Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

 Դաշնակ Մարտունն Ու Իր Բանդան (Մաս 4)

chi 30/01/09

Շարունակում ենք ընթերցողներին ներկայացնել Դսեղի անտառների ողբերգական վիճակը վերհանող մեր հետաքննության արդյունքները:

Ինչպես տեղեկացրել էինք, նախորդ հինգշաբթի խմբագրություն զանգահարեցին Աթանի եւ Լորուտի մեր ընթերցողները, որոնք մեզ փոխանցեցին, թե հենց հիմա անտառում կանգնած բեռնատար մեքենաները շինափայտ են բարձում: Նույն պահին հանցագործության դեպքի վայրում հայտնվել չէինք կարող, ուստի հաջորդ օրն իսկ մեկնեցինք Դսեղ: Եղանք Ահնիձոր եւ Աթան գյուղերի հարեւանությամբ գտնվող Աթանի Ղաշ եւ Տանձուտ-Խոտհարք անտառներում, Ահնիձորի Չարդախլու տեղամասում, Գյուղատեղ-Խոտհարք, Մեծ Չալա հանդամասերի անտառներում, ինչպես նաեւ Տանձուտի անտառում: Բոլոր տեղերում  "Հայանտառի " հանցավոր բանդան եւ բանդայի պետ դաշնակ Մարտուն Մաթեւոսյանը հասցրել էին հեկտարներով անտառներ ոչնչացնել: Սակայն մինչեւ բուն թեմային անցնելը` մեկ երեւույթի մասին էլ խոսենք:

Դսեղում մի հայտնի տարածք կա, որը տեղացիները կնքել են  "Դսեղի Սունկեր " անունով: Դսեղի Սունկեր անվանվող այդ տարածքից դեպի Լոռվա ձոր հրաշալի համայնապատկեր է բացվում: Սակայն տարիների ընթացքում այստեղ կարծես թե միտումնավոր կույտ-կույտ աղբ է բերվել ու թափվել: Դժվար է ասել` տեղանքը ում է պատկանում` Դսեղի գյուղապետարանի՞ն, թե՞  "Հայանտառին ", բայց մեր նախավերջին այցելության ժամանակ դաշնակ Մարտունը` արծվենի հայացք նետելով շուրջբոլորը, խոստացավ, որ անմիջապես կհրահանգի մաքրել տարածքը աղբակույտերից: Ավելին` Մաթեւոսյանը մեր ներկայությամբ նույնիսկ ինչ-որ պաշտոնյաների զանգահարեց եւ հանձնարարականներ տվեց, որ տարածքը մաքրեն աղբից: Այս անգամ դարձյալ հանդիպեցինք աղբի նույն կույտերին. բացի Սունկերի տակի երկու, երեք պլաստմասե
բաժակների, մի քանի Կոկակոլայի շշերի եւ ցելոֆանե տոպրակների հավաքումից, այլ բան արված էլ չէր: Տպավորությունն այնպիսին է, որ, ասենք, շրջակա բնակչությունը եւ տեղական պաշտոնյաները նպատակադրված այդ տարածքը աղբանոցի վերածելու ծրագիր ունեն: Ընդգծենք, որ Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից եւ ձորի բերանի եկեղեցուց բացի, նույնքան տեսարժան եւ հայտնի վայր է հանդիսանում հենց այս Սունկեր կոչվող տարածքը: Ինչո՞ւ պետք է հենց Սունկերի տարածքում աղբի այս  "սպոնտան " կուտակումը լիներ, մեզ համար դեռեւս պարզ չէ. գուցե տուրիստներին փախցնելու համա՞ր է այսպես արվում կամ էլ ինչ-որ շրջանակների ձեռնտո՞ւ է, որ գյուղի այցեքարտը աղբանոցը լինի: Ինչեւէ:

Մեկ այլ երեւույթի մասին: Դսեղից Ահնիձոր տանող ճանապարհի մի հատված այս էլ ինչքան ժամանակ կիսափակ է: Բանն այն է, որ լեռներից մեծ ժայռեր են գլորվել եւ թափվել ճանապարհին, ինչի արդյունքում մեկ մեքենայի անցնելու  "միջանցք " հազիվ է մնացել: Թե երբ պետք է ճանապարհը ժայռաբեկորներից  "ազատագրվի ", դժվար է ասել. միեւնույն է, այդ տարածքով բարձրաստիճան պաշտոնյաներ չեն անցնում (Սեւանն ու Ծաղկաձորը  "սաղ " լինեն): Ի դեպ, երբ Մարցի ձորի ոլորաններից մի փոքր խորացանք, ոլորանների եւ Դսեղի Ծովեր տեղամասի արանքում հանդիպեցինք եւս մեկ հանդամասի, որտեղ դարձյալ համատարած ծառահատումներ էին իրականացվել եւ որտեղ որեւէ կոճղ, ինչպես մնացած դեպքերում, կնիքված չէր:

Այս անգամ ֆիքսեցինք նաեւ անտառների դժվար հասանելի մեծ հատվածները, որտեղ ծառեր կային ընկած-տապալված: Այս հատվածներում զանգվածային ծառահատումներ չեն իրականացվում, քանի որ տեղանքում տեխնիկա  "աշխատեցնելու " հնարավորությունները գրեթե զրոյին մոտ են: Այնուամենայնիվ
, բազմաթիվ ծառեր էին թափված գետնին, սակայն դրանք այդտեղից հանելու որեւէ ճիգ, բնականաբար,  "Հայանտառի "  "մտահոգ " աշխատակիցները չէին թափել: Դե, եթե ձեռքի տակ  "նաղդ " կտրելու ծառեր կան, ինչու ընտրել դժվար ու հեռու ճանապարհը, ինչու ավելորդ գումարներ ծախսել եւ չարչարվել (չնայած, բացառված չէ, որ այդ տապալված ծառերը եւս կարող են որպես հրաշալի շինանյութ եւ փայտանյութ լինել):

Մեկ այլ օրինաչափություն. անտառներում, այսպես կոչված,  "սանիտարական հատման " առաջնահերթությունը տրվում է հատուկ ծառատեսակների: Հատման  "կարիք " ունեցող ծառատեսակները հիմնականում կաղնին եւ հաճարենին են: Այսինքն` հատվում են այն ծառերը, որոնք հետո որակյալ շինափայտ են հանդիսանում եւ կարող են որոշակի քանակ ապահովել: Չգիտես ինչու հանցագործների բանդան անտարբեր է բոխու եւ հացենու նկատմամբ, չնայած անտառում դրանք եւս շատ են:

Պարբերական բնույթ կրող մեր այցելություններից մի բան էլ պարզ դարձավ. ակնհայտ է, որ գյուղերում արդեն ինֆրաստրուկտուրա է ձեւավորվել: Փոքրիշատե հնարավորություններ ունեցող գյուղացիների տան դռանը, օրինակ` Ահնիձոր, Աթան եւ Լորուտ գյուղերում, մեկ,
երկու կամ երեք բեռնատար մեքենա եւ տրակտոր էին կանգնած: Չենք բացառում, որ դրանք կարող են օգտագործվել գյուղատնտեսական կարիքների համար, բայց մեր տեղեկատվության համաձայն, դրանք աշնանը եւ ձմռանը արագորեն  "ինտեգրվում " են անտառահատման գործընթացին: Մասնավորապես` տվյալներ կան, որ Դսեղի անտառտնտեսության պետ Արմեն Այդինյանը` Արմենչոն, առնվազն 7-8 բեռնատար ավտոմեքենա ունի, եւ այս ինֆրաստրուկտուրան նաեւ ինքն է աշխատեցնում` փայտ եւ անտառանյութ տեղափոխելու պատվերներ իջեցնելով: Արմենչոյից հետ չի մնում Աթանի անտառապետը` Գարիկ Պարանյանը. հենց սրանց հետ միասին եւ սրանցով է դաշնակ Մարտունը իրականացնում անտառը լափելու իր բիզնես պրոյեկտը:

Բանը հասել է նրան, որ խուժանների այս թիմը անտառ փրթելու էժան աշխատուժ է վարձում դրսից: 2008 թ. ամռանը այս տարածաշրջանում` Մոտկորի անտառներում, Լորուտում, Դսեղում, Ահնիձորում, Շամուտում, Աթանում, դրսից բերված մարդիկ են աշխատել. ասում են, որ նրանք վրաստանաբնակ հայեր են, որոնք եկել են փող աշխատելու իրենց սղոցներով: Պատկերացնում եք, թե ինչքան էժան տարբերակով են վարձու աշխատուժ կարողացել դրսից  "կպցնել ", որ տեղացիները հրաժարվել են այդ կոպեկներով  "աշխատել " իրենց համար:

Մեր ունեցած տվյալներով,  "Հայանտառ " պետական ընկերությունը` ի դեմս կառույցի պետ Մարտուն Մաթեւոսյանի, սերտ կապերի մեջ է Հայաստանի անտառանյութի վերամշակման եւ արդյունահանման ինդուստրիալ ձեռնարկությունների հետ: Առաքման կետերը մեզ հայտնի են: Հատվող ծառերի մի մասը վերամշակվում եւ կահույքի տեսքով վաճառվում է, բայց ոչնչացված անտառի առյուծի բաժինը, վերամշակման ենթարկվելով, արտահանվում է:

Ահնիձորում մեր ֆոտոխցիկը արձանագրեց, թե ինչպես է ծառերով
բարձված ավտոմեքենան առաջ շարժվում: Կադրում, ինչպես նաեւ լուսանկարում, պարզ երեւում է, որ ծառերը կտրված են շինափայտի չափով: (Երբ շինափայտը երկու մետր չափով է կտրվում, ապա ակնհայտ է, որ այն կահույքի, մանրահատակի եւ նման տիպի այլ բաների համար է նախատեսված: Ավելի փոքր մետրային կտրվածքով ծառերը այնքան էլ մեծ  "հնարավորություններ " չունեն արտադրության մեջ): Ի դեպ` ուշադրություն դարձրեք, որ ծառերով բարձված ավտոմեքենան առանց պետհամարանիշի է (տես էջ 1): Առհասարակ, ընկեր Մարտունի բիզնեսը սպասարկող ամբողջ ավտոպարկը առանց պետհամարանիշի ավտոմեքենաներից է բաղկացած. դա ընդամենը քողարկման ձեւ է: Նկատենք նաեւ, որ ծառերով բարձված, առանց պետհամարանիշի ավտոմեքենաները ճանապարհներին չեն էլ ստուգվում: Մինչդեռ ժամանակին ոստիկանության եւ դատախազության համատեղ պոստերն էին վերահսկում դեպի քաղաք շարժվող ավտոմեքենաների  "պարունակությունը ":

Այլեւս անհերքելի է, որ անտառը ոչնչացվում է  "Հայանտառի " պաշտոնյաների ձեռքով` հենց դաշնակ Մարտունի ղեկավարությամբ, որին միայն իր բիզնես շահերն են հետաքրքրում: Պատահական չէ, որ ընկեր Մարտունի տեղական  "մենեջերը "` Դսեղի անտառտնտեսության պետ Արմենչոն, հայտարարություններ է անում, որ եթե ինքը  "գործից ազատվելով` պրծնի, իրեն շատ երջանիկ մարդ կզգա ": Դե, իհարկե, հնարավորություն կունենա լափածը մարսելու:

Չի ստացվելու, որովհետեւ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի կազմակերպված այս բանդան եւ նրա պարագլուխները կանգնեն օրենքի պատասխանատվության առաջ: Չկասկածեք:

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: