Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ

lragir 15/10/09

Հասարակության մեջ շատ են կասկածները, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման ներկայիս գործընթացի դեմ հանդես եկող քաղաքական ուժերին կառավարում է իշխանությունը: Այդ ուժերի զգալի մասի, եւ այդ շարժումը գլխավորող Դաշնակցության գործողությունները կարծես թե լիովին արդարացնում են այդ կասկածները, քանի որ չնայած իրենց բողոքին, այդ ուժերի զգալի մասն ու հենց Դաշնակցությունը կարծես թե խուսափում են քննադատության անմիջական նշանառությունը Սերժ Սարգսյանին ուղղելուց: Բայց գուցե այդ կասկածները հիմնավոր լինելով, այդուհանդերձ չեն համապատասխանում իրականությանը, պարզապես Դաշնակցությունն է իշխանության հետ հարաբերության հարցում զգույշ: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է Դաշնակցությունն իշխանության հետ ավելի զգույշ, քան հասարակության հետ: Չէ որ հասարակությունը պակաս դյուրազգաց չէ, քան իշխանությունը: Իհարկե, հասարակությունը ռեպրեսիվ մեքենա չունի, որ իր հանդեպ անզգույշ գտնված ուժին պատժի այս կամ այն ձեւով, բայց հասարակությունն էլ ունի պատժի իր մեխանիզմները, որոնք նյութական չեն, սակայն շատ ավելի առարկայական են, եթե քաղաքական ուժի նպատակը քաղաքականության մեջ նշանակալի սուբյեկտ լինելն է:
 
Չի բացառվում նաեւ, որ իշխանությունը պարզապես գիտակցելով իրավիճակի նրբությունը, փորձում է Դաշնակցության այդ  զգուշությունը ծառայեցնել իր օգտին եւ նաեւ Դաշնակցությանը գնահատող հայտարարություններով խորացնել կասկածը, որ այդ ամենն իշխանության սցենարն է: Դա բնական է: Իշխանությունը փորձում է իրավիճակը ծառայեցնել իր օգտին: Խնդիրն այն է, թե ինչ է անում Դաշնակցությունը դա թույլ չտալու, իշխանության հետ գործակցության կասկածները ցրելու համար: Երբ ՀՅԴ առաջնորդներին այդ կապակցությամբ հարց կամ դիտողություն է արվում, նրանք պատասխանում են, թե բա ինչ անեն, որ երեւա իրենց բողոքի անկեղծությունը, հո անկեղծությունը նախագահի հրաժարականի պահանջով չի որոշվում: Դա իհարկե այդպես է: Հրաժարականի պահանջը անկեղծության չափանիշ չէ: Իշխանությունը կարող է նաեւ այդ պահանջը ներառել իր սցենարի մեջ, եթե ամեն ինչ իր սցենարով է: Դժվար է ընդհանրապես ասել, թե քաղաքականության մեջ որն է անկեղծության չափանիշը: Գուցե այդպիսին չկա: Գուցե քաղաքականության մեջ անկեղծություն էլ չկա: Պարզապես կա նպատակ, որին հասնելու համար քաղաքական ուժը ապավինում է այս կամ այն գործոնին: Ամբողջ խնդիրն այն է, թե որն է տվյալ ուժի նպատակը:
 
Ահա այդ հարցում է, որ հայ-թուրքական հարաբերության ներկայիս բովանդակության եւ ձեւի դեմ բողոքող ուժերը հասարակության առաջ անկեղծ չեն, կամ մինչեւ վերջ անկեղծ չեն, կամ իրենք էլ չեն գիտակցում, որ անկեղծ չեն: Հասարակությունը չի հասկանում, թե որն է բողոքի նպատակը: Առավել եւս չի հասկանում, երբ տեսնում է, որ հարաբերության կարգավորում կոչվող գործընթացը առաջ է գնում գրեթե երկրաչափական պրոգրեսիայով, իսկ ահա բողոքը նույն իներտ ընթացքի մեջ է: Արձանագրությունները դեռ չէին ստորագրվել` ՀՅԴ եւ մի քանի այլ ուժեր հայտարարում էին, որ ամեն ինչ կանեն ստորագրությունը կանխելու համար: Չկանխեցին, ու ըստ էության երթից բացի ուրիշ բան էլ չարեցին: Հիմա ասում են, որ ամեն ինչ կանեն վավերացումը կանխելու համար: Ով է հավատալու այդ գործի հաջողությանը: Երեւի թե ոչ ոք, եթե նույնիսկ Դաշնակցությունն օրական հինգ անգամ հայտարարի, որ կդիմի անգամ իշխանափոխության փորձին:
 
Այդ պայմաններում, Դաշնակցությունը եթե նույնիսկ իշխանափոխություն էլ անի, օրական հինգ անգամ, միեւնույն է, դրանից նրա հանդեպ հասարակության վստահությունը չի ավելանալու: Դաշնակցությունը, եւ ընդհանրապես որեւէ քաղաքական ուժ, եթե ցանկանում է հասարակության համար լինել ընկալելի եւ վստահելի, պետք է հստակ եւ հետեւողական լինի նախ եւ առաջ հասարակությանն անմիջականորեն հուզող խնդիրների հարցում: Իսկ դրանք առավելապես ներքին կյանքի կազմակերպմանը վերաբերող խնդիրներ են: Մինչդեռ տպավորությունն այն է, որ Դաշնակցությունը ոգեւորված է այն հանգամանքից, որ հազիվ առիթ է եկել ներքին կյանքը մի կողմ դնելու եւ հայ-թուրքականի մահանայով ընդդիմություն դառնալու: Այդպես ընդդիմություն չեն դառնում:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: