Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ղարաբաղը Հանձնելը Հետեվանք Է Հայաստանը Հանձնելուն 

Lragir.am 11/11/08

Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ հանրային ուշադրության գերբեւեռվածությունը առաջին հայացքից կարող է մեծ ճնշում թվալ Հայաստանի իշխանության համար: Իրականում պետք չէ բացառել, որ հասարակության ուշադրությունը գրեթե ամեն ինչից կտրելն ու Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա ուղղելը իշխանության համար կարող է լինել նույնիսկ նպաստավոր: Բանն այն է, որ այդպիսով զգալիորեն նվազում է ներքին կյանքի հանդեպ հասարակության պահանջկոտությունը: Թվում է, թե իշխանության համար շատ ավելի վտանգավոր է, երբ հասարակությունը պահանջկոտ լինի Ղարաբաղի հարցում: Սակայն այդ հարցում հասարակության պահանջկոտության կամ խստապահանջության լուրջ ալիք բարձրացնելու փորձը, որ օրինակ անում է ընդդիմությունը, փաստացի այդքան էլ չի պսակվում հաջողությամբ: Բանն այն է, որ Հայաստանի քաղաքացիների մեջ ձեւավորվել են մի քանի կարծրատիպեր, կամ մտքեր, որոնք արդեն իսկ անցել են կարծրացման որոշակի գործընթաց: Դրանցից մեկն այն է, որ խաղաղությունն ամենից վերն է եւ եթե Հայաստանը զիջման չգնա, կլինի պատերազմ: Մյուսն այն է, որ Հայաստանը լավ չի ապրի, քանի դեռ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ այդ կարծրատիպերը կամ կարծրացած մտքերը հանրությանը ներշնչելու գործում զգալի մասնակցություն եւ դեր է ունեցել ներկայիս ընդդիմությունը: Մինչդեռ թերեւս միայն այդ երկուսը բավական է, որ հասարակությունը մեծ վերապահումով մոտենա Ղարաբաղի հարցում իշխանության պարտվողականության մասին հայտարարություններին: Այդ իրավիճակում, հատկապես երբ իշխանությանն էլ հայտնի է, որ գերտերությունների շահերի հակասության շնորհիվ այս անգամ էլ հնարավոր է լինելու պահել ստատուս-քվոն, իշխանությանը միանգամայն ձեռնտու է, որ հասարակության ուշադրությունը լիովին, կամ առավելապես բեւեռացվում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Թերեւս դա էր նաեւ պատճառներից մեկը, որ Սերժ Սարգսյանն էլ Բելգիայում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մտել է ակտիվ փուլ: Բանն այն է, որ ներքին կյանքում Հայաստանի այսպես կոչված նոր իշխանությունը կարծես թե ձախողվում է կատարելապես: Սերժ Սարգսյանի նախագահության վեց-յոթ ամիսների ընթացքում իրենց բացարձակապես զգացնել չեն տվել երկրորդ սերնդի այն բարեփոխումները, ինչի մասին խոսում էր նախագահ դառնալ պատրաստվող Սերժ Սարգսյանն ու ինչը գրեթե թութակի պես կրկնում էին նրան շրջապատած ուժերը: Գրեթե ոչ մի շոշափելի ձեռքբերում չկա Հայաստանի առաջ ծառացած էական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ` տնտեսության ազատականացում, իշխանության եւ բիզնեսի տարանջատում, օրենքի առաջ հավասարություն, թափանցիկ եւ արդյունավետ կառավարում, տնտեսական աճի արդյունավետ բաշխում: Վեց-յոթ ամիսը, եւ նույնիսկ մեկ տարին գուցե բավարար չէ այդ ուղղությամբ էական առաջընթացի համար, սակայն դա միանգամայն բավարար ժամանակ է հանրությանը գործով համոզելու, որ այդ խնդիրները լուծելու իշխանության ցանկությունն անկեղծ է: Սերժ Սարգսյանը ակնհայտորեն չի կարողանում համոզել հանրությանը: Իսկ քանի որ չի կարողանում, ապա բնական է, որ լավագույն տարբերակը այդ ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը Ղարաբաղի վրա շեղելն է: Իշխանության հաշվարկն այդ առումով թերեւս հասարակության պատկերացումների եւ մի կարծրատիպային շեղումն է: Բանն այն է, որ հանրությունը կարծես թե մտածում է, որ քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը, անհնար է լինելու լուծել ներքին խնդիրները, քաղաքացիական, քաղաքական, տնտեսական իրավունքների եւ ազատությունների հարցերը: Մինչդեռ, եթե Հայաստանը անլուծելի է թողնում այդ հարցերը, առավել եւս, դրանց ուղղությամբ էական քայլերի բացակայությունը արդարացնում է Ղարաբաղի խնդրում դինամիկ եւ վճռորոշ զարգացումների մասին խոսակցությունների էսկալացիայով, ապա դա հենց կարող է Ղարաբաղի հարցում դառնալ ոչ հայանպաստ սրացումների պատճառ, կամ շարժառիթ: Այդ իսկ պատճառով, որքան որ Ղարաբաղի հարցում տեղի են ունենում լուրջ պրոցեսներ, այդքան հասարակությունը պետք է իշխանության հանդեպ պահանջկոտ եւ խստապահանջ դառնա ներքին կյանքի կազմակերպման հարցում: Հայաստանը Ղարաբաղի հարցում իր համար անցանկալի զարգացումը կարող է կանխել ոչ թե Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում կամ Մադրիդում, այլ բացառապես Հայաստանում: Բայց խոսքն այն մասին չէ, որ Հայաստանում հասարակությունը այդ անցանկալի զարգացումները կարող է կանխել Ղարաբաղը չհանձնելու կամ այդօրինակ այլ կոչերով: Մինչդեռ Ղարաբաղը հանձնելը ընդամենը հետեւանք է Հայաստանը հանձնելուն: Այսինքն, Ղարաբաղը պահելու համար անհրաժեշտ է ձեռք բերել Հայաստանը: Հայաստանը հետ վերցնել այն կրիմինալից, որի ձեռքում հայտնվել է:

Ջեյմս Հակոբյան                                                                                     

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: