Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Թուրքիայի Ճանապարհը Հայաստանին Տանում Է Ոչ Թե Արեվմուտք, Այլ Մայրամուտ

lragir 26/09/08 

Միացյալ Նահանգներում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Ղարաբաղի հակամարտության գործընթացում Թուրքիայի միջնորդության մասին խոսք չկա, այլ խնդիրը Թուրքիայի օժանդակությունն է, որից, ինչպես ցանկացած օժանդակությունից, Հայաստանը չպետք է հրաժարվի: Սակայն հետաքրքրականն այն է, որ Թուրքիայի օժանդակությունը չգիտես ինչու ուղղված է Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի դիրքորոշումը փոխելուն: Մինչդեռ տրամաբանությունը հուշում էր, որ Թուրքիան պետք է Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման հարցին օժանդակեր: Այդ պարագայում, նույնիսկ ինչ որ առումով հասկանալի կլիներ, թե ինչու է Սերժ Սարգսյանը զիջման գնում այսպես կոչված հայկական հարցի առումով: Ասենք Սերժ Սարգսյանը մեղմացնում է Հայաստանի կարծր պահանջատիրական կեցվածքը, փոխարենը դրա դիմաց ստանալով Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կարծր դիրքորոշման մեղմացմանն ուղղված Թուրքիայի ջանքի համաձայնություն:

Բայց հանկարծ հնչեց Մեթյու Բրայզայի հերթական «տարօրինակ» միտքը, որից պարզ դարձավ, թե «Թուրքիան կօգնի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ճկունացնել Հայաստանի դիրքորոշումը»: Դա արդեն բավական լուրջ հիմք է մտահոգվելու համար, թե այդ ինչով է, կամ ինչպես, որ Թուրքիան օգնելու է Հայաստանին ճկունացնել իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Եվ ինչ է նշանակում ճկունացնել Հայաստանի դիրքորոշումը: Ըստ երեւույթին, դա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունը բարելավելու համար, Հայաստանը շատ ավելի զիջողական կեցվածք կունենա Ղարաբաղի հարցում: Այլ բան դժվար է հասկանալ ճկունացում ձեւակերպման տակ, առավել եւս, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, եւ ընդհանրապես պաշտոնական Երեւանը, այդպես էլ որեւէ մի բառ բացատրություն չտվեց այն զրույցի հետ կպված, որ Ղարաբաղի հարցի թեմայով ունեցել էին Երեւանում Աբդուլլահ Գյուլն ու Սերժ Սարգսյանը: Մինչդեռ Գյուլը հետագա հայտարարություններով ցույց էր տվել, թե ինչքան է կարողացել «ճկել» Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Պաշտոնական Երեւանն այդ հայտարարություններից որեւէ մեկն առ այսօր համարժեք չի մեկնաբանել:

Ավելին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իբրեւ թե մեկնաբանելով Մեթյու Բրայզայի այն խոսքը, թե Թուրքիան կօգնի ճկունացնել Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, տվել էր ուղղակի դիվանագիտական կլասիցիզմի լավագույն նմուշների շարքին դասվելու արժանի պատասխան: Նա, այսինքն մեր արտաքին գործերի նախարարը, ասել էր, թե Մեթյու Բրայզան հավանաբար շփոթել է եւ Ադրբեջանի փոխարեն ասել է Հայաստան: Դրանից հետո իհարկե Մեթյու Բրայզան ներողություն չի խնդրել իր որեւէ շփոթության համար: Իհարկե, եղածը մի մեծ բան էլ չէ, բայց Բրայզան գոնե կարող էր ասել, որ ինքը շփոթվել է, քանի որ նա իբրեւ փորձված դիվանագետ պետք է հասկանա, թե տվյալ պարագայի իր շփոթությունն ինչպիսի լուրջ քաղաքական հայտարարություն է ստացվում: Սակայն Բրայզան դա չի անում, իսկ Էդվարդ Նալբանդյանն էլ Բրայզայի խոսքը համարելով շփոթություն, չգիտես ինչու չի հորդորում նրան ուղղել իր սխալը, որպեսզի հայ հասարակությունը չընկնի թյուրիմացության մեջ: Մյուս կողմից սակայն, թերեւս, Էդվարդ Նալբանդյանի, ինչպես որ ցանկացած հայ բարձրաստիճան պաշտոնյայի, գուցե թե վեջն էլ չէ, թե ինչի մեջ կընկնի հայ հասարակությունն ընդհանրապես: Առավել եւս, որ հայ հասարակությունն էլ չգիտես ինչու բացարձակապես անտարբեր է Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող անցուդարձին:

Մինչդեռ Բրայզայի հայտարարությունը եւ դրան պաշտոնական Երեւանի կիսաձայն եւ կիսատ արձագանքը փաստացի վկայում են, թե ինչ ուղղությամբ է Թուրքիայի օժանդակությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հետեւաբար անգամ օժանդակությունն այդ հարցում դառնում է բավական մտահոգիչ: Եթե Հայաստանի իշխանությունը չի գտնում հայ-թուրքական հարաբերության կարգավորման այլ տարբերակ, քան Ղարաբաղի հարցում զիջման գնալը, ապա թերեւս այդ կարգավորումը բացում է ոչ թե հայկական պետականության առաջընթացի, այլ նահանջի ճանապարհը, եւ Թուրքիայի ճանապարհը Հայաստանին տանում է ոչ թե Արեւմուտք, այլ մայրամուտ:

Այնպես որ, թերեւս էականն այն չէ` Թուրքիան միջնորդություն, թե օժանդակություն է իրականացնում Ղարաբաղի հարցում: Էականն այն է, թե Թուրքիան ում է այդ հարցում օժանդակում: Իսկ տվյալ պարագայում ստացվում է, որ Թուրքիան օժանդակում է Ադրբեջանին: Սրա շնորհիվ միգուցե կարգավորվի հայ-թուրքական հարաբերությունը: Սակայն խնդիրն այժմ այն է, թե հայ հասարակությունը, հայկական պետությունը, հայ հասարակական-քաղաքական միտքն ընդհանրապես, ինչն է համարում առաջնայինը` Ղարաբաղի հարցը, թե հայ-թուրքական հարաբերությունը: Միգուցե շատ պարզունակ է այդ հարցերը դնել համեմատության մեջ: Սակայն իրավիճակն այսօր կարծես թե այնպիսին է, որ առաջացել է այդ երկու հարցերի մեջ առաջնահերթը եւ կարեւորագույնն ընտրելու անհրաժեշտություն` հայ-թուրքականի համար զիջել Ղարաբաղի դեպքում, թե Ղարաբաղի համար զոհել հայ-թուրքականը: Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կարծես թե խնդիրը տեղավորել է հենց այդ կամ-կամի շրջանակում, ըստ երեւույթին կանգնած լինելով սեփական իշխանության կամ-կամի փաստի առաջ: Մինչդեռ այդ հարցերը Հայաստան պետության ապագայի համար, ըստ ամենայնի, ունենալու են վճռորոշ, թերեւս ճակատագրական ազդեցություն: Միգուցե հասարակական-քաղաքական միտքը գտնում է, կամ ունի տարբերակ, որը հնարավորություն է տալիս խնդիրը ավելի լայն դիտարկելով դուրս բերել կամ-կամի շրջանակից: Այդ դեպքում սակայն պետք է հասարակությունն ու քաղաքական հանրույթը տեր կանգնի իր այդ մտքին եւ թույլ չտա, որ իշխանությունը սահմանափակի ընտրության հնարավորությունն ու գործողությունների սահմանը:

Հակոբ Բադալյան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: