Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Տարածքները Հանձնելու Ապացույցը

chi 27/11/08

Երեւի շատերը նկատեցին, որ երեկ մեր շախմատիստների պատվին կազմակերպված տոնական համերգի ժամանակ հնչած երգերը հիմնականում մեր բանակին ու ռազմական հաղթանակին նվիրված երգեր էին։ Եվ դա հասկանալի է. Երրորդ հանրապետության 17-ամյա պատմության ընթացքում Հայաստանը ղարաբաղյան հաղթանակից ու կայացած բանակից ավելի մեծ ձեռքբերում չի ունեցել։

Բայց երեկ Երեւանում մեկ այլ աննախադեպ  "միջոցառում " էլ է տեղի ունեցել։ Ճիշտ այն նույն ժամին, երբ տոնական դահլիճում ռազմական հաղթանակներին նվիրված երգեր էին
հնչում, մի խումբ կարմիր բերետավորներ սուսուփուս հայտնվել են Եռաբլուրում եւ ջարդել ու իրենց հետ տարել հացադուլ հայտարարած մի քանի ազատամարտիկների վրանները։ Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղյան պատերազմի մի քանի վետերաններ եռօրյա հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում եւ իշխանություններից պահանջում էին չզիջել ազատագրված տարածքները։

Սա իսկապես բացառիկ երեւույթ է եւ անհեթեթությամբ ապշեցնում է նույնիսկ նրանց, ովքեր, թվում է, այս իշխանությունների ոչ մի քայլի վրա այլեւս չպետք է զարմանային։ Ընդ որում, խնդիրն այստեղ  "ոստիկանության (կամ հայտնի չէ թե ում) քայլերի ապօրինությունը չէ։ Այն, որ դա բացահայտ ապօրինություն է, հասկանալի է բոլորին։ Ի վերջո, եթե հացադուլավոր ազատամարտիկներն ինչ-որ օրենք են խախտել կամ խանգարել են հասարակական կարգը, ոստիկանները պիտի ոչ թե վրանները  "բերման
ենթարկեին ", այլ հենց նրանց։ Խնդիրն այստեղ ռեժիմի տրամաբանությունն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը։ Իհարկե, նորություն չէ, որ ոստիկանությունը հացադուլավորներ կամ վրաններ տեսնելիս հոգեխանգարմունքի մեջ է հայտնվում. դա բազմիցս տեսել ենք ե՛ւ Հյուսիսային պողոտայում, ե՛ւ հատկապես Վանատուր գյուղում։ Բայց Վանատուրի դեպքում ոստիկանները գոնե տեսականորեն կարող էին արդարանալ, թե  "վրանները գողանում ենք, որովհետեւ դուք հացադուլ եք անում ի պաշտպանություն ձեր պատգամավորի, իսկ նա մեղադրվում է հանցագործության մեջ "։ Դա, իհարկե, շատ հիմար  "արդարացում " կլիներ, բայց ամեն դեպքում` չեղածից լավ է։ Իսկ ինչո՞վ բացատրել ի պաշտպանություն ազատագրված տարածքների հացադուլ հայտարարածների վրանները ջարդելն ու գողանալը։ Գուցե ազատագրված տարածքներն է՞լ են հանցագործներ։ Թե՞ ազատագրողներն են հանցանք գործել։

Չէ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Սերժ Սարգսյանը  "հաճախորդ " կուսակցությունների ղեկավարներին հավաքում է իրար գլխի, եւ ում բռնում է` տեղում  "մտահոգությունները փարատում է ", սրանք էլ հաճույքով  "փարատվում են " ու գնում իրենց գործին։ Դաշնակները հայտարարում են, որ իրենք ընդհանրապես դեմ են որեւէ տարածք զիջելուն, բայց կարմիր բերետավորները, չգիտես ինչու, նրանց կոստյումներն ու վերարկուները  "բերման չեն ենթարկում "։ Հիմա պատկերացրեք, որ Սերժ Սարգսյանն ինչ-ինչ ճնշումների ազդեցության տակ ստիպված է եղել խոստումներ տալ եւ փաստաթուղթ ստորագրել, բայց իրականում չի պատրաստվում զիջել ազատագրված տարածքները։ Ի՞նչ պիտի աներ նա այդ դեպքում։ Պիտի փորձեր արտաքին աշխարհին ցույց տալ, որ ինքն իրականում հաճույքով կկատարեր իր տված խոստումները, բայց երկրի ներսում բողոքի ակցիաներ են
սկսվել, եւ ինքը ստիպված է հաշվի առնել հանրային կարծիքը։ Բնականաբար, այդ դեպքում ոչ թե կարմիր բերետավորները կառեւանգեին հացադուլավորների վրանները, այլ հակառակը`  "պատասխանատու " հեռուստաընկերություններն իբր  "համարձակ " ռեպորտաժներ կպատրաստեին հացադուլի մասին, դա ինչ-որ կերպ կհասցվեր միջազգային լրատվամիջոցներին եւ այլն։ Սերժ Սարգսյանը նման պարզունակ տրյուկների գիտակ է, եւ եթե նման քայլի չի դիմել` դա միայն մի բան է նշանակում. նա իսկապե՛ս մտադիր է առանց որեւէ լուրջ փոխհատուցման հանձնել ազատագրված տարածքները։ Այստեղ ամեն ինչ շատ հստակ է. եթե դու չես ուզում հանձնել տարածքները, լայնորեն գովազդում ես բողոքի ակցիաները, իսկ եթե այնուամենայնիվ մտադիր ես հանձնել, ճիշտ հակառակը` պիտի ամեն կերպ խոչընդոտես բողոքի ակցիաների կազմակերպմանը։ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն ընտրել է երկրորդ ճանապարհը։

Ի դեպ, բոլոր այն իշխանական ուժերին, ովքեր կոկորդ պատռելով գոռում են  "ոչ մի թիզ հող " կամ խոստանում են ցամաքային սահման հաստատել Ռուսաստանի հետ, խորհուրդ կտայինք  "նեղ շրջապատում " այնուամենայնիվ Սերժ Սարգսյանին հարցնել, թե ինչո՞ւ նա կարգադրեց փորձել խափանել հացադուլը։ Եթե, իհարկե, այդ պալատական հայրենասերներին ընդհանրապես հետաքրքրում է ղարաբաղյան խնդիրը։ Մի վախեցեք, հարցրեք։ Վատագույն դեպքում` եւս մի անգամ  "կփարատի ձեր մտահոգությունը " եւ վերջ։

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: