|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Ռուս-վրացական պատերա՞զմ, թե խաղաղությունԱնկախ 06/07/09 Ռուսաստանի հարավում մեկնարկած «Կովկաս-2009» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները պրո-արևմտյան շրջանները դիտարկում են` իբրև ռուս-վրացական նոր պատերազմի նախապատրաստում: Անցյալ տարվա օգոստոսյան պատերազմից առաջ ռուսական նման զորավարժություններ էին անցկացվում Հյուսիսային Կովկասում: Պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանի այս քայլն անվանում է նոր պատերազմ հրարահելու համար «մաքուր պրովոկացիա»: Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի լրատվության եւ հասարակական կապերի ծառայությունը հաղորդել է, որ հունիսի 29-ից հուլիսի 6-ը տեղի ունեցող զորավարժությունների նպատակն է գնահատել ՌԴ Հարավարեւմտյան տարածաշրջանում տեղակայված զորքերի մարտունակությունը և մոբիլիզացիոն պատրաստվածությունը: Դրանք անցկացվում են Կրասնոդարի եւ Ստավրոպոլի, Աստրախանի, Վոլգոգրադի եւ Ռոստովի մարզերի, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի, ինչպես նաեւ Կարաչաևո-Չերքեսիայի ու Չեչենական հանրակպետությունների տարածքներում: Զորավարժություններին, ընդհանուր առմա մբ, ներգրավված են շուրջ 8 500 մարդ, 200 տանկ, 450 զրահապատ մեքենա և տարբեր նշանակության մինչև 250 հրետանային զենք: Ռուսաստանը ռազմական ուժերը նախապատերազմյան վիճակի չի բերել, իսկ այդ վիճակին բերելը անցյալ տարվա օգոստոսի 12-ի 6-կետանոց Սարկոզիի հետ կնքած համաձայնագրի պահանջներից էր: Նաև Ռուսատանը չի թողնում ԵԱՀԿ-ին շարունակել մոնիթորինգը և մյուս գործողությունները Հարավային Օսեթիայում: Այս առնչությամբ ԵԽԽՎ-ն բազմիցս քննադատել է Ռուսաստանին, նաև պնդել, որ թույլ տան 25 հազար էթնիկ վրացի տեղահանվածներին վերադառնալ: ԵԽԽՎ-ն Հարավային Օսեթիայի գործողություները նույնիսկ որակում է` որպես «էթնիկ զտումներ»: Ի պատասխան, Ռուսաստանը կոշտ է արձագանքել ԵԽԽՎ-ի որոշումներին: Մոսկվան հայտարարում է, որ Հարավային Օսեթիան ու Աբխազիան միջազգային դիտորդների հանդեպ անվստահություն ունեն և որ նրանք միայն Մոսկվային են ընդունում որպես անվտանգության երաշխավոր: Բացի դրանից Ռուսաստանը պաշտոնապես քննադատեց ապրիլի վերջին մայիսի սկզբին Վրաստանի կողմից` վրաց-աբխազական հակամարտության գոտի լրացուցիչ ուժերի կենտրոնացումը` այն համարելով սպառնալիք Աբխազիայի դեմ: Լարվածության այսպիսի պայմաններում Ռուսաստանի կողմից անցկացվող «Կովկաս – 2009»-ը նոր ռիսկեր է ավելացրել տարածաշրջանում: Մայիսի 6-ից հունիսի 1-ը տեղի ունեցան ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր-2009» զորավարժությունները Վրաստանում, որը ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը անվանել էր «անհեթեթություն եւ սադրանք»: Մոսկվան պնդում էր, որ դա անընդունելի է մի երկրի տարածքում, որը բոլորովին վերջերս ակտիվ պատերազմական գործողությունների գոտի էր: Ու հիմա նույն բանն են պնդում պրո-ամերիկյան շրջանները Ռուսաստանի հասցեին: ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դանիել Ֆրիդը հայտնել է, որ վրաց-աբխազական հակամարտության գոտում «հնարավոր է բռնության այնպիսի բռնկում», որի ժամանակ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ներկայում այսօրինակ վտանգի մասին են խոսում գրեթե բոլոր միջազգային փորձագիտական շրջանները, որոնց հետազոտություններում կա «Ռուսաստանի նոր պատերազմը Վրաստանի դեմ» համոզմունքը: Նշվում է նաև Վրաստանի հետ նոր պատերազմի միջոցով Հայաստանում ռուսական բազաներին ցամաքային ճանապարհով կապվելու Ռուսատանի մտադրության մասին: Տեսակետներն այնքան հեռու են գնում, որ պատերազմի սկսման ժամկետ է նշվում նույնիսկ զորավարժությունների ավարտի և Օբամայի` Մոսկվա այցելության ժամանակահտվածը: Հունիսի 27-ին Կորֆուի ՆԱՏՕ-Ռուսաստան համաժողովում (NRC) վրացական հակամարտության մասին ՌԴ ԱԳՆ Լավրովը կոշտ հայտարարություն արեց՝ «Յուրաքանչյուր ոք պետք է ընդունի ստեղծված նոր իրողությունները»։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հուփ Շեֆերը սիրաշահելով Ռուսաստանին ասաց՝ «Ռուսաստանը ՆԱՏՕ-ի կարիքն ունի, իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի»: Ի՞նչ արդյունք կտա Օբամայի այցը Մոսկվա, կցրի՞ փորձագետների այն համոզմունքը, թե սպասվում է Ռուսաստան-Վրաստան նոր պատերազմ։ Իսկ արդյո՞ք Ռուսաստանը պատերազմ է ուզում: Իրականում պատերազմի սկսման վտանգ կա, սակայն այն չի հասնում սպառնալիքի աստիճանի: Օբամայի այցը կմեղմացնի լարվածությունը և կերկարաձգի հարաբերական անկայունությունը: ԱՄՆ հստակ գիտակցում է, որ Ռուսաստանը զգայուն է տարածաշրջանում ցանկացած տիպի արժեքային-օրիենտացիոն փոփոխությունների նկատմամբ: Բայց կարևորը, անկախ փորձագետների տագնապներից, Ռուսաստանը այժմ պատերազմի անհրաժեշտություն չունի: Փաստ է, որ անցյալ տարվա պատերազմով Ռուսաստանը գրեթե կտրվել է հարավից, սակայն կրկին կապվելու համար գործի է դրել այլընտրանքային այնպիսի ուղիներ, որոնք շրջանցում են Վրաստանը: Սրա ակնհայտ օրինակներն են Ռուսաստան-Իրան-Ադրբեջան երկաթգծի նախագիծը և ադրբեջանական գազը գնելն ու Nabucco նախագիծը կասեցնելը, որով այդ գազը պետք է Վրաստանով Եվրոպա փոխադրվեր: Ռուսաստանի համար չափազանց կարևոր է նաև այնպիսի այլընտրանքային ուղի ստեղծելը, որով Թուրքիայի միջոցով կկապվի Հայաստանին այս ուղղությամբ էլ շրջանցելով Վրաստանը: Սրանով էր պայմանավորված Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական երկխոսությանը: Փաստորեն, ռուս-վրացական հակամարտության կոնտեքստում Հայաստանին կապվելու Ռուսաստանի մտադրության մասին տեսակետները որոշ չափով հիմնավոր են, սակայն ոչ պատերազմով, այլ վերոնշյալ տնտեսական ռազմավարությամբ: Իսկ զորավարժությունների փաստն ինքնին խոսում է ոչ այնքան պատերազմի նախապատրաստման, որքան հոգեբանական այն ազդեցության մասին, որով պիտի ծանրանան Մոսկվայի դիրքերը Վաշինգտոնի հետ բանակացություններում: Ուստի սպասել նոր պատերազմ Ռուսատանի ու Վրաստանի միջև մոտ ապագայում, չարժե, մանավանդ, որ ԱՄՆ-ը զգում է Ռուսաստանի կարիքը համաշխարհային տեռռորիզմի ու միջուկային զենքի տարածման դեմ պայքարում, մերձավորարևելյան ու հարավկովկասյան նոր սրացումները կանխելու ու Եվրոպա-Ռուսաստան գազային հակամարտության կարգավորման հարցերում: Իսկ թե Վրաստանի համար ինչ հետևանքներ կունենան Ռուսաստանի այս «նոր խաղաղության» ռազմավարությունը, և արդյոք հեռանկարում կրկին չենք խոսի «նոր պատերազմի» մասին, ժամանակը ցույց կտա: Վահան Դիլանյան
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: