Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը  ապրիլի 2010 թվականի ապրիլի 27-ի նիստում
 
“…
Հայաստանում ով կփորձի նման միտք փայփայել իր մտքում` ընդամենը խորհուրդ չեմ տալիս: Օրորոցում անմիջապես կպատժվի, եթե փորձի հեղափոխական ճանապարհով փորձել ինչ-որ բան փոխել: Ինքս դա չեմ ընդունում, իսկ ներքին գործերի նախարարը միջանկյալ մասում չի կարող հայտնվել, կամ-կամ”: Օրերս հնչած այս խոսքերի հեղինակը Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է:
 
Այս բառերից նույնպես ակնհայտ է, որ ոստիկանության  բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պատկերացումներով  և գործունեությամբ ներկայացնում են բռնապետական իշխանավորների և կարգերի շահերը: Նրանք չեն ժխտում, որ առաջին հերթին կոչված են պաշտպանելու  հանիրավի ռեժիմը, և դա կատարում են և հետայսու ևս իրականացնելու են ամեն գնով` կանգ չառնելով անգամ մարդկային կյանքեր զոհաբերելու առաջ: Մենք ոչ միայն ականատեսն ենք ՀՀ ոստիկանապետի կողմից բռնության հրապարակային կոչերի, այլ նաև ականատեսն ենք, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները հարձակվում խաղաղ ցուցարարների վրա, նաև պարբերաբար տեսնում և լսում ենք ոստիկանության կողմից` թե փողոցում և թե ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիներին խոշտանգելու կամ սպանելու փաստերի մասին: Եվ այս բոլոր հանցագործությունները մնում են անպատիժ:
 
Դեռևս ինքն իրեն ներքին գործերի նախարար պատկերացնող Ալիկ Սարգսյանը, կարծում եմ, ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելիս լավ կլիներ ուսումնասիրեր ՀՀ Սահմանադրությունը, միջազգային իրավական ակտերը, որոնց միացել ենք մենքԵվ կարդար մեր ժողովրդի պատմության փառահեղ էջերը, որոնց հեղափոխականության շնորհիվ  այսօր մենք ապրում ենք մեր Հայրենիքի մի մասում` որպես Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիներ: Հեղափոխություն անելը մեր իրավունքն է, ընդվզելը մեր իրավունքն է, բողոքելը մեր իրավունքն է, անօրինական իշխանություններից ազատվելը նույնպես մեր իրավունքն է: Ձեր կողմից տարածվող բռնության կոչերը մեզ չեն վախեցնում: Մենք հեղափոխական սերունդ ենքՄեր համար անընդունելի են բռնություն կազմակերպող և իրականացնող  ներքին գործերի նախարարները, որոնցից մեկն էլ Թալեաթն էր:
 
Մեզ այսօր անհրաժեշտ են հեղափոխական լուծումներ: Թե հեղափոխություն անելը  ոստիկանապետը կամ այլ պաշտոնյաներ ինչպես կբնութագրեն, դա իրենց խնդիրն է: Մենք չենք պատրաստվում ապրել և հանդուրժել հետամնաց այս կարգերը: Մեզ անհրաժեշտ է հեղափոխություն: Օրհասական անհրաժեշտություն է  հասարակական կյանքի արմատական փոփոխությունը, որը կվերացնի ներկայիս հասարակակկան-քաղաքական կարգը և կհիմնադրի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդին պատկանող իշխանություն:

lragir.am 27.04.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: