| |
Ինչ Է
Շահում Կոնգրեսը
lragir 07/09/09
Պարզվում է, որ Գալուստ Սահակյանը հարգում է
Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ թույլ չի տա, որ որեւէ երիտասարդ հանրապետական
հայհոյի նրան, քանի որ նա մեր առաջին նախագահն է: Գալուստ Սահակյանի մոտ
հարգանքի այս հանկարծակի վերաբեռնումը՝ “ռեսթարթը” միանգամայն հասկանալի է: Նա
Լեւոն Տեր-Պետրոսյանին այդպես “հարգում էր” մեկ էլ նրա նախագահ եղած տարիներին,
ինչպես նաեւ նախագահ չեղած տարիներին, մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 26-ը,
երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ տասնամյա լռությունից հետո առաջին
հանրահավաքում, հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին:
Դրանից հետո Գալուստ Սահակյանի հարգանքը “կախվեց”, իսկ որեւէ երիտհանրապետականի
Սահակյանը չէր արգելում Լեւոն Տեր-Պետրոսյանին որեւէ բան ասել:
Հիմա պարզվում է, Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, ու Գալուստ Սահակյանը
հարգում է նրան: Պարզ է, թե ինչն-ինչոց է հարգանքի այս դրսեւորման հարցում:
Գալուստ Սահակյանը, որպես իշխանությանն ականջալուր լինելու տարիների
փորձառություն ունեցող գործիչ, ներքին ինչ որ վեցերորդ զգայարանով, որն ըստ
հերթականության նրա մոտ գուցե հենց առաջինն է, զգում է, թե ինչ տրամադրություն
պետք է հաղորդել քաղաքական ներկայիս պահին: Հայ ազգային կոնգրեսը, որ
գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, բավական լոյալ է արձագանքել իշխանության
ֆուտբոլային դիվանագիտության օգոստոսի 31-ի հանգրվանին, երբ գաղտնազերծվեցին
հայ-թուրքական արձանագրությունների տեքստերը: Կոնգրեսի հայտարարությունը
ընթերցելիս նույնիսկ դժվար կլիներ կռահել, որ դա երկրի հիմնական կամ առավել եւս
միակ ընդդիմություն հանդիսացող ուժի հայտարարությունն է, եթե հայտարարությունից
հանվեին կոնգրեսի մասին հիշատակումները:
Դա իհարկե կոնգրեսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդիրն է, թե ինչպես արձագանքի
ֆուտբոլային դիվանագիտությանը: Չես կարող դատապարտել նրանց, եթե տալիս են
իսկապես իրենց մտածողությունից եւ արժեհամակարգից, քաղաքականության եւ
աշխարհաքաղաքականության իրենց պատկերացումներից բխող արձագանք, քանի որ նրանց
արարքի մեջ չկա անօրինականություն եւ անիրավություն: Բայց այդ ամենն ընդունելով
հանդերձ, հարց է առաջանում, թե արդյոք, ի վերջո, Գալուստ Սահակյանի հարգանքից
բացի, ինչ է ստանում Հայ ազգային կոնգրեսն իր այդ դիրքորոշումով: Սակայն դա էլ
Կոնգրեսի խնդիրն է: Գուցե կոնգրեսն ու նրա առաջնորդը, կամ միայն նրա առաջնորդը,
գիտեն բաներ, որոնք չգիտեն շարքային քաղաքացիները, եւ հետեւաբար լավ չեն
պատկերացնում եւ ընկալում այդ իմացությունից բխող իմաստուն որոշումները:
Պարզապես այդ ամենը ստեղծել է մի իրավիճակ, երբ թե իշխանությունը, թե
ընդդիմությունը, կառուցվում են եւ գործում են միեւնույն տրամաբանության վրա՝
“նա մի բան գիտե, որ անում է”: Իշխանությունը դա ասում է Սերժ Սարգսյանի համար,
ընդդիմությունը դա ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանի համար:
Այսինքն, քաղաքացիները ընդդիմությունից եւ իշխանությունից, երկրի համար
կարեւորագույն ժամանակահատվածում, կարեւոր եւ լուրջ խնդրի կապակցությամբ, լսում
են փաստացի նույն սկզբունքի հիման վրա կառուցված խոսքեր՝ “նա (իշխանության
դեպքում Սերժ Սարգսյանը, ընդդիմության դեպքում Տեր-Պետրոսյանը) մի բան գիտե, որ
անում է, վստահեք նրան”: Ինչ պետք է մտածի քաղաքացին այդ ամենից հետո, նույնիսկ
այն դեպքում, երբ սեպտեմբերի 18-ի հանրահավաքն ու երթը, ի նշան երեւի թե
հարգանքի, քաղաքապետարանը արտոնում է: Երեւի թե Գագիկ Բեգլարյանն էլ սկսել է
հարգել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որպես առաջին նախագահ: Ինչպես երեւում է, Լեւոն
Տեր-Պետրոսյանը կամաց-կամաց “դառնում” է ավելի շատ առաջին նախագահ, քան
համաժողովրդական շարժման առաջնորդ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ |