|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Համախոհներն Ու Ընդդիմախոսները Հրապարակ 11/08/09 Հուլիսի 30-ին ԱՄՆ ութ տասնյակից ավելի կոնգրեսականներ նամակ էին հղել նախագահ Օբամային՝ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: Թուրքիայի վրա Արեւմուտքից ահագնացող ճնշումները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դիվանագիտական կուլիսային արարներից կարծես վերածվում են հրապարակային արշավների: "Roadmap"-Ի Հայաստանյան Ոդիսականը Կոնգրեսականները վարչակազմի ուշադրությունը հրավիրել էին այն հանգամանքի վրա, որ Թուրքիան սաբոտաժի է ենթարկում ապրիլի 22-ի ՀՀ, Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների համատեղ հայտարարության մեջ հիշատակված "roadmap"-ի (գործողությունների ուղեցույցի) գործադրումը: Գործողությունների ուղեցույցը հայտարարության մեջ հիշատակված այն փաստաթուղթն էր, որով կարգավորվելու էին հայ-թուրքական հարաբերությունները: Հայտարարության ընդունումից մեկ օր էլ չանցած՝ Հայաստանի քաղաքական ուժերն անցան աղմուկ-աղաղակ բարձրացնելուն: Էլ "Զաման" ու "Սաբահ" մեջբերել, էլ յուրաքանչյուրն իր իմացած պայմանագրերը հիշատակել, էլ Ցեղասպանության ուրանալուց ճառել, էլ պատմաբանների չստեղծված հանձնաժողովի դեմ սուր ճոճել, էլ ԱԳ նախարարին ազգադավության մեջ մեղադրել: Նման դեպքերի համար պատմության հզորագույն երկրներից մեկի` վիկտորյան դարաշրջանի Անգլիայի հզորագույն վարչապետներից մեկը` Բենջամին Դիզրաելին, ասում էր. "Երբ շուրջդ խելագարվում են բոլորը, մնում է սպասել": ՀՀ ԱԳ նախարարն էլ, շնորհիվ հայաստանցի քաղաքական գործիչների "տպավորիչ տեղեկացվածության, խորաթափանցության ու մտահորիզոնի", խորհրդարանի ամբիոնից թուրքական մամուլի վարկածներ էր հերքում: Նախարարը նաեւ հեռուստատեսային մի հարցազրույցով հայտարարեց, որ Թուրքիան` ստանձնած պարտավորություններից ետ կանգնելու դեպքում, դրանով ինքն իրեն, Եւրոպային ու աշխարհին կխաբի: Անցավ շուրջ երկու ամիս, եւ պարզ դարձավ, որ, ըստ հայաստանյան քաղաքական գործիչների, Հայաստանի համար այնքան աննպաստ եւ Թուրքիայի համար էլ նույնքան նպաստավոր "roadmap"-ի գործադրումը սաբոտաժի է ենթարկում Անկարան: Ստացվում էր, որ Թուրքիան իր համար դիվանագիտական ձեռքբերում հանդիսացող փաստաթուղթը հրաժարվում է գործողության մեջ դնել: Դա հնարավո՞ր էր որեւէ տրամաբանությամբ բացատրել, թե՞ այդտեղ ավելի տրամաբանության բացակայություն էր երեւում: Սակայն միտքը, տրամաբանությունը կամ պատճառաբանվածությունը Հայաստանում քանի՞ քաղաքական գործչի են հետաքրքրում: Միեւնույն է, քաղաքական դաշտը շարունակում էր ճամարտակել հայ-թուրքական հարաբերությունների վտանգավոր զարգացման մասին: Վերջապես ՀՀ ԱԳ նախարարը Կորֆուում դիմեց դիվանագիտական դեմարշի՝ պահանջելով, որ "roadmap"-ը դրվի գործողության մեջ: Հուլիսի 10-ին եղավ Լ՛Աքուիլայի հռչակագիրը, որից հետո, ինչպես առիթ ենք ունեցել գրելու, Թուրքիան փոխեց երգեցողությունը: Հուլիսի 30-ին Թուրքիայի վրա գործադրվող ճնշումներին միացան ամերիկացի կոնգրեսականները` Օբամայի վարչակազմին հորդորելով Թուրքիայից պահանջել ապրիլի 22-ին հանձնառած պարտավորությունների կատարում: ՄԵՆՔ "roadmap"-ԻՆ ԴԵՄ ՉԵՆՔ Կյանքումս քիչ դեպք կարող եմ մտաբերել, երբ որեւէ խոսակցությունից այնքան զարմացած լինեմ, որքան անցյալ շաբաթավերջին ՀՅԴ քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ խոսակցությունից: Ապրիլի 22-ի հայտարարության, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ "roadmap"-ի դեմ Հայաստանում ամենից ավելի աղաղակում էին դաշնակները (ՀՅԴ), նեոդաշնակները (Հայ ազգային կոնգրես) եւ սուպերդաշնակները (նախկին զինվորականներից ու հայդուկներից տարերայնորեն կազմավորվող մարտնչող ռուսոֆիլների թիմը, որոնք դեմ են անգամ Թուրքիայի հետ սահմանի բացմանը): Հետաքրքիր էր, թե ինչպես է պատահել, որ բոլոր այս ուժերը, որ ինքնամոռաց ճառում էին ընդդեմ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված քայլերի, դժգոհություն չեն բարձրաձայնում "roadmap"-ի գործադրում պահանջող կոնգրեսականների նամակի դեմ: Զանգահարեցի ՀՅԴ Բյուրո: - Պրն Մանոյան, Դուք, ենթադրում եմ, կոնգրեսականների նամակին` ուղղված նախագահ Օբամային, ծանոթ եք: - Այո, իհարկե: - Դուք այդ նամակը չե՞ք դատապարտում: - Դատապարտո՞ւմ... Ոչ, ինչո՞ւ պետք է դատապարտենք: - Իսկ ինչպե՞ս կարող եք չդատապարտել, երբ այդ նամակը պահանջում է հայ-թուրքական հարաբերություններում հաստատված "roadmap"-ի գործադրում: - Այո, բայց մենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ չենք: Նամակում կոնգրեսականներն ասում են, որ Թուրքիան խախտել է "roadmap"-ով ճշտված ժամկետները եւ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատում։ - Նամակում չի խոսվում հարաբերությունների մասին ընդհանրապես, այլ որոշակի` ապրիլի 22-ի համատեղ հայտարարության մեջ հիշատակված "roadmap"-ի մասին: Դուք "roadmap"-ին դեմ չէի՞ք, նույնիսկ կոալիցիայից դուրս չեկա՞ք դրա պատճառով: - Մենք "roadmap"-ին չենք դեմ: Մենք դեմ էինք, որ հայտարարությունն ընդունվեց ապրիլի 24-ի նախաշեմին, ապրիլի 22-23-ին, ինչը մեզ համար անակնկալ էր: - Այսինքն, Ձեր առարկությունները հայտարարության ընդունման ժամանակայի՞ն կողմին էին վերաբերում: - Այո: - Դուք "roadmap"-ի բովանդակության հետ խնդիր չունե՞ք: - Ոչ: - Դրա գործադրման դեմ առարկություն չունե՞ք: - Ոչ: Ինչպե՞ս կարող ենք առարկություններ ունենալ "roadmap"-ի եւ դրա գործադրման դեմ, եթե դրա բովանդակությունը չի հրապարակվել: Փաստաթուղթը մինչեւ չհրապարակվի, չծանոթանանք, ինչպե՞ս կարող ենք դեմ լինել: Պատկերացնում եք՝ եւ սա ասում է ոչ այլ ոք, քան ՀՅԴ-ի արտաքին քաղաքական մոտեցումները բարձրաձայնելու կոչված եւ իրավասու թիվ մեկ անձը: Ասում է ՀՅԴ-ի կողմից ամիսներ շարունակ "roadmap"-ի դեմ ճառելուց, դրա չիմացած կետերը քննադատելուց, հայ-թուրքական հարաբերություններին ընդդիմանալուց, ասուլիսներին դադար չտալուց, ԱԳ նախարարի հրաժարական պահանջելուց հետո: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Հուսադրող է, որ գոնե չորս ամիս հետո գիտակցության եկան եւ հայտարարում են, որ ՀՅԴ-ն "roadmap"-ի դեմ առարկություն չունի: կոնգրեսականների նամակը Թե ինչպես է պատահել, որ դաշնակցականները գիտակցության են եկել, ինքս դժվարանում եմ ըմբռնել: Ամեն դեպքում, չէի ցանկանա հավատալ, թե Հայաստանում կան այնպիսի մոլորվածներ, որոնց իրոք թվում է, թե 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձություններից մեկ դար անց քեմալ-բոլշեւիկյան սցենարով մի նոր ռուս-թուրքական տանդեմ կարող է ձեւավորվել: Հայաստանյան ռուսոֆիլներն էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեջ դադարում են վտանգ տեսնել, քանի որ Ռուսաստանն է ջանում գործընթացին միջամտել: Նախ, դժվար թե Մոսկվայի եւ Անկարայի համար հնարավոր լինի երկու անգամ նույն գետը մտնել՝ Արեւմուտքի եւ հայերի աչքի առջեւ: Երկրորդ՝ Թուրքիան էլ, Ռուսաստանն էլ չափազանց կախված են Արեւմուտքից, որպեսզի կարողանան սեպարատ խաղեր խաղալ: Զոնդաժները՝ այլ հարց, դա կարող են փորձել: Սա, իմիջիայլոց, Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի, թուրքերին ու հայաստանյան ռուսոֆիլներին տված անիմաստ հույսերի առթիվ: Իսկ եթե մի կողմ թողնենք ռուս-թուրքական մեկ դար առաջվա խաղերի մերօրյա պարոդիաները եւ ՀՅԴ-ի դիրքորոշման փոփոխությունը դիտարկենք ուղղակի ԱՄՆ կոնգրեսականների նամակի առնչությամբ, գուցե այն հանգամանքը, որ այս հարցում ՀՀ իշխանությունների համախոհներն ԱՄՆ կոնգրեսականներն են, մեր քաղաքական գործիչների վրա տպավորություն է գործել, գուցե ինքնավստահության տարրեր են ձեռք բերել: Ի վերջո, մարդուն վայել չէ անվերջ կարծել, թե իրեն խաբելու են, ինքը պարտվելու է, սեփական անինքնավստահության բարդույթից սարսափել մի քայլ կատարելուց կամ վախերը լռեցնելու բնազդից հոխորտալ: Դա այնքան պրիմիտիվ է ու այնքան խղճալի: Թարգմանաբար ներկայացնենք կոնգրեսականների նամակից որոշ հատվածներ, դաշնակցականների պայծառակերպումը մաղթելով Հայաստանի ողջ քաղաքական դաշտին: "Հարգելի պրն նախագահ, մենք Ձեզ ենք դիմում՝ հայտնելու մեր մտահոգությունն առ այն, որ Թուրքիան հետընթաց է կատարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմասն համաձայնեցված "roadmap"-ից: ...Մինչդեռ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում այս հաստատված "roadmap"-ին եւ վաղուց ի վեր առաջարկում է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում Թուրքիայի հետ, Թուրքիայի հրապարակային հայտարարություններն ու քայլերը ապրիլի 24-ից ի վեր խորապես հակասում են այս համաձայնությանը եւ վտանգում ամերիկյան քաղաքականությունը, համաձայն որի՝ կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների: ...Մենք հորդորում ենք մեր վարչակազմին՝ տարանջատել հարաբերությունների կարգավորման եւ Ցեղասպանության ճանաչման խնդիրները: Մենք հուսով ենք, որ վարչակազմի նորացված ջանքերը եւ կենտրոնացվող ռեսուրսները կարող են օգտագործվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամանակահատվածում, նպաստելու համար: Մենք նաեւ շարունակում ենք վճռականորեն աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ձեր հայտարարած քաղաքականությանը":
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: