Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

«Բացի զիջողներից ուրիշ զիջելու բան չունենք»

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին չի զարմացանում, որ ԼՂ հարցում տարածքներ զիջելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարություններ է անում ՀՀ-ից դուրս' արտերկրյա իր այցերի ընթացքում

 «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»,-  Սիրիա կատարած իր այցի ընթացքում «Al Vatan» թերթին ասել է Սերժ Սարգսյանը:

«Բովանդակային իմաստով Սերժ Սարգսյանը մեզ ոչ մի նոր բան չի ասել: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո իշխանական հատվածում ԼՂ հարցում որեւէ տեսակետ չի փոխվել»,- այսօր «Ա1+»-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

 1999թ. հոկտեմբերի 27-ը նա շրջադարձային է համարում ԼՂ հարցում:  Սեֆիլյանը հիշեցրեց, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից ընդամենը մի քանի ամիս հետո  2000թ. սկզբին  Ռոբերտ Քոչարյանն իր մոտ է հրավիրել մի քանի մտավորականների. «Քոչարյանը մտավորականներին խնդրել է շրջանառության մեջ դնել այն միտքը, որ 1988թ. մենք' հայերս, ցանկանում էինք, որ Ղարաբաղը միանա Հայաստանին: Քոչարյանը, այսպես ասած, գլուխ գովելով' ասել է, թե այսօր ԼՂՀ-ը գումարած Լաչինը միացնում ենք Հայաստանին, էլ ի՞նչ եք ուզում: Քոչարյանը սկսեց այս արշավը, որը շարունակում է Սերժ Սարգսյանը»:

 Ընդհանրապես. ԼՂ հարցում զիջումներ ակնկալողներին Սեֆիլյանը հարկ համարեց մեկ անգամ եւս իրազեկել. «ԼՂ հարցում, մենք հայերս, բացի զիջողներից ուրիշ ոչինչ չունեք զիջելու»:

Սեֆիլյանը նաեւ հիշեցրեց, որ ՀՀԿ-ն' իր առաջնորդի' Սերժ Սարգսյանի հետ, որն այսօր խոսում է փոխզիջումների մասին, մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ը ԼՂ հարցում առաջնորդվում էր «ոչ մի թիզ հող» կարգախոսով. «Ես ՀՀԿ-ին գնահատելու բան չունեմ: Նրան էությունը բոլորի համար պարզ է»: Անկախ ամեն ինչից Սեֆիլյանը համոզված է, որ մեր ժողովրդի մեջ կան հազարավոր նվիրյալներ, որոնք թույլ չեն տա հանձնել արյան գնով ազատագրված հողերը: «Բոլոր զարգացումները լինելու են այսօրվա քաղաքական դաշտից դուրս»,- ասաց Սեֆիլյանը:

Սեֆիլյանը գտնում է, որ այսօր մենք ոչ թե զիջումների, այլ մեր անելիքների մասին պետք է մտածենք եւ, առաջին հերթին' ազատագրված տարածքները վերաբնակեցնելու մասինՍեֆիլյանը համոզված է, որ ԼՂ հարցում որեւէ զարգացում առաջիկայում չի սպասվում, բացի նրանից, որ Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշումներն անխուսափելի են: «Այդ ճնշումները լինելու են ոչ թե ԼՂ հիմնախնդիրը լուծելու, այլ տարածաշրջանում իրենց շահերն ամրապնդելու, ներկա իշխանություններին ճնշելու են' ամբողջությամբ իրենցով անելու համար»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

24.03.10 a1plus.am

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: