|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Կոոպերացումը որպես գյուղի ու գյուղատնտեսության զարգացման ուղի
Կոմունիստական գաղափարախոսության խախուտ հենքի վրա կառուցված խորհրդային գերտերության ինքնափլուզման արդյունքում ազգերի, ժողովուրդների կենտրոնախույս ուժերով ինքնորոշումը եւ միանգամից անսովոր շուկայական հարաբերությունների ստեղծումն ու արտադրամիջոցների, այդ թվում` կարեւորագույն միջոցի՝ հողի նկատմամբ մասնավոր սեփականատիրության հաստատումը, թվում էր, պետք է առաջընթաց ապահովեին տնտեսական զարգացման գործընթացում: Չէ՞ որ վերացվում էին կենտրոնացված ուղղաձիգ կառավարումն ու պլանավորումը, եւ մարդիկ իրոք դառնում են սեփականատերեր: Սակայն գյուղատնտեսության բնագավառում հողի, գյուղտեխնիկայի հանրային կառույցների ու անասնապահական՝ իրավամբ շահութաբեր խոշոր համալիրների սեփականաշնորհումն ամենեւին էլ չտվեց այն արդյունքը, ինչ ակնկալվում էր: Ավելի վատթար հետեւանքներ ունեցավ արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհումը, որի արդյունքում գործազուրկ դարձավ բանվոր-ծառայողների մի հսկա բանակ, սակայն սույն հոդվածում խոսքս գյուղատնտեսությանը պետք է վերաբերի: Սեփականաշնորհումն իրականացավ շատ հախուռն, «բլից-կրիգ»-ի սկզբունքով, կարծես շտապում էին որքան հնարավոր է շուտ ձերբազատվել այն ամենից, ինչ խորհրդային էր: Այն ժամանակ քչերն են կարողացել հասկանալ, որ ամեն խորհրդայինի՝ անշարժ գույքի վերածված կապիտալի հիմնովին ոչնչացումն անհետեւանք չի անցնելու: Լվացքաջրի հետ դեն էր նետվում եւ մանկիկը: Սակայն այդ քչերը «խաղից դուրս» վիճակում էին: Նրանց լսող չկար: Սեփականաշնորհումից հետո ավելի քան մեկուկես տասնամյակ է անցել, բայց հողի սեփականատեր դարձած շինականը ոչ միայն չի կարողացել բարելավել իր կենցաղը, այլ ավելի է աղքատացել: Ավելին՝ ցավով պետք է ասել, որ եթե խորհրդային տարիներին Ղարաբաղի գյուղերը դատարկվում էին ադրբեջանական ղեկավարության խտրական քաղաքականության պատճառով, ապա ազատագրված ղարաբաղցին իր բաժին հողն ու հայրենի օջախը լքում է (կարծես ավելի զանգվածային՝ ողջ ընտանիքով) այդ մի պատառ հողից իր հանապազորյա հացը չգոյացնելու եւ ապրուստ որոնելու պատճառով: Հողի սեփականաշնորհումը, նրա մասնատումն ու ծվեն-ծվեն հողաբաժիններ դարձնելը շատ ավելի մեծ վնաս է պատճառել հենց իրեն՝ մեր բարեբեր հողին: Հենց այս խնդիրն է, որ մեծ ուշադրություն է պահանջում՝ առաջին հերթին երկրի պետական մարմիններից: Որքան էլ հողը մասնավորի սեփականությունը լինի, այն նախեւառաջ ու ընդմիշտ տվյալ պետության, երկրի սեփականությունն է: Պետությունը պարտավորված պետք է լինի հետեւելու հողօգտագործման գործընթացին եւ կանխի ամեն մի շահագործողական հողաքայքայիչ, ամեն մի անբարեխիղճ մոտեցում հողի նկատմամբ: Թող ով ինչպես կուզի, այնպես էլ վերաբերվի կոմունիստական գաղափարախոսությանը, նրա հիմնադիրնեից մեկի՝ Կ. Մարքսի ուսմունքին, բայց հողօգտագործման վերաբերյալ նրա մի արտահայտությունը պետք է կոչ համարվի բոլոր հողօգտագործողների համար: Այն է. «ամեն մի սերունդ պետք է հողը (բնականաբար՝ խոսքը վարելահողին է վերաբերում) օգտագործի այնպես, որ հաջորդ սերնդին փոխանցի ավելի բերրի դարձրած վիճակում»: Հողերի մասնատումը, որի արդյունքում գյուղական համայնքի ամեն մի շնչին բաժին է ընկել 0,6 հա վարելահող, եւ այսպիսով միջին չափի ընտանիքը (4-6 անձ) ստացել է 2,4-3,6 հա հող, ամենեւին էլ չի նպաստում այդ խրատականով առաջնորդվելուն: Ինչու՞: Որովհետեւ հողի բերրիությունը՝ նրա բնական հատկությունը, պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մշակել՝ ագրոկանոններին համապատասխան: Առավելապես տարբեր աստիճանի թեքություններում տեղակայված հողապատառները մշակվել կարող են թեքության ուղղությամբ (հողակտորի երկարությունն այդ ուղղությամբ է), որը հողի էրոզացման ամենակարճ ուղին է: Հողը պետք է մշակել պահանջվող ժամկետում, պահանջվող խոնավության դեպքում, որպեսզի այն որակով ստացվի ու հետագա արդյունք ապահովի: Սակայն դա հնարավոր չէ հողատերերի գերակշիռ մասի կողմից՝ սեփական գյուղտեխնիկա չունենալու պատճառով: Իսկ փոքր հողատիրոջ համար սեփական տեխնիկա ձեռքբերելը ոչ մատչելի է, ոչ էլ արդարացված: Մտահոգված լինելով ընտանիքի հացն ապահովելու խնդրով, հողատերն ամեն տարի (արդեն քանիերորդ անգամ) միայն ցորեն է ցանում, իսկ դա, մասնագիտական տերմինաբանությամբ, մոնոկուլտուրան է, որը մի այլ գիտնականի արտահայտությամբ (արված 19-րդ դարի 2-րդ կեսին) դեպի աղքատացում տանող ամենակարճ ճանապարհն է: Վաղուց հաստատված ու անհերքելի փաստ է, որ մոնոկուլտուրան (մեզ մոտ դա վարելահողերն ամեն տարի աշնանացան ցորենով զբաղեցնելն է) տանում է դեպի հողի աղքատացում, մոլախոտվածության մեծացում, տվյալ մշակաբույսին հատուկ հիվանդությունների հարուցիչների ու վնասատուների զարգացում ու պատճառած վնասների ավելացում, բերքատվության աստիճանական նվազում այն աստիճան, որ տվյալ մշակաբույսի մշակությունը դառնում է ոչ շահավետ ու անիմաստ, ինչին ականատես ենք լինում ԼՂՀ-ի առանձին հողօգտագործողների մոտ: Այդ բացասական երեւույթներից խուսափել ու հողի բերրիությունը պահպանել կարելի է մշակաբույսերի՝ գիտականորեն հիմնավորված հերթափոխ ցանք կատարելով, հողը պարբերաբար տեղական օրգանական ու հանքային պարարտանյութեր մտցնելով եւ, առավել եւս, բակլազգի (հողը հարստացնող) խոտաբույսեր ցանելով (սա նաեւ մոլախոտերի դեմ պայքարի լավ միջոց է): Անիմաստ է փոքր հողակտորներ ունեցողներին համոզել ցանքաշրջանառություն կիրառելու: Դա ո°չ տնտեսական եւ ո°չ ագրոտեխնիկական տեսանկյունից հնարավոր չէ: Խոտաբույս ցանելու համար պետք է, նախ, այն պահանջված լինի: Իսկ խոշոր կաթնապրանքային ֆերմաների բացակայության դեպքում կերային մշակաբույսեր ցանելը ոչ մի կերպ արդարացված չէ: Ֆերմաների բացակայությունն է պատճառը նաեւ այն բանի, որ հացահատիկի բերքահավաքից հետո խոզանը հրդեհվում է, մեծ վնաս պատճառելով հողի այնքան անհրաժեշտ միկրոֆլորային: Ֆերմաների բացակայությունն է պատճառը, որ մեր վարելահողերը զրկվել են տեղական օրգանական պարարտանյութ (գոմաղբ) ստանալուց: Մինչդեռ գոմաղբն անգնահատելի ու համալիր պարարտանյութ է ու հողի հումուսի սպառված պաշարները վերականգնելու աղբյուր: Վերջինիս համար շատ մեծ դեր ունի նաեւ վերոնշյալ խոտացանությունը: Եթե հանքային պարարտանյութերը բույսի համար անհրաժեշտ սննդատարրերի աղբյուր են եւ չեն կարող հումուսառաջացման գործոն լինել, ապա օրգանական պարարտանյութերը, ինչպես եւ մշակովի բույսերի կողմից հողում թողնվող բուսական օրգանական բոլոր մնացորդները, նախեւառաջ հումուսառաջացում են ապահովում: Իսկ հումուսի պարունակությունը ոչ միայն հողի բերրիության կարեւորագույն պայմանն է, այլ նաեւ հողը փոշիացումից ու էրոզացումից պաշտպանող միջոցը: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ այժմ անգամ ամենազարգացած երկրներում ջանքեր են թափվում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, էկոլոգիապես մաքուր ու անվտանգ սննդամթերք աճեցնելու նպատակով եւ աշխատում են հրաժարվել հանքային պարարտանյութեր ու թունաքիմիկատներ օգտագործելուց, կամ դրանք հասցնել նվազագույնի: Դրան հասնելու լավագույն միջոցը օրգանական (այդ թվում՝ կանաչ) պարարտացումների ու ճիշտ ցանքաշրջանառության կիրառումն է: Փոքր հողատարածքների վրա ցանքաշրջանառություն (ըստ տարիների, ըստ դաշտակտորների տարբեր մշակաբույսերի հերթափոխ մշակություն) կիրառելու մասին խոսք լինել չի կարող: Ֆերմաների բացակայությունը (մսուրային պահվածքով) անհնար է դարձրել գոմաղբով պարարտացումը: Մեր գյուղական համայնքների փոքր ու միջին սեփականատերերը կանգնած են նաեւ մի այլ դժվարության առաջ: Դա նրանց փոքր չափաքանակներով արտադրած մթերքի իրացումն է: Մի քանի հավկիթ, մի քանի լիտր կաթ, մի մոզի կամ խոզ, մի քանի հարյուր կիլոգրամ կամ տոննա հատիկ եւ այլն: Չէ՞ որ ընտանիքին դրամ է հարկավոր՝ շոր ու կոշիկ, գիրք ու տետր եւ այլ խիստ անհրաժեշտ իրեր գնելու համար: Գյուղացին իր մի կտոր արտը ժամանակին չի ցանում ու հնձում հաճախ պահանջվող գումարը չունենալու պատճառով: Հանքային պարարտանյութերի սահմանափակ քանակներով ներկրումը, նրանց ոչ մատչելի գները, մոլախոտերի դեմ պայքարելու համար համապատասխան սարքավորումների բացակայությունը, ցանքերին այդ նպատակով հերբիցիդ սրսկելու միջոցառման դժվարությունը (պետք է մաքուր ջուր լինի, եւ մոտիկ), այդ հերբիցիդների նույնպես բարձր գները եւ այլն հանգեցրել են նրան, որ մեր հողօգտագործողները ցանքերի խնամքի միջոցառումներ գրեթե չեն կիրառում եւ շատ թե քիչ բերքի ձեւավորումը պայմանավորվում է տարվա տեղումների քանակով: Բերքի ավելացման խնդրում նվազագույնի է հասցված մարդկային գործոնը՝ երկրագործի աշխատանքը: Վերջապես՝ պատառ-պատառ հողերի վրա աշխատող տեխնիկան գրեթե նույնքան պարապ շրջադարձեր ու ընթացք է ունենում, որքան դրանց տասնապատիկ եւ ավելի մեծության հողերում: Դրա հետ կապված փոքր հողակտորի մեկ հեկտարի մշակության համար ավելի շատ դիզվառելիք է ծախսվում, քան մեծ հողակտորի ամեն մի հեկտարի համար: Այսպիսով, ինչի՞ է հանգեցրել հողի սեփականաշնորհումը. ա) մեր այս փոքր հանրապետությունում ձեւավորվել է ավելի քան 50 հազար մանր ու միջին սեփականատեր-մենատնտես, որոնց կողմից հողի օգտագործման վերահսկումն անչափ դժվարացած կամ անհնարին է, բ) առանց ցանքաշրջանառությունների, այսինքն մոնոկուլտուրայի սկզբունքով եւ գրեթե առանց պարարտացումների (հատկապես՝ օրգանական) միայն մեկ մշակաբույսի՝ աշնանացան ցորենի մշակություն, որի հետեւանքը հանդիսացավ ցանքերի մեծ աղբոտվածությունը մոլախոտերով, բերքատվության կրճատումը, հողի հումուսի սպառումը եւ դրանից բխող բերրիության նվազումը, հողի ստրուկտուրայի վատացումը եւ դրանով պայմանավորվող փոշիացումն ու էրոզացման վտանգի մեծացումը, փոշիացած հողերի ջրային, օդային ռեժիմների վատացումը եւ, որպես հետեւանք, միկրոկենսաբանական պրոցեսների թուլացումը, փոշիացած հողերի կողմից տեղումների ջրերի վատ ներծծելն ու պահպանելը, որի հետեւանքով երաշտներն ավելի զգալի են դառնում եւ այլն, գ) գյուղտեխնիկայի օգտագործման ցածր արդյունավետություն, դ) խոշոր ֆերմաների բացակայությամբ պայմանավորվող կերային մշակաբույսերի, առաջին հերթին՝ հողն ազոտով ու բուսական օրգանական նյութերով հարստացնելու հատկություն ունեցող բակլազգի խոտաբույսերի չպահանջվածության պատճառով նրանց ցանքերի բացակայություն (խոտ հնձելով կպակասեր մոլախոտերի մեծ մասը), ե) թվարկված երեւույթներն առանձին-առանձին եւ միասնական՝ ցորենի բերքատվության նվազում են պատճառում, իսկ մշակության ծախսատարությունն էլ իր հերթին հանգեցնում է արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը եւ ցորենի մշակության շահավետության խիստ կրճատմանը: Վերջապես՝ հողի սեփականաշնորհման հետ դադարեց գոյություն ունենալ սերմնաբուծության հստակ գործող համակարգը: Անուշադրության է մատնված նաեւ տեղի հողակլիմայական պայմաններում փորձարկված ու հավաստագրում ստացած սորտերի օգտագործումը: Ներկրվում են արտերկրում գովաբանվող սորտեր, առանց հաշվի առնելու նրանց պիտանիությունը կամ հարմարվողականությունը մեր պայմաններում: Դա եւս հաճախ ցածր բերքատվության պատճառ է հանդիսանում: Սերմնաբուծությունն առանց պետական հովանավորության իրականացվել չի կարող: Դա է վկայում հացահատիկի խոշոր արտադրող երկրների փորձը: Իսկ որ՞ն է ելքը: Եթե հողի ու մյուս արտադրամիջոցների սեփականաշնորհման լիդերներն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում մի քիչ դիալեկտիկորեն մտածողներ լինեին, կհասկանային, որ արտադրության միջոցների մասնատումը կամ կոտորակումն ամենեւին էլ զարգացում, առաջընթաց (պրոգրես) պայմանավորող գործընթաց չէ: Ընդհակառակը, արտադրության զարգացման (գյուղատնտեսական արտադրությունը՝ նույնպես), առաջընթացի, արտադրողականության բարձրացման, միջոցների օգտագործման արդյունավետության ավելացման ու արտադրանքի ինքնարժեքի իջեցման համար միջոցների, ուժերի, հնարավորությունների համախմբում ու միավորում (կենտրոնացում) է անհրաժեշտ: Թեեւ հետեւանքների խորանալուց ու գյուղատնտեսության աններելի ետընթացից հետո միայն, սակայն ուրախությամբ պետք է նշել, որ թե Հայաստանի, եւ թե ԼՂՀ ներկայիս կառավարությունները հենց իշխանության լծակները ստանձնելու օրվանից դեմքով շրջվել են դեպի գյուղատնտեսությունը: Ավելին, Հայաստանում արդեն (փառք Աստծո) կառավարական մակարդակներում քննարկման առարկա է դարձել կոոպերացման հարցը: Մեր կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսությանը, նյութական ու ֆինանսական (հաճախ՝ անհատույց) օգնություն է ցույց տալիս հողի աշխատավորին, հողի օգտագործումն ավելի շահավետ դարձնելու, համայնքներում վիճակը բարելավելու նպատակով: Ցավոք, իշխանության այդ սրտացավ վերաբերմունքը, կամ հազարավոր մանր ու միջին հողատերերին տրվող օգնությունը հաճախ նպատակին չի ծառայում, սայլը տեղից չի շարժում: Կառավարությունը նաեւ հասկացել է, որ ավելի արդյունավետ են գործում խոշոր հողատերերը: Ուրեմն՝ հողերի միավորումը, ասել է թե՝ մանր հողատերերի կոոպերացումը միակ ուղին է բոլոր վերոթվարկյալ բացասական երեւույթներից խուսափելու համար: Ստիպված եմ կրկնել նախ ինքս ինձ եւ ասել, որ աշխատանքի բերումով կապված լինելով գյուղատնտեսական արտադրության հետ, մոտիկից տեսնելով հազարավոր հողօգտագործողների վիճակը՝ մի կողմից, ու հողի նկատմամբ աններելի վերաբերմունքը՝ մյուս կողմից, կոոպերացման, մանր հողատերերի միավորմամբ գյուղական համայքներում բաժնետիրական ընկերությունների ստեղծման անհրաժեշտությունն առաջ է քաշվել մեր կողմից դեռեւս 2003 թվականից ի վեր եւ կրկնվել ու հիմնավորվել է տարիներ շարունակ: Կոոպերացումը որպես մասնատված հողերի միավորման ու միասնական մշակությամբ նրանց դեգրադացումից փրկելու, հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու, ի վերջո՝ երկիրը հարստացնելու միջոց, բարեբախտաբար, նշվել է նաեւ մեր երկրի մի շարք վաստակաշատ ու գործիմաց գյուղատնտես-մասնագետների կողմից: Ինչու՞ է անհրաժեշտ կոոպերացումը: Մենք չենք կարող թույլ տալ, որ գյուղացին (խոսքը միայն սահմանված չափով հողաբաժին ստացածների մասին է), չկարողանալով իր մի պատառ հողից ապրուստի միջոցներ քամել (բնական աղետները մի կողմ թողնենք), հիասթափվի ու լքի հողն ու օջախը, հայրենիքը: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր գյուղական համայնքները դատարկվեն: Ավելին՝ դատարկվածներն ու կիսադատարկվածները շենացնել է պետք: Դա ռազմավարական խնդիր է: Հողի վրա ապրող է պետք ու լավ, բարվոք ապրող է պետք: Կոոպերացումը ցաքուցրիվ, առանձին անհատներին միավորելու, ասել է թե՝ ուժերը, միջոցները, հնարավորությունները համախմբելու եւ մեկ ընդհանուր նպատակի ծառայեցնելու միջոց է: Չէ՞ որ այժմ ամեն մի սեփականատեր մեն-մենակ է մնացած իր մի պատառ հողաբաժնի մշակության հոգսերի հետ դեմ-դիմաց: Ու՞մ հասկանալի չէ, որ ցանկացած դժվարություն կոլեկտիվն ավելի հեշտ կհաղթահարի, քան այդ կոլեկտիվի անդամներից ամեն մեկն առանձին-առանձին: Շինականի իմաստուն խոսքը. գեղ կագնի՝ գերան կկոտրի, տեղին է ասված: Կոոպերացումը մասնատված հողերի միավորմամբ միասնական, ավելի քիչ ծախսումներով, ագրոկանոններով՝ պահանջվող ժամկետներում, պահանջվող եղանակով ու պահանջվող որակով մշակում է պայմանավորում: Ասել է թե՝ դրանով մենք կպաշտպանենք մեր վարելահողերն անօգտագործելի դառնալուց: Միավորված, խոշոր հողահատվածներում հեշտ է ընդարձակել մշակվող բույսերի տեսականին եւ իրականացնել հերթափոխ ցանք՝ ցանքաշրջանառություն: Դրանով կպահպանենք հողի բերրիությունը, ու կբարձրանա բերքատվությունը: Կոոպերացման հետ կարեւորվում է գյուղտեխնիկայի կենտրոնացումը եւ միասնական օգտագործումը: Դրա լավագույն ձեւը մեքենատրակտորային կայանների կազմակերպումն է ամեն մի շրջանում: Դրա օրինակը կա, եւ դրա ծառայություններից օգտվողների գոհունակությունը հայտնի է: Կոոպերացումը նաեւ հեշտացնում է համայնքում արտադրված մթերքների ավելցուկի կենտրոնացված իրացումը, որն ամեն մի մենատնտեսի համար լրացուցիչ միջոցների ու ժամանակի կորստի հետ է կապված: Կոոպերացված համայնքում ավելի հեշտ է միասնական ձեւով հողերի պարարտացում, մոլախոտերի, վնասատուների դեմ պայքար կիրառելը: Կոոպերացման հետ առնչվում է նաեւ մի կարեւոր հարց: Դա շատ թե քիչ խոշոր համայնքներում անասնապահական համալիրների (ֆերմաների) վերականգնում է: Ի՞նչ է դա խոստանում: Միայն ֆերման է կլոր տարին աշխատանքով զբաղվածություն ապահովում: Ֆերման կերերի պահանջ է ներկայացնում: Ուրեմն՝ հարկ կլինի ցանել ոչ միայն ցորեն, այլ նաեւ բակլազգի խոտաբույսեր (որոնք հողը հարստացնող, մոլախոտերի դեմ պայքարի միջոց են), կերային այլ մշակաբույսեր (եգիպտացորեն, սորգո, սուդանի խոտ, ճակնդեղ եւ այլն): Նշանակում է՝ ցանքաշրջանառության կիրառումն անխուսափելի է դառնում եւ հեշտացնում է մասնագիտացված (ուղեկից) մոլախոտերի, վնասատուների դեմ ագրոտեխնիկական միջոցներով պայքարելը: Նշված մշակաբույսերից ոչ մեկն ավելի պակաս եկամուտ չի ապահովում միավոր մակերեսից, քան, ասենք, ցորենը: Ավելին՝ բուսական ցածրարժեք արտադրանքն անասնապահության մեջ վերափոխվում է ավելի բարձրարժեք մթերքների, դրանով ավելացնելով գյուղացու շահույթը: Անասնապահական կարիքների համար հավաքվելու եւ օգտագործվելու է հացաբույսերի, եգիպտացորենի երկրորդական արտադրանքը՝ ծղոտը, որը մինչեւ հիմա հրդեհվում էր, վնասելով նաեւ հողին: Այսպիսով, դաշտավարությունը կերերով ապահովելով անասնապահությանը, փոխարենը կստանա էժանագին տեղական, բայց ագրոնոմիական տեսանկյունից անչափ կարեւոր նշանակություն ունեցող պարարտանյութ՝ գոմաղբ: Ի տարբերություն հանքային պարարտանյութերի՝ գոմաղբը համալիր պարարտանյութ է, նրանում առկա են բույսին անհրաժեշտ բոլոր տարրերը: Բացի այդ, գոմաղբը օրգանական պարարտանյութ է եւ, հողում քայքայվելով, նպաստում է հումուսի ավելացմանը, միաժամանակ՝ ավելացնելով հողի միկրոֆլորան: Գոմաղբը նաեւ էկոլոգիապես մաքուր մթերք ապահովող պարարտանյութ է: Քանի որ խոսք գնաց համայնքներում կաթնապրանքային ֆերմաների վերականգնման արդարացվածության մասին, ուզում եմ նշել մի հանգամանք եւս: Չեմ կարծում, որ նպատակահարմար է արտերկրից բարձր մթերատու ցեղային երինջների ներկրումը եւ տեղում զտարյուն բազմացումը: Նման ձեռնարկումները ժամանակին քննություն չեն բռնել, եւ այժմ էլ այդ սկզբունքը հազիվ թե արդյունավետ լինի: Մեր պայմաններում նրանց համար պատշաճ, նրանց ռեժիմին համապատասխան պահվածք չի ապահովվելու: Ուստի ավելի ճիշտ ու հեռանկարային կլինի մեր պայմաններին լավ հարմարված, քիչ պահանջկոտ կովկասյան գորշ ցեղի բարելավումը՝ տրամախաչմամբ: Դրա համար անհրաժեշտ կլինի մեծաքանակ երինջների փոխարեն մի քանի ցլիկ (կամ՝ սպերմա) ներկրել: Այդ միջոցառումը եւ բավարար կերային բազայի ստեղծումը (կոպիտ, հյութալի, խտացրած) անվերապահորեն կտան ցանկալի արդյունք: Այսպիսով, եթե ուզում ենք, որ մեր գյուղատնտեսությունը զարգանա, եւ Արցախ աշխարհը բարգավաճի, ապա դրա միակ ուղին կոոպերացումն է՝ համայնքների մասնատված հողերի միավորմամբ ու լրացուցիչ մշտական աշխատատեղերի ստեղծմամբ: Կոոպերացման, հողերի միավորման ու համատեղ մշակման արմատական նշանակությունը վարելահողերի ճիշտ, ագրոկանոններին համապատասխան մշակում կիրառելն է: Դրանով մենք կպաշտպանենք մեր հողերը էրոզացումից, կպահպանենք ու կբարելավենք նրա բերրիությունը, մոլախոտվածության դեմ պայքարը կտարվի ագրոմիջոցառումների օգնությամբ, եւ կնվազի թունաքիմիկատների օգտագործման կարիքը: Համատեղ-միասնական մշակումը մի քանի տնտեսական այլ հարցեր էլ է լուծում: Դա տեխնիկական միջոցների, պարարտանյութերի, թունաքիմիկատների վերահսկվող ու արդյունավետ օգտագործումն է, աշխատանքի արտադրողականության բարձրացումը, արտադրանքի ինքնարժեքի իջեցումը, հողօգտագործումից ստացվող եկամուտների ավելացումը: Ի վերջո, դա գյուղացու ապրուստի բարելավում է նշանակում: Միայն այս դեպքում շինականն ամուր կկապվի իր հող ու ջրին: Հողին ամուր կապված մարդն է, որ պաշտպան է կանգնում իր հող ու ջրին: Այս հայրենանվեր գործում հաջողություն եմ մաղթում մեր իշխանավորներին, միաժամանակ պատրաստ լինելով ցույց տալ մասնագիտական անհրաժեշտ օգնություն: Արտակ ԳՈՒԼՅԱՆ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղ 31.01.10 analyticon.org
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: