակայն ոչ մեկը ձայն չի բարձրացնում, քանի որ դժվար լսող լինի», ավելացնում է Ղզլքիլիսայի դպրոցի տնօրենը: ՀՀ-ի ներկայացվածությունը Ծալկայում միայն դասագրքերի տեսքով էր, որն էլ, փաստորեն, Վրաստանի «շնորհիվ» այլևս չի լինի: Թե ուրիշ ինչով է օգնում ՀՀ-ն Ծալկային` Է. Ղուլիկյանը պատասխան չունենալով` կախեց գլուխը… ՀՀ-ի մասին խոսելիս Է. Ղուլիկյանը հիշեց «Ջավախք» հայրենակցական բարեգործական միությանը[27]. “Այս տարի իբր թե պետք է օգներ այդ կազմակերպությունը Սամցխե-Ջավախք-Ծալկայի դիմորդներին, սակայն Ղզլքիլիսա գյուղի այս տարվա չորս դիմորդներն էլ, որոնք մեկնել էին ՀՀ` մասնակցելու կենտրոնացված պետական ընդունելության քննություններին (որոնց թվում էր նաև իմ աղջիկը), հուսախաբ հետ են եկել: Իրենց խոստացած վերաբերմունքը ցույց չտվեցին «Ջավախք» հայրենակցականի ներկայացուցիչները, միաժամանակ` ԿԳ նախարարությունում, որտեղ մենք ներկայացել էինք մի շարք հիմնախնդիրների քննարկման համար, մեզ ընդունեցին անչափ սառն ու անտարբեր”, դառնացած նշում է վերջինս[28]: Ջավախքի հյուսիս-արեւելյան հատվածը եւ Թռեղքի արեւմտյան եւ կենտրոնական մասերը[29] ներառող Ծալկայի ադմինիստրատիվ շրջանը իր 10.000 հայութամբ կանգնել է մեծ մարտահրավերի առաջ. ● Մի կողմից`թրքախոս հույների արտահոսքը հանգեցրել է նրան, որ շրջանի արեւմտյան մասը` Վերին Ծալկան այժմ ունի ոչ թէ 70% այլ արդեն գրեթե 100% հայ բնակչություն: Այդ հատվածը սեպաձեւ ընկած է Ախալքալաքի եւ Բոգդանովկայի շրջանների միջեւ: Հայությունը Ծալկայում այսօր ավելի ամուր հենարան ունի, քան խորհրդային շրջանում: ● Մյուս կողմից` տնտեսական ծանր պայմանները Ծալկայի հայությանը նույնպես դրդում են դանդաղ արտագաղթի: Արտագաղթի տեմպերը մոտավորապես նույնն են, ինչ Ջավախքի այլ հատվածներում (եւ շատ ավելի ցածր են, քան Սամցխեում): ● Ի տարբերություն Ջավախքի այլ շրջանների, Ծալկայում կան ավելի քան երեսուն հունական դատարկված բնակավայրեր, որոնք վրացական իշխանությունների համար ավելի դյուրին են դարձնում վրացի միգրանտների վերաբնակեցումը Ծալկայում (մասամբ նաեւ Վերին Ծալկայում): Սակայն վրացիների դեմոգրաֆիական ցածր պոտենցիալը թույլ չի տալիս այդ վերաբնակեցումը վճռորոշ ազդակ համարել, եթե Ծալկայում հայ բնակչությունը պահպանվի: ● Ծալկայում վերջին տարիներին նկատվում է Ռուսաստանում, Հայաստանում եւ այլուր արտագնա աշխատանքի մեկնածների տնտեսական/բարեգործական ակտիվությունը (մասնավորապես, վերականգնվել են գրեթե բոլոր գյուղերի եկեղեցիները, վերանորոգվել են շատ դպրոցներ): Հաշվի առնելով շրջանի բացառիկ նպաստավորությունը գյուղատնտեսության շատ ճյուղերի համար, լուրջ հույսեր կան, որ հայ եւ օտար ներդրողների աջակցությամբ հնարավոր կլինի վերականգնել Ծալկայի հայության գոյության տնտեսական հիմքերը: Դրան նպաստում է նաեւ շրջանում եւ ողջ Սամցխե-Ջավախք-Ծալկայում իրագործվող լայնածավալ ճանապարհաշինությունը: Հայաստանում եւ Սփյուռքում ի վերջո արմատանում է այն գիտակցությունը, որ Սամցխե-Ջավախք-Ծալկայի խնդիրը միայն ջավախքցիներին օգնելու հարց չէ: Սամցխե-ՋավախքԾալկայի հնարավոր հայաթափությունը ողբերգություն է լինելու ոչ միայն ջավախքցիների համար, այլեւ հնարավորություն է տալու թուրքերին “Թուրանի ճանապարհ” գծելու ՀՀ հյուսիսով` Կարս-Ախալքալաք-Ծալկա-Մառնեուլ գծով: Այս առումով Վերին Ծալկայի դիրքը (այնտեղով են անցնում վերջին տարիներին Հայաստանը հյուսիսից շրջանցող առանց բացառության բոլոր նախագծերը) եւ վերը նշված կետերը պարզ են դարձնում այդ շրջանին օգնելու կարեւորությունը: Կից ներկայացնում ենք Ջոնաթան Ուիթլի (Փոքրամասնությունների Գործերով Եվրոպական կենտրոն, տնօրեն` Մարկ Վելլեր)` 2006թ. դեկտեմբերին հրապարակած N 36 Աշխատանքային զեկույցի «Հավելված N 1. գյուղերում արտագաղթի զննումը» բաժինը, որտեղ բերվում են Ծալկայի շրջանի գյուղերը` համառոտ նկարագրմամբ, 1990-ականներից սկսած բնակչության տեղաշարժերի մասին տեղեկացմամբ, ինչպես նաև` 2002 և 2006 թվականների բնակչության տվյալներով: Նշենք բերվող հավելվածի առթիվ մի քանի նկատառումներ: Հեղինակը լինելով ոչ տեղացի և շրջանին ոչ լավ ծանոթ` շատ բնակավայրերի անվանումներ նշում է աղավաղված տարբերակներով: Օրինակ` հայկական Դարագյուղ և Խաչգյուղ գյուղերն այստեղ անվանված են համապատասխանաբար` Դարակոի և Կաչկոյ: Ջ. Ուիթլի սույն հավելվածում հայկական 13 գյուղերի մեջ Խաչգյուղի գյուղական համայնքի (սակրեբուլոյի) մեջ գտնվող հայկական Դամալա-Խարաբա գյուղի փոխարեն նշվում է Թազախարաբա անվանումով գյուղ (տես` ստորև), որը ճիշտ չէ: Մեզ համար առավել արժանահավատ է Ծալկայի շրջանի բնակավայրերի մասին http://www.greekgazeta.ru/archives/nomer08/articles/15.shtml աղբյուրի հաղորդած անվանացանկը, որի կրկնողությունն է բերված նաև http://ru.wikipedia.org/wiki/Цалкский_район կայքէջում: Այդ կայքէջի բերած անվանացանկը կարելի է համարել ամենաարժանահավատն այն առումով, որ տեղեկատվությունն անմիջապես տրվում է տեղացի հույների կողմից հրապարակված հոդվածների (որոնք տպագրվել են «ԱՊՀ-ի հույների հանրագիտարանում», Ստավրոպոլ, 1999թ.) հիման վրա «Հունական Թերթի» խմբագրության իրականացրած բանաքաղությունից, որտեղ ամենամանրամասնորեն ներկայացվում է Ծալկայի (հույների) անցյալն ու ներկան: Նույն աղբյուրում նշվում է Նեո-Խարաբա հունական գյուղը, որի պարագայում հնարավոր է թուրքական Թազա-Խարաբա թարգմանական անվանաձևը, որտեղից էլ հնարավոր է բխեցնել Ջ. Ուիթլիի շփոթմունքը` հայկական գյուղի հետ: Ջ. Ուիթլի սույն հավելվածում որոշ անճշտություններ կան նաև կապված հունական գյուղերի հետ: Հիմք ընդունելով http://www.greekgazeta.ru/archives/nomer08/articles/15.shtml աղբյուրի հաղորդած տեղեկատվությունը հունական բնակավայրերի մասին, այն է` 28 բնակավայր, հարկ է նշել որ Ջ. Ուիթլի սույն զեկուցագրում հունական բնակավայրերը 26-ն են: Ջ. Ուիթլի սույն զեկույցի մեջ չեն ներառված հունական Չիթախևի և Տարսոն գյուղերը: Միաժամանակ` տարբեր անվանաձևերով են տրված նաև հունական երկու գյուղեր. Ջ. Ուիթլի մոտ վերջիններս նշված են Շուախարաբա և Քվեմո-Խարաբա անվանաձևերով, իսկ http://www.greekgazeta.ru/archives/nomer08/articles/15.shtml աղբյուրում վերջիններս նշված են Սաֆար-Խարաբա և Նեո (Նոր)-Խարաբա անվանաձևերով: Եթե հաշվի առնենք, որ Ջ. Ուիթլի զեկույցը համեմատաբար նոր հրատարակություն է, քան http://www.greekgazeta.ru/archives/nomer08/articles/15.shtml աղբյուրինը, ապա կարելի է եզրակացնել, որ Շուախարաբան և Քվեմո-Խարաբան առավել նոր անվանաձևերն են[30]: Նամանավանդ, որ տարածաշրջանի վրացականացման արդի շրջանում Շուախարաբան և Քվեմո-Խարաբան անվանումների առավել վրացական տարբերակներ են[31]: Ինչպես Սամցխեն և Ջավախքը, այնպես էլ Ծալկան ներկայացնող և 2004թ. Բեյրութում հրատարակված «Ջաւախք եւ հարակից երկրամասեր» (պատրաստող` Գ. Մ. Բադալյան) քարտեզում ևս Ծալկայի ինչպես ադրբեջանական, այնպես էլ նախկին հունական գյուղերը բերված են ոչ ամբողջական: Մասնավորաբար, քարտեզից բացակայում են ադրբեջանական երեք` Գյոդակլար, Թեջիս և Չոլյան գյուղերը: Ստորև ընդգծված են հունական այն բնակավայրերը, արանք բացակա են Գ. Բադալյանի «Ջաւախք եւ հարակից երկրամասեր» քարտեզում[32]. Հունական բնակավայրեր – 28 (ք.Ծալկա, գյուղավաններ` Բեդիանի, Թրիալեթի, Խրամգես, Չիթախևի, գյուղեր` Ավրալո, Ախալիկ, Բաշկով, Բեշտաշեն, Գումբաթ, Գունիկալա, Ջինիս, Եդիքիլիսա, Իմերա, Կարակօմ, Քյարյաք, Լիվադ, Նոր Խարաբա[33], Օլյանկ, Սանտա, Սաֆար-Խարաբա, Տարսոն, Թաքքիլիսա, Խադիկ, Խանդո, Ցինցքարո, Չապաեվկա, Շիշպյակ): Ջոնաթան Ուիթլի զեկույցը[34]. Ստորև բերված են Ծալկայի շրջանի բոլոր բնակավայրերի զննումը, հնարավորինս ներառելով երկրի այլ վայրերից շրջանում հիմնավորված վերաբնակների տվյալները` ներկայացված Ծալկայի գամգեոբայի կողմից: Այս տվյալները ներառում են նաև նրանց, ովքեր Ծալկայի շրջանում չեն հաշվառված և չունեն իրավաբանական փաստաթղթեր: Ես նաև ներկայացրել եմ ինչպես յուրաքանչյուր գյուղի տվյալները, այնպես էլ` այնտեղ ապրող տարբեր ազգությունների թվային հարաբերակցությունը: Այս տվյալները խիստ մոտավոր են և արագ փոփոխվող ժողովրդագրության պայմաններում շատ արագ հնանում են: Հունական բնակչությունը արագորեն շարունակում է նազել, և վերոբերյալ թվերն արդեն կարող են չարտահայտել այսօրվա իրականությունը: Ես այս տվյալները վերցրել եմ Վրաստանի 2002թ. մարդահամարից, Ծալկայի գամգեոբայի` վերաբնակեցման վերաբերյալ տրամադրած տվյալներից, 2004-2006թթ. ընթացքում այս գյուղերում վերցված հարցազրույցներից և «Ագրոսերվիս» միավորման ներկայացրած թվերից (հետազոտության արդյունքներ, անցկացված են այս միավորման կողմից` 2006թ. հունվար-փետրվարին)[35]: Քաղաք Ծալկա: Շրջկենտրոն: Եղել է հունական քաղաք: Հույների զանգվածային արտագաղթի հետևանքով բնակչությունը 1989 թվականից մինչև 2001 թվականը 7971-ից նվազեց մինչև 1741-ի[36]: Վերջին տարիներին տեղի ունեցավ վրացիների նշանակալի վերաբնակեցում. վերաբնակների մեծամասնությունը եկան Աջարիայից (հատկապես` Խուլոյի շրջանից), քիչ նվազ չափով` Սվանեթիայից (հիմնականում Մեստիի շրջանից) և փախստականների փոքր քանակություն այստեղ եկավ Աբխազիայից: Վերաբնակները քաղաքում սկսեցին հիմնավորվել դեռևս 1990-ական թթ. սկզբներից: Բայց վերաբնակեցման արագությունը մեծացավ 1990-ական թթ. վերջերին, առավելաբար` 2000-ական թթ. սկզբներին, հասնելով իր գագաթնակետին` 2002-2003թթ.: 2004 թվականից Ծալկան հիմնականում դարձավ վրացական քաղաք: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.. ամբողջ բնակչությունը` 1800 (70%` վրացիներ, 15%` հույներ, 10%` ադրբեջանցիներ, 5%` հայեր): Խադիկի: Ծալկայի քաղաքային համայնք: Քանի որ այս գյուղը վարչարարորեն հանդիսանում է Ծալկայի մաս, 2002թ. մարդահամարը ցույց չի տալիս այս գյուղի բնակչության թիվը: 1999 թվականից Աջարիայի Խուլոյի շրջանից Խադիկի եկավ փախստականների ահռելի խմբաքանակ: Խադիկի վերաբնակեցվածների մեկ ութերորդ մասը եկել էր Սվանեթիայից (Մեստիի շրջան): Վերաբնակեցման մակարդակն իր գագաթնակետին հասավ 2003թ.: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 300 (75%` վրացիներ, 25%` հույներ): Քաղաք Թրիալեթ: Թրիալեթիի քաղաքային համայնք: Թրիալեթը նախկինում բնակեցված է եղել մեծամասամբ հույներով, հույների զանգվածային արտագաղթի հետևանքով բնակչությունը 1989 թվականից մինչև 2002 թվականը 1245-ից նվազեց մինչև 326-ի: 2000 թվականից տեղի ունեցավ Խուլոյի շրջանի վրացիների մեծ վերաբնակեցում, որը մեծացավ 2002-2003թթ., և այդ վերաբնակներն այսօր հանդիսանում են գյուղի բնակչության մեծ մասը: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 400 (60%` վրացիներ, 25%` հայեր, 10%` հույներ): Չապաևկա: Թրիալեթիի քաղաքային համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով այնտեղ ապրում էր 88 մարդ, 93%` վրացիներ (այսինքն` 82 մարդ): Գամգեոբայի տվյալներով, վրացիների մեծ մասը Խուլոյի շրջանից նորեկներ են: Վերաբնակների մեծ մասը եկել են 2000-2002թթ.: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 100 (100%` վրացիներ): Քաղաք Բեդիանի: Բեդիանիի քաղաքային շրջան: Հույների զանգվածային արտագաղթի հետևանքով բնակչությունը 1989 թվականից մինչև 2002 թվականը 1246-ից նվազեց մինչև 344-ի (մարդահամարի տվյալներով): Քաղաք վերաբնակեցվածների մասին տվյալներ հայտնի չեն: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 150 (50%` վրացիներ, 20%` հույներ, 30%` հայեր): Խրամգես: Բեդիանիի քաղաքային շրջանում: 2002թ. ապրել է 118 մարդ, 39%` հայեր, 34%` հույներ, 20%` վրացիներ: Վերաբնակները Խրամգես եկան համեմատաբար քիչ քանակով, նրանցից ոմանք` փախստականներ են Աբխազիայից: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 80 (30%` վրացիներ, 10%` հույներ, 60%` հայեր): Ավրանլու: Ավրանլուի համայնքում (Թեմ): 2002թ. մարդահամարի տվյալներով, բնակչությունը կազմում է 717 մարդ, 81% (մոտավորապես 580 մարդ) հանդիսանում են հույներ: Մինչ 1998թ. Ավրանլուն գործնականում հանդիսանում էր հոծաբնակ հունական բնակավայր: Այդուհանդերձ, վերջին տարիներին Ավրանլուից գնացին մեծ քանակությամբ հույներ և այդ արտագաղթը շարունակվում է նաև այսօր: Ավրանլուն այսօր դարձել է հիմնականում վրացական գյուղ: Գամգեոբայի տվյալներով ներկայիս ավրանլուցիները համարյա ամբողջությամբ Աջարիայից (հիմնականում` Խուլոյի շրջանից) եկած վրացիներ են: Վերաբնակների փոքր քանակություն եկել է նաև Սվանեթիայից: Վերաբնակեցման գործընթացն արագացավ 2003թ. և շարունակվում է այսօր: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 750 (85%` վրացիներ, 15%` հույներ): Աշկալա: Աշկալայի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 2043 մարդ, 99%` հայեր: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Բուռնաշեթ: Բուռնաշեթի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 468 մարդ, 97%` հայեր: Արտագաղթի տեմպերը թույլ են (եթե չասենք` իսպառ բացակայում են): Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Գումբաթ: Գումբաթի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը այդ նախկին հունական գյուղում կազմում է 471 մարդ, որից 82% (մոտավորապես 386 մարդ)` վրացիներ: Վրացիների մեծ մասը հանդիսանում են Աջարիայից (հիմնականում` Խուլոյի շրջանից) վերաբնակներ, որոնք սկսեցին գալ այստեղ 1998 թվականից: Վերջին շրջանում եկվորների թիվը կրճատվել է: 2001 թվականից Գումբաթը գործնականում ամբողջովին բնակեցվեց Աջարիայից եկած վրացիներով: Գյուղում գործնականում չմնացին հույներ: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 500 (100%` վրացիներ): Ղուշչի: Ղուշչիի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 893 մարդ, 98%` հայեր: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Օզմի: Օզմիի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 754 մարդ, 99%` հայեր: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Օլյանք: 2002թ. մարդահամարի տվյալներով` ապրել են 405 մարդ: որից 94% (մոտավորապես 381 մարդ)` հույներ, որոնց մեծ մասը տվյալ պահին լքեցին գյուղը: Ինչպես հայտարարել էր Ծալկայի շրջանի գամգեբելին, 2005թ. ապրիլին Աջարիայում տեղի ունեցած սողանքների արդյունքում դրանից տուժաց 49 ընտանիքներ պետք է տեղափոխվեին Օլյանք[37]: Վերջին հաշվով դրանցից 21 ընտանիքներ փաստորեն հաստատվեցին գուղում[38]: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 125 (90%` վրացիներ, 10%` հույներ): Ռեխա: Ռեխայի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրել են 525 մարդ, որոնցից` 79%` (մոտավորապես 415 մարդ)` վրացիներ: 20% (105 մարդ)` հույներ: Սա եզակի գյուղ է Ծալկայի շրջանում, որը պատմականորեն բնակեցված է եղել հիմնականում վրացիներով: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Ղզլքիլիսա: Ղզլքիլիսայի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 1848 մարդ, 98%` հայեր: Մինչ այդ և այդ թվականից հետո բնակչության վերաբնակեցման մասին փաստաթղթեր գոյություն չունեն: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Խանդո: Խանդոյի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրել են 187 մարդ, որոնցից` 98%` վրացիներ: Խանդոն սկզբնական շրջանում եղել է հունական գյուղ, 1998 թվականից սկսել են հայտնվել վերաբնակներ, հիմնականում Խուլոյի շրջանից: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 200 (հիմնականում վրացիներ): Ջինիս: Ջինիսի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը գյուղում կազմում էր 304 մարդ, որից 92% (մոտավորապես 280 մարդ)` հույներ: 2003 թվականից Աջարիայից, հիմնականում Խուլոյի շրջանից, սկսվեց վերաբնակների հոսքը, որը չի դադարել մինչ օրս: Ջինիսն այսօր դարձել է հիմնականում վրացական գյուղ: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 350 (85%` վրացիներ, 15%` հույներ): Բաշկով: Բաշկովի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 207 մարդ, որոնցից 66% (մոտավորապես 138 մարդ)` հույներ, 29% (մոտավորապես 61 մարդ)` վրացիներ: Մեծամասամբ վերաբնակներ են` վրացիներ Սվանեթիայից (Մեստիի շրջան), որոշները եկել են նաև Աջարիայից (Խուլոյի շրջան): Այս վերաբնակները մասսայաբար սկսել են գալ 1998թ.: Վերաբնակեցվողների թիվը նվազեց 2004թ.[39]: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 300 (80%` վրացիներ, 20%` հույներ): Լիվադ: Բաշկովի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 134 մարդ, որոնցից 62% (մոտավորապես 95 մարդ)` հույներ, 25% (34 մարդ)` ադրբեջանցիներ: Վերաբնակների թիվը գյուղում համեմատաբար մեծ չէ: Եկվորները հիմնականում Մեստիի շրջանից են: Հարցազրույցների տվյալներով այսօր գյուղում մնացել են շատ քիչ հունական ընտանիքներ[40]: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 100 (30%` վրացիներ, 35%` ադրբեջանցիներ, 35%` հույներ): Իմերա: Բաշկովի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 72 մարդ, որոնցից 84% (62 մարդ)` հույներ: Ոչ վաղուց տեղի էր ունեցել աջարների կուտակում, որոնք հիմնականում եկել էին Խուլոյի շրջանից: Վերաբնակեցումը սկսվել էր 1999թ., ուժեղացել` 2002թ. և շարունակվում է մինչ օրս: Հարցազրույցների տվյալներով, 2004թ. սեպտեմբերին Իմերայում մնացել էին ընդհամենը 17 հույն ընտանիքներ[41]: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 200 (85%` վրացիներ, 15%` հույներ): Կարակօմ: Բաշկովի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 177 մարդ, որոնցից 73% (62 մարդ)` վրացիներ, 19% (34)` հույներ: Սկզբնական շրջանում հունական գյուղ, առաջին մի քանի վրացի վերաբնակները եկան 1998թ. և մինչև 1999թ. սկիզբը վերաբնակները քիչ էին: Վերաբնակեցումն ուժեղացավ 2002թ., բայց և 2004թ. հետո գյուղ եկան մի քանի վերաբնակներ: Միաժամանակ այս գյուղը լքեցին գործնականում բոլոր հույները: 2004թ. սեպտեմբերին անցկացված հարցազրույցի տվյալներով գյուղում մնացել էին 4 հույն ընտանիքներ, նաև` 2 կամ 3 ադրբեջանական ընտանիքներ[42]: Այս նախկին հունական գյուղն այսօր հանդիսանում է հիմնականում վրացական գյուղ: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 350 (95%` վրացիներ): Ցինցքարո: Ցինցքարոյի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 168 մարդ, որոնցից 67% (մոտավորապես 113 մարդ)` հույներ, 20% (34)` վրացիներ և 10% (17)` ադրբեջանցիներ: Աջարիայի տարբեր մասերից և փոքր քանակությամբ Սվանեթիայից և Աբխազիայից վերաբնակների գալու արդյունքում համաչափությունն անցել է վրացիների կողմը: Վերաբնակեցումն իր գագաթնակետին հասավ 2003թ.: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 200 (55%` վրացիներ, 5%` հույներ): Սանտա: Ցինցքարոյի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 84 մարդ, որոնցից 83%` վրացիներ: Սանտա են եկել շատ քիչ վերաբնակներ: Ծալկայի գամգեոբայի տվյալներով, այստեղ եկել են 6 փախստականներ Աբխազիայից: Սանտան սկզբնական շրջանում եղել է հունական գյուղ, այսուհանդերձ, այստեղ տեղի է ունեցել հույների երկարատև արտագաղթ: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 80 (հիմնականում` վրացիներ): Բեշտաշեն: Բեշտաշենի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 373 մարդ, որոնցից 87% (մոտավորապես 325 մարդ)` հույներ: Վերաբնակեցումը եղել է համեմատաբար նվազ, այդուհանդերձ հույների մեծ մասը հեռացել է: Գամգեոբայի տվյալներով, միայն 46 մարդ է բնակեցվել գյուղում, վորոց կեսը Աջարիայի Խուլոյի շրջանից, մոտ 30%` Աջարիայից, իսկ 8% եկել են Աբխազիայի շրջաններից: Չնայած հույների շարունակվող արտագաղթին` Բեշտաշենը շարունակում է մնալ հիմնականում հունական գյուղ: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 300 (85%` հույներ, 15%` վրացիներ): Քյարյաք: Բեշտաշենի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 152 մարդ, որոնցից 74% (մոտավորապես 115 մարդ)` հույներ, 17% (26 մարդ)` վրացիներ: Նախկինում գյուղը եղել է հիմնականում հունական: Վերաբնակեցումը սկսվել է 1990-ական թթ. կեսերին, ուժեղացել` 2001-2003թթ. և շարութնակվում է այսօր: Վերաբնակների մեծամասնությունը Սվանեթիայի Մեստիի շրջոնից են և փախստականներ Աբխազիայից: Գամգեոբայի ներկայացրած տվյալներով, վերաբնակները, որոնք եկել են Աջարիայից, Սվանեթիայից և Աբխազիայից, գործնականում ունեն նույն կարգավիճակը: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 350 (75%` վրացիներ 25%` հույներ): Շուախարաբա: Բեշտաշենի սակրեբուլո: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 54 մարդ, որոնցից 87% (47 մարդ)` հույներ: Վերաբնակների մասին փաստաթղթեր չկան: Բնակչությունը համեմատաբար կայուն է և 2002 թվականից նշանակալի փոփոխության չի ենթարկվել: Ախալիկ: Ախալիկի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 112 մարդ, որոնցից 71% (մոտավորապես 80 մարդ)` հույներ, 14% (16)` հայեր: 2004թ. սեպտեմբերին անցկացված հարցազրույցի տվյալներով, տեղի հույները գյուղ չեն թողել Աջարիայից եկած վերաբնակներին: Այդուհանդերձ` Ծալկայի գամգեոբայի տվյալներով, գյուղում բնակեցվել են 9 վրացիներ[43]: 2006թ. անցկացված հարցազրույցի տվյալներով, գյուղում մինչ այժմ չկան վերաբնակներ[44]: Քվեմո Խարաբա: Ախալիկի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 303 մարդ, որոնցից 91% (մոտավորապես 276 մարդ)` վրացիներ: Քվեմո Խարաբան սկզբմնական շրջանում եղել է հունական գյուղ, այդուհանդերձ 1990-ական թթ. սկզբներից մինչ կեսերը գործնականում բոլոր հույները գնացել են: 2004թ. վերջին տեղացիները ասել են, որ գյուղում մնացել են ընդհամենը 7 հույն ընտանիքներ[45]: Վերջիններիս տեղերը եկել են վերաբնակներ Աջարիայից (հիմնականում Խուլոյի շրջանից): Քվեմո-Խարաբայում մասսայական վերաբնակեցումն սկսվել է 1998թ., բայց հետագայում դանդաղել է: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 350 (97%` վրացիներ): Շիշպյակ: Ախալիկի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 35 մարդ, որոնցից 89% (31)` հույներ: Այդ լքված հունական գյուղը արագ լրացվեց Աջարիայի Խուլոյի շրջանից եկած վրացիներով, որոնց մեծամասնությունը եկավ 2002թ.: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 150 (85%` վրացիներ 15%` հույներ): Դաշբաշ: Դաշբաշի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 367 մարդ, որոնցից 96%` հայեր: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Գունիկալա: Գունիկալայի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 236 մարդ, որոնցից 72% (մոտավորապես 170 մարդ)` հույներ, 18% (42)` վրացիներ: Ոչ վաղ ժամանակներում Աջարիայից (հիմնականում` Խուլոյի շրջանից) և (փոքր քանակություն) Սվանեթիայի Մեստիի շրջանից տեղի է ունեցել զանգվածային վերաբնակեցում, որը սկսվել է 2000թ., ուժեղացել 2002-2003թթ. և շարունակվում է մինչ օրս (այդուհանդերձ` դանդաղորեն): Հույների արտագաղթն այնուամենայնիվ շարունակվում է: 2006թ. անցկացված հարցազրույցի տվյալներով գյուղում մնացել են ընդհամենը 30 հույն ընտանիքներ[46]: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 500 (90%` վրացիներ 10%` հույներ): Դարագյուղ: Դարագյուղի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 814 մարդ, որոնցից 98%` հայեր: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Եդիքիլիսա: Եդիքիլիսայի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 351 մարդ, որոնցից 96%` հույներ: Այդուհանդերձ` 2002 թվականից գյուղում տեղի է ունեցել Խուլոյից և (փոքր քանակությանբ) Աջարիայի Խեդայի շրջանից մեծամասշտաբային վերաբնակեցում, որն իր գագաթնակետին հասավ 2004թ.: Միաժամանակ մեծաքանակ հույներ լքեցին գյուղը: 2006թ. անցկացված հարցազրույցի տվյալներով այսօր գյուղում մնացել են ընդհամենը 10 հունական ընտանիքներ[47]: Այազմա: Եդիքիլիսայի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 595 մարդ, որոնցից 99%` հայեր: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Թաքքիլիսա: Թաքքիլիսայի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 167 մարդ, որոնցից 77%` հույներ (մոտավորապես 129 մարդ), 17% (28)` վրացիներ: Սկզբնական շրջանում հունական գյուղ, Աջարիայից (առավելապես Խուլոյի շրջանից) վերաբնակներն սկսեցին գալ 1999թ.: Այնուհետև 2002-2003թթ. վերաբնակների թիվը հասավ իր գագաթնակետին: Թեև փոքր քանակությանմբ, այնուհանդերձ` վերաբնակները շարունակում են գալ մինչ օրս: Այսօր հույները կազմում են բնակչության բնակչության փոքրամասնությունը: 2006թ. անցկացված հարցազրույցի տվյալներով գյուղում մնացել են ընդհամենը 25-30 հույն ընտանիքներ[48]: Բնակչության մոտավոր հաշվարկը: 2006թ.` 500 (95%` վրացիներ 5%` հույներ): Նարդևան: Նարդևանի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 1516 մարդ, որոնցից 99%` հայեր: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Արջեւան-Սարվան: Արջեւան-Սարվանի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 794 մարդ, որոնցից 99%` ադրբեջանցիներ: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Չոլյան: Արջեւան-Սարվանի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 295 մարդ, որոնցից 99%` ադրբեջանցիներ: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Գյոդակլար: Արջեւան-Սարվանի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 74 մարդ, բոլորը ադրբեջանցիներ: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Թեջիս: Թեջիսի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 607 մարդ, բոլորը ադրբեջանցիներ: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Ղաբուռ: Ղաբուռի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 491 մարդ, բոլորը հայեր: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Չիֆթքիլիսա: Չիֆթքիլիսայի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 468 մարդ, 99% հայեր: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Խաչգյուղ: Խաչգյուղի համայնք: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 863 մարդ, 98% հայեր: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության: Թազախարաբա: Խաչգյուղի համայնքային սակրեբուլո: 2002թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 137 մարդ, 99% հայեր: Գյուղում վերաբնակները քիչ են կամ բացակայում են ընդհանրապես: Բնակչությունը կայուն է, և 2002 թվականից այս կողմ, ընդհանուր առմամբ, չի ենթարկվել որևէ նշանակալի փոփոխության:
Վահե Սարգսյան «Միտք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան [1] http://www.noravank.am/file/article/127_am.pdf: Սույն աղբյուրի համաձայն` Ծալկայի Ղզլքիլիսա գյուղն 2002թ. ուներ 500 ընտանիք, որը դարձյալ ճիշտ չէ, քանի որ մարդահամարի անցկացման ժամանակ ներկա գտնված և նույն գյուղի դպրոցի տնօրեն Է Ղուլիկյանի խոսքերով գյուղի ընտանիքների թիվը եղել է 800: Ջոնաթան Ուիտլի N 36 Աշխատանքային զեկույցում 2002թ. մարդահամարի տվյալներով, որպես Ղզլքիլիսայի բնակչության թվաքանակ, նշվում է 1848 թվականակը, որը, ըստ հեղինակի, չի փոփոխվել վերջին տարիների ընթացքում` մինչև 2006 թվականը: Տես` Джонатан Уитли, Пути к разрядке напряженности в Цалкинском районе Грузии: роль международного сообщества и государства /Европейский Центр по Делам Меньшинств /Директор: Марк Веллер//, Рабочий доклад N 36, декабрь, 2006, с. 32. [2] Տես` նույն տեղում, էջ 8: [3] Միքայելյան Հ. Ս., Ծալկայի հայերի ազգագրությունը և բանահյուսությունը, Երևան, 1998, էջ 21: [4] Տես` նույն տեղում: Փաստաթղթում նշված է 1979 թվականի հետ մեկտեղ վերնագրում նշվում է 1989 թվականը, որը, մեր կարծիքով, տեխնիկական շփոթմունք է: Փաստաթղթի տվյալները բերված են ԽՍՀՄ-ում անցկացված Համամիութենական մարդահամարի` Վրացական ՍՍՀ-ից ստացված արդյունքներից: [5] Տվյալները վերցված են` http://www.greekgazeta.ru/archives/nomer08/articles/15.shtml, հմմտ.` http://ru.wikipedia.org/wiki/Цалкский_район, հմմտ.` http£//www.greek.ru/events/detail.php?ID=640 աղբյուրներից: Նույն տվյալներն են օգտագործված նաև` Ռոբերտ Թաթոսյանի «Ծալկայի շրջանի հայ բնակչությունը, անցյալը, ներկան և ապագան» հոդվածում, տես` http://www.ararat-center.org/upload/files/Javakhk_01_Tsalka_ARM.pdf: [6] Տվյալները բերված են 2002թ. Վրաստանում անցկացված մարդահամարի արդյունքներից: Տես` http://www.statistics.ge/_files/english/census/2002/Ethnic%20groups.pdf: [7] Տվյալները տրամադրված են Ծալկայի շրջանային գամգեոբայի (նախկին վարչության) կողմից: [8] Նշված աղբյուրում վերջիններս հասկանալի պատճառներով նշվում են թուրքեր: [9] Մի քանի կցկտուր տեղեկություննր կան, որ Կյարյակ հունական գյուղում մի ժամանակ հայալեզու ուղղափառ հույներ են եղել: Ոմանք էլ ասում են, թէ այդ գյուղում ուղղակի մի քանի ընտանիք սովորական հայեր են եղել, որոնցից էլ հույները մի քիչ հայերեն են սովորել: [10] http://www.greekgazeta.ru/archives/nomer08/articles/15.shtml, հմմտ.` http://ru.wikipedia.org/wiki/Цалкский_район, հմմտ.` http£//www.greek.ru/events/detail.php?ID=640: Ծալկայի շրջանի` տվյալ ժամանակաշրջանի միակ և առաջին բնակավայրը` Ռեխան, հիմնադրվել է 1829-1830-ական թվականներին: Տես` Թաթոսյան Ռ., «Ծալկայի շրջանի հայ բնակչությունը, անցյալը, ներկան և ապագան», էջ 8: http://www.ararat-center.org/upload/files/Javakhk_01_Tsalka_ARM.pdf: [11] Բացի այս չորս գյուղերից, ադրբեջանցիների որոշ փոքր քանակ է ապրում նաև Լիվադի գյուղում (2006թ. տվյալներով`35 մարդ), Ծալկա քաղաքում (2006թ. տվյալներով` 180 մարդ): [12] Джонатан Уитли, Пути к разрядке напряженности в Цалкинском районе Грузии: роль международного сообщества и государства /Европейский Центр по Делам Меньшинств /Директор: Марк Веллер//, Рабочий доклад N 36, декабрь, 2006, с. 10. [13] Վերջինս Ծալկայի հետ կապ չունեցող վրացական Զեստաֆոնի քաղաքից էր, որը գամգեբելի նշանակվելուց առաջ եղել է Ծալկայի հարկային տեսչության պետը: Վրաստանի 2008թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերջինս Ծալկայի շրջանից մեծամասնական կարգով ընտրվեց Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր: [14] 2006թ. մարտի 9-ին այդպիսի բախում տեղի ունեցավ Ծալկա քաղաքում, որի արդյունքում դաժանաբար սպանվեց Ղուշչի գյուղի բնակիչ, 23-ամյա Գևորգ Գևորգյանը, եղան նաև ծանր վիրավորվողներ: Այդ դեպքերի մասին տես` http://www.regnum.ru/news/georgia/603147.html: [15] Նույն տեղում, էջ 18: [16] Նույն տեղում, էջ 25-26: [17]Թաթոսյան Ռ., «Ծալկայի շրջանի հայ բնակչությունը, անցյալը, ներկան և ապագան», http://www.ararat-center.org/upload/files/Javakhk_01_Tsalka_ARM.pdf: Վերջինիս տվյալները վերցված են International Fact Finding Mission, Ethnic Minorities in Georgia, April, 2005 (http://www.fidh.org/IMG/pdf/ge412ang.pdf) աղբյուրից: Նույն հղման մեջ նաև նշվում է այն մասին, որ 2006թ. տվյալներով Ծալկայի շրջանում գործում էր արդեն 35 հանրակրթական դպրոց: [19] Էրզրումից 1870-ական թթ. վերջերին Ջինիս գյուղ են տեղափոխվել հայեր և հույներ: Հետագայում հայերը տարաձայնություններ ունենալով հույների հետ, լքել են գյուղը եւ հիմնադրել Վերին Ջինիս գյուղը (այն կոչվում է նաեւ Հայ Ջինիս կամ Չիֆթքիլիսա): Հունական գյուղը շարունակվել է կոչվել Ջինիս (երբեմն` Վարի Ջինիս): Վերին Ջինիսը կամ Հայ Ջինիսը 1975թ. ունեցել է 300 տուն հայ բնակիչ: Տես` Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1998, հ. 4, էջ 409: Նշված աղբյուրի 2-րդ հատորի (Երևան, 1988) էջ 829-ում որպես Ծալկայի շրջանի հայկական գյուղերի թիվ, 13-ի փոխարեն նշվում է 14-ը: Այս շփոթմունքը գալիս է այնտեղից, որ Չիֆթքիլիսա հայկական և Ջինիս հունական գյուղերը ներկայացվում են որպես հայկական գյուղեր: Մեկ այլ` Ջոնաթան Ուիտլի N 36 Աշխատանքային զեկույցում Չիֆթքիլիսան ներկայացվում է որպես 99 % հայերով բնակեցված առանձին գյուղ, որտեղ 2002թ. մարդահամարի համաձայն ապրում էր 468 մարդ (հեղինակը նշում է, որ չափազանց ցածր արտագաղթի պայմաններում գյուղի բնակչությունը գրեթե չի արտագաղթել): Միաժամանակ` նույն փաստաթուղթն արդեն Ջինիսը նշում է որպես 85 % վրացիներով և 15% հույներով բնակեցված գյուղ (2006թ. տվյալներով): Նույն աղբյուրի համաձայն` 2002թ. մարդահամարը Ջինիսի համար ուներ բոլորովին այլ պատկեր. գյուղի 304 բնակիչներից 280-ը հույներ էին (մոտ 12%): Տես` Джонатан Уитли, Пути к разрядке напряженности в Цалкинском районе Грузии: роль международного сообщества и государства /Европейский Центр по Делам Меньшинств /Директор: Марк Веллер//, Рабочий доклад N 36, декабрь, 2006, с. 32, 37. [20] 2002թ. մարդահամարի տվյալներով Աշխալան ուներ ավելի քան 700 ընտանիք: Տես` http://www.noravank.am/file/article/127_am.pdf: Ջոնաթան Ուիտլի N 36 Աշխատանքային զեկույցում Աշխալան ներկայացվում է որպես 99% հայերով բնակեցված գյուղ, որտեղ 2002թ. մարդահամարի համաձայն ապրում էր 2043 մարդ (հեղինակը նշում է, որ չափազանց ցածր արտագաղթի պայմաններում գյուղի բնակչությունը գրեթե չի արտագաղթել և այս ցուցանիշը գրեթե չի փոխվել): Տես` Джонатан Уитли, Пути к разрядке напряженности в Цалкинском районе Грузии: роль международного сообщества и государства /Европейский Центр по Делам Меньшинств /Директор: Марк Веллер//, Рабочий доклад N 36, декабрь, 2006, с. 31. [21] http://www.ararat-center.org/upload/files/Javakhk_01_Tsalka_ARM.pdf: 1980-ական թթ. տվյալները վերցված են Ավետիս Դավթյանի Հայկական և հայախառն բնակավայրերը Վրաստանում, Երևան, 1997, գրքից, էջ 321-421, իսկ 2005թ. տվյալները իր դաշտային ուսումնասիրությունների ընթացքում հավաքել և իր «Ծալկայի շրջանի հայ բնակչությունը, անցյալը, ներկան և ապագան» հոդվածում հրապարակել է Ռոբերտ Թաթոսյանը: [22] Այստեղ էլ կրկին չի նշվում, թե աշակերտության թվի այս ցուցանիշը վերաբերում է Աշկալայի միայն մեկ դպրոցին, թե երկու դպրոցները միասին վերցված: [23] Հարցազրույցը տեղի է ունեցել 2008թ. օգոստոսի 25-ին: [24]Վրաստանի նոր ԿԳ նախարար Գեորգի Նոդիայի այսպես կոչված «բարեփոխումներով»` ներկայումս վերավորակավորման գործընթացի վիճակահանության այս տխրահռչակ փուլը վերացվել է: [25] Վրաստանի «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» նախկին և ներկա օրենքների մանրամասն վերլուծությունը տես` Սարգսյան Վ., Վրաստանի տեղական ինքնակառավարման կառուցվածքային առնչությունները Սամցխե-Ջավախք-Ծալկայի հիմնախնդիրների հետ, “Երկիր”, պաշտոնաթերթ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի, 2006. սեպտեմբերի 1, համար #32/1902/, նույնը տես նաև` “Ակունք” անկախ պարբերական, 2006. սեպտեմբեր, թիվ 15-16 (83-84): [26] Ծալկայի մունիցիպալիտետի Ղզլքիլիսա և Ավրանլո գյուղերի վերջին տարիների լարված հարաբերությունների մասին տես` Джонатан Уитли, Пути к разрядке напряженности в Цалкинском районе Грузии: роль международного сообщества и государства /Европейский Центр по Делам Меньшинств /Директор: Марк Веллер//, Рабочий доклад N 36, декабрь, 2006, с. 16-19. [27] ՀՀ-ում 1990 թվականից ի վեր գործող «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության (ներկայումս` հասարակական կազմակերպություն) միջոցներով վերջին շրջանում քիչ թե շատ վերանորոգվել է Ծալկայի շրջանի Այազմա գյուղի դպրոցը: Այազմա գյուղից Ծալկայի մունիցիպալիտետի պատգամավոր Լևոն Մարկոսյանի խոսքերով` 2008թ վրացական կառավարությունը 70.000 լարի էր հատկացրել գյուղի դպրոցի շրջանակներում շենքային ծավալների մեծացման համար, սակայն 2008թ. օգոստոսին տեղի ունեցած վրաց-օսական պատերազմի պատճառով գումարի տրամադրումը հետաձգվել է (հարցազրույցը տեղի է ունեցել 2008թ. օգոստոսի 25-ին): [28] Այնուամենայնիվ, մեր ուսումնասիրություններից ելնելով և սույն շարադրանքի անաչառությունը պահպանելու համար նշենք, որ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության կողմից որոշ թվով ուսանողներ Ծալկայի շրջանից և հատկապես` Վերին Ծալկայից, արժանացել են որոշ աջակցության: [29] Սամցխե-Ջավախք-Ծալկայի խնդրով զբաղվող ներկա մասնագետների շրջանակներում ներկայումս տարածվում է այն ընդունելի տեսակետը, որ արդի միջշրջանային սահմանները (Ախալքալաքի եւ Ծալկայի միջեւ, Բոգդանովկայի ու Ծալկայի միջեւ) չպիտի համարել իրական սահմաններ Ջավախքի եւ Թռեղքի միջեւ: Ծալկակի արեւմտյան մասը (Վերին Ծալկան, ուր գտնվում է հայկական գյուղերի հիմնական մասը) նույնպես հանդիսանում է Ախալքալաքի գավառի (Ջավախքի) շարունակությունը: Տես հետևյալ քննարկումը` http://javakhk.net/forum/index.php?showtopic=957: [30] Այսպիսի շփոթմունքները գալիս են նաև այնտեղից, որ տարբեր պատճառներով Ծալկայի շատ բնակավայրեր ունեն մեկից ավելի և իրար չնմանվող անվանումներ: Օրինակ Օզնի հայկական գյուղն անվանվում է նաև Հինիա, Հելիանք նախկին հունական գյուղի խորհրդային անվանաձևն էր` Օլյանք, ներկա վրացական անվանաձևը` Օլյանգի և այլն: [31] Այս հունական գյուղերը Շուախարաբա և Նեո-Խարաբա անվանաձևերով են հանդիպում նաև Կովկասյան տեղանվանագրական զինվորական քարտեզում: [32] Ինչպես տեսնում ենք, քրտեզում Ծալկայի հունական բնակավայրերից շուրջ 13-ը չեն ներառված, միաժամանակ քարտեզում Ծալկայի վարչական շրջանից դուրս է Թողնված Բեդիան ավանը, որը սխալմամբ մտցված է Թեթրի-Ծղարոյի վարչական շրջանի մեջ: [33] Ինչպես այս գյուղը, այնպես էլ` Սաֆար-Խարաբան քարտեզում չեն նշված նաև մյուս` Շուախարաբա և Քվեմո-Խարաբա անվանաձևերով: [34] Տեքստը բերված է առանց փոփոխությունների: Այսուհետ բերվող հղումները հեղինակինն են: [35] «Ագրոսերվիս» միավորում, Վերջնական հաշվետվություն: Հետազոտության արդյունքներ, անցկացված են Ծալկայի և Դմանիսի շրջաններում: (Չհրապարակված փաստաթուղթ, հունվար – փետրվար, 2006թ.): [36] Այս տվյալները իրենց մեջ ներառում են նաև մոտակա Խադիկի գյուղը (տես ստորև), որը հարաբերվում է Ծալկայի քաղաքային վարչության հետ: [37] “Ռուսթավի-2”, կայքէջ: www.ructavi-2.com, 2005թ. ապրիլի 7: [38] Հարցազրույց, այնցկացված 2006թ. հուլիսի 25-26-ին` Ծալկայի շրջանում: [39] Հարցազրույց, անցկացված 2004թ. սեպտեմբերին` Ծալկայի շրջանում: [40] Հարցազրույց, անցկացված 2006թ. հունիսի 30-ին` Ծալկայի շրջանում: [41] Հարցազրույց, անցկացված 2004թ. սեպտեմբերին` Ծալկայի շրջանում: [42] Նույն տեղում: [43] Հարցազրույց, անցկացված 2004թ. սեպտեմբերին` Ծալկայի շրջանում: [44] Հարցազրույց, անցկացված 2006թ. հունիսի 30-ին` Ծալկայի շրջանում: [45] Հարցազրույց, անցկացված 2004թ. սեպտեմբերին` Ծալկայի շրջանում: [46] Հարցազրույց, անցկացված 2006թ. հունիսի 30-ին` Ծալկայի շրջանում: [47] Նույն տեղում: [48] Նույն տեղում: |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: