| |
ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ
lragir 15/10/09

Հայ-թուրքական հարաբերության համատեքստում քննարկվող թեմաներից մեկն
այն է, թե արդյոք հարաբերության հաստատումից հետո Թուրքիան կհրաժարվի
Կարս-Ախալքալակ երկաթուղու շինարարության մտքից: Բանն այն է, որ եթե բացվի
Կարս-Գյումրի երկաթուղին, ապա Կարս-Ախալքալակի իմաստը պարզապես կորում է:
Այդպես են գնահատում իրավիճակը որոշ մեկնաբաններ: Այդ գնահատականը, որ առաջին
հայացքից թվում է տրամաբանական, իրականում կարծես թե բացարձակապես չի
համապատասխանում առկա իրադրությանը: Բանն այն է, որ Թուրքիան թերեւս միայն մի
դեպքում կհրաժարվի Կարս-Ախալքալակից` եթե հայ-թուրքական հարաբերությանը
“զուգահեռ” կարգավորվի նաեւ Ղարաբաղի հակամարտությունն ու Ադրբեջանը սկսի
ենթակառուցվածքային առումով հարաբերվել Հայաստանի հետ: Հակառակ պարագայում
Կարս-Գյումրի երկաթուղին չի կարող լինել այն, ինչ Կարս-Ախալքալակի իմաստն է:
Իհարկե, Կարս-Ախալքալակի բուն իմաստը համարվում էր Հայաստանի շրջափակման
խորացումը, ինչը կարելի է անվավեր համարել հայ-թուրքական հարաբերության
հաստատումից հետո, բայց, միամիտ կլիներ կարծել, որ միայն Հայաստանի շրջափակման
խորացման համար թուրքերն ու ադրբեջանցիները ծախսեին այդքան միլիոններ:
Երկաթուղին նրանց պետք էր նաեւ տարածաշրջանային զարգացումների վրա իրենց
ազդեցիկությունը բարձրացնելու համար, ինչի պատճառով էլ, չնայած միջազգային
հանրության ֆինանսական աջակցության բացակայությանը, թուրքերն ու ադրբեջանցիները
որոշեցին այդուհանդերձ կառուցել երկաթուղին: Հետեւաբար, քիչ հավանական է, որ
Կարս-Գյումրիի հնարավոր վերագործարկումը կանխի Կարս-Ախալքալակի իրագործման
ուղղությամբ թուրք-ադրբեջանական ջանքը:
Այդ ամենից բացի, խնդիրն այն է, որ Թուրքիան հազիվ թե մտքում չունենա ապագայում
Հայաստանի հետ հարաբերության վատացման եւ սահմանի փակման որեւէ տարբերակ:
Կարս-Ախալքալակը Թուրքիային հնարավորություն կտա հանգիստ փակել Կարս-Գյումրին,
եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, քանի որ կա Կարս-Ախալքալակը եւ
Կարս-Գյումրիի փակումը կանդրադառնա Հայաստանի, բայց ոչ տարածաշրջանի վրա:
Այնպես որ, միամիտ է կարծել, թե թուրքական դիվանագիտությունը դրսեւորելու է
ուղղագիծ եւ միագիծ մտածողություն ու դադարեցնելու է Կարս-Ախալքալակի
կառուցումը, հրաժարվելու է այդ մտադրությունից: Միգուցե այն փոքր ինչ դանդաղի,
առավել եւս, որ ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամը գուցե զգալի
ազդեցություն ունի նաեւ այդ նախագծի իրականացման վրա, քանի որ ամբողջ
ծանրությունը թուրք-ադրբեջանական ուսերին է: Բայց միեւնույն է, եթե չի
կարգավորվում Ղարաբաղի հակամարտությունն այնպես, ինչպես կկամենար
թուրք-ադրբեջանական տանդեմը, ապա Կարս-Ախալքալակի մասին մոռանալու ակնկալիքը
բացարձակ միամտություն է; Էլ չասած այն մասին, որ նույնիսկ ինչ որ կարգավորման
դեպքում Կարս-Ախալքալակը կարեւոր է թուրք-ադրբեջանական մարտավարության
տեսանկյունից, քանի որ նրանց համար տարածաշրջանում Հայաստանի հետ հարաբերության
առումով ապահովում է զգալի ճկունություն եւ ազատություն:
Ավելին, պետք չէ նույնիսկ բացառել, որ Հայաստանն ապաշրջափակելուց հետո թուրքերը
կարողանան միջազգային հանրությանը համոզել, որ Կարս-Ախալքալակն այլեւս չունի
Հայաստանը մեկուսացնելու նպատակ, այլ ընդամենը լրացուցիչ ենթակառուցվածք է մոտ
ապագայում տարածաշրջանային ջերմեռանդ եղբայրության անսահման
բեռնաշրջանառությունը անխափան ապահովելու համար, եւ Կարս-Ախալքալակի կառուցման
համար վերջապես կորզել այդքան անհրաժեշտ միջազգային միլիոնները:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ |