Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Վահագն Չախալյանը դատապարտվեց Հայաստանյան իշխանությունների անտարբերության հետևանքով

 Bagin.info 9/4/09 

«Հայ Կամավորականների Համախմբում» և «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը,   BAGIN ԼԿ հետ զրույցում «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշիքնի առաջնորդ Վահագն Չախալյանի անհեթեթ դատավարության ու դատավճռի կապակցությամբ վրացական դատական համակարգի գործունեությունը գնահատեց անօրինական ու ոչ ժողովրդավար: 

«Մեզ վրդովվեցնողը Թիբիլիսյան դատավճիռը չէր: Անօրինականությունները, որ այսօր կատարվում են Թբիլսիում` հայերի համար վաղուց նորություն չեն: Մեզ ավելի շատ վրդովվեցնում, մտահոգում է հայաստանյան իշխանությունների արդեն մի քանի տարի շարունակվող սարսափելի անտարբերությունը, որի հետևանքով Թբիլիսին համարձակվեց Վահագն Չախալյանին դատապարտել 10 տարվա ազատազրկաման: Ամբողջ խնդիրը հայկական իշխանության մեջ է, որը համարձակություն ունեցավ Վահագնի նման ազգային գործչին արտաքսել Հայաստանի Հանրապետության սահմաններից: Դա գլխավոր ազդանշանն էր Թբիլիսիին, որը կարծես ասում էր` թույլ եմ տալիս, կարող եք վարվել Չախալյանի հետ այնպես ինչպես ցանկանում եք: Դժբախտաբար բոլորս էլ գիտենք, թե արդյուքնում ինչ տեղի ունեցավ: Ջավախքում, Ախալքալաքում հրաշալի հայրենասեր, խելացի երիտասարդներից ձևավորված առողջ կորիզը ցիրուցան եղավ, ինչը վնաս է հասցնում ոչ միայն ջավախահայությանը, վիրահայերին, այլև հենց Հայաստանին», - հայտարարեց Ժիրայր Սևֆիլյանը: 

«Անսպասելի չ՞էր վրացական դատական համակարգի կողմնակալությունը» հարցին Ժիրայր Սևֆիլյանը փաստեց, որ իր և իր գաղափարակիցները վաղուց գիտեին, որ վրացական դատական համակարգում անօրինականությունները բավականին շատ են: Սակայն նա խորհուրդ է տալիս կատարվածի հիմնական մեղքը չփնտրել միայն Թբիլիսիում: «Ընդհակառակը, այս խնդրում մեղքի առյուծի բաժինը պետք է փնտրել հենց Երևանում: Վրացիներից որևէ խնդրանք չունենք: Նրանք իրենց ռազմավարությունն են մշակել: Այդ ռազմավարության գլխավոր պայմանն առաջին հերթին Ջավախքը, Ախալքալաքը հայաթափելն է: Վրացիները շարունակելու են աշխատել այդ հրեշային ծրագրի ուղղությամբ: Մենք խնդիր ունենք պաշտպանվելու, պայքարելու, բայց այս դեպքում պաշտոնական Երևանը ոչ թե օգնում է, այլ ընդհակառակը, հակառակորդի հետ ձեռք ձեռքի տված հալածում է: Սա է ողջ խնդիրը: Մինչև այս ապօրինի իշխանությունները չհեռանան, Ջավախքի հարցին օրինական լուծում չի տրվի», - փաստեց Ժիրայր Սևֆիլյանը:

 Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ BAGIN ԼԿ հետ զրույցում ասաց, որ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի հետ հաճախ է խոսել ու տեղյակ է Վահագն Չախալյանի գործի մանրամասներին: «Այնպես ինչպես Հայաստանում, Վրաստանում էլ կան քաղբանտարկյալներ ու նրանց դատում են քաղաքական հայացքների համար: Վահագն Չախալյանի ու մնացած ջավախահայ ակտիվիստների հետ կատարվող հետապնդումներն ու դատավարությունները ասվածի լավագույն օրինակներն են: Ապօրինությունները չափազանց շատ են: Վրաստանում ժողովրդավարության պակաս է զգացվում», - նկատում է Զարուհի Փոստանջյանը:

Ազգային ժողովի պատգամավորը` իրավական տեսանկյունից անդրադառնալով Վահագն Չախալյանի գործի էությանը փաստում է, որ խախտվել են մարդու իրավունքների Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածները: «Մարդու իրավունքների կոպիտ խախտում է իրականացվել: Բացի այդ, Վրաստանը Եվրոխորհրդի առջև բազմաթիվ պարտավորություններ ունի ու իրավունք չունի այսպես վարվել ու քաղաքական հայացքների համար 10 տարվա ազատազրկում սահմանել: Նրանք պարտավորություններ ունեն կապված ազգային փոքրամասնությունների վերաբերյալ: Փաստորեն վրացական կառավարությունը անընդհատ խախտում է իր ստաձնած պարտավորություններն ու ոտնահարում ազգային փոքրամասնություների իրավունքները», - հայտարարում է Փոստանջյանը: 

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ եթե վրացական դատական համակարգը շարունակի իր ապօրինությունների շարքը, ապա Ստեփան Ոսկանյանը Վահագն Չախալյանի համաձայնությամբ կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: