|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Արտավազդ Կարապետյան. Բաց նամակ վրաց մտավորականությանը bagin.info 06/09/08 Վերջին շաբաթների իրադարձությունները կրկին անգամ ապացուցեցին վրացական պետականության սխալ մոտեցումները ազգային փոքրամասնությունների խնդրում, որոնք հղի են երկրի համար ծանր և անվերականգնելի կորուստներով: Վրաց-օսական և վրաց-աբխազական պատերազմները ոչ միայն հանգեցրեցին Վրաստանի տարածքային ամբողջականության կորուստի, այլ նաև փոշիացրեցին ազգերի միջև դարերով ձևավորված բարեկամական հարաբերությունները` ընթացք տալով փոխադարձ թշնամանքին ու ատելությանը: Այսօր արդեն փաստ է, որ Վրաց պետականությունը իր մղած նախկին պատերազմների դառը փորձից չկարողացավ ճիշտ հետևություններ անել և դարձյալ ուժի ճանապարով փորձեց լուծել հարավ-օսական խնդիրը, որը և վերջնական մահացու հարվածը դարձավ թե երիտվրացական կառավարության և թե երկրի տարածքային ամբողջականության համար: Վրացական կենտրոնական կառավարությունը իր ռազմական անհաջողությունները կրկին անգամ բարդեց Ռուսաստանի Դաշնության վրա և դա բնական է, քանզի այս պատերազմում Ռուսաստանը հակամարտող կողմ էր: Սակայն ինչպե՞ս Ռուսաստանը դարձավ հակամարտող կողմ։ Վերջին 15 տարիների, և առավել ևս Միխաիլ Սահակաշվիլու իշխանության գալուց հետո, Վրաստանը արտաքին պատվերներով հետևողականորեն բարդացրեց իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի արդյունքում դարձավ ամենից հակառուսական տրամադրված երկիրը ամբողջ աշխարհում: Դա այդքան էլ չէր զայրացնի պաշտոնական Մոսկվային, եթե Վրաստանը բացահայտորեն չձգտեր մտնել Հյուսիս-ատլանտյան դաշինք (երկրից ռուսական զորքերը շուտափույթ վտարելու պարագայում) և Արևմուտքի օգնությամբ չզիներ իր բանակը: Այս ամենին անմաս չմնաց Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերություններում առկա լարվածությունը, որը զգալի էր՝ վերջին շրջանում Ռուսաստանի ներքին և արտաքին հաջողությունների արդյունքում: Իսկ ռուսական զորքերի ներխուժման համար վերջին կայծը հանդիսացան վրացական բանակի կողմից Ցխինվալի զանգվածային ռմբակոծությունները՝ երկրում առկա բոլոր զինատեսակներից, և ներխուժումը քաղաք, որի հետևանքով ոչնչացվեցին հազարավոր մարդիկ: Այս պատերազմում Վրաստանը բացահայտորեն դարձավ կռվախնձոր, որտեղ բախվեցին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը: Արդյունքում՝ Վրաստանի տարածքային ամբողջականության կորուստ; հազարավոր մահացածներ ու վիրավորներ (երկու կողմից); տնտեսական հետընթաց; Հյուսիս- ատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության արագացում՝ «երկրի տարածքային ամբողջականության հաշվին»; Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչում ու միջազգային ատյաններում նրանց վերջնական կարգավիճակի քննարկման ապահովում: Չնայած նրան, որ Վրաստանի համար կորուստները անդառնալի են և Ռուսաստանը ամենայն հավանականությամբ երբեք չի համաձայնվի կապեր հաստատել ներկայիս վրացական իշխանությունների հետ, այնուամենայնիվ Վրաստանը պետք է փորձի մի փոքր մեղմել իր որդեգրած քաղաքականությունը, քանզի աշխարհը կրկին դառնում է բազմաբևեռ, և առավել ևս նման հզոր հարևանից է կախված երկրի զարգացման ապագան: Պետք է նաև գիտակցել, որ ցանկացած գերտերություն ունի իր պետական շահերը և կարող է իր մանր խաղերով մեծ բարդույթներ առաջացնել Վրաստանի նման փոքր պետության համար: Ռուսաստանը այն պետությունն է, որի հետ Վրաստանը հանուն իր ազգային շահերի պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի և ոչ թե ամեն հարմար առիթից օգտվելով քննադատի, և որպես օրինակ մատնանշի Ռուսաստանի պատճառով իրեն հասած դառը անցյալի բաժինը: Դա հաստատապես չի բխում Վրաստանի ազգային շահերից: Այս ամենի հետ մեկտեղ Վրաստանի իշխանությունները պետք է փոխեն ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող իրենց կործանարար քաղաքականությունը՝ եթե ոչ հանուն այն Արևմտյան արժեքների, որոնք իբրև թե դավանում են, այլ գոնե հանուն Վրաստանի անբաժան ապագայի: Վրաստանի հակահայ քաղաքականությունը երկրի երկրորդ ճակատագրական սխալն է, որը պայմանավորված է մի քանի հիմնական պատճառներով. ա) Վախ՝ պայմանավորված Սամցխե-Ջավախքի կորուստով; բ) Աբխազիայի պատերազմում տեղի հայ բնակչության մասնակցությամբ (ինչը մշտապես հիշվում է վրացիների՝ հայերի դեմ ուղղված հոդվածներում); գ) Թուրք-Ադրբեջանական դրդումներով; դ) Տարածաշրջանում առաջատարը լինելու ցանկությամբ; ե) Ռուսաստան-Հայաստան ռազմավարական հարաբերություններով։ Սակայն պետք է քաղաքական կամք գտնել և քննարկել մեր երկու ժողովուրդների միջև ծառացած բոլոր խնդիրները, քանի դեռ չի սպառվել նաև այս հնարավորությունը: Այսպես. Վախ՝ պայմանավորված Սամցխե-Ջավախքի կորուստով. Այդ վախը արդյունք է սեփական քաղաքականության, որը որդեգրել է Վրաց կառավարությունը, քանզի գիտակցում է, որ նման քաղաքականության հետևանքով էր, որ օս և աբխազ ժողովուրդները դիմեցին ինքնապաշտպանության: Գիտակցելով ու վախենալով հանդերձ, կենտրոնական իշխանությունները դարձյալ շարունակում են իրենց՝ արդեն ավանդույթ դարձած, Սամցխե-Ջավախքի հայության իրավունքների խախտման ու հայաթափման քաղաքականությունը: Սամցխե-Ջավախքի հայությունը, հասարակական կազմակերպությունների միջոցով բազմիցս նշել է, որ Վրաստանի տարածքային անբողջականության սկզբունքի հարգմամբ, և սահմանադրությամբ ամրագրված ինքնավարության, արդարացի և օրինական պահանջներ ունի Վրաստանի կենտրոնական իշխանություններից: Աբխազիայի պատերազմում տեղի հայ բնակչության մասնակցությունը. Եթե վրաց պատմաբանները, ապա նաև լրատվամիջոցները լավ ուսումնասիրեն, թե ինչու տեղի հայ բնակչությունը իր չեզոք դիրքից դարձավ հակամարտող կողմ, ապա երևի թե սեփական սխալների խղճի խայթից այդ թեման վերջնական փակվի: Սակայն ով կգտնի համարձակություն խոսելու, թե ինչպես վրացական զորքերը դաժանաբար թալանեցին ու ոչնչացրեցին տեղի հայկական մի քանի գյուղեր, որով և արժանացան տեղի հայ բնակչության արդարացի զայրույթին: Թուրք-Ադրբեջանական դրդումները Վրաց հասարակությունը ծանոթ է 1915թ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությանը։ Սակայն քչերը գիտեն, թե որն էր երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության բուն նպատակը: Իսկ նպատակը հետևյալն էր` բռնագրավել հայկական տարածքները և միավորվել Ադրբեջանի, ապա նաև մյուս թուրքալեզու երկրների հետ՝ մեծ թուրանական կայսրություն ստեղծելու համար: Մեծ Թուրանի ճանապարհին Թուրքիային մշտապես խոչընդոտ է հանդիսացել հայ ժողովուրդը, ինչի պատճառով էլ ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից: Տվյալ իրավիճակում հայտնված հազարավոր հայ փախստականերին ընդունած Արևելյան Հայաստանը իր մեջ դարձյալ ուժ գտավ և 1918թ. մայիսյան անկախության հռչակման հետ մեկտեղ ճակատամարտեր տվեց թուրքական զորքերի դեմ, որոնք Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ուղությամբ շարժվում էին դեպի Երևան, որպեսզի վերջնականապես ջախջախեն հայ ժողովրդին ու միանան Ադրբեջանին: Այդ թվերին զինված հարձակումների ենթարկվեց նաև Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը, Սյունիքը և Սամցխե-Ջավախքը, սակայն այստեղ ևս թուրքերը չկարողացան ճանապարհ բացել դեպի Մեծ Թուրան: Նորագույն պատմության մեջ, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ընթացքը ցույց տվեց նաև մեր օրերում Թուրքիայի՝ պանթուրանական ձգտումների առկայությունը: Անհաջողություններ կրելով նաև այստեղ, կարճ ժամանակամիջոցում Թուրքիան ու Ադրբեջանը արդեն Վրաստանի տարածքով նոր ճանապարհ գտան իրականացնելու իրենց դարավոր երազանքը: Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթամուղից հետո թուրք-մեսխերի վերաբնակեցման և Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման ծրագրերի իրականացմամբ Թուրքիան կլուծի իր երազած միջանցքի հարցը։ Ավելին, Սամցխե- Ջավախքի հայերը ստիպված կլինեն արտագաղթել, ներկայիս Հայաստանը կհայտնվի թուրքալեզու ազգերի մեջտեղում և Վրաստանը կարճ ժամանակամիջոցում կընկնի նրանց ուղղակի ազդեցության տակ: Այս ամենը չի բխում Վրաստանի, առավել ևս Հայաստանի շահերից, ինչը որ չի կարող մտահոգություն չպատճառել: Տարածաշրջանում առաջատարը լինելու ցանկությունը Այս անիմաստ մրցակցությունը գալիս է պատմության խորքերից։ Պատմամշակույթային ասպարեզում աշխատանք է տարվում հայկականը ձևակերպել որպես վրացական. դրա վառ օրինակը հայկական եկեղեցիների վրացացումն է, որը իրականացնում է վրաց ուղղափառ եկեղեցին: Իսկ մրցակցությունը քաղաքական ասպարեզում, մշտապես օգնել է օտար երկրներին իրականացնելու իրենց շահերին համապատասխան ծրագրեր, որոնք երբևիցե չեն նպաստել տարածաշրջանի կայուն զարգացմանը: Առավել ևս, Վրաստանը մշտապես խոչընդոտներ է առաջացնում Հայաստան փոխադրվող բեռների համար և պահանջում է միջազգային նորմերից շատ ավելի բարձր սակագին: Այս ամենը միայն ու միայն մեկ նպատակ կարող է հետապնդել. դառնալու առաջատարը ցանկացած բնագավառում, և ուրիշի պատմության յուրացման միջոցով ձևավորել սեփականը, և այդ միջոցով ապահովել առաջատարի համբավը: Ռուսաստան-Հայաստան ռազմավարական հարաբերությունների հանգամանքը Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, երբևիցե չի օգտագտագործվել ընդդեմ իր ազգային շահերի ու հարևանների: Գնահատելով ներկայիս իրավիճակը ու նախազգալով Վրաստանի պետականությանը սպառնացող վտանգը, պետք է արձանագրել հետևյալը։ Եթե Վրաստանը շարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման ուղղությամբ և չվերածվի կոնֆեդերատիվ պետության, ապա աշխարհի գերտերությունները, առիթից օգտվելով կկիսեն Վրաստանը իրենց ազդեցության շրջանների (գոտիների)։ Եվ քանի որ այս գործընթացին անմասն չի մնա նաև Թուրքիան, Սամցխե-Ջավախքի հայությունը ստիպված կլինի ինչպես 1918թ. (Ախալցխայի ինքնապաշտպանության ժամանակ), այդպես էլ հիմա, պաշտպանելու իր ազգային իրավունքները պանթուրանական ու վրաց-ազգայնամոլական գործողություններից, դրանով իսկ լուծելով պատմական արդարության վերականգնման, ինչպես նաև Հայաստանը արտաքին աշխարհին կապող միջանցքի խնդիրը: Արտավազդ Կարապետյան |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: