Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ընդդիմությունը` լուրջ մարտահրավերների առջեւ

hetqonline Սեպտեմբեր 29, 2008

Այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց ժողովրդական շարժումը ազգային կոնգրեսի վերածելու իր հայտնի առաջարկությունը, պարզ դարձավ, որ ընդդիմությունը որդեգրել է գործընթացները քաղաքական հարթություն տեղափոխելու մարտավարություն։

Իրականում դա այն հանգրվանն էր, որին պետք է, ի վերջո, հասներ ուղիղ մեկ տարի առաջ սկսված հզոր հասարակական-քաղաքական շարժումը եւ միակ հնարավոր տարբերակն էր շարժման առաջադրած գաղափարները եւ ընդհանրապես ժողովրդական աննախադեպ ընդվզման ոգին որոշակի մակարդակով պահպանելու եւ դանք քաղաքական գործընթացների հիմքում պահելու համար։ Եթե շարժումը, դրանում ներգրավված ուժերը չփոխեին ընդդիմության ֆորմատը, այն շատ արագ մարելու էր՝ իր հետ բերելով հասարակական շատ ավելի խորը եւ վտանգավոր հիասթափություն, նիհիլիզմ։ Ճիշտ էր ընտրված նաեւ փոփոխության ենթարկվելու պահը։

Շարժման մեջ ներգրավված ուժերը մարտիմեկյան դեպքերից հետո, պահպանելով ոգեւորության, պայքարը շարունակելու վճռականության լիցքերը, այնուհանդերձ, հասկանում էին, որ դրա համար շարժումն ամենանպատակահարմար տարբերակը չէ եւ ելքեր էին փնտրում։ Տեր-Պետրոսյանի առաջարկն այս իմաստով թունելի ծայրում նշմարվող լույսի էֆեկտ թողեց։ Դա էր պատճառը, որ գրեթե ողջ կազմով շարժման մասնակից քաղաքական ուժերը մտան նոր ստեղծված Հայ Ազգային Կոնգրես։ Դա այն մեկնարկային վիճակն էր, որ ցանկանում էր տեսնել Տեր-Պետրոսյանը, որովհետեւ պառակտված, բաժան-բաժան եղած ընդդիմությունը բացարձակապես անընդունակ էր լինելու շարունակել սկսած պայքարը։

Կոնգրեսը՝ անցումային ձեւաչափ

Սակայն դա բավարար լինել չէր կարող, եւ դա հրաշալի հասկանում էր ընդդիմության լիդերը։ Նրա այն տեսլականը, թե ճիշտ կլինի Կոնգրեսը հետագայում վերածել մեկ կուսակցության, ցույց է տալիս, որ նա չէր տեսնում Կոնգրեսը իբրեւ պայքարը շարունակելու լավագույն ձեւաչափ։ Բանն այն է, որ վերջինս ներառում է գաղափարական բացարձակ տարբեր հարթություններում գտնվող ուժեր, որոնք միաժամանակ ունեն շարժման մեջ մտնելու սեփական մոտիվացիաներ, ամբիցիաներ։ Այդ ուժերը հավաքվել էին ընդամենը մեկ ժամանակավոր նպատակի շուրջ՝ ամեն գնով գործող իշխանության հեռացում։

Եթե ուշադրություն դարձնենք, թե շարժման, ապա նաեւ Կոնգրեսում ներգրավված ուժերը մինչեւ հիմա որ հարցերի շուրջ են միասնական դիրքորոշմամբ, հայտարարությամբ հանդես եկել, ապա ակնհայտ կդառնա, որ ընդամենը երկու՝ ընդդիմության գործողությունները, բնական իրավունքները ոտնահարելու դեպքերը քննադատելու, երկրորդ՝ հետագա գործողությունների, պլանների մասին ծանուցումներ անելու։ Այսինքն` ո՛չ արտաքին քաղաքական, ո՛չ իրավատնտեսական հարցերի, առավել եւս ծրագրային մոտեցումների շուրջ այսպիսի ձեւաչափով հնարավոր չէր եւ չի լինելու միասնական կեցվածք որդեգրել։ Մինչդեռ Կոնգրեսի վերածվելուց հետո այդ տիպիկ քաղաքական խնդիրներն այլեւս հնարավոր չէր լինելու անտեսել, երկրորդ-երրորդ պլան մղել։

Իրականում Կոնգրեսը կարող է լինել միայն յուրատեսակ անցումային ձեւաչափ, որն ապահովում է հրապարակային, ավելի ճիշտ` փողոցային գործընթացները քաղաքական հարթություն տեղափոխելը։ Եվ ներկայիս Հայ Ազգային Կոնգրեսը հենց այդ խնդիրն էլ փորձում է լուծել հնարավորինս անցնցում՝ իբրեւ ելակետ ունենալով շարժման մեջ համախմբված ուժերի կամ դրանց մեծամասության միասնականությունը պահպանելը։

Այսպիսի ձեւաչափերին հատուկ է մի կարեւոր առանձնահատկություն. դրանք փորձում են մի կողմից առկա շարժմանը քաղաքական բովանդակություն հաղոդելուն ուղղված կազմակերպչական, մեթոդոլոգիական նոր մոտեցումներ գտնել, մյուս կողմից` զուգահեռաբար չթուլացնել հրապարակներում, փողոցներում առկա ըմբոստության լիցքերը, մթնոլորտը։ Եվ Կոնգրեսի կողմից իրար ետեւից հրավիրվող, բացահայտ աննպատակ ներկայիս հանրահավաքները հենց այս վերջին խնդիրն են փորձում լուծել։ Սակայն ինչ-որ պահի հանրահավաքային գործունեությունն իրեն սպառելու է, ինչի նշաններն արդեն իսկ կան, եւ ընդդիմությունը, այսպես թե այնպես, կանգնելու է բոլորովին նոր իրողության, նոր հարցադրումների ու հրամայականների առջեւ։ Այդ հարցերն արդեն իսկ արդիական են դառնում եւ այլեւս հնարավոր չի լինելու խուսափել դրանցից։

Առաջին եւ ամենակարեւոր խնդիրն այն է, թե ինչ կառուցվածք, ղեկավարման ինչ մոդել է ունենալու Կոնգրեսը։ Վերջինիս անունից առայժմ հանդես են գալիս միայն ինչ-որ համակարգողներ եւ անհասկանալի է դառնում, թե ինչպես, ինչ սկզբունքներով են Կոնգրեսում կայացվում որոշումները։

Այդ համակարգողներից մեկը՝ Լեւոն Զուրաբյանն ինքը, վերջերս խոստովանեց, որ Կոնգրեսում կարող են նաեւ կոնֆլիկտներ ու լարվածություններ առաջանալ՝ հաշվի առնելով դրանում ներգրավված ուժերի խայտաբղետությունը։ Այդ իսկ պատճառով իրենք փորձում են Կոնգրեսում առողջ քննարկումների մթնոլորտ ստեղծել։ Ակնհայտ է, որ դա բավարար լինել չի կարող, որովհետեւ անգամ այդպիսի անկաշկանդ քննարկումների, բանավեճերի մթնոլորտը չի կարող նպաստել, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հիմնահարցի, սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ միասնական դիրքորոշումներ, ծրագրային մոտեցումներ որդեգրելուն։ Դա է պատճառը, որ Կոնգրեսում արդեն իսկ որոշակի դժգոհությունների տրամադրություններ են նկատվում։
Մասնավորապես, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը վերջերս հայտարարեց, թե Կոնգրեսը բավարար ակտիվություն չի դրսեւորում իր հռչակած նպատակներին հասնելու համար եւ կանգնած է իր մարտավարական զինանոցը թարմացնելու խնդրի առաջ։ Նա Կոնգրեսին մինչեւ հունվար ժամանակ է տալիս՝ հասնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Եթե դա տեղի չունենա, ապա արդեն հունվարին, ըստ Հակոբյանի, ընդդիմությունը ստիպված կլինի հանդես գալ նոր ձեւաչափով։ Կոնգրեսի առանցքային ուժերից մեկի՝ ՀԺԿ-ի ղեկավարը եւս իր վերջին ասուլիսում պարզորոշ ակնարկեց, որ այդքան էլ գոհ չէ ընդդիմության որդեգրած պասիվ գործելակերպից։ Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ չի կարելի բավարարվել միայն հանրահավաքային գործունեությամբ։

Նահանջ առանց երգի

Այսպիսի տրամադրություններն աստիճանաբար խորանալու միտում են դրսեւորում, եւ դա հասկանում են նաեւ Տեր-Պետրոսյանն ու նրա անմիջական շրջապատը, որոնք նկատելիորեն նվազեցրել են շարժման թափը եւ ակնհայտորեն որդեգրել աննկատ նահանջի ուղին։ Դրա առաջին ազդակները դրսեւորվեցին, երբ սեպտեմբերի կեսերին Կոնգրեսը, ընդառաջելով Երեւանի քաղաքապետարանի խնդրանքին, համաձայնեց հանրահավաքն ավելի ուշ՝ սեպտեմբերի 15-ին անցկացնել։ Իսկ այդ օրը կայացրեց շարժման համար աննախադեպ որոշում՝ հանրահավաքից հետո երթ չիրականացնել։ Այս երկու իրողությունները գուցե տրամաբանական կապ չունենային եւ որոշակի հետեւությունների տեղիք չտային, եթե այդ հանրահավաքին հաջորդող հենց առաջին ասուլիսի ընթացքում Կոնգրեսի համակարգողներից մեկը՝ Արման Մուսինյանը, առաջին անգամ չակնարկեր ընդդիմության մարտավարության մեջ որոշակի ,սրբագրումներե կատարելու անհրաժեշտության մասին։

Դրանից հետո արդեն բացարձակապես անակնկալ չհնչեց մեկ այլ համակարգողի՝ Լեւոն Զուրաբյանի արած այն հայտարարությունը, թե ընդդիմությունը կանգնել է մարտավարության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առջեւ։ Առայժմ Կոնգրեսը փորձում է իր ներսում առաջացած խնդիրների համար պատճառներ գտնել իշխանության ներսում։ Սեպտեմբերի 15-ի հանրահավաքից անմիջապես հետո ընդդիմությունն իր սահմանափակ քարոզչական միջոցներով այդ հանրահավաքը լուսաբանելու ընթացքում շեշտադրումները կատարեց ոչ թե դրա ընթացքում հնչած ելույթների, ընդդիմության հետագա գործողությունների վրա, այլ ոստիկանության պահվածքի։ Համաձայն այդ քարոզչության` չնայած հանրահավաքը արտոնված էր, սակայն ոստիկանությունն աննախադեպ ուժեր էր կենտրոնացրել Մատենադարանի տարածքում, ավելին՝ իր գործողություններով փորձում էր բախումներ հրահրել։ Հետագայում Կոնգրեսի ակտիվիստները սկսեցին շահագործել իրենց իսկ նետած տեղեկատվական խայծը։ Արման Մուսինյանը հայտարարեց, որ այդ հնարավոր սրբագրումները պայմանավորվելու են հենց ոստիկանության այսպիսի կոշտ գործողություններով, քանի որ իրենք մտածում են հանրահավաքի մասնակիցների անվտանգության մասին։

Ավելի ուշ հենց ոստիկանության կեցվածքը հաշվի առնելով` ընդդիմությունը շրջանառության մեջ դրեց ,տեռորիստական իշխանությունե բառակապակցությունը։ Հիշեցնենք, որ թե մարտի 1-ից առաջ, եւ թե հետո կազմակերպված որեւէ հանրահավաքի, մասսակայան միջոցառումից հետո ընդդիմությունը երբեք այսքան չէր մտահոգվել հանրության անվտանգության հարցով։ Այսինքն` պարզ էր, որ ոստիկանության գործոնն այս դեպքում շահագործվում էր որպես առիթ, շղարշ՝ նկատվող պասիվությունը ցցուն կերպով չցուցադրելու, այդպիսով համակիր զանգվածների մոտ խուճապային տրամադրություններ չհասունացնելու համար։

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը

Ո՞րն է, սակայն, Կոնգրեսում առաջացող նման տրամադրությունների պատճառը, եւ ինչու՞ է նման մարտավարական փոփոխություն կատարելու խնդիր առաջացել։

Առաջին պատճառը պետք է փնտրել հարավօսական հակամարտության եւ Թուրքիայի տարածաշրջանային վերջին նախաձեռնությունների մեջ։ Ընդդիմության գործողությունների հիմնական նպատակակետերից մեկը միջազգային հանրությանը ներհայաստանյան իրադարձությունների մեջ ներքաշելն էր, որի միջոցով նրանք հույս ունեին հասնել իշխանության նկատմամբ այնպիսի արտաքին ճնշումների, որոնք ներքին անհնազանդության ճնշմանը գումարվելով` կարող էին հանգեցնել իշխանափոխության։ Եվ միջազգային հանրության ուշադրությունը դեպի Հյուսիսային Կովկաս շեղվեց ընդդիմության համար չափազանց աննպաստ ժամանակահատվածում։

Մյուս կողմից` թուրքական նախաձեռնությունները տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պլատֆորմի ստեղծման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացված քայլերը ընդդիմությանը եւ հատկապես ՀՀՇ-ին զրկեցին թուրքական ուղղվածության քաղաքականությունը շահարկելու մոտիվացիայից։ Արդյունքում ընդդիմությունը հայտնվեց ձեռքերն ու ոտքերը կապած պատանդի կարգավիճակում։

Երկրորդ պատճառն ավելի շուտ կազմակերպչական է։ Տեր-Պետրոսյանը եւ նրա հհշական շրջապատը, ընդդիմության գործողությունները պասիվության տանելով, աստիճանաբար փորձում են կենսագործել մեկ կուսակցություն կամ միություն ստեղծելու գաղափարը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Կոնգրեսում ներգրավված ուժերը առժամանակ մանեւրելու լայն հնարավորություներ չունենան եւ դրանք չփնտրեն ակտիվ գործողությունների մեջ։

Այդպիսի պասիվության պայմաններում ՀՀՇ-ի դերը կդառնա առանցքային։ Այս իմաստով Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններին Արարատ Զուրաբյանի մասնակցությունը ուժերի յուրատեսակ ստուգատեսի դեր է կատարելու։ Այդ ընտրություններում փորձարկվելու է, թե ինչպիսին է ՀՀՇ-ի ազդեցության մակարդակը հենց Կոնգրեսում, այսինքն` ինչքանով է կուսակցությունը կարողանալու օգտագործել մյուս ուժերի ռեսուրսները։

Ամեն դեպքում ընդդիմությանը նման մոնոլիտ տեսք հաղորդելը չափազանց դժվար իրագործելի է։ Կոնգրեսում հավաքված ուժերն արդեն հիմա են ուզում ստանալ այն հարցի պատասխանը, թե գործողությունների ինչպիսի ընթացք է պլանավորվելու, ինչպիսին է լինելու դրանցում իրենց մասնակցության, պատասխանատվության եւ հատկապես հասանելիք դիվիդենտների չափը, սակայն դրանց պատասխանները նրանց ոչ ոք չի տալիս։

Պատահական չէր ընդամենը երկու օր առաջ Կոնգրեսի անդամ կուսակցություններից մեկի՝ ՀԺԿ-ի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի արած պարզորոշ ակնարկն այն մասին, որ դեռեւս վաղ է խոսել Կոնգրեսը մեկ կուսակցություն դարձնելու շուրջ։ Ավելին, ըստ նրա՝ այն նույնիսկ դաշինքի կարգավիճակ չի կարող ունենալ, որովհետեւ նման միավոր կարող է ձեւավորվել միայն ընտրությունների ժամանակ։ Հասկանալի է, որ Դեմիրճյանն այսպիսով ներկայացնում է ոչ թե միայն ՀԺԿ-ի, այլեւ Կոնգրեսի մաս կազմող այլ ուժերի շրջանակներում տիրող տրամադրությունները։

Նման վերապահ մոտեցումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով։ Այլ կերպ ասած՝ ընդդիմությունն այսօր կանգնել է երկու լուրջ խնդրի առջեւ` մարտավարական եւ կառուցվածքային-կազմակերպչական։ Եթե մոտ ապագայում այս երկու ուղղություններով կոնկրետ նախաձեռնություններ չիրականացվեն, ապա կարելի կլինի կանխատեսել ընդդիմադիր դաշտում նոր բաժանարար գծերի առաջացումը։ Սակայն դրանից վախենալ պետք չէ։ Քաղաքական հարթություն տեղափոխվելու սկսված գործընթացը հենց այսպիսի հետեւանքներ էլ պետք է ունենար։

 Գեւորգ Դարբինյան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: