|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ |
|
|
1998 թվականի oգոստոսի 12։ Ջավախքի վերջին համարձակ քայլը Mitq 09/09/09 Ջավախքում վերջին կտրուկ քայլը, որ տեղի է ունեցել 1990-ական թվականներից ի վեր՝ դա 1998թ. օգոստոսյան դեպքն էր։ Այն եղավ նաև Ջավախքի՝ առանց այդ էլ ոչ հայեցակարգային պայքարի աստիճանական մարման և Ջավախքում վրացական հիմքերի հետագա ուժեղացման սկիզբը։ Եվ այսպես՝ վրացական մամուլում հակահայ հիստերիայի հերթական հուժկու ալիքը բարձրացավ 1998թ. օգոստոսի 12-ի դեպքերից հետո, երբ այդ օրը Ջավախքի ներկայացուցիչները Ախալքալաքից մեկ կմ հեռավորության վրա կանգնեցրեցին վրացական մի մեծ զորամիավորման շարժակազմի երթը, որը պատրաստվում էր, իբր թե, ռուսական զորքի հետ Աբուլ լեռան ստորոտում զորավարժություններ անցկացնելու[1]: Տասնամյա հեռավորությունից նայելով՝ Ջավախքի նշված և ներկա ժամանակահատվածի գործիչներից ամեն մեկը վրացական զորամիավորումը Ջավախքից վտարելու օպերացիան վերագրում է իրեն։ Մեր նպատակն է Ջավախքի պատմության այդ հետաքրքրական էջը հասարակությանը ներկայացնել առավել ճշգրտված ու անաչառ հողի վրա։ Ուստի լսել ենք դեպքին առնչվող մարդկանց բոլորի կարծիքներն ու դրանք սույն աշխատանքի շրջանակներում ինչպես առանձնաբար, այնպես էլ համադրված տեսքով ներկայացնում ենք ընթերցողին։ Եվ այսպես, պատմում է օպերացիայի անմիջական նախաձեռնող Դավիթ Վեքիլյանը[2]. «Ես հիվանդանոցում էի, որտեղ վիրահատվում էր իմ բարեկամս, եկան ինձ շենքից դուրս հրավիրեցին Նելսոն Ալեքսանյանն ու վերջինիս հորեղբայր Վանիկ Ալեքսանյանը (վերջիններս հանդիսացել են համապատասխանաբար Ախալքալաքի դատախազության քննիչը և մսի կոմբինատի տնօրենը)։ Նրանք ինձ տեղեկացրին, որ Ախալցխայից դեպի Ախալքալաք է գալիս վրացական զորքի շարժակազմը, և, որ իրենք Ռուսթավի (գյուղ Ասպինձայի շրջանում՝ Վ.Ս.) պոստի մոտ հանդիպել են Սամվել Պետրոսյանին։ Ս. Պետրոսյանը վերջիններիս տեղեկացրել է այն մասին, որ ինքը չի կարող գալ, քանի որ գնում է ժողովի, եթե կարող եք, հայտնեք այդ մասին Վեքիլյան Դավիթին, թող քայլեր ձեռնարկի՝ զորքը ետ դարձնելու ուղղությամբ։ Լսելով այդ մասին՝ ես զարմացա, քանի որ մենք ունեինք պայմանագիր՝ առ այն մասին, որ վրացիները բանակի յուրաքանչյուր տեղաշարժ, դիսլոկացիա (տեղաբաշխում) պետք է համաձայնեցնեին Ջավախքի Կոորդինացիոն խորհրդի[3] հետ, քանի որ մենք երկար տարիներ ի վեր, սկսած դեռևս խորհրդային վերջին տարիներից՝ հայտարարել էինք, որ Ջավախքում քաղաքական իշխանության ղեկավարումը վերցնում ենք մեր վրա։ Ես Կարբադի Վարդգեսի մեքենայով իջա ներքև, հանդիպեցինք մեր տղաներին, Կոորդինացիոն խորհրդի անդամներին, քննարկեցինք ստեղծված վիճակը։ Եղան տարբեր կարծիքներ, բայց քանի որ կար այդ պայմանագիրը, իսկ զորքի տեղակայումը մեր հողի վրա ժողովրդի շրջանում կառաջացներ չափազանց նեգատիվ երևույթներ, տեղիք կտար մեծամեծ հուզումների, և, նպատակ ունենալով կանխելու սպասվող անկայունությունը, մենք որոշեցինք գնալ ու բացատրել զորակազմի ղեկավարներին։ Երեք մարդկանցով, որոնց թվում էինք ես, Կարբադի Վարդգեսն ու Բաղդասարյան Սարգիսը, մեքենայով արագ իջանք Ախալքալաքից Ախալցխա տանող ճանապարհ՝ զորքին ընդառաջ։ Մոտենալով վերջիններիս՝ հարցրեցինք, թե ո՞վ եք, ի՞նչ նպատակներով եք գալիս Ախալքալաք, վերջիններս պատասխանեցին մեզ, որ իրենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ ունեն պայմանագիր, որի համաձայն Աբուլի լանջերին պետք է Ախալքալաքում տեղակայված ռուսական 62-րդ ռազմաբազայի դիվիզիայի հետ անցկացնեն համատեղ զորավարժանքներ՝ Ախալքալաքի 15-րդ զինվորական ավանում հետագայում վերատեղաբաշխվելու համար։ Փաստորեն վերջիններս զորավարժանքներից հետո մնալու էին Ախալքալաքում, ինչի համար վերջիններիս էր հատկացված 15-րդ զինվորական ավանը։ Ես պատասխանեցի վերջիններիս, որ Ջավախքի հայ բնակչությունն այս ամենը համարում է անթույլատրելի, բացի դրանից, Կոորդինացիոն խորհուրդը ՌԴ-ի և Վրաստանի Պաշտպանության նախարարություների հետ ուներ կնքված համաձայնագիր, որի համաձայն՝ առանց ջավախքյան կողմի համաձայնության չպետք է իրականացվի ոչ մի քայլ։ Զորակազմի հրամանատար-գեներալը մեզ տեղեկացրեց, որ ինքը ևս կողմ չէ հայ-վրացական ընդհարման։ Մենք ավելացրեցինք, որ պատրաստ ենք մեր անունից տալ գրություն, որտեղ կհիմնավորվեն մեր կողմից արված պատճառաբանությունները։ Դրանից հետո նա զանգահարեց իր ղեկավարությանը, ինչ-որ բաներ պայմանավորվեցին և զորքին տրվեց հետդարձի հրաման։ Մնաց միայն հրամանատարն իր մի քանի սպաների հետ՝ սպասելով մեզ, մինչև ես կգայի Ախալքալաք և կպատրաստեի գրությունը։ Ես եկա Ախալքալաք, պատրաստեցինք փաստաթուղթը Կոորդինացիոն խորհրդի կողմից, բերեցի տվեցի գեներալին։ Նույն ժամանակ այնտեղ հայտնվեցին նաև բազմաթիվ ակտիվիստներ, մարդիկ՝ թվով 15-20 հոգի»։ Պատմում է Սարգիս Բաղդասարյանը[4]. «Վրացական զորամիավորման Ախալքալաք հասնելու մասին լուրը մեզ հայտնեցին Նելսոն Ալեքսանյանն ու վերջինիս հորեղբայր Վանիկ Ալեքսանյանը, որոնց ուղարկել էր Սամվել Պետրոսյանը։ Զորքը բավականին բազմամարդ էր (մոտավորապես 500 մարդ) ու տեխնիկապես հագեցած (տանկեր, հրանոթներ, զրահատեխնիկա), վերջինիս երկարությունը գրեթե հասնում էր 300 մետրի։ Զորքն արդեն հասել էր Ախալքալաքի մատույցների մոտ, մենք արագորեն հավաքվեցինք Սամվել Պետրոսյանենց դռան մոտ՝ որոշելու համար, թե ինչ քայլեր էինք ձեռնարկելու։ Եղան տարբեր կարծիքներ։ Այնուհետև Վաղարշակովիչը (խոսքը Դավիթ Վեքիլյանի մասին է՝ Վ.Ս.) բացեց Կարբադի Վարդգեսի ավտոմեքենայի դուռը՝ ասելով, որ ով գալու է, թող նստի։ Մեքենան նստեցինք երեքս՝ ես, Դ. Վեքիլյանն ու Կարբադի Վարդգեսը։ Հանդիպելով զորակազմի ղեկավարներին՝ պահանջեցինք բացատրություն, որոնք մեզ տեղեկացրին, որ եկել են ռուսական բանակի հետ անցկացնելու համատեղ զորավարժանքներ։ Այդ մարդկանց բացատրեցինք, որ տարբեր հանգամանքների առկայությամբ մենք՝ ջավախքցիներս, դեմ ենք այդ զորավարժանքներին, վերջիններիս դեմ է նաև ողջ ազգաբնակչությունը։ Մեր կողմից փորձ արվեց նաև վախեցնելու վերջիններիս։ Եվ այդ ամենից հետո զորքին տրվեց ետդարձի հրաման։ Զորքի ետդարձից հետո, երբ մնացել էր միայն ղեկավար անձնակազմը, նոր միայն հավաքվեցին մի շարք մարդիկ։ Մինչ այդ՝ բուն զորքի ետդարձի ժամանակ եղել ենք երեքով, ում որ հիշատակեցի քիչ առաջ։ Բացի երեքիցս, ով որ կասի, թե զորքի հետդարձի ժամանակ եղել այնտեղ կամ մասնակցել է հետդարձին, բացարձակորեն ստում է, կեղծում պատմությունը։ Ճիշտ է, շատ մարդիկ կարող են ասել, որ Ախալքալաքի ձորը եղել են, բայց այդ ժամանակ տանկերն արդեն վաղուց հեռացել էին, հասել արդեն Ասպինձա։ Դե այդ ժամանակ Դ. Վեքիլյանի կողմից վրացի գեներալին հանձնվեց համապատասխան հիմնավորում-գրությունը, որը ժողովրդի անունից դեմ էր հանդես գալիս զորավարժանքներին։ Նույն ժամանակ, մինչ Կարբադի Վարդգեսն ու Դ. Վեքիլյանը կբերեին գրությունը, ես մնացի զորքի ղեկավարության մոտ։ Նույն ժամանակ և դրանից առաջ մեր տղաները վերևներում ցուցադրական «խաղեր» էին անցկացնում, ցույց տալով, որ իբր վերևներից էլ են մեր ջոկատները վերահսկում այդ ամենը և հարկ եղած պարագայում կարող էին «միջամտել»։ Բնական է, դա ավելի շատ արվում էր կարծիք ստեղծելու և վրացական կողմին վախեցնելու համար։ Եթե կցանկանաք, նշեք մարդկանց անուններ, ովքեր ասում են, թե եղել են այնտեղ, ես և բոլորս իմանանք, թե ովքեր են այդ ստախոսները։ Կրկնում եմ՝ ձորում, զորքի գնալուց հետո և բավական հեռավորության վրա՝ եղել են, բայց այդ մարդիկ տանկի երես չեն տեսել։ Եթե գալացող էին, ապա ինչո՞ւ չնստեցին ավտոմեքենան, երբ Դ. Վեքիլյանն առաջարկեց գնալու դեմառդեմ։ Թող ինչ որ մեր հետ էր կատարվելու, նույնը կատարվեր իրենց հետ։ Չեկան...»[5]։ Զորքի արգելափակման դեպքից մեզ հայտնի է նաև հետևյալ ցուցադրական պահը. Սամվել Պետրոսյանը ցուցադրական հրահանգ է տալիս Խաչատուր Այվազյանին[6], ասելով, թե ինչո՞ւ են ուշանում մեր ջոկատները, Խ. Այվազյանի կողմից «գործի է դրվում» առանց լարի ռացիան՝ իբր ջավախքյան ջոկատներին դեպքի վայր մոբիլիզացնելու հրահանգ տալու համար։ Ս. Պետրոսյանի կողմից անգամ գիծ է քաշվում վրացական զինվորականների առաջ՝ ստիպելով վերջիններիս հետ դառնալ՝ առանց առաջ շարժվելու։ Պարզ է, այս ամենը նույնպես արվել են՝ վախեցնելու համար վրացական զինվորականներին։ Եթե Դ. Վեքիլյանն ու Ս. Բաղդասարյանը նշում են, որ հետդարձի պահին եղել են երեքով, ապա այս դրվագը պետք է որ տեղի ունեցած լիներ ոչ թե բուն զորքի, այլ զորակազմի ղեկավարության մոտ այն պահին, երբ վերջիններս գրությունը բերելու համար մեկնել էին Ախալքալաք։ Այս ամենը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ինքը՝ Խ. Այվազյանը։ Ինչպես տեսանք վերևում՝ Կոորդինացիոն խորհրդի պատվիրակությունը խոսել է մի փաստաթղթի մասին, ըստ որի՝ Վրաստանի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների և Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների համադրող խորհրդի միջև ստորագրվել է մի եռակողմ համաձայնագիր, որը բացառում էր որևէ զորատեսակի մուտքը, տեղաշարժը կամ կայացումը տարածաշրջանում[7]։ Վրացական «Դիլիս» գազեթի թերթն անգամ հավաստում է, որ այդ մասին տեղյակ չի եղել շրջանային վարչության նախագահ Հ. Մուրադյանը (որն այդ պաշտոնում փոխարինել էր Սերգեյ Դարբինյանին)[8]։ Այս մասին հայտնվում է, որ Վրաստանի և Ռուսաստանի զինված ուժերն իբր թե համաձայնեցրել են զինավարժությունների օրը և տեղը։ Բայց զարմանալի էր, որ ռուսական կողմը ոչ միայն չի դիմավորել վրացական զորքին, այլև անգամ պատրաստ չի եղել զորավարժություններին և նույնիսկ չի պատասխանել վրացական հեռախոսազանգերին։ Վրացական զորաբանակը մեկ ժամ կանգնեցվում է Ջավախքի Կոորդինացիոն խորհրդի ներկայացուցիչների կողմից։ Վերջիններիցս մեկի՝ Կարբադի Վարդգեսի մեքենան կանգնեցվում է զորքի առաջ՝ փակելով ճանապարհը։ Ջավախքյան կողմի ներկայացուցիչները գործի են դնում ամեն ջանք՝ զորքին չթողնելու առաջ։ Լուրն անմիջապես հասնում է ՀՀ-ի և Վրաստանի ամենավերին օղակներ։ ՀՀ-ի կողմից արձագանքում է Պաշտպանության նախարարությունը։ Պատմում է տվյալ ժամանակ ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը[9]. «Իմ մասնակցությունն այս գործողությանը եղել է պատահական, քանի որ այդ օրը ես մեքենայով տղայիս հետ գնում էի իմ հայրենի Ախալցխայի Ծղալթբիլա գյուղ՝ մի քանի օրով հանգստանալու։ Ճանապարհին հանդիպեցի այդ ռազմական շարասյանը։ Մինչ այդ մեր նախարարությունում ոչ-ոք ոչինչ չգիտեր։ Մի 10 մեքենա անցնելուց հետո կանգնեցի, ասի տեսնեմ սա ի՞նչ շարասյուն է։ Մեքենաները շարունակում էին առաջ ընթանալ, և հանկարծ դիմացից գալիս է Սամվել Պետրոսյանն իր մեքենայով։ Կանգնեցինք, հարցրեցի նրան, թե սա ինչ է, պատասխանեց, որ ռուսական 62-րդ ռազմաբազայի կողմից պարպված 15-րդ զինվորական ավանը հատկացրել են վրացական զորքին, ու սրանք հիմա գալիս են այնտեղ բնակվելու, ի՞նչ անենք։ Ասի, որ պետք է հետ դարձնել։ Ես, փաստորեն, հայտվեցի գործողությունների մեջ՝ ոչ որպես փոխնախարար, այլ որպես ջավախքցի։ Ես կարծում էի, որ չարժեր կորցնել ռուսական ռազմական ներկայությունը Ջավախքում, երկրորդը, առավել ևս, տեղակայել այնտեղ վրացական զորք։ Դա 1998թ. էր, երբ հակահայ քաղաքականությունը շարունակվում էր բացահայտորեն, այս ամենն անթույլատրելի էր։ Խոսեցինք Սամվելի հետ մի 10-15 րոպե, ես շարունակեցի իմ ճանապարհը, Սամվելն ասաց՝ ես կկազմակերպեմ։ Ես իհարկե, խոսեցի ՀՀ-ի հետ, որ այսպիսի բան կա, և զորակազմը պետք է հետ վերադարձվի։ Արդեն գիշերը Սամվել Պետրոսյանը եկավ ինձ մոտ՝ Ախալցխա, ասեց, որ կազմակերվել է այդ ամենը, փակվել է ճանապարհը և զորքը հետ է դարձվել»[10]։ Եվ այսպես ՝շուտով զորքի հրամանատարությունը զորքին հետդարձի հրաման է տալիս։ Հրամանատար-գեներալն (որոշ տեղեկություններով՝ նա եղել է Վրաստանի ՊՆ-ի արտիլերիայի հրամանատարը) անգամ Կոորդինացիոն խորհրդի ներկայացուցիչներից մի գրություն է խնդրում, որն ըստ նրա պետք է լիներ հետդարձի իրավաբանական հիմքը։ Ջավախքյան կողմը ներկայացնող Դավիթ Վեքիլյանի կողմից Ախալքալաքից շուտով բերվում է վրացական զորքի մուտքը Ջավախք արգելելուն վերաբերող մի փաստաթուղթ, որի տակ ստորագրել են երեք՝ «Դեմոկրատների միություն» (Դավիթ Վեքիլյան), «Կանաչների միություն» (Սարգիս Բաղդասարյան) և «Ջավախք» ժողովրդական շարժում (Ստեփան Հակոբյան) կազմակերպությունների ղեկավար-ներկայացուցիչները։ Նույն գիշերը անհայտ անձինք պայթեցնում են Ախալքալաքի շրջանային վարչության շենքի մի քանի սենյակներ[11]։ Դեպքի հաջորդ օրը սկսեցին սադրանքներով լի տեղեկությունների հրապարակումները։ Ըստ նախագահի՝ Սամցխե-Ջավախքում լիազոր-ներկայացուցիչ Գիգլա Բարամիձեի՝ պարզվում էր, որ զորքին կանգնեցրել են «28-30 զինված մարդիկ[12], որոնցից 14-ը Ախալքալաքում ապրող ոչ Վրաստանի քաղաքացիներ են, որոնք ֆինանսավորվում են այլ պետության կողմից և ծրագիր են իրականացնում։ Դրանք ռուսներ չեն, որովհետև լիազոր-նահանգապետը վստահեցնում է, որ զգեստափոխված ռուս զինվորականները եղել են մյուս 14-16 հոգու մեջ»[13]։ Սրանով, փաստորեն, մեղադրանք էր ներկայացվում և ՀՀ-ին (քանի որ վրացական մամուլի մի շարք էջերում [«Շանսի+», «Ախալի թաոբա», «Սաքարթվելո» և այլն], այդ «անհայտ» 14 անձանց տակ մատնանշում էր ՀՀ քաղաքացիներին), և ռուս զինվորներին, հետևաբար նաև՝ Ռուսաստանին։ Իր հերթին՝ ռուսական մամուլը ցավով է անդրադառնում վրացական շրջանակների այս և այլ զրպարտանքներին. ռուսական «Կրասնայա զվեզդա» թերթը գրում է. «Ավաղ, սա առաջին դեպքը չէ, երբ հանրապետությունում փորձում են իզուր տեղը մեղադրել ռուս զինվորականներին։ Բավական է հիշել Է. Շևարդնաձեի նկատմամբ փետրվարյան մահափորձը, որին հաջորդեցին ռուսական ռազմական հենակայանները շրջափակելու կոչերը»[14]։ Ջավախքում իրադրությունը սրելուն ուղղված` երկրամաս վրացական զորք մտցնելու այս փորձը շատ բացասական ազդեցություն կունենար տեղի բնակչության վրա: Բնակչությունն առաջին հերթին մեծ հոգեբանական ապրումներ կունենար կասկածելի, այդպես էլ չբացահայտված նպատակներով իր ներսում հայտնված վրացական այս զորամասի «խաղերի» հետևանքով: Մյուս կողմից, ինչպես ճիշտ են անդրադարձել որոշ վերլուծաբաններ, Վրաստանում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (1998 թ. նոյեմբեր), ինչպես նաև 1999թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ Հայաստանի հետ հարաբերությունները վատացնելու, Ջավախքում իրավիճակը դրանով սրելու և այս ամենով առանձին վրաց ազգայնականների «ազգային ոգին» բարձրացնելու և նրանց իրենց կողմը գրավելու վրացական ընդդիմության հերթական սցենարն էր: Դրանով էր պայմանավորված Հայաստանի (Վ. Օսկանյանի) կողմից այս միջադեպը «չկազմակերպված միջադեպ» անվանելը վրացական միջավայրում շատ տհաճ ձևով ընդունելը[15]: Եթե, այնուամենայնիվ, Է. Շևարդնաձեն տեղյակ էր այս ամեն ինչին, ապա գոնե սրանից մեծ չափով փորձեց օգտվել վրաց ընդդիմադիր-ազգայնականների մի ստվար զանգված (Զ. Վաշակամաձեի և այլոց ղեկավար-առաջնորդությամբ), որոնց միջոցով ծայր առան վերոնշյալ հակահայկական, հակառուսական նոր տրամադրությունները: Մեր կողմից վերոնկարագրյալ «օպերացիան», որը տեղի է ունեցել 1998թ. օգոստոսի 12-ին, կարելի է համարել Ջավախքի պայքարի վերջին համարձակ գործողությունը՝ հետխորհրդային շրջանում։ Թե ինչո՞ւ նման վերաբերմունքի չեն արժանանում պատահած դեպքերի առիթով վերջին շրջանում Ջավախք ներբերվող վրացական ուժային կառույցների ներկայացուցիչները՝ տարբեր շրջանակներ տարբեր կերպ են բացատրում։ Ամենամեծ պատճառաբանությունը կապվում է Վրաստանի հզորացման հետ։ Իսկ Ջավախքը վերջին տասնամյակում ինչո՞ւ չի կազմակերպվել ու հզորացել... Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
[1] «Հզոր Հայրենիք», թիվ 8, 20.08.1998թ.: [2] Դավիթ Վեքիլյանի հետ մեր հարցազրույցն անցկացվել է 2009թ. օգոստոսին՝ Ջավախքում։ [3] 1995թ. հուլիսին «Ջավախք» ժողովրդական շարժումը դիմեց վերոնշյալ կազմակերպություններին` վերջիններիս կոչ անելով համախմբել և ստեղծել մեկ ընդհանուր կենտրոնացված ղեկավար օրգան (կոորդինացիոն խորհուրդ): Կոորդինացիոն խորհուրդը կյանքի կոչվեց նույն` 1995թ. հուլիս ամսին: Ղեկավար այս մարմինը միավորում էր քաղաքական աշխատանքի բավարար փորձ ունեցող, շրջանում լայն հեղինակություն վայելող 21 ակտիվիստների: Կոորդինացիոն խորհրդի նախագահ ընտրվեց Ի. Աբրահամյանը, տեղակալներ` Յու. Թառլամազյանը, Ս. Պետրոսյանը, Ն. Մարաբյանը, քարտուղար` Մ. Խաչատրյանը: Տես` «Ջավախք», հուլիս, 1995, N 6 (12), նույն տեղում, հուլիս, 1995, N 7 (13)։ Այսուհետև շատ դիմումներ, որոշումներ և այլ փաստաթղթեր ընդունվում էին հենց այս խորհրդի կողմից: [4] 2005թ. Վրաստանի ՆԳ ռեֆորմների արդյունքում Ներքին զորքերի բազայի հիման վրա ստեղծվում է Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ հանձնարարականներով գլխավոր վարչությունը։ Ստեղծվեցին նաև վերջինիս տարածաշրջանային վարչությունները։ Այդպիսի մի վարչություն էլ ստեղծվեց Սամցխե-Ջավախքում։ Տարածաշրջանային վարչության ղեկավարն էր Սարգիս Բաղդասարյանը։ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչությունը գործել է երեք ու կես տարի 2005-2008թթ., գտնվել է Ախալքալաքում։ Այնտեղ աշխատել է 40 մարդ, 39-ը հայ՝ մեկ՝ վրացի։ Հայ աշխատակիցները եղել են հիմնականում «Ջավախք» ժողովրդական շարժման և ընդհանրապես ջավախքյան քաղաքական կազմակերպությունների նախկին ակտիվիստներ։ Որոշ մարդկանց կողմից վարչությունն անգամ անվանվել է «հայկական զորք՝ վրացական ՆԳՆ-ում»։ 2008թ. հատուկ հրամանագրով լուծարվում է Սամցխե-Ջավախքի վարչությունը և վերջինս բաշխվում է ՆԳՆ-ի վարչության վրա։ Չափազանց հետաքրքրական է, որ ներկայումս ամբողջ Վրաստանի նահանգներում կան այդ վարչությունները, բացի Սամցխե-Ջավախքից։ Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ հանձնարարականներով գլխավոր վարչությունը գործառույթները լայն են՝ մեծ հակակոռուպցիոն ծրագրեր, համատեղ ՆԳՆ-ի այլ վարչությունների աշխատակիցների հետ՝ մասնակցություն հատուկ օպերացիաներին, սահմանային հսկողություններ և այլն։
[5] Սարգիս Բաղդասարյանի հետ մեր հարցազրույցն անցկացվել է 2009թ. օգոստոսին՝ Ջավախքում։ [6] Խաչատուր Այվազյանը ներկայումս (2006 թվականից) զբաղեցնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի նախագահի պաշտոնը։ [7] «Երկիր», 15.09.1998: [8] «Երկիր», 15.09.1998: [9] Վահան Շիրխանյանը Ջավախքի Ախալցխա քաղաքի Ծղալթբիլա գյուղից է։ 1991-1992թթ. եղել է ՀՀ Կառավարությանը կից Պաշտպանության կոմիտեի նախագահ (դա ՀՀ Պաշտպանության նախարարության նախասկզբնական կառույցն էր), 1993-1995թթ.՝ Պետնախարար Վազգեն Սարգսյանի ուժային կառույցների գծով խորհրդական և 10-րդ վարչության պետ, 1995թ.-1999թ. հունիսը՝ Պաշտպանության փոխնախարար, 1999թ. հունիսից մինչ 2000թ. մայիսը՝ փոխվարչապետ և Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար։ [10] Վահան Շիրխանյանի հետ մեր հարցազրույցն անցկացվել է 2009թ. սեպտեմբերի 2-ին՝ Երևանում։ [11] «Երկիր», 15.09.1998: [12] «Ջավախք», թիվ 2, օգոստոս, 1998։ [13] «Վրաստան», թիվ 65-66, 15.08.1998: [14] «Երկիր», 29.08.1998: [15] «Հզոր Հայրենիք», 15.09.1998:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: