Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

8-րդ դարում Արցախի Տիգրանակերտն ուներ մեծաքանակ բնակչություն

Երջանկահիշատակ Բագրատ ՈՒլուբաբյանի որդին` Հրայր ՈՒլուբաբյանն օրերս «Իրավունքը de facto»-ի խմբագրությանը տրամադրեց հոր ձեռագրերից երկուսը, որոնք շարունակաբար կներկայացնենք մեր ընթերցողին` կարևորելով դրանց ճանաչողական նշանակությունը, հատկապես «սահմանների ճշգրտման» ներկա գործընթացում։
Հունահռոմեական և հայ վաղագույն հեղինակների տեղեկությունների համաձայն` Տիգրան Մեծի անունով գոյություն են ունեցել չորս քաղաքներ` Աղձնիքում, Արցախում, ՈՒտիքում և Գողթնում։ Եթե Աղձնիքի Տիգրանակերտը (հետագայում կոչված Մարտիրոսոպոլիս, Մարտիրոսաց քաղաք, Ֆարկին, Մուֆարկին) Հայաստանի մայրաքաղաքն էր Տիգրանի օրոք, ապա մյուսները շարքային ամրոց-ավաններ էին` կառուցված Մեծ Հայքի տարբեր նահանգներում և, հավանաբար կատարում էին հիմնականում զորակայանների դեր։ Այդ պատճառով էլ պատահական չէ, որ, օրինակ, Արցախի և ՈՒտիքի Տիգրանակերտներին վիճակված չէր վճռական նշանակություն ունենալ այս նահանգների պատմության մեջ։ Դեռ ավելին, պետք է կարծել, որ նրանք մինչև 19-20-րդ դարերը կործանվել են արևելքից ու հյուսիսից պարբերաբար եկող ասպատակիչների կողմից և հետագայում չեն վերակառուցվել անհարմար տեղանքի պատճառով։
Արցախի Տիգրանակերտը գտնվում էր այժմյան Աղդամ քաղաք-շրջկենտրոնից մոտ տասը կիլոմետր հյուսիս-արևմուտք, այժմ Շահ-բուլաղ կոչվող առատաջուր աղբյուրի շուրջը։ Այստեղ բնական ամրություններ չկան, եթե նկատի չունենանք աղբյուրի թիկունքով ձգվող ցածրադիր սարը, ապա նախկին ավան-ամրոցը կանգնած է եղել հարթ ու բաց դաշտում, որը և ըստ երևույթին, պատճառ է դարձել նրա հեշտ կործանման։
Ամրոց-ավանի մնացորդների մասին Մ. Բարխուդարյանցը գրել է. «Ընդարձակ գյուղաքաղաք եղած է և երբեմն առաջնորդանիստ և գավառագլուխ. տակավին մնում են ընդարձակ եկեղեցու ավերակը, շուկայի տների և բաղանիսների շինությունները և այլն։ Ավերակիս ստորոտում է Շահ-բուլաղ մեծ աղբյուրը, իսկ վերին ծայրում` հանգստարանը։ Իսկ ավերակիցս վերև են Վանքասարը և Հովվի սարը, որոնց հետ կապված է ավանդական պատմություն։ Ավերակիս մոտ է մի նոր բերդակ, որ շինված է ամբողջապես սրբատաշ քարով և կոչվում է Թառնագյուտի կամ Շահբուլաղի բերդ»։
Ճիշտ են, իհարկե, Բարխուդարյանցի դիտումները հին Տիգրանակերտի ավերակների մասին։ Ճիշտ է նաև, որ Տիգրանակերտը հետագայում այլափոխվել ու կոչվել է նա Թառնագյուտ. ադրբեջանցի պատմիչներն ու պատմաբանները հենց Թառնագյուտ (իմա` Թառնուտ) ձևով էլ հիշում են բերդը։
Սակայն Բարխուդարյանցն իր այս դիտումների համար վկայակոչում է Սեբեոսին ու Եսայի կաթողիկոսին, չնկատելով, որ Սեբեոսի հիշած Տիգրանակերտն Արցախի Տիգրանակերտից տարբեր է, իսկ Եսայի կաթողիկոսի մոտ էլ ոչ թե Տիգրանակերտ է, այլ Ականակերտ։ Նա այս տարբերությունը համարում է տպագրական սխալ։ Մինչդեռ Եսայու Ականակերտը Հասան-Ջալալյանների քաղաք-նստավայրն է եղել Խաչենի հովտում, Գանձասարի վանքի մոտ։ Այդ պարզ հասկացվում է պատմիչի խոսքից։ Նկարագրելով ավարառու ասպատակողների գործողությունները, Եսային պատմում է, որ ինքը Գանձասարի կատարից նայում-տեսնում էր ամեն ինչ. «Իսկ զօրք թշնամեացն տարեալ զավարն և զգերին խառնեցին ի բանակն իւրեանց և չուեալ ի Ականակերտու բանակեցան ի վերայ գետոյն Դըրդու, զոր այժմ Թարթառ կոչե ըստ Պարսկականին»։
Գանձասարից Շահ-բուլաղի Տիգրանակերտը չէր երևա, քանի որ նրանց իրարից բաժանում է վիթխարի մի լեռնաշղթա։ Իսկ Ականան կամ Ականակերտը գտնվում էր Խաչենի մյուս ափին։
Մակար Բարխուդարյանցի այս աղավաղումը թյուրիմացության մեջ է գցել նաև Մանանդյանին, որն էլ իր հերթին է նույնացրել ՈՒտիքի ու Արցախի Տիգրանակերտները, քարտեզի վրա տեղադրելով միայն մեկ Տիգրանակերտ` Շահ-բուլաղ վայրում։
Այս թյուրիմացությունը պարզելուց առաջ ասենք, որ երկու Տիգրանակերտների մասին սխալ պատկերացումներ են հրապարակել նաև Սեբեոսի երկու մեկնաբանները` Ք. Պատկանյանը և Ստ. Մալխասյանցը։ Առաջինը Սեբեոսի վկայության առթիվ գրել է, թե «եղել է երկու Տիգրանակերտ, մեկը Փայտակարան մարզում, Կուրի և Արաքսի միախառնվելու վայրում, մյուսը` Աղձնիք գավառում, հայոց հայտնի «մայրաքաղաքը»։ Մալխասյանցն էլ Սեբեոսի «միւս» արտահայտություններից ենթադրում է, թե «Գարդման գավառում եղել է երկու վայր այդ անվամբ» (Տիգրանակերտ - Բ.ՈՒ.)։
Ճիշտն ասած, Սեբեոսի տեղեկությունը շատ պարզ է և այդքան խառնաշփոթությունների հիմք է դարձել ո՛չ պատմիչի մեղքով։ Այստեղ կոնկրետ խոսք կա և՛ Գարդմանքի (ՈՒտիքի) Տիգրանակերտի մասին, և՛ այն Տիգրանակերտի, որ Արցախինն է ու գտնվել է այժմյան Շահ-բուլաղի մոտ։
Ըստ Սեբեոսի պատմության` պարսից զորաբանակի մի մասը, Շահր-Վարազի գլխավորությամբ, Հերակլի Վիրք գնալու ճանապարհը փակելու նպատակով, բանակում է Գարդմանքում, որը ոչ թե Շամքորի ու Գյանջայի արանքում էր, ինչպես Հ. Մանանդյանն էր կարծում, այլ Շամքորից դեպի արևմուտք` մինչև Խրամ գետը։ Հենց այստեղ էլ գտնվել է «միւս Տիգրանակերտը», որն առնելով` պարսիկները, փաստորեն, փակել են Վիրք մտնող ձորաբերանը։ Որ «միւս Տիգրանակերտը» գտնվել է այս ձորում, Գարդմանքում, պարզից էլ պարզ է Սեբեոսի մոտ. «...անցանէ ի Գարդման ընդդեմ նորա (Հերակլի) և բանակի ի միւս Տիգրանակերտի յանդիման նորա»։
Հասկանալի է, որ Հերակլի բանակը դրանից արևելք էր գտնվում։
«
Միւս Տիգրանակերտ» արտահայտությունն ինքնին ասում է, որ հենց այս վայրերում կա մի Տիգրանակերտ ևս, որի մասին պատմիչը վկայում է անմիջապես. «Եւ Շահենն ԼՌ (30000) զոր հասեալ բանակեցաւ ի թիկանց Յերակլի ի Տիգրանակերտ աւանի»։
Գարդմանքի Տիգրանակերտից մինչև Տիգրանակերտ ավանը (Շահ-բուլաղի վրա) կլիներ ավելի քան 100 կմ։ Սակայն նկատի առնելով, որ երեք զորաբանակներից միայն մեկը 30 հազարանոց էր, կարելի է մտածել, որ երեք այսպիսի բանակներ հազիվ կարողանային այս տարածության վրա տեղավորվել. Շահր-Վարազը Գարդմանքում` ճանապարհը փակած, Հերակլը, հավանաբար, Շամքոր-Գանձակ տարածքի վրա, իսկ Շահենը` Հերակլի թիկունքում, սկսած Արցախի Տիգրանակերտից։ Սեբեոսն ավան է կոչում Արցախի Տիգրանակերտը։ Նշանակում է 8-րդ դարի սկզբին այն դեռևս կարևոր բնակավայր էր և ուներ մեծաքանակ բնակչություն։
Այս ժամանակներում աշխարհագրական ու քաղաքական խոշոր կետ էր հանդիսանում նաև ՈՒտիքի (Գարդմանքի) Տիգրանակերտը։ Բավական է ասել, որ Հայոց արևելից կողմանց հոգևոր կյանքում միշտ էլ իր գործուն մասնակցությունն էր ունենում այս Տիգրանակերտի վանքը, որ, անկասկած, եպիսկոպոսանիստ է եղել։ Օրինակ, 8-րդ դարի սկզբին Ամենայն հայոց Եղիա կաթողիկոսին տված երդմնաթղթի տակ, Աղվանքի առաջնորդների շարքում, ստորագրել է նաև «Պետրոս Տկռակերտոյ վանականը»։ Սա անպայման ՈՒտիքի Տկռակերտ-Տիգրանակերտն է, որովհետև հիշվում է Կաղանկատույքի կողքին, ուր և իսկապես գտնվել է ՈՒտիքի Տիգրանակերտը։
Բագրատ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

 

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: