| |
Ինչից Փրկվեց Սահակաշվիլին
lragir.am 26/06/09
Չգիտեմ Դաշնակցությունն ինչպես, բայց Կիրո Մանոյանը թերեւս այլեւս
“մկրտված” ընդդիմադիր է, քանի որ արժանացել է կարմիր բերետավորների բազկին: Այդ
բանն ինչպես հայտնի է տեղի ունեցավ հունիսի 25-ին, Արմենիա Մարիոտ հյուրանոցի
մերձակայքում, որտեղ բախվեցին Ջավախքի պաշտպանության մարտիկներն ու կարմիր
բերետավորները: Բերետավորները նրանց թույլ չտվեցին ցույց անել հյուրանոցի դիմաց,
ուր հանգրվանել էր Հայաստան այցելած Միխայիլ Սահակաշվիլին: Այնպես որ, Կիրո
Մանոյանն այժմ երեւի թե ավելի շատ Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներին է մոտ,
քան ՀՅԴ-ին, որի Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատուն է: Բայց
կատարվածի մեջ Կիրո Մանոյանն իհարկե ընդամենը մի դրվագ էր, մի գործող անձ, որը
հերոսանալուց ընդամենը կես քայլի վրա էր: Այ եթե նրան նաեւ ձերբակալեին, ապա
կարելի էր վստահաբար պնդել, որ նախագահի հաջորդ ընտրությանը ՀՅԴ թեկնածուն
անտարակույս լինելու էր Կիրո Մանոյանը:
Բայց խնդիրը իհարկե դա չէ: Այսինքն դա Դաշնակցության խնդիրն է, ոչ թե Ջավախքի:
Ջավախքի խնդիր կատարվածի մեջ կարծես թե ընդհանրապես չկա: Եթե մի քանի տասնյակ
ջավախքահայ ցույց են անում Երեւանում, Վրաստանի նախագահի հանգրվանավայրի դեմ,
դա դեռ ամենեւին չի նշանակում,
որ մեջտեղն առկա է Ջավախքի խնդիր: Խնդիրը թերեւս բոլորովին այլ էր: Բանն այն է,
որ Հայաստանի հեռուստաընկերությունները բավականին սիրով եւ կարծես թե բավականին
մանրամասնությամբ էին ցուցադրում, թե ինչպես են Երեւանում ոստիկանները քշում
ցուցարարներին, քշում ու քաշքշում, տեղ տեղ նույնիսկ քաշքաշքշում: Զարմանալի է,
բայց օրինակ երբ ոստիկանները դա անում էին Հյուսիսային պողոտայում, արգելելով
քաղաքական զբոսանքները, որեւէ հեռուստաընկերություն չէր փորձում նույնիսկ խոսել
այդ մասին, ուր մնաց ցույց տալ: Իսկ այս դեպքում բոլորը մի մարդու նման
նկարահանում էին եւ ցույց տալիս, թե ինչպես են Ջավախքի հերոս պաշտպանները
դիմադրում ոստիկաններին:
Բնականաբար հարց է առաջանում, թե ում համար էր այս շոհուն: Արդյոք միայն նրա
համար, որ իքս պահին խաղի մեջ մտնի նաեւ Կիրո Մանոյանն ու Դաշնակցության համար
ընդդիմադիր “մյուռոն” ընդունի, թե նաեւ Սահակաշվիլիին ցույց տալու համար, թե
տես ինչքան անկեղծ եւ ազնիվ բարեկամ է Սերժ Սարգսյանը, որ պատրաստ է
ոստիկանությամբ ապահովել քո հանգիստը Երեւանում, որ փորձում են խանգարել
Ջավախքի խնդրով մտահոգ քաղաքացիները: Իսկ նրանք իրենց դերը կարծես թե շատ լավ
կատարեցին, աղմկեցին, նույնիսկ փողոցային սյունը գրկեցին, չգիտես` սյունը տեղից
պոկելու եւ ոստիկաններից պաշտպանվելու, թե իրենց տեղից պոկելը ոստիկաններին
թույլ չտալու համար:
Հիմա Սահակաշվիլին կհասկանա, թե իրեն ինչից է փրկում Սերժ Սարգսյանը: Եթե նա
չլինի, ապա ցուցարարները երեւի Սահակաշվիլու հետեւից մինչեւ Թբիլիսի էլ կհասնեն:
Իսկ որ հասան այնտեղ, նրանց պահելն այլեւս անհնար կլինի, որովհետեւ այնտեղ հայ
ոստիկաններ չկան: Իսկ հայ ցուցարարին միայն հայ ոստիկանը կարող է պահել,
մյուսները չեն համարձակվի կանգնել հազարամյա քաղաքակրթության եւ պատմական
արդարության դիմաց:
Հակոբ Բադալյան
|