|
|||||||||||||||||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | ||||||||||||||||
|
Ջավախքի ճանապարների տխուր անցյալն ու մշուշոտ ապագան Bagin 31/07/09 Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից ս/թ հուլիսին անցկացված մանկական միջոցառում – հանդիպումների ժամանակ երեխաներին տրված այն հարցին, թե, եթե դու լինեիր ղեկավար, առաջին հրամանդ ո՞րը կլիներ, երեխաներից մեծամասնությունը պատասխանել է. «ասֆալտապատե'լ ճանապարհները»։ Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը ճանապարհների չափազանց վատ, շատ տեղերում անանցանելի լինելն է։ Եվ իրոք, այս հիմնախնդիրը ներկա զարգացող աշխարհում մեծապես ազդում է մանկական ու մարդկային հոգեբանության վրա։ Դեռ խորհրդային տարիներին, Վրաստանի՝ Ջավախքի հանդեպ վարած խտրական քաղաքականության հետևանքով Ջավախքում գրեթե բացակայել են ասֆալտապատ ճանապարհները։ Ասֆալտապատման աշխատանքները դեռ նոր – նոր էին արձակում իրենց ծիլերը, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, կանգ առան բոլոր աշխատանքները։ Ջավախքցիները մինչ այսօր, ԽՍՀՄ-ի փլուզման օրերից գրեթե 20 տարի անց էլ, կարծես թե չեն հավատում, որ մի օր իրենք հեշտ ու հանգիստ, առանց թրխկոցների, «ցնցումների» ու «վայրիվերումների», կհասնեն իրենց բնակավայրեր։ Միայն Ախալքալաքի նախկին շրջանում միջշրջանային ճանապարների երկարությունը հասնում է 273 կմ, որը գրեթե ամբողջովին շարունակում է մնալ քայքայված վիճակում։ Ջավախք մտնող ճանապարները, հիմնական ուղղություններով, բացառությամբ Բորժոմ – Ախալցխա ուղղության, գտնվում են անմխիթար վիճակում։ Այդ ուղղություններն են՝ Բաթումի – Խուլո – Ադիգեն – Ախալցխա (100 կմ) ուղղությունը, ՀՀ սահման – Նինոծմինդա (22 կմ) ուղղությունը, Թբիլիսի – Ծալկա ուղղությունը (90 կմ), Բորժոմ – Բակուրիան – Ցխրածղարոյի լեռնանցք – Ախալքալաք (50 կմ) ուղղությունը։ Ջավախքը մայր պետությանը՝ ՀՀ-ին կապող ճանապարները հայկական միջոցներով և աննշան չափով վերջին անգամ վերանորոգվել են 1996թ.՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հատկացրած շուրջ $250.000 միջոցներով։ Վրացական պետական միջոցներով 1998թ. վերանորոգվեց և շահագործման հանձնվեց Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներն իրար միացնող 20 կիլոմետրանոց հատվածը։ Այն Ջավախքի «մահամերձ» կյանքում տվյալ շրջանում կարելի էր համարել խոշորագույն իրադարձություն։ Վերջինիս շինարարական աշխատանքների համար հատկացվել էր շուրջ 4,5 մլն լարի։ Ճանապարհի բացման առթիվ 1998թ. հոկտեմբերի 16-ին Թբիլիսի – Ծալկա ճանապարհով Ջավախք ժամանեց նաև Վրաստանի երկրորդ նախագահ Է. Շևարդնաձեն։ Հետաքրքրական էր, որ վրացական իշխանություններն այդ առթիվ «ստիպված էին» փոքր-ինչ վերանորոգել նաև Թբիլիսի – Ծալկա 90 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, և, եթե մինչ այդ, նշված հեռավորությունը բնակիչներն անցնում էին 4 ժամում, ապա նախագահն այդ ճանապարն անցավ մեկ ժամում։ Նախագահի հետ հանդիպման ժամանակ և' Ծալկայի, և' Նինոծմինդայի, և' Ախալքալաքի բնակիչները բարձրացրին բազմապիսի սուր հարցեր։ Է. Շևարդնաձեն, փորձելով հայ-վրացական բարեկամության քողի տակ շրջանցել բոլոր տիպի հարցերը, իր այցի շրջանակներում նշեց. «Լուրջ հիմնախնդիրներ չկան, կան հարցեր, որոնք պետք է լուծել»։ Ջավախքի հյուսիսային մի քանի գյուղերի, Բորժոմ – Բակուրիան – Ցխրածղարոյի լեռնանցք հատվածի և Ծալկայի առանձին մասերի ճանապարները քիչ թե շատ վերանորոգվեցին 2000-ական թվականների սկզբներին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ-գազամուղի շինարարական աշխատանքներիշրջանակներում, սակայն դրանք խիստ ժամանակավոր էին և մշտական խնամքի բացակայության, ինչպես նաև ոչ հիմնովին վերանորոգված լինելու պատճառներով կարճ ժամանակ անց ստացան նախկին տեսքը։ 2000-ական թվականների սկզբներին Ջավախքի ճանապարների վերականգնողական աշխատանքների համար գումարներ են հատկացվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կողմից։ Սակայն այստեղ էլ ի հայտ են եկել և' կոռուպցիոն, և' նաև, խտրական դրսևորումները։ Դա ակնհայտ է դառնում, եթե բերենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հատկացրած գումարային չափերի բաշխման աղյուսակը. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կողմից (UNDP) տրված գումարների չափերը, որոնք ծախսվել են Ջավախքի բարձր լեռնային – արոտավայրային բնակավայրերի ճանապարների շինարարության համար.
Ինչպես տեսնում ենք, այն շրջանները (Բորժոմի, Ադիգենի, Ախալցխայի, Ասպինձայի շրջաններ), որտեղ վրացական տարրը առավել ընդգծվածէ, հատկացումներն առավել մեծ չափերի են հասնում, իսկ գերազանցապես հայկական Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններին, չնայած վերջիններիս առավել մեծ լինելուն, հատկացումներն անհամեմատ քիչ են։ Չնայած այս ամենին, այս հատկացումներն այնքան էլ էական ազդեցություն չունեցան խնդրի կարգավորման վրա, քանի որ համատարած կոռուպցիայի պայմաններում այդ հատկացումներն ավելի շատ այլ բաների «ծառայեցին»։ 2004թ. հունվարին ԱՄՆ – ի կառավարության կողմից հիմնադրված «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան (MCC) շուտով մեծ չափով առնչվելու էր Ջավախքի ճանապարների հետ։ Մինչ այդ՝ նշենք, որ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան 2004թ. օգոստոսին Վրաստանին հատկացրեց 295,3 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, հնգամյա հատվածում իրականացվող ծրագրերի համար։ Իսկ 2008թ. օգոստոսյան վրաց-օսական պատերազմից հետո (2008թ. նոյեմբերի 20-ին) այն ավելացվեց ևս 100 մլն-ով, որով $ 295,3 մլն-ը վերածվեց $ 395,3 մլն-ի։ ԱՄՆ կառավարական ծրագրերի շրջանակներում 295,3 մլն ԱՄՆ դոլարի հատկացման պայմանագիրը ստորագրվեց 2005թ. սեպտեմբերի 13-ին՝ Վաշինգտոնում, Վրաստանի Կառավարության և«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջև, որն ուժի մեջ մտավ 2006թ. ապրիլի սկզբին։ 2006թ. մայիսի 5-ին նախագծի տնօրեն Դեվիդ Ջոնսի ներկայությամբ Ախալքալաքում տեղի ունեցավ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ստորև ներկայացվող նախագծերից առաջինի (Ջավախքի ճանապարհների արդիականացման նախագիծ) շնորհանդեսը։ Իսկ ծրագիրն ընդհանրապես բաղկացած էր հետևյալ նախագծերից. 1. Ջավախքի ճանապարհների արդիականացման նախագիծ 2. Գազամուղի արդիականացման նախագիծ 3. Տարածաշրջանային ենթակառուցվածների զարգացման նախագգիծ 4. Վրաստանի տարածաշրջանային զարգացման հիմնադրամ 5. Ագրոբիզնեսի զարգացման նախագիծ։ ԱՄՆ-ի տրամադրած վերոնշյալ դրամաշնորհի («Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիր) շրջանակներում, ի թիվս այլ ոլորտների, նախատեսվում էր վերանորոգել մոտավորապես 245 կմ ճանապարհահատված: Սկզբնական շրջանում նախատեսվում էր վերանորոգել հետևյալ հատվածները. 1. Թբիլիսի – Կոդա – Մանգլիսի, 2. Ախալքալաք – Կարծախ, 3. Մանգլիսի – Ծալկա – Նինոծմինդա, 4. Ախալքալաք – Նինոծմինդա – Հայաստանի Հանրապետության սահման, 5. Խերթվիս – Վարձիա, 6. գյուղ Կարծախ (Ախալքալաքի մունիցիպալիտետ) – Թուրքիայի սահման: Մինչ այժմ վերանորոգված է միայն Խերթվիս – Վարձունիք (Վարձիա) հատվածը։ Ծրագրի իրականացման սկզբնական ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից հատկացված 295,3 մլն ԱՄՆ դոլարից շուրջ $102,2 մլն-ը ուղղվել էր Ջավախքի ճանապարների վերանորոգմանը, որը 2008թ. աճեց՝ հասնելով շուրջ $123,6 մլն-ի։ Շուրջ 123,6 մլն դոլար կազմող հատկացումով ներկայումս նախատեսվում է վերանորոգել Ջավախք տարածաշրջանի շուրջ 170,9 կմ ճանապարհահատված։ Շինարարական աշխատանքների իրականացման իրավունքը մի քանի անգամ փոխանցվել է տարբեր ընկերությունների։ Ներկայումս այն իրականացնում են մրցույթը շահած երկու խոշոր՝ “Ashtrom international Ltb” (Իսրայել) և“Papenburg/Ostash” (Գերմանիա-Թուրքիա) ընկերությունները։ Նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքները պետք է իրականացվեն 2008-2010թթ.։ Վերջիններս սկսվեցին 2008թ. գարնանը։ Ջավախքի ճանապարհաշինարարության ՀՀ սահման – Նինոծմինդա – Սաթխա 34 կմ երկարությամբ, Ախալքալաք – Սուլդա 20 կմ երկարությամբ հատվածները կառուցվում է “Papenburg/Ostash” (Գերմանիա-Թուրքիա) ընկերության կողմից։ Սաթխա - Նարդևան (Ջավախքի Ծալկայի հատված) 47,8 կմ երկարությամբ, Նարդևան գյուղից Թբիլիսի տանող և Գոխնարի հատվածն ընկած մասը (34,6 կմ), դեպի Թեթրիծղարոյի շրջան ձգվող և Թբիլիսի շարունակվող Գոխնարի – Պարծխիսի հատվածը (37,1 կմ) վերականգնվում է “Ashtrom international Ltb” (Իսրայել) ընկերության կողմից։ 2008թ. սեպտեմբերի 30-ին, ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի այցի շրջանակներում, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին հայտարարեց Ջավախքի ճանապարները միջազգային տարանցիկ խաչմերուկ դարձնելու կարևորության մասին՝ ընդգծելով Ախալքալաքը, Ծալկան, Նինոծմինդան Թբիլիսիի հետ միացնող ճանապարհի կառուցումը, որն ավարտին էր հասցվելու մոտակա երկու տարիների ընթացքում, և դրա մոտավոր արժեքը կազմում է $170 մլն։ Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, Ջավախքի վրայով անցնող Թբիլիսի – Ծալկա – Նինոծմինդա – Ախալքալաք – Ախալցխա – Խուլո – Բաթում ճանապարհի շինարարությունն ու գործարկումը Վրաստանի համար կենսական առաջնահերթության խնդիր դարձավ, երբ տեղի ունեցավ 2008թ. օգոստոսյան վրաց-օսական պատերազմը։ Այդ պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ, որ լրջորեն վտանգված է Թբիլիսիի՝ Գորի քաղաքի միջոցով Բաթում, Փոթի նավահանգիստների, միաժամանակ նաև՝ ողջ արևմտյան Վրաստանի հետ կապվող «կյանքի զարկերակը»։ Ելնելով այն ստույգ իրողությունից, որ վրաց-օսական պատերազմը մեկ օրում չի սկսվել, այլ հանդիսացել է երկարատև հաշվարկների ու պլանավորումների արդյունք՝ հնարավոր է, որ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի՝ Ջավախքի ճանապարհաշինարարական աշխատանքների ուղղությամբ հատկացումների կատարումը հենց պատերազմի պլանավորման արդյունք էր։ Ջավախքի վրայով ծով դուրս գալու անհրաժեշտությունը անվտանգության անփոխարինելի երաշխիք է Վրաստանի համար։ Այն կարող է անգամ որոշել Վրաստան պետության լինել չլինելու հարցը։ Ուստի՝ այս ուղղությամբ ճանապարհների գործարկումն ու անխափան դարձնելը ուղղակի բխում է Վրաստանի անվտանգության շահերից։ Ջավախքի ճանապարհաշինական ուղղություններին հպանցիկ հայացք գցելն անգամ պարզորոշ ապացուցում է այդ իրողությունը, իսկ Ախալքալաք – Սուլդա – Կարծախ – Թուրքիայի սահման ճանապարհն ուղղակի հեշտացնում է Վրաստանի «ելքը» դեպի Թուրքիայի տարածք։ Ահա այս իրողություններն են «թաքնված» այն «գաղտնիքի» հետևում, թե ինչո՞ւ հանկարծ, տասնամյակներ անց, Վրաստանը որոշեց վերանորոգել Ջավախքի ճանապարները և այն էլ՝ Ամերիկայի միջոցներով։ Այս զարմանքն այնքան էլ անհիմն չէ, քանի որ առաջին «հարվածը», որ ստանում է Ջավախք ոտք դնող յուրաքանչյուր ոք, դա ճանապարհների քայքայված վիճակից է։ Վրաստանը մինչ օրս խայտառակ վիճակում էր պահում միջպետական նշանակություն ունեցող Ախալցխա – Ախալքալաք – Նինոծմինդա – ՀՀ սահման 110 կմ երկարությամբ NC – 12 մայրուղու Նինոծմինդա – ՀՀ սահման 22 կմ երկարությամբ հատվածը, որը անհամեմատ դժվարացնում էր ջավախահայության կապը մայր պետության հետ։ Այս վերանորոգումներից այնքան էլ չի լուծվում ճանապարհային հիմնախնդիրը Ջավախքում։ Վերանորոգումներն ընդամենը լուծում են գլխավոր ճանապարներից մի քանիսի խնդիրը։ Այնինչ՝ մեծամասամբ գյուղական բնակավայերում ապրող ջավախահայության առջև մեծագույն խնդիր է մնում դարձյալ գյուղերից դեպի շրջկենտրոն տանող բոլոր ճանապարհների ծայրաստիճան քայքայված վիճակը։ Այդպիսի ճանապարների թիվը ահռելի է և Ծալկայի, և Նինոծմինդա-Ախալքալաքի, և Ախալցխայի գյուղական հատվածներում։ Մեծամասամբ շարունակում են քայքայված մնալ նաև Ջավախքի քաղաքների փողոցները։ Քաղաքային մունիցիպալիտետների առանձին հատկացումների շնորհիվ վերջին մեկ-երկու տարիներին վերանորոգվեցին միայն առանձին կենտրոնական փոոցներ։
Այս ամենի
հետ մեկտեղ՝ նշենք, որ ներկայումս ակտիվորեն վերանորոգվում է Ջավախքի միայն
Նինոծմինդա – ՀՀ սահման ճանապարհային հատվածը։ Մնացյալ՝ Նինոծմինդա – Ծալկա
հատվածի շինարարական աշխատանքները ներկայումս կանգ են առել։ Ճանապարհաշինական
ողջ տեխնիկան վերջին օրերին տեղափոխվել է շինարարության վայրից։ Պատճառը, ըստ
տեղեկությունների, շինարարական տվյալ ընկերության կողմից մեկ այլ ընկերությանը
«գործը ծախելն է»։ Հայտնի չէ, թե կոնկրետ երբ են վերսկսելու աշխատանքները,
սակայն մի բան ակնհայտ է, որ ավտոմեքենաների անցումը կիսատ թողած և փորփրած
ճանապարներով դարձել է գրեթե անհնար։ Այդպիսով Ծալկայի հայկական գյուղերը մեծ
դժվարություններ են կրում, մինչ հասնում են Նինոծմինդա և ՀՀ։ Վերջինիս
հետևանքով՝ հայկական Ծալկան, որն առանց այդ էլ ուներ ՀՀ-ի հետ ճանապարհային
կապի մեծ խնդիր, ներկայումս կանգնել է Նինոծմինդայի միջոցով իրականացվող այդ
կապի իսպառ կտրման եզրին։ Ծալկան ՀՀ-ի հետ կապող մյուս ճանապարհը, որն անցնում
է Թրիալեթի բնակավայրով, Խրամ գետով և Դմանիսի վրայով (Գուգութի – Գոգավան
սահմանային անցակետ), նույնպես խիստ անհարմար է, իսկ հարևան Թեթրիծղարոյի
վրայով դեպի Մառնեուլ – ՀՀ սահման՝ նույնպես և' անհարմար է, և' երկար։
«Միտք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան 31.07.2009 |
|||||||||||||||||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: