Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԴԻՐԻԺՈՐՆ ԱՄԵՐԻԿԱՆ Է

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը օգոստոսի 19-ին եղել է «Սարդարապատ» շարժման ստեղծելիք այլընտրանքային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի բանախոսը: Նա կարծիքներ է ներկայացրել տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների մասին: Խոսելով տարածաշրջանում Ռուսաստանի դերի մասին, Իգոր Մուրադյանն ասել է, թե առանց ԱՄՆ դերակատարության, առանց տարածաշրջանի մասին ԱՄՆ պատկերացումների եւ ռազմավարության ներկայացման, անհնար է խոսել Ռուսաստանի դերի մասին:
 
Իգոր Մուրադյանի կարծիքով, ԱՄՆ համար Հարավային Կովկասի տարածաշրջանը ձեռք է բերել նոր նշանակություն, նավթն ու գազն անցել են երկրորդ պլան, ինչի պատճառով էլ նվազել է Ադրբեջանի դերը: Իգոր Մուրադյանի խոսքով, քանի որ Թուրքիան այժմ դարձել է ԱՄՆ թիվ մեկ հակառակորդը, ամերիկյան իշխանությունը վարում է Թուրքիային զսպելու քաղաքականություն: Իգոր Մուրադյանի գնահատմամբ, ներկայիս փուլում թույլ են տալիս, որ Թուրքիան առաջ գնա տարածաշրջանային հավակնությունների առումով եւ այդպիսով բախվի տարածաշրջանի երկրների ու հարեւանների հետ:
 
Հաջորդ փուլը, ըստ Իգոր Մուրադյանի, լինելու է այն, որ ակտիվացնելու են Թուրքիային զսպելու ներու ունեցող երկրներին: Նա ասում է օրինակ, որ վերջերս եղել է Բուլղարիայում եւ արձանագրել, որ այդ միջակ երկրից այժմ պատրաստում են հակաթուրքական հզոր բաստիոն: Իգոր Մուրադյանի խոսքով, Թուրքիային զսպելու համար ԱՄՆ տեսադաշտում լուրջ նշանակություն ունի նաեւ Հայաստանը:
Բայց նա ասում է, որ քանի որ հայկական հարցի գործոնը ալիքաձեւ է, վերուվար է ընթանում եւ միշտ չէ, որ հնարավոր է այն խաղարկել Թուրքիայի դեմ, ամերիկացիները առաջին անգամ դիմում են նոր` Ղարաբաղի հարցի խաղարկման, ընդդեմ Թուրքիայի: Այդ առումով, Իգոր Մուրադյանն ասում է, որ այդ հարցը չի լուծվի, քանի որ ամերիկացիները չեն ցանկանում դրա լուծումը: Քաղաքագետի կարծիքով, ԱՄՆ համար Ղարաբաղի հարցը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ շաի լուրջ բախում առաջացնող հարց է:
 
Իգոր Մուրադյանը նշում է, որ նրանք, ովքեր համարում են, որ տարածք տալով կարելի է հարց կարգավորել, չունեն հեռանկար, քանի որ հակամարտության կարգավորմանդիրիժորը Ամերիկան է, ոչ թե Ռուսաստանը”:
 
Իգոր Մուրադյանն ասում է, որ Կովկասը Թուրքիայի համար մեծ խցանում է դեպի ոչ այլ ուր, քան հենց նույն Հարավային Կովկաս: Այդ պարագայում, ըստ Իգոր Մուրադյանի, բավական շփոթված վիճակ է Ադրբեջանում: Այնտեղ, ըստ քաղաքագետի, ձեւավորված են ներիշխանական ուժային տարբեր կենտրոններ, չգիտեն ինչ է լինելու Ղարաբաղի հարցի հետ, քանի որ նշաձողը շատ բարձևր են հանել` թե ուր որ է հարցը լուծվելու է, բայց հարցը լուծում չունի:
 
Բայց Հայաստանը, ըստ Իգոր Մուրադյանի, չի կարողանում օգտվել այդօրինակ նպաստավոր իրավիճակից, ԱՄՆ համար իր նոր աշխարհաքաղաքական նշանակությունից: Իգոր Մուրադյանն ասում է, թե Հայաստանը չկարողացավ հասկանալ, թե ինչ են ուզում ԱՄՆ, Եվրոպան եւ Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերության գործընթացի առումով: Առաջին անգամ այդ երեք հզոր կենտրոնները համակարծիք էին այդ գործընթացի պարագայում, բայց Հայաստանն անկարող եղավ օգտվել դրանից, նշում է Իգոր Մուրադյանը:
 
Նա նշում է, որ Հայաստանն օգտվելով ԱՄՆ համար իր աշխարհաքաղաքական նոր նշանակությունից, պետք է հենց այդ ելակետով խոսեր ռուսաստանի հետ, ինչը սակայն չի անում: Կա արդյոք Հայաստանում էլիտար մի խումբ, որը ունի իշխանության գալու հավակնություններ եւ կարող է օգտվել ներկայիս նպաստավոր իրավիճակից, հռետորաբար հարցնում է Իգոր Մուրադյանը:

 

ՉԻ ՆԿԱՏՎՈՒՄ ՍԱՐՍԱՓԵԼԻՆ

 Հայ-ադրբեջանական պատերազմ կվերսկսվի այն պարագայում, երբ դա ցանկանա Անկարան: Այդ միքտը օգոստոսի 19-ին հայտնել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը, հանդիպելով Սարդարապատ շարժման անդամներին: Իգոր Մուրադյանը նշել է, որ մոտ մեկ տասնամյակ առաջ Անկարային բացարձակապես ձեռնտու չէր, որ հայ-ադրբեջանական պատերազմ վերսկսվի, սակայն այժմ իրավիճակն այլ է: “Տեղի է ունենում սարսափելի բան, որ շատերը չեն նկատում”, ասում է Իգոր Մուրադյանը: Նա մանրամասնում է, որ խոսքը միջազգային ասպարեզում Թուրքիայի ավելի ու ավելի մեկուսացման մասին է:
 
Քաղաքագետի խոսքով, Թուրքիան հասկանում է, որ սխալ է կատարել ինչ որ տեղ, բայց անկարող է կանգ առնել ու հույս ունի սեղմելու: Այդ հույսը, ըստ Իգոր Մուրադյանի, նրան տալիս են եվրոպացի ձախերն ու ԱՄՆ Հանրապետական կուսակցության որոշ շրջանակներ, որոնք գուցե խաղ են անում Թուրքիայի հետ, բայց հույս տալիս են:
 
Ինչ էր պետք Թուրքիայի հայ-թուրքական հարաբերությունից, հարցնում է Իգոր Մուրադյանն ու ասում, թե պետք էր սահմանի ճանաչում եւ հայկական հարցի գործոնի չեզոքացում: Սակայն, տեսնելով, որ Արեւմուտքը թույլ չի տա հայկական հարցի գործոնը չեզոքացնել թույլ չեն տա, Թուրքիան անիմաստ համարեց հայ-թուրքական գործընթացը: Իսկ Արեւմուտքը, ըստ Իգոր Մուրադյանի, Թուրքիային բարդ դրության մեջ դնելու, ճնշելու համար մղում է հակադրությունների միաժամանակ թե Իսրայելի, թե քրդերի հետ: Թուրքիայի համար, ըստ քաղաքագետի, շատ բարդ ու դժվար է ներգրավվել քրդերի հետ հակամարտության մեջ, քանի որ այդ դեպքում պետք է ինքը անձամբ պատերազմի: Դրա համար, քաղաքագետը համարում է, որ նեղ վիճակում հայտռնված Թուրքիան կարող է գնալ այն քայլի, որ իր փոխարեն պատերազմի Ադրբեջանն իսկ ինքը օգնի` բնականաբար Ղարաբաղի ուղղությամբ:
 
Այ այդ դեպքում ինչպես կհանձնի մեզ Ռուսաստանը, չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ Ամերիկան մեզ չի հանձնի, այլ նույնիսկ կօժանդակի, երկրորդ Իսրայել ձեւավորելու ակնկալիքով”, ասում է Իգոր Մուրադյանը:
 
Նրա խոսքով, Հայաստանն ԱՄՆ համար ձեռք է բերել աշխարհաքաղաքական կարեւոր նշանակություն, որպես Ամերիկայի լուրջ հակառակորդ դարձաձ Թուրքիային զսպելու ներուժ ունեցող կարեւոր գործոններից մեկը, եւ այդ պարագայում ԱՄՆ համար բացարձակապես նպատաահարմար չէ թուլացնել իրեն անհրաժեշտ Հայաստանը: Այդ առումով Իգոր Մուրադյանը նշում է, որ ԱՄՆ թույլ չի տա վերադարձնել ազատագրված տարածքներն Ադրբեջանին եւ թուլացնել հայկական գործոնը:
 
Իգոր Մուրադյանն ասում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները այդպիսի նպաստավոր դասավորություն ունեն Հայաստանի համար եւ պետք է օգտագործել այդ պահը, որը գուցե պահ էլ չէ, այլ ավելի երկար մի ժամանակահատված:

 

ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀ ՈՒ ՈՉ ՄԻ 'ՈՉ'

 Հայ-ռուսական ռազմակայանների մասին նոր համաձայնագրի հայտնի թեմային եւ Ադրբեջանին Ռուսաստանի տրամադրելիք C 300 զենիթա-հրթիռային կայանների խնդրին Սարդարապատ շարժման անդամների եւ հյուրերի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը, ով մասնակցել է շարժման ձեւավորելիք այլընտրանքային խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստին:
 
Իգոր Մուրադյանը նշել է, որ Հայաստանը 15 տարի զենք է մուրում Ռուսաստանից, բայց առ այսօր լիարժեքորեն հագեցած չէ անհրաժեշտ սպառազինությամբ: Նրա խոսքով, ռուսները երկար ժամանակ մեզ նույնիսկ փամփուշտ չէին տալիս, ուր մնաց ավելի լուրջ զինտեխնիկա: “Եվ դա կոչվում է ռազմավարական դաշնակցություն”, ասում է Իգոր Մուրադյանը: Իսկ այդ մասին, ըստ Իգոր Մուրադյանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետախուզություններն ավելի շատ բան գիտեն, քան հայ հասարակությունը, քանի որ Մոսկվայում ոչ միայն տրամադրում են այդ ինֆորմացիան այդ հետախուզություններին, այլ վաճառքի հանում:
 
Ինչ վերաբերում է C 300-ի խնդրին, ապա Իգոր Մուրադյանն ասում է, թե Ռուսաստանը փորձում է ձեւացնել, որ այդտեղ քաղաքական խաղ կա: Իրականում, քաղաքագետը կարծում է, որ ոչ մի խաղ էլ չկա այլ պարզ կոմերցիա է եւ այդ գործարքում գնից բացի որեւէ այլ պայման չկա: Մնչդեռ օրինակ Չինաստանին կամ Հնդկաստանին զենք վաճառելիս Ռուսաստանը պայման է դնում, թե որտեղ եւ ինչ նպատակով չպետք է օգտագործվեն այդ զենքերը, ասում է Իգոր Մուրադյանը, նշելով, որ Ադրբեջանին C 300 վաճառելու պարագայում այդպիսի պայման չկա: Քաղաքագետը ասում է նաեւ, որ Ռուսաստանի ջանքն այդուհանդերձ իզուր է, քանի որ Ադրբեջանը երբեք չի պոկվի Թուրքիայից, Ամերիկայից եւ Անգլիայից:
 
Իգոր Մուրադյանն ասում է սակայն, որ Մոսկվայում այդուհանդերձ կան մարդիկ, իշխանական շրջանակում, որ գիտակցում են Ադրբեջանի հետ այդ գործարքների անհեռանկարությունն ու քաղաքական աննպատակահարմարությունն ու գիտակցում են, որ վաղ թե ուշ հարկ կլինի դադարեցնել այդ գործարքները, զենքի մատակարարումը, այն էլ աղմուկով: Իսկ ինչու այդ մարդիկ աշխույժ չեն այժմ եւ չեն փորձում կասեցնել ներկայիս գործարքները, հարցնում է Իգոր Մուրադյանն ու պատասխանում, որ աշխույժ չեն, քանի որ այդ կա Ռուսաստանի ղեկը ներկայումս պահող մարդկանց ձախողման խնդիր: Ընդ որում, նա ընդունում է, որ կա Մեդվեդեւի եւ Պուտինի քաղաքական առանձին ուղեգծերի հանգամանքը:
 
Իգոր Մուրադյանն ասում է, որ շատ խելոք մարդիկ մի առիթով իր հետ զրույցի ընթացքում ասել են, թե Ռուսաստանի ներկայիս իշխանության գոյությունը աղետ է Հայաստանի համար: Բայց, ըստ Իգոր Մուրադյանի, Հայաստանը ցանկության դեպքում կարող էր Ռուսաստանին ստիպել վարել այլ քաղաքականություն: Բայց դրա համար, ըստ նրա, պետք է ոչ թե վարձու քաղաքագետները դուրս գան եւ արեւային եղանակ նկարագրեն, այլ ժողովրդի դժգոհություն էր պետք ցույց տալ եւ եթե ակնհայտ լիներ, որ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը դժգոհ է Ռուսաստանի քաղաքականությունից, ապա այդ դեպքում ռուսները չէին կարող հաշվի չնստել դրա հետ, քանի որ ահավոր բան է, երբ որեւէ ժողովուրդ է դառնում որեւէ պետության թշնամի:
 
Իգոր Մուրադյանի խոսքով, Հայաստանի երեք նախագահներից որեւէ մեկը որեւէ հարցում Ռուսաստանին 'ոչ' չի ասել, չի ստիպել, որ Ռուսաստանը Հայաստանին նայի Ադրբեջանի հետ իր հարաբերության համատեքստից դուրս:
 
Անդրադառնալով Մեդվեդեւի հայաստանյան այցին, Իգոր Մուրադյանն ասում է, թե անհասկանալի է ով է կանգնած այդ ամենի հետեւում: Միթե որեւէ մեկը հավատում է, որ ռուսները Հայաստանում նոր ատոմակայան են կառուցելու, հարցնում է Իգոր Մուրադյանն ու ասում, որ կանցնի երկու տարի ու կպարզվի, որ այդ ատոմակայանը պետք էլ չէ:
 
Պետք էր վաղուց Մոսկվայի առաջ դնել Ղարաբաղը ճանաչելու հարցը, պետք էր աշխարհին հայտարարել, որ Ադրբեջանը համաձայն չէ եւ մենք էլ չենք կարող համաձայնել, ու բանակցությունը պետք էր դադարեցնել եւ անցնել ճանաչման գործընթացի: Պետք էր ստիպել Ռուսաստանին զբաղվել քաղաքականությամբ, ոչ թե մարմնավաճառությամբ, ասում է Իգոր Մուրադյանը: Նա նշում է, որ Հայաստանի իշխանությունը իրականում որեւէ պետության առաջ չի բարձրացնում Ղարաբաղը ճանաչելու հարց: Միեւնույն ժամանակ էլ Իգոր Մուրադյանը նշում է, որ ճանաչում են նրանց, ովքեր անկախ են:

lragir.am 19.08.10

 

Իգոր Մուրադյան. «Եվ դա ռազմավարական համագործակցությո՞ւն է կոչվում»

 Օգոստոսի 19-ին' ժամը 11:30-ին, «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ժողովրդական խորհրդարանի «Արտաքին քաղաքականության հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը՝ «Հայաստանը տարածաշրջանային նոր զարգացումների լույսի ներքո» թեմայով։ Նիստի բանախոս Իգոր Մուրադյանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 հակահրթիռային համակարգերի վաճառքին, մասնավորապես նշել է, որ ռուսները ցանկանում են ցույց տալ, որ քաղաքական խաղ է ընթանում, և Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքական նպատակահարմարություն կա։ Այնինչ, բանախոսի խոսքերով, ոչ մի նման նպատակահարմարություն էլ գոյություն չունի։

-Այստեղ քաղաքական նպատակահարմարություն չկա։ Այստեղ իրավիճակի զոնդաժ կա,-նշել է Ի. Մուրադյանը և հավելել, որ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, թե ինքն անհանգստացած է տարածաշրջանի կայունությամբ։

Նա նշել, որ 15 տարի է, Հայաստանը զենք է խնդրում, և հաճախ անգամ հասարակ փամփուշտներ ձեռք բերելը շատ բարդ է եղել. «Եվ դա ռազմավարական համագործակցությո՞ւն է կոչվում»։

7or.am 19.08.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: