|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ |
|
Սամցխե-Ջավախք-Ծալկա . հայությունն ինտեգրվում է, երկնում և ծնում... ռոբերտմուրադյաններ:
“Մարդ մը չի կրնար երկու տիրոջ ծառայութիւն ընել. վասն զի կամ մէկը պիտի ատե եւ միւսը սիրէ…”: (Աստուածաշունչ, Նոր Կտակարան, Աւետարան ըստ Մատթէոսի, 24): Սիրելի ընթերցողներ, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեք Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հիմնախնդրի բուն էության, «ինտեգրացում» կոչված չարիքի և այդ չարիքից ծնված հայ գործիչների մասին, մենք այսուհետև սույն` «Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջան. հայությունն ինտեգրվում է, երկնում և ծնում…» խորագրի ներքո պարբերաբար կներկայացնենք վերոնշյալ գործիչների գործունեության տարաբնույթ կողմերի մասին: Հիշեցնենք, որ դրանք մեծապես խոչնդոտում են տարածաշրջանի հայության`այն միասնական ու ճշմարիտ հողի վրա դրված պայքարի ձևավորմանը, որը կպարգևի իրական հաղթանակ: Պատմական Սամցխե գավառի Ախալցխայի մունիցիպալիտետի (ներկայումս այդպես է կոչվում նախկին շրջանի ղեկավար կառույց հանդիսացող ընտրովի մարմինը` Սակրեբուլոն) տարածքում այժմ գործում են 14 հայկական և 2 հայ-վրացական դպրոցներ (վերջիններիցս մեկը գործում է Վալեում, մյուսն Ախալցխայի թիվ 4 հայ-վրացական ոչ լրիվ միջնակարգ դպրոցն է): Ախալցխայի միակ հայկական` Հ. Թումանյանի անվան թիվ 3 դպրոցը ներկայումս ունի մոտ 600 աշակերտ: Հիշեցնենք, որ Վրաստանում վարդերի հեղափոխությունից հետո այս դպրոցում ևս տեղի ունեցավ «հեղաշրջում»` տնօրենի պաշտոնից ազատվեց Լյուբա Մաթևոսյանը, որի փոխարեն նշանակվեց վրաց նոր իշխանությունների կամակատար և դրածո Ռոբերտ Մուրադյանը: Նշենք նաև, որ վերջինիս նշանակմանը դեմ էր ինչպես դպրոցի ողջ անձնակազմը, այնպես էլ` աշակերտությունն ու Ախալցխայի հայ բնակչությունը: Սակայն գործեց պետական մեքենան` Ռ. Մուրադյանը դպրոց մուտք գործեց տեղի ոստիկանության «ուղեկցությամբ»` իր ոտքի տակ ճզմելով խաղաղ բողոքի դուրս եկած և դպրոցի դուռը շղթայած աշակերտներից մի քանիսին, որի պատճառով վերջիններս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Այս ամենից հետո պարզ էր արդեն, թե այդ կերպով դպրոց «ներխուժած» տնօրենն իրականում ում շահերն էր արտահայտելու: 2007թ. անցկացված տնօրենների վերաորակավորման քննությունների ընթացքում[1], երբ դրանով Վրաստանի իշխանությունները հերթական փորձը կատարեցին ազատվել հայ տնօրեններից[2], այդ քննությունները, իսկ այնուհետև 2007թ. մայիսին տեղի ունեցած հարցազրույցն հաջողած Ռ. Մուրադյանին փորձ արվեց վիճակահանության միջոցով առաջադրել Ախալցխայի թիվ 7 գիշերօթիկ դպրոցի տնօրենի թեկնածու[3], սակայն Ռ. Մուրադյանի խոսքերով Ախալցխայի թիվ 7 գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհուրդը չընտրեց իրեն, և ինքը կրկին վերադարձավ իր նախկին` թիվ 3 դպրոցը: Իսկ իրականությունը հետևյալն էր. վերաորակավորման երկարատև ու բարդ գործընթացի արդյունքում 2007թ. փորձ էր արվել Ախալցխայի Հ. Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի տնօրեն նշանակել վրացի Զառիշվիլուն (վերջինս նախկինում եղել է վրացական դպրոցի տնօրեն, ապա ղեկավարել է շրջանային կրթության բաժինը, տվյալ ժամանակ հանդիսանում էր շրջանի մշակույթի ոլորտի աշխատակից): Տեսնելով բնակչության շրջանում առաջացող հուզումները` Վրաստանի իշխանությունները կրկին հետ բերեցին Ռ. Մուրադյանին: Ավելացնենք, որ Ռ. Մուրադյանին դեռ մինչ օրս չի ընտրել դպրոցի հոգաբարձուների խորհուրդ: Վերջինս, փաստորեն, դպրոցում ունի դեռևս «անկոչ հյուրի» կարգավիճակ: Թե ինքն ինչու չի ընտրվել մինչ օրս` Ռ. Մուրադյանը բացատրում է նրանով, որ դպրոցը դեռ չի ստացել իր նշանակման մասին նախարարության հրամանագիրը:Դրանից հետո միայն իր ընտրության հարցը կդրվի հոգաբարձուների խորհրդի քվեարկությանը: Իրականում` սովորաբար, և, ինչպես այդ մասին վստահեցնում են շատ տնօրեններ, քննությունները և հարցազրույցը հաջողությամբ հանձնած մարդը միանգամից դառնում է այս կամ այն դպրոցի տնօրինության թեկնածու[4], որին վերջնականորեն ընտրելու է հոգաբարձուների խորհուրդը: Ելնելով այս ամենից` կարելի է եզրակացնել, որ այսքանից հետո հոգաբարձուների խորհուրդը կրկին չի ընդունում այս անձնավորության` որպես տնօրենի ներկայությունը: Մինչ այս մարդու` որպես հայ կրթօջախի, միաժամանակ` ախալցխահայության ազգային ինքնության պահպանման համար չափազանց կարևոր հաստատության ղեկավարի «ազգանվեր» գործը լուսաբանելը, պարզենք, թե վերջինս արդյոք հավատարիմ է իր տերերին` Վրաստանի իշխանություններին: Հայտնի է, որ երկրի կրթության և գիտության ոլորտի ղեկավարության հրամանով խստիվ արգելվում է դպրոցի տնօրինության կողմից փող հավաքելու դեպքերը: Այդուհանդերձ` Ախալցխայի դպրոցի տարբեր դասարաններում ստեղծվել են տարբեր ֆոնդեր, որոնց շնորհիվ հավաքվում են տարբեր տեսակի գումարներ: Բարձր դասարաններում ստիպում են գնել զանազան գրքեր` իբր այն անհրաժեշտ է ուսուցման համար: Շատ են փաստերը, երբ ուսուցիչներն առանց պատճառի տուն են ուղարկում աշակերտներին: Շատ դեպքերում այդ աշակերտներին կանգնեցրել են տեղի ճանապարհային ոստիկաններն ու հարցրել, թե ինչ գործ ունեն փողոցում աշակերտները դասերի ժամերին, ինչը խորապես վիրավորել է հայ մանուկներին: Ծնողները փաստում են, որ ամիսը մինչև 15 լարի ուղարկում են դպրոց` անհայտ և անհասկանալի պայմաններով: Իսկ տարբեր վկայություններով ուսուցման մակարդակը նախորդ տարիների համեմատ խիստ նվազել է: Աշակերտների վկայությամբ տնօրենը շատ ուշ ուշ է հաճախում դպրոց, իսկ ժամը 12-ից հետո վերջինիս այնտեղ տեսնելը խիստ հազվադեպ երևույթ է: Պետական միջոցներով ջեռուցման համակարգ ստացած դպրոցում մինչ օրս արհեստական պատճառներով ձգձգված են դրանց միացման աշխատանքները, որը հիմք է հանդիսանում դպրոցի տնօրինության համար` վառելիք գնելու ինչ-ինչ պատճառաբանություններով լրացուցիչ փող հավաքելու համար: Իսկ վառելիքն ամեն տարի լիարժեքորեն ապահովվում է Վրաստանի ԿԳՆ-ի կողմից: Նաև լուրեր են շրջանառվում, որ յուրաքանչյուր բացակայություն լրացնելու համար, եթե առկա չէ բժշկական տեղեկանք, տնօրինությունը պահանջում է 5 լարի: Ահա` Վրաստանն իր առաջին հայրենիքը համարող հայ պաշտոնյայի, պետության հավատարիմ ծառայի` այդ նույն պետության օրենքները «հարգելու» փաստերը: Այդուհանդերձ` վերջինիս պաշտոնավարումն ունի ավելի լուրջ իմքեր, քան դրանք առկա են պաշտոնազրկվելու համար: Ազգային դիմագծերից ու արժանապատվությունից զուրկ այս պետական խղճալի չինովնիկի համար սեփական աթոռից բացի, կարելի է ասել, ոչինչ չի հետաքրքրում: Հայկական մշակույթի սով ապրող Ախալցխայում Ռ. Մուրադյանի ջանքերով դպրոցում ստեղծվել է վրացական պարի խումբ: Այդ խմբի կազմակերպիչները մտնում են դասարանները` համոզելու համար աշակերտներին, որպեսզի մտնեն այդ խմբակի մեջ: Ժողովրդի մեջ սուր արձագանքներից խուսափելու համար վերջիններս հայտարարում են, որ շուտով ստեղծվելու է նաև հայկական պարի խումբ: Շատ օրենքների ու որոշումների մասին տնօրինությունն անգամ տեղյակ չի , իսկ տեղյակ լինելու պարագայում էլ` պատրաստակամ է ենթարկվելու դրանց. «Մենք այսօր ունենք գրքեր` անգլերենի, ռուսերենի և այլն, որոնք թարգմանած են վրացերենից: Իսկ ընդհանրապես, թե ՀՀ-ից, թե Թիֆլիսից ուղարկված դասագրքերը անչափ կարևոր են մեզ համար: Եթե Վրաստանի ԿԳՆ-ն գտնի որ այլևս հարկավոր չեն ՀՀ-ի դասագրքերը, մենք պետք է ենթարկվենք, քանի որ Վրաստանի տարածքում ենք ապրում»: Ախալցխայի թիվ 3 դպրոցում, ինչպես բոլոր հայկական դպրոցներում, «Հայոց պատմություն» առարկան հանված է կրթական ծրագրերից: Այստեղ այն անցնում են ֆակուլտատիվ ժամերի հաշվին: Վրաստանում համընդհանուր դարձած պետական վրացերեն լեզվի պարտադրման պայմաններում, երբ ոչ վրացիները Սամցխե-Ջավախք-Ծալկայի հայաբնակ տարածաշրջանում չեն մասնակցում քաղաքական գործընթացներին, չեն ներգրավված ինչպես նահանգապետարանում, այնպես էլ պետական բոլոր կառույցներում, Ռ. Մուրադյանի համար այս ամենը բոլորովին խնդիրներ չեն համարվում. «Դե, այսօր Վրաստանի պետության տարածքում պետական լեզուն միայն վրացերենն է, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում` նաև աբխազերենը և օսերենը, և մենք հետևում ենք այդ օրենքին»: Վրաց լեզվի պարտադրումը Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում արհեստական չի արդյոք: Վերոնշյալ տարածաշրջանի հայությունը հոժար կամքով է սովորում այդ լեզուն, բնական ճանապարհով, թե ոչ` մեր այս հարցադրմանն ի պատասխան` Ռ. Մուրադյանն արձագանքեց. «Գիտեք, մեր դպրոցում նման խնդիր չկա, կա հայերենը, որի կողքին սովորում ենք նաև վրացերենը: Մեզ ոչ ոք չի ասում` կրճատեք հայոց լեզվի ժամերը և անցեք վրացերենը: Մենք ծրագրերով անցնում ենք և հայերենը և վրացերենը: Մեզ մոտ աշակերտները ամենալավը տիրապետում են հայերենին, այնուհետև գալիս է ռուսերենը, անգլերենը, վրացերենը, ունենք նաև գերմաներենի իմացությամբ աշակերտներ: Օրինակ` դասամատյանները միշտ էլ եղել են վրացերենով: Մենք հայերեն դասամատյաններ չենք ունեցել, բայց լրացնում ենք հայերեն: Իսկ դասագրքերի առումով կարծում ենք, որ դա պետք է փոխադարձ պայմանավորվածությամբ որոշեն ՀՀ-ի և Վրաստանի ԿԳ նախարարությունները: Այդուհանդերձ, մինչ օրս մենք դեռ արգելքներ չենք ունեցել` ՀՀ-ից բերված դասագրքերի կիրառման առումով: Այս ամենի հետ մեկտեղ` մենք այսօր մեր ձեռքի տակ ունենք ռուսերենի, անգլերենի դասագրքեր` թարգմանված վրացերենից, որոնք օգտագործում ենք, բայց այդպիսի հրաման մենք չունենք»: Ախալցխա – Սամցխեում հայկական պետական բուհ չլինելու պատճառով մեծ թվով շրջանավարտներ պատմական հայկական տարածաշրջանը ամեն տարի լքում են և մեկնում ՀՀ-ի բուհեր ընդունվելու: Վերջիններիս ճնշող մասը չի վերադառնում և դրանով Ախալցխան կորցնում է իր լավագույն աշակերտներին և վաղվա լավագույն հայ քաղաքացիներին: Եթե, Ռ. Մուրադյանի խոսքերով ասած, Վրաստանի ԿԳՆ-ն այսչափ մեծ ուշադրություն է դարձնում կրթության գործին, ապա ինչու տարածաշրջանի երիտասարդությունն իրեն չի դրսևորում վրաց պետական բուհերում: Կոնկրետ ԹՊՀ-ի Ախալցխայի (Մեսխեթի) մասնաճյուղի օրինակը, որտեղ սովորում են գրեթե ամբողջությամբ վրացիներ: Արդյոք անիմաստ և ձևական չի այս ամենը, երբ միևնույն է, տեղի երիտասարդությունը պետական քաղաքականության պատճառով չկարողանալով աշխատանք գտնել պետական հիմնարկություններում` լքում է իր հայրենիքը: Այս պայմաններում, երբ օրվա պահանջ է դարձել տարածաշրջանում հայոց լեզուն որպես պետական երկրորդ լեզու հռչակելու հարցը, տեղի մտավորական-պաշտոնյաները ընդհանրապես հեռու են այդպիսի հարցեր շոշափելուց անգամ. «Դե, գիտեք, ունենք աշակերտներ, որոնք սովորում են Թբիլիսիում, հույս ունենք, որ հետ կգան և օգտակար կլինեն մեր դպրոցին: Բայց մեծ է հատկապես Երևանում սովորողների թիվը: Այդ պրոբլեմը պետք է որոշեն երկու պետությունների դեսպանները, նախարարությունները», -սա է Ռ. Մուրադյանի` այս հույժ կարևոր խնդրին առնչվող դիրքորոշումը, որին անմիջապես հետևում է գովերգն` ուղղված վրաց իշխանություններին. «Գիտեք, այսօր շատ մեծ ուշադրություն է դարձվում մեր դպրոցին, մեր դպրոցը 3 տարի առաջ ուներ շատ խնդիրներ, այսօր դրանք լուծված են: Մենք ունենք նոր նստարաններ, ունենք ջեռուցման համակարգ, վերանորոգված տանիք: Ինչ որ ստանում է վրացական դպրոցը, նույն տրվում է մեզ, մենք ինտերնետն ստացանք անգամ առաջինը: Եթե ասենք, որ ուշադրություն չի դարձնում, սուտ կլինի: Ես երկու օր առաջ խոսել եմ ԿԳ նախարարի հետ, որն ասել է ինձ, որ ամեն ինչ կստացվի լավ ձևերով: Մենք հավատում ենք որ կլինի ամեն ինչ լավ: Ճիշտ է` վերադարձող երիտասարդներից ապագա կարող է ունենալ հարյուրից մեկը, հինգը, բայց մյուսները չէ: Ասել, որ հենց հայերը չունեն և վրացիներն ունեն` սխալ կլինի: Այդ միգրացիան կա, և դա կախված չէ ոչ մեզանից, ոչ էլ պետություններից: Մարդը միշտ գնում է այնտեղ, որտեղ ավելի լավ է, ավելի գեղեցիկ է: Ես հույս ունեմ, որ կանցնի մի քանի տարի, և հայերը ևս այստեղ կունենան ապագա: Հույս ունեմ, որ այս գեղեցիկ Ախալցխայում, որտեղ հայերը ժամանակին եղել են 80% և այսօր ցավոք սրտի հասել են 40%, կլինեն ավելի շատ և ավելի երջանիկ…»: Ահա այս մարդիկ են տանելու հայ նոր սերնդին դեպի ապագա: Այս մարդիկ համարվում են «Վրաստանին ինտեգրված քաղաքացիներ»: Այս մարդու ապազգային կերպարն է ձևավորվելու Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի յուրաքանչյուր հայի մեջ` ինտեգրվելու արդյունքում: Ճիշտ է` ՀՀ-ի կողմից ևս անուշադրության է մատնված Ախալցխա-Սամցխեն և այս ուղղությամբ ՀՀ-ի կատարած քայլերը մեծ մասամբ սահմանափակվում են միայն տարածաշրջանի Ախալքալաքի հատվածով` դուրս թողնելով Սամցխե-Ախալցխայի, և, սրա հետ մեկտեղ նաև Ծալկայի հատվածը: Այդուհանդերձ, տեղի հայությունն այս գործընթացում ունի առաջնահերթ դերակատարություն: Իսկ Ռ. Մուրադյանի նման մարդիկ, որոնք այսօր մեր շարքերում են, և, գնալով աճում է նրանց թիվը, իրենց այս հայտարարություններով և քայլերով մեծապես խոչնդոտում են տարածաշրջանի հայության` այն միասնական ու ճշմարիտ հողի վրա դրված պայքարի ձևավորմանը, որը կպարգևի իրական հաղթանակ: Ելնելով այս ամենից հարց է առաջանում. իրականում ում են ծառայում այսպիսի կերպարները և ընդհանրապես հարկավոր են արդյոք որևիցե ազգության վերջիններս: Եթե վերջիններս ծառայում են Վրաստանին, ապա այդպիսիները պետք է հիշեն այն ավանդական խոսքը, որն ասում է. «անձեռոցիկը պետք է մինչ նրա օգտագործելը»: Իր պատմական հայրենիքում մարդը չի կարող ինտեգրվել օտար օրենքներին ու մշակույթին և ծառայել միաժամանակ իր ազգությանը: Հետևաբար` Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայությանը Վրաստանին ինտեգրելուն մղողները պետք է հիշեն հետևյալը. «Մարդ մը չի կրնար երկու տիրոջ ծառայութիւն ընել. վասն զի կամ մէկը պիտի ատե եւ միւսը սիրէ, կամ մէկուն պիտի յարի` եւ միւսը պիտի արհամարհէ. չէք կրնար ծառայել Աստուծոյ եւ մամոնային» (Աստուածաշունչ, Նոր Կտակարան, Աւետարան ըստ Մատթէոսի, 24): Վահե
Սարգսյան ________________ Հոդվածը հայերեն տարբերակով տպագրվել է http://www.natnews.info լրատվական կայքէջում` http://www.natnews.info/index.php?news=754 հասցեում: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: