|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Արտակ Գաբրիելյան. Ի՞նչ են վկայում փաստերը... Bagin.info 22/11/08
Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի մասին համապարփակ տեղեկատվություն է տրամադրում Արգիշտի Ա-ի (786-764) Խորխորյան տարեգրությունը: Վ. Սարգսյանն իր ուսումնասիրություններից մեկում տեղանվան ծագումը ստուգաբանում է «Ճապաղ-Ջավախք» անցման տեսանկյունից` հիմք ընդունելով երկրամասի աշխարհագրական միջավայրի առանձնահատկությունը, մասնավորապես ընդարձակ ու ջրառատ հարթավայրերը: Սակայն ըստ վրացական պատմագրության, «Ջավախք» անունն առաջացել է վրացիների նախահայր Քարթլոսի թոռան` Ջավախոսի անունից: Մեկ այլ վարկածի համաձայն, տեղանվան հիմքում վրացերեն «ջավի» (գարի) բառն է, կամ որ Ջավախք գավառանվան ծագումը օսերեն «ջաբախ» (լավ, առողջ) արմատից է առաջացել:
Ջավախքի` որպես հայկական տարածքի մասին, հիշատակվում է նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ: Պատմահայրը նշում է, որ 338 թ. Ներքին Ջավախքն անջատվել է Մեծ Հայքից ու Միացել Վիրքին: Գուգարաց բդեշխության կազմում մնացել է միայն Վերին Ջավախքը, որը Մեծ Հայքի 385թ. բաժանումից հետո ևս Վրաստանի տարածքում է ընդգրկվել: «Պատմություն Տարնո» երկում պատմիչ Հովհան Մամիկոնյանը գրում է, որ նույն դարում արաբները գրավել են Ջավախքը` նրանց տիրապետության ներքո մնալով մինչև 9-րդ դարի վերջը: Հետագայում տարածաշրջանը բազմիցս եղել է բազմաթիվ խաների ու շահերի ասպատակման թիրախ...
1801 թ. Վրաստանի` Ռուսաստանին միանալուց որոշ ժամանակ անց, Ջավախքը ներառվել է Թիֆլիսի նահանգի կազմում: «Ռուսական կայսրության փլուզումից հետո Ջավախքը հայտնվում է նորաստեղծ Վրաստանի Հանրապետության տարածքային հավակնությունների ոլորտում, իսկ 1921 թվականից խորհրդային կարգերի հաստատումից ի վեր, ի հեճուկս բնակչության միահամուռ կամքի, վերջնականապես կցվում է Խորհրդային Վրաստանին (Ա. Մելքոնյան, «Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին»): Պատմականորեն դա հենց Վերին Ջավախքի տարածքն է, որը համապատասխանում է ներկայիս Ախալքալաքի և Նինոծմինդայի վարչական տարածքներին:
Ս. Կարապետյանն իր «Ջավախք» աշխատության մեջ ներկայացնելով բավականին ծանրակշիռ փաստեր` հստակորեն ապացուցում է տարածաշրջանի հայկական լինելը. «Ջավախքում գտնվող նախաքրիստոնեական շրջանին վերաբերող նյութական մշակույթի այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են վիշապաքարերը, կիկլոպյան ամրոցները, սալարկղային և ժայռափոր թաղումները, իրենց բնութագրական առանձնահատկություններով բաղկացուցիչ մաս են կազմում և նույնանում Հայկական լեռնաշխարհի պատմական վաղագույն շրջանի հնդեվրոպական բնիկ քաղաքակրթության մշակույթի հետ: Հանգամանք, որն ինքնին վկայում է Ջավախքի` Հայկական լեռնաշխարհում ձևավորված միասնական մշակույթի ոլորտում ընդգրկված լինելը»: Հեղինակի փաստարկներով, այն խաչքարերի նմուշները, որոնք գրեթե հավասարաչափ տեղաբաշխված են Ջավախքի տասնյակ գյուղերում և հնավայրերում, պատմական սկզբնաղբյուրներին զուգահեռ, հաստատում են երկրամասի` հայկական մշակութային տարածքին աշխարհագրորեն պատկանելու և հայաբնակ լինելու իրողությունը:
«Ջավախք» աշխատության մեջ Ս. Կարապետյանը նաև արձանագրում է այն փաստը, որ թեև երկրամասի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվել են նաև վրացի մշակութաբանները, սակայն նրանց հրապարակումների մեծ մասը «ցավալիորեն հաճախ աչքի է ընկնում արծարծած նյութի մակերեսային մատուցմամբ, ինչպես նաև, որպես կանոն, կանխակալ և միտումնավոր մեկնաբանություններով»:
«Վրացազգի մի շարք ուսումնասիրողներ, առաջնորդվելով ոչ թե գիտության, այլ ազգայնամոլական շահերով, առնչվելով մեծաքանակ հայկական պատմական հուշարձանների հետ, իրենց հրատարակություններում անտեսել կամ պարզապես զանց են առել դրանց գոյությունը... Առաջնորդվելով Ջավախքում հայկական միջնադարյան հուշարձանների գոյության ժխտման և բացառման սկզբունքով` վրացի մի շարք հետազոտողներ հանգել են ծայրահեղ անհեթեթ պնդումների: Օրինակ` Վրաստանի մշակութային արժեքների պահպանության գերատեսչության փոխտնօրեն Պաատա Գափրինդաշվիլին խնդրո առթիվ հայտարարել է, թե «հնարավոր է, որ մի քանի գյուղերում լինեն ժամանակակից հայկական հուշարձաններ, իսկ հայկական պատմական հուշարձանի ոչ մի տեղ չեք հանդիպի: Այդ մասին վիճելն անգամ անհեթեթություն է...»,- գրում է Ս. Կարապետյանը` «Ջավախք» աշխատության «Պատմական հուշարձաններ» վերնագրի ներքո...
Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ Ջավախքի ներկան, եթե այն Հայաստանի Հանրապետության կազմում լիներ: Սակայն մի բան հաստատ է. այսօր հայոց լեզուն, հայկական մշակույթն ու պատմությունը վտանգված չէին լինի այլոց կողմից: Ջավախահայերի համար կենսական խնդիր չէր լինի իր իսկ լեզվի պահպանման ու իր մշակույթի հարատևման համար պայքարել: Նա ստիպված չէր լինի ականատես լինել վրացական կառավարության կողմից տարվող այն բոլոր բացահայտ գործողություններին, որոնք ակնհայտորեն ուղղված են իր իսկ ինքնության ու լեզվամտածողության դեմ:
«Վրաստանի անկախացումից հետո ժողովրդավարական արժեքներին և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված և երկրում օրենսդրորեն ամրագրված պարտավորություններին հակառակ` անկախ Վրաստանի բոլոր վարչակարգերը ոչ միայն շարունակեցին համառորեն վարել խորհրդային տարիներից ժառանգված խտրական քաղաքականությունը, այլև նոր քայլեր ձեռնարկեցին Ջավախքի հայալեզու կրթական համակարգի լիակատար քայքայման ուղղությամբ»,- գրում է «Ջավախք» աշխատության հեղինակը:
Եվ, իրոք, վրացական կառավարության կողմից մինչ օրս ընդունված բազմաթիվ համաձայնագրեր ու պարտավորություններ, որոնք, թվում է, ուղղված էին ազգային փոքրամասնություններին հուզող էական խնդիրների կարգավորմանը, այդպես էլ մնացին լոկ փաստաթուղթ և ոչ ավելին: Իսկ ներկայումս ջավախահայերի` կրթությանը, հայերենի կարգավիճակին, սոցիալական որոշ խնդիրներին վերաբերող արդարացի պահանջները պարզապես չեն նկատվում երկրի իշխանությունների կողմից, էլ ուր մնաց դրանց կարգավորման ուղղությամբ որևէ բան պահանջելը:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչ Արտակ Գաբրիելյան
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: