|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
400 հազար դրամ վարկի համար կորցրեց 7200քմ վարելահողը
«Հետքը» բազմիցս անդրադարձել է բանկ-գյուղացի իրավահարաբերություններին եւ արդեն կարող ենք ասել, որ «գյուղատնտեսությունը զարգացնելու համար» գյուղացիներին հատկացվող բարձր տոկոսադրույքով վարկերը ոչ միայն չեն նպաստում գյուղատնտեսության զարգացմանը, այլ կործանում են նրան: Վարկառու շատ գյուղացիներ արդեն կորցրել են իրենց հողամասերն ու ավտոմեքենաները, նույնիսկ տներից են զրկվում: Վարկի պատճառով ունեզրկված նորարմավիրցի Մկրտիչ Մկրտչյանի` սրտի կաթվածից առաջացած մահը խուճապի է մատնել ամբողջ գյուղը: Շատ վարկառուներ արդեն վախենում են, որ նույն վիճակում հայտնվելու են իրենք: Մկրտիչ Մկրտչյանի հարեւան Ռուբեն Պողոսյանը նույնպես վարկ ունի: Նա վար ու ցանքի, պարարտանյութ գնելու համար 400 հազար դրամ վարկ է վերցրել «Ֆինքա» վարկային կազմակերպությունից, բայց նախորդ տարվա անբարենպաստ եղանակային պայմանները թույլ չեն տվել Ռուբենին` մարելու վարկը: «Ֆինքա»-ն գումարը բռնագանձելու պահանջով 2009 թ. նոյեմբերին դիմել է դատարան, հայցը բավարարվել է եւ, Ռ. Պողոսյանի ասելով, արգելանք է դրվել իրեն պատկանող 6000քմ սեփականաշնորհված հողակտորի եւ 1200քմ տնամերձ հողամասի վրա: Ռուբենը չգիտի էլ, թե վարկային կազմակերպությունն ինչպես է հաշվել տոկոսադրույքները եւ ինչքան տոկոս է ավելացել 400 հազար դրամ մայր գումարին, որ 7200քմ հողամասի վրա է արգելանք դրվել: Գույքագրել են նաեւ Ռուբենի տան կահույքից 3 կտոր: Հիմա ամեն պահի նրա ընտանիքի անդամները սպասում են, որ հողերը աճուրդի պետք է հանվեն: Այդպես են ասել ԴԱՀԿ աշխատակիցները, որ գրեթե ամեն օր այցելել են նրանց տուն եւ պարտավորեցրել փակել վարկի գումարը: «Գոնե մինչեւ ամառ մեզ ժամանակ տրամադրեն, էլի կաշխատենք, կփակենք, հիմա նոր գարուն է բացվել, ի՞նչ ծախեմ, որ վարկի գումարը փակեմ: Եթե այս հողն էլ մեր ձեռքից վերցնեն, տան դիմացի հողով ենք յոլա գնալու կամ էլ վարձով ուրիշի հողերը պետք է մշակենք»,- ասում է Ռուբենը: Նրանք հիմնականում բանջարեղեն են մշակել` պոմիդոր, պղպեղ, բադրիջան, բայց եկամուտ չեն ստացել: Ռուբենը հաշվարկել է, որ այսօրվա դրությամբ` 1 հա հողի կադաստրային արժեքը 1մլն դրամ է: Նա ավելի շատ մտածում է բանակում գտնվող տղայի մասին, որ վերադառնալու է ծառայությունից ու առանց վարելահողի է մնալու: «Առնող լինի` ես կվաճառեմ իմ հողերը, որ ջրի գնով չգան ձեռքիցս վերցնեն, բայց առնող չկա, ամբողջ գյուղն իմ օրին է: Գյուղում երեւի մի 5 տուն վարկ չի վերցրել, այն էլ` պետական աշխատողները, մնացածը վարկի տակ են: Պատկերացրեք, որ այսօր մեր գյուղի մեծ մասը ուտելու հացի խնդիր ունի: Մարդիկ ցամաք հացի փող էլ չունեն, հարկադիրը մի կողմից է խեղդում, բանկերն էլ` մյուս կողմից, չգիտենք, թե ինչ կլինի: Ժողովրդի վիճակն ահավոր է, կնանիք գնում բանջար են հավաքում դաշտերից, որ դրանով յոլա գնանք, բա դա ապրե՞լ է»,- նշեց Ռ. Պողոսյանը: Նոր Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Եղիշե Մարտոյանի վկայությամբ` գյուղից արդեն 100 հոգի աշխատանք փնտրելու նպատակով մեկնել է Ռուսաստան: Ռուբենը մի քանի տարի անընդմեջ վարկ է վերցրել ու ժամանակին մարել է, սակայն անցյալ տարվա պատուհասած կարկուտը նրա վրա «թանկ» նստեց: Ինչպես մյուս գյուղացիները, նա էլ պետությունից փոխհատուցում չի ստացել: Հիշեց, որ մի քանի տարի առաջ, որպես օգնություն, գյուղացիներին կշեռքով «մի քանի բուռ» պարարտանյութ են հատկացրել: «Պետությունը պիտի մտածի, որ լավ, ասենք իմ հողն էլ վերցրին, բա հետո ի՞նչ պետք է լինի: Բոլորն էլ լավ գիտեն, որ հիմա գյուղացին շուկայում վաճառելու բան չունի, գոնե մինչեւ աշուն համբերեն, էլի Աստված մեծ է` մի բան կվաճառենք, վարկերը կփակենք: Թե չէ` հիմա վարկ են ուզում, որտեղի՞ց տանք, սկի 1000 դրամ չունենք ձեռքներս»,- ասում է Ռ. Պողոսյանը: Այս օրերին էլ գյուղացիներից շատերը չեն կարողանում հող մշակել` պարարտանյութը թանկ է, վար ու ցանքը օր-օրի թանկանում են, թունաքիմիկատներն ու սերմերը` նույնպես: «Դե, եթե պետություն կա, թող բերի պարարտանյութ բաժանի, մենք էլ չգնանք թանկ ու կրակ վարկ վերցնենք: Տրակտորիստներն էլ նիսյա գործ չեն անում, ասում են` փողը տուր, գործդ անեմ, բայց մեր ձեռքին փող չի լինում, գնում վարկ ենք վերցնում ու ընկնում կրակը»,- ավելացրեց Ռուբենը: Hetq.am 19.04.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: