Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Փոխել status quo-ն, եթե կա պետությունն ամրացնելու ցանկություն

 Երբ խոսք է գնում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ու մասնավորապես status quo-ի պահպանման մասին, Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի մի զգալի, գրեթե գերակշիռ մասի կարծիք է հնչում, որ Հայաստանն աստիճանաբար թուլանում է, հետեւաբար քանի շատ չենք թուլացել` ավելի լավ է հիմա գնանք status quo-ի փոփոխության, քանի որ վաղը ավելի վատ փոփոխության ենք արժանանալու:

 Մինչդեռ թվում է, թե կարող էր լինել նաեւ հակառակ տրամաբանությունը, ու թերեւս հաղթած պետության եւ հասարակության համար դա կլիներ ավելի բանական եւ բնական տրամաբանություն: Այն է` եթե մենք աստիճանաբար թուլանում ենք, ինչն իսկապես այդպես է, քանի որ չենք կարողանում կառուցել մրցունակ պետություն, ուրեմն պետք չէ ընդհանրապես մտածել status quo-ի փոփոխության մասին, այլ պետք է թողնել այդ ամենը եւ անցնել հենց այդ մրցունակ պետություն կառուցելու խնդրին: Եթե մենք թուլանում ենք, ապա status quo-ի աննշան փոփոխությունն անգամ ոչ թե կանխելու է մեր թուլացումը, այլ էլ ավելի է մեզ թուլացնելու, քանի որ Հայաստանն այժմ եթե ինչ-որ բան ունի ռեգիոնալ առումով, ապա դա հենց status quo-ն է եւ դրա պահպանությունը: Եթե դա էլ հանվի Հայաստանի տակից, ապա Հայաստանը կարող է ուժեղանալ, սակայն ուժեղանալ այնպես, ինչպես ասենք Բանգլադեշի կամ Հրազդանի տոնավաճառները, երբ դրանք հացի խնդիր ու հարստության աղբյուր են տարբեր մարդկանց համար, բայց երբեք չեն կարող պետական սուբյեկտ լինել: Այդպես էլ առանց status quo-ի` ուժեղացած Հայաստանը լինելու է ընդամենը մի մեծ ու ընդհանրական տոնավաճառ, որը կլուծի մի 2 միլիոն 950 հազարի հացի ու մի 50 հազարի էլ հարստության խնդիրը:

Հետեւաբար, պետք է մոռանալ status quo-ն ինչքան հնարավոր է շուտ «մանրելու» մասին եւ ձեռնամուխ լինել մրցունակ պետության կառուցմանը: Իսկ այդ հարցում status quo-ն եւ Ղարաբաղի խնդիրն ամենեւին էլ խոչընդոտ չեն, ինչպես մտածում են որոշ շրջանակներ: Դա հասկանալու համար փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում մրցունակ պետություն: Մրցունակ պետությունը նախ այն պետությունն է, որտեղ իրադարձությունները, երեւույթները, վարքն ու բարքը չափվում են օրենքի եւ իրավունքի, Սահմանադրության չափով: Այսինքն` մրցունակն այն պետությունն է, հատկապես ածխաջրածնային ռեսուրսներով աղքատ պետության պարագայում, որտեղ առկա է օրինականության եւ իրավականության, օրենքի առաջ հավասարության եթե ոչ բացարձակ, ապա գոնե հնարավորինս բարձր մակարդակ: Այդ պայմաններում արդեն ինքնաբերաբար չեզոքանալու են մեր անմրցունակության շատ այլ պատճառներ` տնտեսական մենաշնորհները, օլիգոպոլիաները, կեղծ ընտրությունները, բիզնես-իշխանություն սերտաճումը:

Այլ խնդիր է, որ տնտեսական շրջափակումը, որը զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, դրանից ամենեւին չի վերանա: Այդ շրջափակումը կարող է վերանալ միայն Ղարաբաղի հակամարտության կարգավորումից, այսինքն status quo-ի փոփոխությունից հետո, թեեւ, իհարկե, պետք է նկատի ունենալ նաեւ, որ կարգավորում ու status quo-ի փոփոխություն հասկացություններն ամենեւին էլ հոմանիշ չեն, եթե չասենք, որ հականիշներ են: Բայց Հայաստանի գլխավոր խնդիրը գծված ներքին սահմաններն են, որոնք հասարակությանը բաժանել են շերտերի եւ ամեն շերտի համար գծել են իր սահմանը: Սահման չկա միայն իշխանության շերտի համար: Նրանք կարող են անել ինչ ուզում են, իսկ ահա հասարակության մյուս բոլոր շերտերը իրենց հատկացված սահմաններից կարող են դուրս գալ եւ անցնել միայն իշխանության հատուկ թույլտվության պարագայում:

Ահա թե որ status quo-ն պետք է փոխել, եթե կա պետությունն ամրացնելու ցանկություն:

Արման Բաբաջանյան

10.12.09

Zhamanak.com 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: