|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Օտարությունից Ազատագրված Տարածքները Պիտի Ազատագրվեն Նաեվ Օտարացումից Ազատագրված տարածքների ամենատարբեր բնակավայրեր պարբերական այցելությունների շնորհիվ մեր հայրենակիցների տրամադրությանն ու հոգեբանությանը ծանոթանալով, ինչպես նաեւ տարիներ շարունակ Քաշաթաղի եւ, չգիտես ինչու, Շահումյանի շրջան վերանվանված Քարվաճառի շրջանների ղեկավարների վարած քաղաքականության, նորանկախ երկրի ղեկավարների վերաբերմունքի եւ արցախյան հանրության ներսում շրջանառվող մի շարք կարծրատիպերի ուսումնասիրությունը մեզ ստիպել է հանդես գալ սույն հոդվածով: Ազատագրված տարածքների վերաբնակեցման առաջին փուլից հետո անհասկանալի պատճառներով նվազել է այս հայրենաշեն առաքելության կարեւորությունը, շրջանների նկատմամբ ոչ հոգատար վերաբերմունքն աստիճանաբար վերաճել է խափանման քաղաքականության, ինչի հետեւանքով ազատագրված տարածքները զգալիորեն տուժել են, վերաբնակեցման գործընթացն, ըստ էության, դադարեցվել է, ավելին՝ այս տարածքներից բնակչության մեծ արտահոսք է եղել: Կատարվածի վերլուծությունը, մեր սեփական դիտարկումներն ու շահագրգիռ մարդկանց հետ մեր խորհրդատվությունները մեզ բերել են այն եզրահանգման, որ ազատագրված տարածքների նկատմամբ մեր պետության վերաբերմունքի փոփոխումն օրվա հրամայականն է: Այլապես կարող ենք մեր իսկ մեղքով կասկածի տակ դնել հայության համար անգնահատելի պատմական-ռազմական-մշակութային-մարտավարական-ռազմավարական նշանակություն ունեցող այս տեղաշրջանի ապագան:
Ակնկալում ենք, որ արցախյան հանրության շահագրգիռ քննարկմանը
կարժանանան մեր դիտարկումներն ու առաջարկությունները: Յուրաքանչյուր մարդ ունի Հայրենիք ունենալու իրավունք: Արդյո՞ք Հայրենիք են ազատագրված տարածքները, թե՞ ոչ: Դրանից ելնելով՝ ազատագրե՞լ ենք, թե՞ գրավել այդ տարածքները: Այսօր ամենաբարձր մակարդակներով սերմանվում է այն միտքը, որ այդ տարածքները պարզապես նորանկախ երկրի՝ ԼՂՀ-ի անվտանգության գոտին են, ավելին՝ որ պատերազմական գործողությունների հենց սկզբից էլ մենք ծրագրել էինք ստեղծել նման գոտի՝ հետագայում մեր անկախության ճանաչման պայմանով բանակցությունների սեղանի շուրջ այդ տարածքների վերջնական ճակատագիրը որոշարկելու համար: Ի գիտություն ոչ տեղյակ մարդկանց՝ հիշեցնենք, որ այդ տարածքները մեր պատմական հայրենիքն են: Հայկական տարրը Քարվաճառ-Քաշաթաղը վերջնականապես լքել է 18-րդ դարում, պատմական տեսանկյունից՝ բոլորովին վերջերս: Ամբողջ ազատագրված տարածքներում ցիրուցան եղած հազարավոր պատմական հուշարձաններ եւ մասունքներ կան, որոնք հարյուրավոր տարիների մեթոդական ոչնչացումից հետո էլի մնացել են եւ վկայում են տարածքի հայկական լինելու մասին: Աշխարհագրական տեսակետից ազատագրված տարածքները Հայկական լեռնաշխարհի՝ հայության բնօրրանի բնական սահմաններից՝ Արաքս-Կուր գետերից ներս ընկած տարածքներ են: Ազատագրված տարածքները մեր Հայրենիքի կորսված հատվածն է, որը Արցախյան ազատամարտի արդյունքում վերամիավորվել է մայր Հայրենիքին: Սա մեր հայրենիքն է, ինչի ընկալումը ապրեցնող է: Տեղացիները շատ դիպուկ բնորոշել են այս հանգամանքի կարեւորությունը՝ «որ իմանում ես սա քո պատմական հայրենիքն է, որ քո իսկ պապերն են այստեղ ապրել ու արարել՝ ավելի վստահ ես զգում քեզ, ավելի ես կապվում այս հողի հետ»: Իսկապես, մի բան է անվտանգության գոտու բնակիչ լինել, մեկ այլ բան՝ հայրենիքը շենացնող մարդ: Հայրենիք Եվ Քաղաքացիություն ԼՂՀ (ՀՀ) քաղաքացիությունը հայերի բնական եւ անօտարելի իրավունքն է: Տարածքը դառնում է Հայրենիքի լիիրավ մաս, երբ այն ամբողջությամբ, առանց որեւէ բացթողումների, յուրացվում է, գիտակցվում է, նկարագրվում է, ընկալվում է ազգի կոլեկտիվ գիտակցության մեջ: Դրա համար այն պետք է բնակեցնել ու բնակեցնել: Պահել ու չբնակեցնելը ենթադրում է ինչ- որ միջազգային առեւտուր: Դրա համար էլ անվերադարձ դարձնելու համար ազատագրված տարածքների ճակատագիրը՝ պետք է դրանք բնակեցնել ամբողջությամբ: Իսկ բնակեցումը պիտի սկսել քաղաքացիության շնորհումից: Ապշեցուցիչ է, բայց փաստ՝ անկախության հռչակումից անգամ 17 տարի անց մենք (ԼՂՀ-ում) չունենք քաղաքացիության մասին օրենք: Ինչ վերաբերվում է վերաբնակիչներին, ապա հիմնականում նրանք քաղաքացիություն չունեն: Ավելին՝ շատերը նույնիսկ մշտական եւ ժամանակավոր գրանցում չունեն, ինչը նրանց զրկում է ընտրելու եւ ընտրվելու իրավունքից: Մեր կարծիքով՝ ազատագրված տարածքներում ապրողներն անվերապահորեն պիտի ստանան ԼՂՀ քաղաքացիություն եւ այս հարցում նրանց մշտական հաշվառման վայրը չպիտի խոչընդոտ հանդիսանա: Քաղաքացիություն ստանալուց հետո էլ նրանք պիտի օժտվեն հողի եւ գույքի նկատմամբ սեփականության իրավունքով, այսինքն՝ ունենան այն բոլոր իրավունքները, որ ունեն ԼՂՀ մյուս քաղաքացիները: Ազատագրված Տարածքները Ռազմական Բացառիկ Նշանակություն Ունեն Ամեն ինչից զատ՝ ազատագրված տարածքները ռազմական բացառիկ նշանակություն ունեն, առանց որոնց երկու հայկական պետությունների անվտանգության համակարգը թերի ու խոցելի կլինի: Ընդ որում՝ այդ տարածքներն ապահովում են մեր անվտանգության բազմատարրությունը թե հաղորդակցական եւ թե պաշտպանական առումներով: Քարվաճառն, օրինակ, բնական, անձեռակերտ ու անառիկ միջնաբերդ-ամրոց է: Աստված մի այնպիսի հրաշակերտ, բազմաանվտանգ, բազմածալ, բազմաշերտ ու բազմախորունկ ամրոց է ստեղծել, որ մարդու միտքը երբեւէ չի կարող մրցակցել դրա հետ: Հարթավայրային տարածքների բնակեցումն առաջին հերթին պաշտպանական-ռազմական նշանակություն ունի: Ինչպե՞ս պիտի արվի այդ բնակեցումը: Մեր կարծիքով՝ ներկայիս քաղաքականությունն անբավարար է ու ոչ լիարժեք: Կարծում ենք, որ շատ ավելի նպատակահարմար կլիներ այստեղ տեղակայվող զորամասերում ծառայող սպայական կազմի եւ պայմանագրային զինծառայողների համար բնակարանային լիարժեք պայմանների ապահովումը: Օբյեկտիվ իրավիճակը թելադրում է, որ մենք բանակը մասամբ անցկացնենք պայմանագրային ծառայության: Այսպես՝ շուտով բանակ կզորակոչվեն 1990-ականներին ծնված տղաները, ովքեր քանակով կրկնակի պակաս են 1980-ականներին ծնվածներից: Բացը, բնականաբար, լրացվելու է պայմանագրային ծառայողների հաշվին: Եթե զուգահեռաբար պայմանագրային ծառայողների համար բնակարանաշինություն արվի, ապա կարելի է ԼՂՀ համար կարեւորագույն երկու հարցերը՝ պաշտպանությունը եւ վերաբնակեցումը համատեղ եւ արդյունավետ լուծել: Բայց սա հնարավոր է անել այդ տարածքների նկատմամբ մեր իսկ վերաբերմունքի ելակետը պարզելուց հետո միայն: Ղարաբաղյան կարգավորման մեզ առաջարկված բոլոր տարբերակներում էլ ամրագրված է ազատագրված տարածքների վերադարձը: Որքան էլ տարօրինակ լինի, բայց մեր ղեկավարներն ու գեներալիտետը երբեւէ չեն ժխտել այս հանգամանքը, չեն ժխտել, քանի որ իրենց իսկ ջանքերով հայ հանրությունը շատ հանգիստ, ուղղակի օլիմպիական հանգստությամբ է վերաբերվում դրան: Նրա ուղեղն են մտցրել այն միտքը, որ տարածքների հանձնմամբ կապահովվի մեր անվտանգությունը: Այսօր շփման գծում հարաբերական անդորրը պահպանվում է կողմերի ռազմական հավասարակշռության շնորհիվ: Պարզից էլ պարզ է, որ այդ հավասարակշռության խախտումն էլ հենց պատերազմի վերսկսման հիմնական պատճառը կարող է լինել: Այսինքն, ավելի պարզ ասած՝ մեր անվտանգության երաշխիքը հանդիսացող տարածքների հանձնմամբ մենք մեզ մերձեցնելու ենք ոչ թե խաղաղությանը, այլ պատերազմին, քանի որ մեծ է լինելու թույլին պատժելու գայթակղությունը: Իշխանությունը Պիտի Հայեցակարգ Ունենա Ազատագրված տարածքների բնակեցման ուղղությամբ քիչ գործ չի արվել, բայց քանի որ այն առավելապես իրականացվել է առանց հեռագնա հստակ ծրագրի, ապա արդյունքները ցանկալիից շատ են հեռու: Հատկանշական է, որ ս.թ. մարտին «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Քաշաթաղի զարգացման միջազգային խորհրդաժողովի ժամանակ նույնինքը՝ Ջեյմս Թուֆենկյանը, ԼՂՀ ղեկավարության ներկայությամբ մաքուր սպիտակ թուղթը ցույց տալով, ասել էր՝ «Սա Քաշաթաղի շրջանի այս 15 տարիների զարգացումն է», հավելելով, որ շրջանում մաքուր թղթից պիտի սկսվի ամեն ինչ: Եւ առարկություններ չեղան այն ժամանակ: Քաշաթաղում կայացած նույն խորհրդաժողովում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է. «Գիտակցելով Քաշաթաղի թե° քաղաքական եւ թե° տնտեսական կարեւորությունը, բոլորս միասին պետք է ձեռնամուխ լինենք շրջանի զարգացման գործին, ստեղծենք կայուն ու մրցունակ տնտեսություն, բարձրացնենք բնակչության կենսամակարդակը, բարելավենք մարդկանց կենսապայմանները: Դա է այսօրվա հրամայականը, եւ դա են պահանջում մեր ազգային անվտանգության շահերը»: Նախագահը, կարեւորելով շրջանում վերաբնակեցման քաղաքականության վերանայումը, շեշտել է, որ ուժեղ, զարգացած ու վերաբնակեցված Քաշաթաղի առկայությունը կայուն նախադրյալներ կստեղծի նաեւ ավելի ամրացնելու մեր դիրքերն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ ճակատային գծում, դարձնելով այն առավել պաշտպանված ու անվտանգ: «Ելնելով մեր ազգային ռազմավարության շահերից՝ ԼՂՀ իշխանությունը նպատակ ունի հզորացնել Քաշաթաղի շրջանը»,- տեղեկացրել է երկրի նախագահը: Ամեն ինչ ճիշտ է ասված, սակայն խնդիրը կայանում է, որ խորհրդաժողովից մոտ կես տարի անց եւս որեւիցե դրական տեղաշարժ չկա այս ուղղությամբ, ավելին՝ նորերս էլ լուծարվել է Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը: Մեծ հաշվով կարեւորը նույնիսկ կառուցվածքային համապատասխանությունը չէ, այլ տարվող քաղաքականության էությունը: Ի վերջո, կարելի է ոչինչ չանել մի քանի վարչությունների առկայությամբ, եւ ընդհակառակը՝ լուրջ միջոցներ ձեռնարկել առանց հատուկ կառուցվածքային փոփոխությունների: Սակայն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ հենց տարվող քաղաքականությունն էլ, մեղմ ասած, ոչ լիարժեք է: Իսկ դա այդպես է եւ այդպիսին է լինելու, քանի դեռ պետությունը չունի ազատագրված տարածքների զարգացման ծրագիր-հայեցակարգ՝ ընդունված հանրության համաձայնությամբ ու շահագրգիռ քննարկումների հիման վրա: Տնտեսական Զարգացման Նոր Մոդել Եվ Լոկալ Օֆշորային Գոտիներ Ազատագրված տարածքները կարելի է զարգացնել՝ փոխելով տնտեսական զարգացման մարտավարությունը: Ավանդական մեթոդներն ու եղանակներն այստեղ անբավարար են, հարկ է նոր ու հնարամիտ մոտեցումներ որդեգրել: Կարծում ենք, ընդունելի է տնտեսական ազատ տարածքների՝ օֆշորային գոտիների տարբերակը, ընդ որում՝ ոչ թե ամբողջ շրջանը կամ շրջանները, այլ այս կամ այն շրջանի այս կամ այն կարեւոր տարածքում լոկալ օֆշորային գոտիների ստեղծումը, ինչը կնպաստի եւ կապիտալի ներհոսքին, եւ նոր աշխատատեղերի բացմանը: Կարծում ենք՝ շուկայական տնտեսության մեզ մոտ դեռ ամբողջովին չձեւավորված համակարգին անհարիր չէ պետական միջամտության ու հոգածության հանգամանքը: Կարելի է այստեղ զարգացնել տնտեսության պետական սեգմենտը: Մասնավորապես, առաջին փուլում պետությունը կարող է իր վրա վերցնել գյուղմթերքների վերամշակման գործը, ինչպես նաեւ էապես նպաստել արտադրանքի իրացմանն ու շուկայի հայտնաբերմանը: Հաղորդակցության Նոր Համակարգ Կարեւորագույն հարց է մեր հաղորդակցության ցանցի մեջ ավելացնել Քարվաճառ-Քաշաթաղ-Արաքսի ափ ռազմավարական ճանապարհը: Հայաստանի (ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միասին) հարավային մասի իրար զուգահեռաբար անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհների՝ 1) Երեւան-Վայք-Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի, 2) ԼՂՀ Հյուսիս-Հարավ՝ Դրմբոն-Ստեփանակերտ- Կարմիր Շուկա-Հադրութ-Ջեբրայիլ, 3) Մարտակերտ-Աղդամ-Մարտունի- Ֆիզուլի-Հորադիզ, արանքում գտնվելով այն լրիվ պաշտպանված է արեւելքից եւ արեւմուտքից ու հնարավոր ռազմական հակամարտության դեպքում անգնահատելի դեր կխաղա զորքերի տեղաշարժի համար: Անհրաժեշտ է ամբողջականորեն բնակեցնել այդ ճանապարհի հյուսիսային հատվածի առանցքային գյուղերը՝ Թութխուն (Քարվաճառի տարածքում), Հայթաղ, Արախիշ, Մովսեսաշեն, Վազգենաշեն: Առանց այդ բնակավայրերի ամբողջական եւ հիմնավոր բնակեցման հնարավոր չէ ճանապարհը մշտապես գործող վիճակում պահել: Կապիտալ Շինարարությունը Պիտի Հասցեագրված Լինի, Եվ Հարկ Է Խուսափել Արհեստական Բնակավայրերից Մեզ մոտ ընդունված է վերաբնակեցման մասին խոսելիս առաջին հերթին կապիտալ շինարարությունը մատնացույց անելը: Սակայն շինարարություն անելն ու բնակեցնելը տարբեր բաներ են, ու ոչ մի կապ, ըստ էության, չունեն իրար հետ: Այսինքն՝ եթե դու ինչ-որ տեղ տուն ես կառուցում ու ասում՝ այստեղ պետք է բերենք մարդ ապրեցնենք, այդ մարդը դառնում է այդ տան կահույքի մի մասը, որովհետեւ ինքը չի մասնակցում այդ պրոցեսին, ինքն ուղղակի դառնում է գործիք: Այս դեպքում բնակեցում ասածը հաստատ չի ստացվի: Այսինքն՝ շատ կարեւոր է այդ տարածքում բնակեցվող մարդկանց մասնակից դարձնել այդ գործընթացին: Եթե մարդ ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվել, պարզ է, որ ամենալավ հողերը պիտի տաս, ոչ թե ամենալավ հողերը տաս ինչ-որ օլիգարխի, որպեսզի նա մշակի, այդ վերաբնակին էլ տանես մի անապատ տեղ: Պետք է լայնորեն կիրառել պետական անտոկոս հիփոթեքային վարկերը, որպեսզի արդեն տարածքում ապրող բնակիչներն իրենք իրենց տները կառուցեն: Դրանով մենք կխնայենք պետական միջոցները եւ լայնածավալ կդարձնենք բնակարանաշինությունն ազատագրված տարածքներում: Հոգեբանական Օֆշոր Այցելելով Քաշաթաղի շրջան՝ հայտնի բարերար Ջեյմս Թուֆենկյանն այն անվանել է կովբոյի երկիր: Այսպիսին է եղել նրա առաջին տպավորությունը, ազատ մարդու տպավորությունը: Իսկ վերոնշյալ՝ Բերձորում կայացած Քաշաթաղի շրջանի զարգացման համահայկական առաջին խորհրդաժողովի հայտարարության մեջ էլ հատուկ շեշտվում է՝ «խոնարհվելով շրջանում բնակվող մարդկանց տղամարդկության առջեւ»: Իրոք որ՝ այդպես է: Միչդեռ այսօր մենք ուզում ենք մեր վարչա-հրամայական պրոկրուստյան մահճում զոռով տեղավորել խոնարհման արժանի տղամարդկանց, մեր կովբոյներին, ուզում ենք կախյալ ու «կառավարելի» դարձնել նրանց, իմա՝ սանձել կովբոյներին: Մեզ հասու չի դառնում այն պարզ ճշմարտությունը, որ ազատագրված տարածքներում կամ ապրելու են ազատ մարդիկ, կամ ոչ ոք չի ապրելու: Ծանրագույն պայմաններում Հայրենիք պահողը արժանի է գոնե ազատության: Մարդկանց այստեղ բերողը բնությունից տրվող ու բնության կողմից ամեն օր ներշնչվող ազատության գաղափարն է: Մարդիկ ուզում են ազատ ու արժանապատիվ ապրել իրենց վերագտած հայրենիքում: Եւ համոզված են, որ միայն ազատ մարդը կարող է շենացնել երկիրը, ազատ մարդը կարող է պաշտպանել այն: Վերաբնակեցման քաղաքականության մեջ, կարծում ենք, առաջին հերթին այս հոգեբանական նրբերանգը պիտի հաշվի առնվի: Մարդիկ այստեղ անասելի ծանր պայմաններում հայրենիք են շենացնում, ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող տարածք են պահում-ամրապնդում, ուստի, մեղմ ասած, պետք չէ նրանց համար լրացուցիչ դժվարություններ ստեղծել, այլ պիտի պարզապես երջանիկ լինել, որ կան նման մարդիկ եւ պիտի աջակցել նրանց: Ազատ տնտեսական, օֆշորային գոտին, տնտեսական եւ այլ արտոնությունները, կապիտալի ու ձեռներեցության «գայթակղումը» ելքերից մեկն է, բայց ամենակարեւորն այստեղ հոգեբանական օֆշորն է, որպեսզի մարդիկ այստեղ կաշկանդված չլինեն: Մարդիկ այստեղ կամ ապրելու են հարուստ եւ ազատ, կամ էլ՝ պարզապես չեն ապրելու: Պիտի ոչ թե մարդկանց մեջքը կոտրել, այլ ամրապնդել թիկունքը: Իսկ վերաբնակեցման քաղաքականությունն էլ պիտի մարդամոտ ու մարդահենք լինի: Շրջանառվող Կարծրատիպեր Արցախյան հանրության մեջ շրջանառվում է այն թյուր կարծիքը, թե ազատագրված տարածքներում խառնամբոխ է ապրում, այլ ոչ թե բնակչություն կամ հանրություն: Մինչդեռ փաստն այն է, որ այստեղ նոր հանրություն է ձեւավորվում կամ արդեն իսկ ձեւավորվել է: Ընդ որում՝ դժվարագույն պայմաններում ձեւավորված այդ հանրությունը բնական ընտրության շնորհիվ շատ ավելի ամրապինդ, կենսունակ ու հայրենանվեր է: Ասում են՝ եկել են ապասոցիալական տարրեր, կասկածելի անցյալի տեր մարդիկ, անհաջողակներ, անկարողներ եւ այլն: Ինչ խոսք, վերաբնակեցման «պատկերասրահում» այս բոլոր պերսոնաժներից էլ կային ու կան: Սակայն ժամանակի ընթացքում այդ «պատկերասրահի» բազմաբղետությունը նվազում է, հստակվում է բնակիչների սոցիալական կազմը, սկսում է հասարակություն ձեւավորվել: Ամեն ինչ, սակայն, ածանցյալ է վերաբնակեցման քաղաքականությունից՝ ու՞մ եւ ինչպե՞ս ենք ուզում վերաբնակեցնել եւ ի՞նչ նպատակներ ենք հետապնդում: Թեեւ կյանքն ու իրականությունն արդեն իրենց քաղաքականությունն են թելադրել: Սկզբում եկողներն են տարածք ընտրել, հետո տարածքն է ընտրել նրանց: Ում տարածքը չի ընտրել՝ թողել-հեռացել են, իսկ մնացել են նրանք, ովքեր հարմարվել են այդ կոնկրետ տարածքին, նրա բնությանն ու բնական տրամաբանությանը, բնական ընտրությանը: Մնացել են նրանք, ովքեր պատրաստ էին եւ ունակ էին գոյության պայքարի, ովքեր կռվել են բնության հետ ու սանձել նրան իրենց կամքով: Նրանք, ովքեր տիրոջ զգացողություն ունեին, նրանք, ովքեր արարող են: Կովը կինոյում տեսած մարդիկ այսօր կաթ են արտադրում: Եւ հենց այսպիսիների «սոցիալական պատվեր» պիտի լինի, այլ ոչ թե պարզապես վերաբնակեցման պլան կատարելու, նախանշված ծավալով շինարարություն իրականացնելու եւ այլն: Հիմնախնդիրներ շատ կան ազատագրված տարածքներում, բայց ամենածանր նստվածքը թողնում է օտարացման մթնոլորտը: Այնտեղի բնակիչներն իրենց օտարացված են զգում, բայց սա մեդալի մի կողմն է միայն, քանի որ երբ խոսում ես մեր որոշ պաշտոնյաների ու ոչ միայն պաշտոնյաների հետ, զգում ես, որ նրանց մոտ էլ նույն օտարացվածության զգացումն է: Ամենասարսափելին այն է, որ արցախյան հանրության ներսում էլ կա այդ օտարացման մթնոլորտը: Հենց այս օտարացման մթնոլորտից պիտի ազատագրվեն օտարությունից ազատագրված տարածքները: Ինտեգրումն Օրվա Հրամայականն Է Եվ Այն Կարելի Է Սկսել Տեղեկատվական Ինտեգրումից Ազատագրված տարածքների նկատմամբ մեր կողմից տարվելիք քաղաքականության հիմնաքարը եւ առաջին անհրաժեշտության խնդիրն, ըստ մեզ, պիտի լինի այդ շրջանների ինտեգրումը արցախյան հանրությանը, հայկական երկրորդ պետականությանը: Հակված ենք կարծելու, որ այդ գործընթացը հարկ է սկսել տեղեկատվական ինտեգրումից, քանի որ ինչքան վերաբնակիչներն են քիչ իրազեկված հանրապետության այլ տարածքների անցուդարձի մասին, նույնքան էլ Արցախի մյուս շրջաններն են անտեղյակ ազատագրված տարածքներում կյանքի մասին: Առաջարկում ենք այն, ինչ սրանից 6-7 տարի առաջ համատեղ հայտարարությամբ առաջարկել են Ստեփանակերտի մամուլի ակումբն ու Բերձորի «Մենք» ակումբը, կարեւորելով արցախյան տեղեկատվական դաշտում Քաշաթաղի շրջանի ամրագրման հիմնախնդիրները եւ այդ գործում իշխանությունների, զանգվածային լրատվամիջոցների, լրագրողական ու հասարակական այլ կազմակերպությունների դերն ու նշանակությունը: Իմա՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի թղթակցային կետի բացում Քաշաթաղի շրջանում, Արցախի հանրային հեռուստատեսության ու ռադիոյի հաղորդումներն ընդունելու հնարավորություն բոլոր բնակավայրերում, շրջանի առօրյայի պարբերական լուսաբանում, ինտերնետից օգտվելու հնարավորություն, շրջանային թերթի հիմնադրում, թերթերի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների բաժանմունքների ստեղծում շրջանում, Քաշաթաղի շրջանի լրագրողների եւ հասարակական գործիչների ներգրավում ԼՂՀ լրագրողական եւ այլ հասարակական կազմակերպություններում, համատեղ սեմինարների ու այլ միջոցառումների անցկացում Ստեփանակերտում եւ Բերձորում, պարբերական փոխայցելություններ: Այս առաջարկությունները կիրառելի են նաեւ ազատագրված մյուս տարածքների նկատմամբ: Արդեն շուրջ 15 տարի շարունակ մեկ կաթսայի մեջ եփվում են տարբեր տեղերից եկած վերաբնակիչներ, ովքեր իրար հետ հարմարվելով, ձեռք են բերել հայ հասարակության համար կարեւորագույն՝ ինտեգրելու հատկություն: Կարելի է հանգիստ պնդել, որ ձեւավորվել է նոր հանրույթ՝ քաշաթաղցիներ, որը, լինելով Հայաստանի (ՀՀ եւ ԼՂՀ) հասարակության մանրակերտը, նաեւ ինքնահաստատվում է որպես այդ տարածքի լիիրավ տեր: Քաշաթաղցիները կարող են կարեւորագույն դեր ստանձնել «հայաստանցի-ղարաբաղցի» հակասությունների վերացման գործում, եթե քաղաքական ղեկավարությունը համապատասխան վերաբերմունք ցուցաբերի այդ հարցում: Կոչ Երիտասարդությանը Մեր առաջարկների իրականացման գործում, ինչ խոսք, շատ կարեւոր է լինելու իշխանությունների որդեգրելիք դիրքորոշումը, բայց հակված ենք կարծելու, որ նրանց գործունեությունը նպատակաուղղված ու պատասխանատու կլինի, եթե հանրությունը գիտակցի այդ ամենի կարեւորությունը եւ աջակից լինի, միով բանիվ՝ որ հանրության կարծիքն է վճռորոշ լինելու: Հենց այս վերջին հանգամանքի կարեւորության գիտակցումով էլ ուզում ենք դիմել մեր երիտասարդությանը: Ուղղեք ձեր անսպառ էներգիայի գոնե մի մասը ազատագրված տարածքներին: Հայրենիքի այդ հատվածը ձեր ուշադրության կարիքը ունի: Ձեզ հետ շփվելու եւ կիսվելու կարիքը ունեն այնտեղ բնակվող մարդիկ: Օգտագործեք ձեր արձակուրդը ոչ թե արտասահման գնալու, այլ Հայրենիքի խորքերը մխրճվելու համար: Ձեզնով կապեք Հայրենիքի այդ հատվածը մեր գլոբալիզացվող մայրաքաղաքներին: Ուսումնասիրեք եւ ճանաչեք Հայրենիքի այդ հատվածը, որպեսզի այն սիրեք եւ դարձնեք ձերը: Փնտրեք ձեզ ազատագրված տարածքներում եւ, հնարավոր է, որ գտնեք ձեզ այնտեղ, որպես Հայրենիքի մի փոքրիկ անկյան տիրոջ: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: