|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Դաշնակցությունը Ջավախքում այլևս անելիք չունի Bagin.info 25/02/09 Վերջերս Հայ Հեղափոխական Դաշնակցության առօրյա իրականության կառկառուն դեմքերից մեկը, կուսակցության քաղաքական հարցերի և Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles D՚ Armenie հանդեսին տրված հարցազրույցում հայտարարել է բառացի հետևյալը. «Սամցխե-Ջավախք տարածաշրջանում ՀՅԴ-ն չունի կազմակերպչական կառույցներ, իսկ դա նշանակում է, որ այնտեղ չկան Դաշնակցության անդամներ: Ձերբակալվածներից ոչ ոք (խոսքը գնում է Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանի և «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանի մասին) նույնպես ՀՅԴ անդամներ չեն»։ Հավանաբար «ընկեր Գիրոյի» պրիմիտիվ հաշվարկը հետևյալն էր. հազիվ թե Ֆրանսիայում տպագրվող հանդեսը հասնի Ջավախք, և տեղացիները, առավել ևս տեղի կառույցի անդամները, հնարավորություն ունենան «իմանալ» Դաշնակցության երևելիի «պատասխանատու մտքերի» մասին, որի համարձայն՝ իրենք պարզվում է «չկան»։ Կիրո Մանոյանը որպես դաշնակ կա ու կա, իսկ իրենք «հաստատ չկան»։ Ինչպես ասում են, մեկնաբանությունները լրիվ ավելորդ են, սակայն՝ խիստ պատմական անհրաժեշտություն։ Վերջիվերջո ջավախահայերը իրավունք ունեն իմանալու, թե ինչ է իրենից ներկայացնում ներկայիս Դաշնակցությունը, որի մասին ցավոք սրտի տեղացիների պատկերացումները սահմանափակվում են միմիայն որոշակի պապենական հիշողություններով, որոնք վերաբերվում են այդ կուսակցության պատմական անցյալին։ Իհարկե, տարօրինակ է, որ ջավախահայերի շրջանում առկա է խիստ մակերեսային պատկերացումներ «ներկայիս Դաշնակցության» մասին, առավել ևս, որ տեղացիները, մշտական կապի մեջ լինելով Երևանի հետ, ունեն լիարժեք հնարավորություն ամբողջական կերպով տեսնելու Հայաստանի իշխող կոալիցիայի անդամ հանդիսացող այդ կուսակցության և նրա խղճուկ առաջնորդների վարքագիծը։ Ներկայիս Հայաստանյան իրականությունում Դաշնակցության և նրա առաջնորդների քաղաքական և ազգային ձգտումները սահմանափակվում են «Մեղեդի» սրճարանով, Կոմիտասի շուկայով, Դսեղի անտառներով և ամենակարևորը, հասարակության լայն շերտերի վրա «Ընտանեական» լոտո նաղդելով։ Ներկայիս Դաշնակցության մասին ավելի լայն պատկերացումներ կազմելու համար կարելի է նաև դիտարկել այդ կուսակցության վարքագիծը և քաղաքական աճպարարությունները վերջին տարիներին Հայաստանում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո։ Մինչ ընտրությունները կուսակցությունը զբաղված է ընդդիմադիր կարգախոսների քողի տակ քվե փախցնելով, իսկ ընտրությունների ավարտից անմիջապես հետո «բարձր մասնագիտական հմտությամբ» իր տեղն է զբաղեցնում իշխանությունների «տաք անկողնում»։ Այդ բոլոր քայլերը վկայում են մեկ բանի մասին. Դաշնակցությունը կորցրել է իր քաղաքական նկարագիրը՝ ազգայնական-ընկերավարական կուսակցությունից վերածվելով հարմարվողական և ամորֆ մի զանգվածի։ Իհարկե, կարելի է մտածել, որ Դաշնակցության առաջնորդները, բացեիբաց «հրաժարվելով» իրենց Ջավախքի կառույցից և անդամներից, դա անում են խիստ քաղաքական նպատակներով, ինչպես նաև «փորձում» են դրանով իսկ «հարվածի տակ չդնել» ձերբակալված տղաներին։ Սակայն այդ վարկածին ընդունակ են հավատալ միայն կատարյալ միամիտները և քաղաքականության մասին շատ հեռակա պատկերացումներ ունեցող անձինք։ Առաջինը, վրացական հատուկ ծառայությունները ոչ միայն տիրապետում են այդ տվյալներին, այլ ավելին, ունեն Վրաստանում գործող Դաշնակցության բոլոր անդամների լրիվ և անվանական ցուցակը՝ շարքայիններից մինչև Կեն/Կեն։ Որոշակի ժամանակաշրջան առաջ, վրացական հատուկ ծառայությունները Սամցխե-Ջավախքում ներկայումս «դուրեկան» պաշտոն զբաղացնող «նախկին» մի դաշնակի (որը կանգնած էր եղել տեղի կառույցի ստեղծման ակունքներում) օգնությամբ կարողացել էին հավաքագրել ներկայիս կառույցի «կառկառուն դեմքերից» մեկին և նրա օգնությամբ ստացել էին տեղական կառույցի մասին ամբողջական և անվանական տեղեկատվություն։ Ընդ որում, հաշվի առնելով Սամցխե-Ջավախքի հայության շրջանում առկա բարեկամա-խնամիական պարտավորեցնող կապերը և նահապետական նիստուկացը, տեղի դաշնակներին անվանապես ճանաչում են անգամ Ախալքալաքի և Ախալցխայի շուկաներում արևածաղիկ վաճառող տատիկները, էլ ուր մնաց տեղական բնակչությունը և համապատասխան մարմինները։ Եվ, վերջիվերջո, այդ որ օրվանից աշխարհի տարբեր անկյուններում բացեիբաց գործող պատմական հայկական կուսակցությանը անդամակցելը դարձել է «քրեորեն պատժելի արարք»։ Եվ այստեղ տեղին է սակրամենտալ հարցը. ապա ինչո՞ւ են այս պարագայում Դաշնակցության ներկայիս «հայրերը» հրաժարվում իրենց «զավակներից»։ Այստեղ առկա են մի շարք պատճառներ։ Առաջինը, հաշվի առնելով այն փաստը, որ կուսակցության ներկայիս վերնախավը անընդունակ է որևէ լուրջ քայլ ձեռնարկել ձերբակալված տղաներին օգնելու և բանտերից ազատելու համար, և այդ պարագայում տարբեր կողմերից մշտապես հնչելու են Դաշնակցության հասցեին տարաբնույթ նախատանքներ, ընտրվել է «ամենակարճ և անխոցելի ճանապարհը» այդ ամենից գլուխները պրծացնելու համար. կառույցից և անդամներից հրաժարումը «թույլ է տալիս որևէ պատասխանատվություն չկրել նրանց ճակատագրի համար»։ Իսկ երկրորդ և ոչ պակաս կարևոր նրբությունը կայանում է նրանում, որ Դաշնակցություն կուսակցության ներսում տիրող խստապահանջ ավանդույթների պարագայում միանշանակ է, որ ցանկացած անդամ իր բոլոր քայլերի մասին նախօրոք տեղեկացնում է «պատասխանատու անձին» (այս պարագայում դժվար չէ գուշակել, թե ով է տվյալ ուղղության պատասխանատուն) և միայն դրանից հետո, ստանալով համապատասխան թույտվություն, իրականացնում է դրանք։ Այս իրավիճակում, հասկանալով, թե «հետքերը» ուղղահայաց կերպով դեպի ում դուռը կտանեն, «անհրաժեշտություն առաջացավ» նախօրոք և շուտափույթ կերպով փորձել ձերբազատվել սլաքավորներից։ 21 տարի Դաշնակցությունը զբաղված էր Վրաստանի տարածքում, և հիմնականում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում կուսակցության կառույցների ստեղծմամբ և անդամների հավաքարգրմամբ։ Սկզբնական ընթացքում առկա էր որոշակի նպատակ և ծրագիր, քանի որ այդ ժամանակաշրջանում Դաշնակցության ղեկին դեռ կանգնած էին «վերջին մոհիկանները», որոնք «դեռ հիշում էին», թե ինչի համար է ստեղծվել Հայ Հեղափոխականների Դաշնակցությունը։ Այդ շրջանում կային հստակ պատկերացումներ, թե հայության համար ինչ է ներկայացնում Սամցխե-Ջավախք-Ծալկայի տարածաշրջանը, ինչից է բաղկացած Վրաստանում Հայկական Հարցը և ինչ ուղիներով է հնարավոր այդ հարցի լուծումը։ Սակայն երբ Դաշնակցության ղեկից տարաբնույթ պատճառներով «հեռացան» «վերջին սերնդի ժառանգները», և կուսակցության վերին օղակները սահուն կերպով «զբաղեցրեցին» ներկայիս դարչնագույն թզուկները, փոխվեցին նաև Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում ի սկզբանե նախանշված նպատակներն ու ծրագրերը։ Ամենը մղվեց հետին պլան, մնացին միայն առիթից առիթ հնչեցվող կարգախոսները, որոնք անհրաժեշտ էին «արևմտյան ընկերներից» կամավոր գումարներ շորթելու համար՝ «Փոքրիկ Ջավախքում Մեծ Պայքար ծավալու» համար։ Եվ պատկերը ամբողջացնելու համար, քանի որ ժամանակ առ ժամանակ «արևմտյան ընկերները» փորձում էին տեղում պարզել իրենց տրամադրած գումարների անհայտացած հետքերը, տեղում կիսասով վիճակում պահվում էին «փառավոր սկզբի վերջին մնացուկները»։ Այդ «մնացուկների» վերջնական փոշիացումը վերջնականապես կանխելու նպատակով, Դաշնակցության ներկայիս «հայրերը» ժամանակ առ ժամանակ «նոր արյան» լիցք էին հաղորդում «մեռած հոգիներին», կուսակցության շարքերը մղելով որոշակի ազգային նկարագիր ունեցող տեղացի կիսագրագետ և անհեռատես որոշ երիտասարդների։ Ընդ որում, բարձր պատվին արժանանում էին միայն նրանք, ում ուղեղը հաջողվում էր լվանալ «ազգային և ընկերավարական գաղափարներով», այն է, ովքեր ընկալում էին, որ առաջնային և ամենակարևոր նախադրյալը դա կուսակցության ներկայիս վերնախավի աստվածացումը և նրանց կամքը սրբորեն կատարելն է։ Արդյունքում Դաշնակցությունը Սամցխե-Ջավախք-Ծալկայի տարածաշրջանում փուլ առ փուլ սկսեց կորցնել անգամ այն, ինչ ձեռք էր բերել սկզբնական շրջանում։ Ժողովրդի ակնկալիքները մեծ էին, սակայն ներկայիս Դաշնակցությունը ընդունակ չէր որևէ լուրջ քայլ իրականացնել, առավել ևս, որ կուսակցության ներկայիս «հայրերը» կարգախոսներ հնչեցնելուց բացի այս տարածաշրջանի կապակցությամբ չունեն հիմնավոր և նպատակային ծրագիր։ Այդ իսկ պատճառով «տեղի ընկերները» բացի «ավանդույթային ծիսակատարություններ» իրականացնելուց, մշտապես գտնվում էին շշմած և տարակուսած հոգեվիճակում, քանի որ ընդհանրապես չէին պատկերացնում իրենց քայլերն ու նպատակները, և առավել ևս պատրաստ չէին առկա մարտահրավերներին և վրացական իշխանությունների մշտական սադրանքներին։ Այսպիսով, Դաշնակցությունը այս փուլում ընդհանրապես չի պատկերացնում իր անելիքները Սամցխե-Ջավախք-Ծալկայի տարածաշրջանում, և տարածքում մնացել է ընդամենը տուրք տալով պատմական ավանդույթներին։ Կարելի է արձանագրել նաև, որ Դաշնակցությունը այդպես էլ չկարողացավ որևէ լուրջ և ծանրակշիրռ կառույց ստեղծել տարածքում, սահմանափակվելով երկարաշունչ անվանումով մի հասարակական կազմակերպությունով, որի գործող անդամների թիվը պակաս է դրանում ներգրավված «ընկերությունների» կնիքների թվից։ Եթե սրան ավելացնենք նաև խղճուկ և սնանկ մի լրատվամիջոց և վրացական այբուբենը գովազդող անկանոն տպագրվող մի թերթ, ապա առկա պատկերը կլինի ամբողջական։ Ընդ որում, վրացական իշխանությունները նույնպես որոշակի ժամանակաշրջան գտնվում էին «Դաշնակցության միֆի» ազդեցության տակ։ Վրացիների ուղեղներում նստած էր, որ Դաշնակցությունը դա այն ընդհատակյա հզոր կառույցն է, որի ձեռքերը հասնում են ամենուր, որ Դաշնակցությունը դա գեներալ-նահանգապետ Նակաշիձեին մահապաժի ենթակրող Դրոն է, վրացական իշխանիկներին պատժող «ղաչաղները», Սադախլոյի կայարանում վրացական սպայակույտին ծնկի բերող խմբապետերը և այլոք։ Ոչ, ներկայիս Դաշնակցությունը դա իրենց տեղը ակամայից շփոթած, հարմարվողական և անպատասխանատու անձինք են։ Երբ անցյալ դարի 80-ական թվականների վերջերից «Դաշնակցության հետքը» կրկին երևաց Վրաստանի տարածքում և ներթափանցեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, դեռ այն ժամանակվա Վրաստանի ՍՍՀ-ի անվտանգության մարմինները, իսկ հետո նաև անկախ Վրաստանի հատուկ ծառայությունները սկսեցին ուշադրությամբ հետևել «հայ ազգայնականների» վերադարձին։ Սկզբանական շրջանում վրացական հատուկ ծառայությունները դրսևորում էին ընդգծված զգուշավորություն պատմական կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ, քանի որ առկա էր վախ, որ ցանկացած գործողության Դաշնակցությունը կպատասխանի պատմական ավանդույթներին համապատասխան։ Սակայն ժամանակի ընթացքում, և մասնավորապես մի շարք տեղի դաշնակների «հավաքագրման» արդյունքում, վրացական իշխանությունների աչքերը սկսեցին հետզհետե բացվել։ Ամենը սկսվեց մանր սադրանքներից և «խայթոցներից», ընդ որում, դրանց անուղղակի կատարումը վրացական իշխանությունները պատվիրում էին իրենց տեղացի հայ մանկլավիկներին՝ ոստիկանության և «հատուկ ցանցի» համակարգից։ Քայլ առ քայլ, վրացական հատուկ ծառայությունները բացահայտում էին իրենց համար «Դաշնակցության միֆը», ավելի ու ավելի լկտիանալով իրենց գործողություններում։ Իսկ Դաշնակցությունը ցանկացած պարագայում մշտապես լռում էր, իր իսկ անգործության շնորհիվ պարանը փաթաթելով սեփական (ավելի շուտ տեղի կառույցի և դեռևս վերբովկա չեղած տեղի տղաների) վզին։ Ընդ որում այդ տեղի տղաները նույնպես ողջ ծավալով կրում են ներկայիս իրավիճակի համար պատասխանատվության իրենց բաժինը։ Վերջին շրջանում վրացական հատուկ ծառայությունները հոյակապ կերպով կարողացան օգտագործել «տեղի դաշնակներին» «Միասնական Ջավախք» կազմակերպությանը քայլ առ քայլ թուլացնելու և մասնատելու, իսկ վերջում նաև հիմնահատակ ջախջախելու համար։ Այդ հաջողությամբ իրականացված գործողությունից հետո վրացական հատուկ ծառայություններին էլ ոչինչ չէր մնում անելու, քան սկսելու բնաջնջել նաև «նախկին դաշնակիցներին» և դնել «Դաշնակցության միֆի» վերջակետը։ Այսպիսով քիչ է մնացել այն օրվան, երբ «ընկեր Գիրոն» ճիշտ դուրս կգա և Դաշնակցությունը Սամցխե-Ջավախք-Ծալկայի տարածաշրջանում չի ունենա ոչ կառույց և ոչ էլ անդամ։ Եվ Ջավախքում էլ որևէ անելիք չի ունենա։ Կոնստանտին Ուզունյանց |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: