Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Մեղքի Զգացումն Ու Փոխզիջումը  Հայկական Ձեվով 

Lragir.am 27/11/09

 

Երկար տարիներ Հայաստանի ժողովրդին ներշնչում են, թե քաղաքական աշխարհը հիմնված է փոխզիջումների վրա: Փոխզիջումների պատրաստակամությունը համարվում է քաղաքական իմաստության պսակը: Համապատասխանաբար, “ինչ որ բանից հրաժարվելու պատրաստակամությունը հանուն մնացածի սկզբունքը ձեռք է բերում անհերքելի իմաստ: Զուգահեռաբար, քաղաքական կյանքում ծաղկում էանզիջումության սկզբունքը, որը մերժում է քաղաքական աշխարհի փոխզիջումային կառուցվածքի կողմնակիցների աշխարհայացքը: Երեւում է, իրերի նման վիճակը կապված էփոխզիջում եւանզիջումություն հասկացությունների ընկալման հետ: Ավելի ճիշտ՝ նման գաղափարների կրողների փաստարկների եւ գործողությունների համոզիչ չլինելու հետ:
 
Որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է՝ համոզիչ է: Բայց որ այդ հնարավորը ձեռք է բերվում փոխզիջմամբ, այդքան էլ համոզիչ չէ: Համենայնդեպս, համոզիչ չէ, փոխզիջման հայկական ընկալման տեսանկյունից, մասնավորապես՝ սուբյեկտների միջեւ համաձայնության հասնելու պայմանների մեր ընկալումից: Հիմնականում պարզ չէ, թե որն է հայ քաղաքական գործիչների ընկալմամբ համաձայնության հասնելու սանդղակը: Իսկ ավելի ճշգրիտ՝ արդյոք այդ սանդղակում կա Իրավունք հասկացությունն այս կամ այն մեկնությամբ: Եթե ոչ, ուրեմն պետք է խոստովանել, որ կա հավատ ինքնակամ փոխզիջման հանդեպ, այսինքն՝ առանց որեւէ սկզբունքի, ցանկացած ճանապարհով համաձայնության հասնելու հնարավորության հանդեպ:
 
Ըստ ամենայնի, փոխզիջման հայկական ընկալումը հանգում է հենց նման մեկնության եւ այդ ընկալումը կիրառվում է ողջ աշխարհի մասշտաբով: Քաղաքականությանը տվյալ աշխարհայացքային մոտեցումը իմաստ չէր ունենա վիճարկել, եթե չլիներ դրա կոնկրետ կիրառումը Հայաստանի քաղաքական կյանքում: Սակայն հենց Հայաստանի քաղաքական իրողություններին այս սկզբունքի կիրառման բնույթը թույլ է տալիս խորապես կասկածել փոխզիջման սկզբունքի հայկական ընկալման կենսունակությանը: Վերջինը վերաբերում է Հայաստանի ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքաղաքական խնդիրների ոլորտին:
 
Այս ամենը ցույց տալու համար հարմար թեմա է նոյեմբերի 11-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Բարձր ինտելեկտուալ մակարդակով մշակված ու մատուցված քաղաքական ելույթը թույլ է տալիս բանավեճը Հայաստանում բարձրացնել գաղափարական բարձր մակարդակի: Ամենեւին պատահական չէ, որ երկրի քաղաքական ուժերի մեծամասնությունը իրենց դուրս մղված զգացին ռացիոնալ բանավեճի հարթությունից, քանի որ ի վիճակի չեն առաջադրված մակարդակով զրույցների: Սակայն բարձր ինտելեկտուալ զրույցը դեռեւս չի նշանակում քննարկվող խնդիրների խորն ընկալման առկայություն:
 
Առավել եւս, Տեր-Պետրոսյանի ելույթի բյուրեղային հստակության ձեւակերպումները թույլ են տալիս հստակություն մտցնել հայկական քաղաքական մտքի ռազմավարական կարեւոր ասպեկտներում, մասնավորապես, փոխզիջման հարցում: Ինչպես թվում է, ընդդիմության առաջնորդի հենց վերջին առաջարկներում տեսանելի արտահայտվել է փոխզիջման հայկական ընկալման ողջ արատավորությունը: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Հայաստանի ժողովուրդն ընդունակ է հանուն ազգային նպատակների մեծահոգություն ցուցաբերել եւ Սերժ Սարգսյանին ճանաչել լեգիտիմ, եթե վերջինս հրաժարվի հանուն սեփական լեգիտիմության նպատակաուղղված արտաքին զիջումներից: Այսինքն, մենք գործ ունենք առաջացած անլուծելի իրավիճակին փոխզիջման սկզբունքի կիրառման կոնկրետ ակտի հետ: Այսինքն՝ Հայաստանի բարձրագույն իշխանության հանցագործությունների արդյունքում առաջացաշ արտաքին քաղաքական սպառնալիքներից երկրի փրկությանն առաջարկվում է հասնել նույն այդ իշխանությունների պետական հանցագործությունների գլխավոր մասը ներելու ճանապարհով:
 
Իրավիճակի նրբությունն այն է, որ 2008 թ. օգոստոսի 1-ին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին մեղադրեց պետական ծանր հանցագործության մեջ՝ ժողովրդին գնդակահարելու ճանապարհով իշխանության ուզուրպացիա: 2009 թ. նոյեմբերի 11-ին նա Սերժ Սարգսյանին մեղադրեց պետական այլ հանցագործության մեջ՝ հանուն սեփական լեգիտիմության նպատակաուղղված արտաքին քաղաքական զիջումներ: Երկու հանցագործություններն էլ որակվում են որպես հայ ժողովրդի համար ռազմավարական սպառնալիքի աղբյուր: Նման գնահատականի արդյունքում Սերժ Սարգսյանին առաջարկվում է փոխզիջում՝ փոխանակել նպատակաուղղված արտաքին քաղաքական զիջումների կուրսը երկրի ներսում իշխանության լեգիտիմության ճանաչման հետ: Այսինքն, հասնել Հայաստանի հասարակության պահանջի՝ ազգային իշխանության ուզուրպացիա եւ քաղաքական սպանություններ, չեղյալ անելուն:
 
Փոխզիջման նման ընկալումը կարող է հատուկ լինել ավտորիտար ու քրեական խմբերին, որոնցում սուբյեկտների հարաբերությունները կառուցվում են, համապատասխանաբար, անհատի իրավունքի ճնշման եւ ազդեցության ոլորտների բաժանման մասին պայմանագրի հիման վրա: Նման խմբերում երբեք չի դրվում չխոսված ցանկացած իրավունքի հարցը: Սակայն սահմանադրական պետություններում միշտ գոյություն ունի մանրամասն քննարկված իրավունքի խնդիրը, որոնց խախտումը ոչ ոք իրավունք չունի արդարացնել: Այսինքն, ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի օրինական ճանաչել Սահմանադրության դեմ գործված հանցագործությունը, ելնելով արտաքին կամ ներքին քաղաքական նկատառումներից:   Սակայն, կոնկրետ մեր դեպքում մենք գործ ունենք խնդրի առկայության հաստատման հետ, որ կարող է արդարացնել հանցագործությունը, որ Սահմանադրությամբ որակվում է որպես քրեական: Այդ խնդիրը լեգիտիմության հասնելու նպատակով պետական նոր հանցագործություններ կատարելու սպառնալիքն է:
 
Կարելի է միայն զարմանալ ազգային անվտանգության խնդրին նկարագրված մոտեցման վրա: Ենթադրել, թե իշխանության վարքը կարելի է փոխել հասարակության վերաբերմունքն այդ վարքին մեղմելով (ընդ որում, որպես փոխզիջում), կարելի է միայն այն դեպքում, երբ ուժի ու անզորության մասին պատկերացումները խեղաթյուրված են, եւ կորսված է քաղաքական աշխարհի գործունեության տրամաբանությունը: Ավելի շուտ, երբ քաղաքական ուժը պատկերացում չունի սահմանադրական պետության տրամաբանության մասին: Այսինքն, երբ իրավունք եւ ազգային օրենք հասկացությունները համարվում են ֆիկցիա, իսկ աշխարհը դիտվում է որպես ազդեցության ոլորտների չկարգավորված ամբողջություն: Երբ փոխզիջման ենթակա է ամեն ինչ, այդ թվում օրենքն ու իրավունքը:
 
Վերը բերված դատողությունները կարող են լիովին համոզիչ չլինել, հաշվի առնելով, որ “ազգային միասնության” եւ “ազգային փրկության” գաղափարները դեռեւս պահպանում են իրենց համոզչությունը Հայաստանի հասարակական գիտակցության մեջ: Շատ շատերը դեռեւս խորը համոզված են, որ հանուն վերացական միասնության ու փրկության կարելի է անտեսել երկրի օրենքի դեմ ցանկացած հանցագործություն: Համարվում է, որ կան ազգային շահերի պաշտպանության ավելի արդյունավետ մեթոդներ, քան օրինականությունը: Համապատասխանաբար, ընդունելի է ցանկացած փոխզիջում առանց դրա բովանդակությանն ուշադրություն դարձնելու:
 
Սակայն դա ամենեւին էլ այդպես չէ: Նոր հանցագործություններ չանելու խոստման դիմաց մեղքը ներելու խոստումը արդյունավետ է հոգեւոր ոլորտում, բայց ոչ մի կերպ՝ քաղաքականության մեջ: Կա միայն մեկը, որն ի վիճակի է ներել, եւ նա մարդ չէ: Իսկ մարդկանց հարաբերություններում վաղուց ընդունված է հանցագործության համար պատժելու սկզբունքը. Հետագա հանցագործությունները զսպելու այլ մեթոդ չի հայտնաբերվել: Այս հարցում փոխզիջում չկա: Սակայն, ինչպես տեսնում ենք, հայկական ընկալման մեջ փոխզիջում կարող է լինել նաեւ այստեղ: Էլ չասած այլ ոլորտների մասին:
 
Փոխզիջման հայկական ընկալման արատավորությունն առավել համոզիչ ցույց տալու համար դիտարկենք դրա կիրառման եւս մեկ ոլորտ: Խոսքը նախկին եւ ներկա իշխանության, քաղաքական ողջ էլիտայի՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու հարցում փոխզիջման սկզբունքին հակվածության մասին է: Այս հարցում հայկական ձեւով փոխզիջումն ավելի կոռեկտ չէ, քան վերը նկարագրված դեպքում: Իսկ պատճառը նույն անզորության զգացումն է, հիմնված իռացիոնալ համոզմունքին, թե “ուժն է ծնում իրավունք”: Համոզմունք, որ վախ է ծնում այս աշխարհի հանդեպ: Կոնկրետ Ղարաբաղի կարգավորման հարցում վերը նկարագրված տրամաբանությունը եւ հոգեբանական վիճակը հանգեցնում են հետեւյալ սխեմայով պնդմանը՝ “աշխարհը մեր դեմ է, մինչ մեզ չեն ճնշել, պետք է ինչ որ բանից հրաժարվել ու պայմանավորվել բոլորի հետ, ովքեր պահանջ ունեն մեզնից”, եւ այլն: Ընդ որում, երբեք չի դրվում հարցը, թե ինչ պայմաններով են ուզում մեզ հետ պայմանավորվել: Եւ ընդհանրապես՝ աշխարհում պայմանավորվո՞ւմ են առանց անհրաժեշտության: Առավելագույնը, կարող են շրջանառվել այլ գաղափարներ, ասենք “վերջին մարտի” տեսքով:
 
Մտածողության նման սխեման բավական տարածված է “երրորդ աշխարհում”: Այն նաեւ հայկական գործնականում բոլոր քաղաքական ուժերի քաղաքական մտածողության հիմքն է, անկախ նրանց գաղափարական ուղղվածությունից: Իսկ տարբերություններն ընդամենը “ուժի հետ խոսելու մեթոդների” պատկերացումների մեջ է: Այդ դիրքորոշումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու տիպի. Դիրքորոշում, հիմնված “վեհության փիլիսոփայությանը” (Հայ դատ), եւ դիրքորոշում, հիմնված “անզորության փիլիսոփայության վրա (հայկական ընկալմամբ “ռեալ-պոլիտիկի” հետեւորդները): Առաջինը ելնում է արտաքին ուժին բաց դիմակայելու հնարավորության հանդեպ հավատից, երկրորդը՝ արտաքին ուժին առաջանցիկ ենթարկվելու նպատակահարմարությունից: Ընդ որում, երկու դեպքում էլ ուժը դիտվում է որպես
անօրինականության դրսեւորում:
 
Երբեւէ Հայաստանում չեն հասել ուժի հետ հարաբերվելու գաղտնիքին: Որովհետեւ Հայաստանում երբեւէ չի հասկացվել, թե ինչ է ուժը: Իսկ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ երբեւէ հարց չի տրվում՝ եթե ուժն է ծնում իրավունք, իսկ ինչպես է ծնվում ինքը՝ ուժը:  Եւ քանի դեռ այդպիսի հարց չի տրվում, չեն օգնի ոչ վեհության, ոչ էլ անզորության մեթոդները: Իսկ եթե տրվի, կարելի է հասկանալ, որ ամբողջ աշխարհում ուժը ծնվում է գիտակցված իրավունքով եւ այդ իրավունքը պաշտպանելու կամքով:  Այսինքն, իրավունքն է ուժ ծնում:
 
Միջին վիճակագրական հայի համար դժվար է հասկանալ, թե ուժի ձեւավորման համար ինչ նշանակություն ունիգիտակցված իրավունքի ֆենոմենը: Ավելի դժվար է գիտակցել, որ այդ ֆենոմենի վրա է կառուցվում քաղաքական աշխարհը: Ուժերի հավասարակշռությունը ձեռք է բերվում քաղաքական աշխարհի սուբյեկտներից յուրաքանչյուրի իրավունքը փոխադարձ ճանաչելու պայմանով: Եւ ամեն ինչ աշխարհում սկսում է սեփական իրավունքի հռչակումից: Պատահական չէ, որ միջազգային հարաբերությունների ամեն մի սուբյեկտ առաջին հերթին խոսում է իր իրավունքից, եւ առավել հակված է հակառակորդին ներշնչել մեղքի զգացումը, նրան ստիպելով հրաժարվել սեփական իրավունքի գիտակցումից եւ այդ իրավունքը պաշտպանելու կամքից:
 
Այստեղ էլ հստակություն է մտնում փոխզիջման հայկական ընկալման մեջ: Դրա հիմքում ընկած է սեփական իրավունքը չգիտակցելը եւ, համապատասխանաբար, մեղքի զգացումը գրեթե ամեն ինչի համար, ինչ գոյություն ունի միջազգային հարաբերություններում, եւ դրանց հանդեպ վախը: “Աշխարհը մեր դեմ է բանաձեւը արատավոր բազա է նման աշխարհայացքի համար: Արդյունքում, քաղաքական ողջ միտքը հանգում էկամ հրաժարվել, կամ ծառայել ուժեղին, կամ գնալ վերջին մարտի գաղափարին: Հայաստանում քաղաքական այլ փիլիսոփայություն չկա: Պետք է հասկանալի լինի, որ հայերի ներկայիս սերնդի համար աշխարհին նման վերաբերմունքի արմատավորման ակունք է պատմության հանդեպ վառ արտահայտված վախը: Այս սինդրոմի արմատավորումը կապված է ազգային աղետների փուլերի հետ, առաջին հերթին՝ 1915 թ. ցեղասպանության հետ:
 
Այսօր ժամանակն է իմաստավորել մեր այս վիճակը: Իսկականռեալ պոլիտիկ մտնելու համար առաջին հերթին պետք է ազատվել մեղքի զգացումից եւ դուրս գալաշխարհը մեր դեմ է փիլիսոփայության թելադրանքից: Այդժամ շատ արագ կգա այն բանի գիտակցումը, որ քաղաքական աշխարհի ընկալմամբ փոխզիջումն ընդամենը շահերի եւ ուժի հավասարակշռության ճանաչումն է: Իսկ դրանից էլ մի քայլ է հասկանալու համար, որ Ղարաբաղի հարցում առաջարկվող փոխզիջումը այս բանաձեւի չի վերաբերում. Փոխզիջումը հավասար բաժանելը չէ: Իսկ Այնթապցու նախադեպի մասին էլ չենք խոսի:
 
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱՀՀԿ փորձագետ
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: