|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայաստանի օլիգարխ բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսը և կուտակած ունեցվածքը · Ռուսական «Վերսիյա» պարբերականը հանդես է եկել սենսացիոն հրապարակմամբ, որտեղ մանրամասն ներկայացված է Հայաստանի ներկա քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգը, նրա առանձնահատկությունները, եւ ամենակարեւորը` մեկ առ մեկ նշված է, թե մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ինչ բիզնես ունեն, որ ոլորտներում, որքան կապիտալ են կուտակել: Վստահաբար, այս սկանդալային փաստերը շատ լուրջ արձագանք են ունենալու: Մենք ձեզ ենք ներկայացնում ռուսական պարբերականի` «Ինչո՞ւ են Հայաստանի շարքային քաղաքացիների` կյանքը բարելավելու բոլոր փորձերը դատապարտված» վերնագրով հոդվածը: ԿԼԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակական եւ սոցիալական կարեւոր գործընթացները բուռն արձագանք են գտնում ոչ միայն Ռուսաստանի հայության շրջանում, այլ նաեւ ընդհանուր առմամբ ռուսական հասարակությունում: Տարբեր գնահատականներով, Ռուսաստանում աշխատում է Հայաստանի մոտ 800 հազար քաղաքացի: Պետության շահերը պետական ապարատի գրեթե բոլոր օղակներում ձեւափոխված են պետական բարձրաստիճան պաշտոնյաների շահադիտական ձգտումներով, ստեղծված է կազմակերպված հանցավորության աննախադեպ բուրգ, որը ամբողջությամբ իրեն է ենթարկել իրավապահ մարմինները, դատական համակարգն ու խորհրդարանը: Պաշտոնապես հռչակված ֆինանսաբյուջետային համակարգին զուգահեռ պետական համակարգում գործում է ստվերային ֆինանսական հոսքերի ձեւավորված համակարգ, որը էականորեն գերազանցում է պաշտոնական բյուջետային համակարգը: Ինչպես մենք գտնում ենք, Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկով սկսվեց փողոցային քրեական տարրերի կտրուկ ներհոսքը պետական կառավարման բարձրագույն մարմիններ, ինչը հանգեցրել է հանցավորության կտրուկ աճի: Ըստ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի, իշխանությունը կեղծիքների եւ ուժային ճնշման ճանապարհով ձեւավորված է օլիգարխներից, կրիմինալից եւ արտաքին ազդակներից: Նշելով, որ իշխանության վերին հատվածը իր ձեռքերում է պահում երկրի բոլոր ակտիվների եւ ձեռնարկությունների 85%-ը, ինչպես նաեւ վերահսկում է ֆինանսական հոսքերի գրեթե 90%-ը, Կարախանյանը ընդգծել է, որ նման իրավիճակում հեգնանք են առաջացնում Հայաստանի ղեկավարների խոսքերը կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի մասին: Ռուսական պարբերականի կարծիքով, Հայաստանում օլիգարխիկ եւ կոռուպցիոն սխեմաների առանձնահատկությունը դրանցում քրեական աշխարհի ուժեղ եւ հրապարակային ներկայությունն է: Բացի այդ, առկա է նաեւ օլիգարխների, կոռուպցիոներների եւ կրիմինալիտետի ամուր խմբվածություն ղարաբաղյան կլանի բուրգի գագաթի շուրջ: «Նշենք, որ կլանի անդամների մեծամասնությունը ծագումով Ղարաբաղից չէ, սակայն ստիպված է խաղալ այն կանոններով, որոնք թելադրվում են բուրգի գագաթի ներկայացուցիչների կողմից», նշել է «Վերսիյա»-ն: Ի տարբերություն նախկին խորհրդային երկրների, Հայաստանում այդպես էլ լուրջ հակակոռուպցիոն օրենսդրություն չձեւավորվեց: ՔՐԵԱԾԻՆ ՓՈՂԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ Կապիտալի արտահանումն ու լվացումը հայկական օլիգարխները եւ բարձրաստիճան պաշտոնյաները իրականացնում են նման գործերի համար ավանդական դարձած վայրերում. Շվեյցարիա, Կիպրոս, Լիբանան, ԱՄԷ, Լիխտենշտեյն, Ջերնսի կղզի (Մեծ Բրիտանիա) եւ այլն: Սակայն, աչքի է զարկում նաեւ այլ երկրներում փողերը «թաքցնելու» եւ լվանալու միտումը: Այդ առումով, «Վերսիյա»-ն նշում է Հարավային Եվրոպայի եւ Բալկանների երկրները (Խորվաթիա, Չեռնոգորիա, Իտալիա, Բուլղարիա, Ռումինիա եւ Հունաստան), Իսրայել (օրինակ, «Ապոալիմ» բանկը), եւ որոշ այլ տվյալներով, նույնիսկ Թուրքիան (անշարժ գույքի ձեռքբերում), իսկ Լատինական Ամերիկայի երկրներից` Արգենտինան եւ Բելիզը: Դատելով մամուլի որոշ հրապարակումներից, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նույնպես արձանագրել են իրենց երկրում փողերի լվացման փորձեր` Հայաստանի օլիգարխների, կոռուպցիոներների, ինչպես նաեւ նրանց լիազորված անձանց կողմից: Եվ ահա, մինչեւ բուն փաստերի հրապարակումը, «Վերսիյա»-ն ուշադրություն է հրավիրել դեռեւս 2006թ. դեկտեմբերին լույս տեսած «Ֆորբս-Հայաստան» ամսագրի առաջին համարի մի հրապարակման վրա: Ամսագիրը հրապարակել էր Հայաստանի 10 ամենահարուստ մարդկանց ցուցակը` առանց նրանց հարստության մասին տվյալների: Ռուսական թերթը եւս մեկ անգամ ներկայացրել է այդ ցուցակը (ցուցակում ընդգրկված մարդիկ նշված են այն ժամանակվա պաշտոններով կամ դիրքով): 1. Գագիկ Ծառուկյան - ԲՀԿ նախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր 2. Արմեն Ավետիսյան* - Մաքսային վարչության պետ 3. Միխայիլ Բաղդասարով - «ՄԻԿԱ» ընկերության նախագահ եւ «Արմավիայի» սեփականատեր 4. Հրանտ Վարդանյան - «Գրանդ Տոբակոյի» եւ «Գրանդ Քենդիի» նախագահ 5. Սուքիասյանների ընտանիք - «ՍԻԼ» կոնցեռն 6. Երվանդ Զախարյան* - Երեւանի քաղաքապետ 7. Ռոբերտ Քոչարյան* - Հայաստանի նախագահ 8. Սերժ Սարգսյան* - ՀՀ ՊՆ նախարար 9. Անդրանիկ Մանուկյան* - կապի եւ տրանսպորտի նախարար 10. Դավիթ Հարությունյան* - արդարադատության նախարար «Վերսիյա»-ն հատուկ ընդգծել է, որ այս 10-ից 6-ը (*) պաշտոնապես գտնվել են գործադիր իշխանությունում եւ միայն աշխատավարձով են ապրել: ՓԱՍՏԵՐ ՆԱԽԿԻՆ ՊԱՐՏԿՈՄԻ ՄԱՍԻՆ Ահա այսպիսի, կարելի է ասել, ներածականից հետո ռուսական պարբերականը անցնում է սկանդալային փաստերի: Ըստ պարբերականի, լինելով գործող համակարգի հիմնադիր, երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը (1998-2008թթ.) կարողացել է իր ձեռքում կենտրոնացնել փոքր երկրի չափանիշներով ահռելի հնարավորություններ: Դրանք ունեն ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական տեսք: «Ինչպես մենք ենթադրում ենք, իր կառավարման տարիներին, «իշխանության կուսակցության» ներսում համաձայնեցված քվոտայով Քոչարյանը վերահսկել է (կամ փայ է ունեցել) շահույթ բերող հետեւյալ ոլորտներում` հարկային, հեռահաղորդակցություն, շինարարություն, գազամատակարարում, թանկարժեք քարերի վերամշակում եւ արտահանում-ներմուծում, ընդհանուր ներմուծում (որոշ գնահատականներով` 30-40%), հանքային հանածոների արդյունահանում եւ վերամշակում, կոմունիկացիա եւ տրանսպորտային ենթակառուցվածքներ (փոստ, քաղավիացիա եւ այլն): Քոչարյանի հիմնական ակտիվները կենտրոնացած են վերոհիշյալ ոլորտներում: Ըստ «Վերսիյա»-ի մոտավոր հաշվարկների, Քոչարյանի ընտանիքի նյութական եւ ոչ նյութական ակտիվները կազմում են ավելի քան 4 մլրդ ԱՄՆ դոլար: Հայաստանի ներկայիս ղեկավարությունը վերահսկում է տնտեսության հետեւյալ ոլորտները` մաքսատուրքեր, նավթամթերքների, բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծում, մետաղների եւ մետաղի ջարդոնի արտահանում, ոսկու ներմուծում եւ վաճառք, ավիափոխադրումներ եւ ավիաընկերություններ, ընդհանուր ներմուծում (մոտ 35-45 %): «Վերսիյա»-ն նաեւ ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի տարածքով թմրանյութերի մի շարք տարանցիկ փոխադրումներ են իրականացվում` սկսած հարավային սահմաններից մինչեւ Երեւանի ու Գյումրիի հիմնական երկաթուղային կայարաններն ու օդանավակայանները, որտեղից էլ բեռները կամ երկաթուղով անցնում են Վրաստանը, հետո Ուկրաինան, կամ էլ օդային ճանապարհով հասնում են ռուսական Նովոռոսիյսկ եւ Անապա (մի մասը մնում է Ռուսաստան), այնտեղից էլ Եվրոպա: Սրա համեմատ աննշան է թվում ոսկյա իրերի եւ թանկարժեք քարերի մաքսանենգությունը, հատկապես չհաշվառված ադամանդների, որոնք հիմնականում տարվում են Ռուսաստան եւ Եվրոպա: Բազմաթիվ ուղղակի եւ անուղղակի փաստեր վկայում են այն մասին, որ Հայաստանի մոտ 150 քաղաքացի (չնայած կլիմայական պայմաններին) հավատարիմ զինյալների վերահսկողության ներքո, հերթափոխով աշխատում է աֆրիկյան երկրների (հիմնականում Նիգերիայում եւ Նամիբիայում) հանքերում, որոնք ձեռք են բերվել Հայաստանի ղեկավարների կողմից ստեղծված օֆշորային ընկերությունների կողմից: «Վերսիյա»-ն նշում է, որ չմշակված թանկարժեք քարերը հիմնականում մաքսանենգ ճանապահով բերում են Հայաստան (հետագայում մշակելու համար) արաբական երկրների, Սիրիայի, Կիպրոսի եւ Բուլղարիայի ճանապարհներով: Շատ մասնագետներ հենց դրանով էլ բացատրում են այն փաստը, որ վերամշակվող թանկարժեք քարերի քանակը բազմակի անգամ գերազանցում է պաշտոնապես ներմուծվող քարերի քանակը: Առանձին թեմա է յուրացված ձեռնարկությունների թեման: Ինչպես ժամանակին գրել է ռուսական «Տրուդը»-ը, իշխանությունները յուրացրել են այնպիսի լուրջ ձեռնարկություններ, ինչպիսիք են «Բազալտ» գործարանը, Ագրինեքս ջերմոցային տնտեսությունը, Սեւանի Մոթելը, Սեւան-2-ը, Ինտերմոտոր Մերսեդես-կենտրոնը, Կարի ֆաբրիկան, Ղափանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, Երեւանի քիմռեակտիվների գործարանը, Երեւանի N1, N2 եւ N7 շուկաները: Այս ամենը կոնկրետացնելու համար Սմբատ Կարախանյանը հայտարարել է. «Վստահորեն կարող եմ տեղեկացնել, թե ինչ ունեցվածք ունեն Հայաստանի առաջին դեմքերը»: ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ Եվ այսպես. Ռոբերտ Քոչարյան (նաեւ լիազորված անձանց եւ ընտանիքի անդամների միջոցով). Արցախբանկ, ՄԱՊ (50%), Առէկսիմբանկ, Յունիբանկ (համասեփականատեր), Հայբիզնեսբանկ (համասեփականատեր), Ռենկո (Renco Construction), Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ (ավելի քան 90%), Արդշինինվեստբանկ (ավելի քան 50%), Կոնվերսբանկ (տարբեր տվյալներով` 30-ից 50%), «Բիշին» շինարարական ընկերություն (100%), «Դաունթաուն Երեւան» շինարարական ընկերություն (ավագ որդի Սեդրակ Քոչարյանի միջոցով), «Հ2» հեռուստաընկերություն (50%, համասեփականատերերն են Սամվել Մայրապետյանն ու ներկայիս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը), SAS խանութների ցանցը (50%` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի միջոցով), «Սթար» խանութների ցանցը (30%-ը պատկանում է Սեդրակ Քոչարյանին), «Նոյ» կոնյակի-գինու կոմբինատը (50%, մյուս համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է), «Զվարթնոց» օդանավակայան (50%, 30 տարվա վարձակալություն, համասեփականատերը Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյանն է), «Հայփոստ» (Սեդրակ Քոչարյանի միջոցով, մյուս սեփականատերը` Էդուարդո Էռնեկյան), բջջային հեռախոսների ներմուծում (80%), խոշոր առեւտրական կոմպլեքս Մոսկվայում (համասեփականատեր` Սամվել Կարապետյան), կազինո Մոսկվայում (համասեփականատեր` Շաքրո), «Տոյոտա» ընկերության ներկայացուցչություն Հայաստանում: Բացի այդ, Քոչարյանը ընդգրկված է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում` անկախ տնօրենի կարգավիճակով: Մասնագետների կարծիքով, այս հանգամանքը ենթադրում է «Սիստեմայի» ակտիվների առկայություն Քոչարյանի մոտ: Այն ակտիվները, որոնք Քոչարյանը նախկինում ունեցել է կամ էլ խոշոր մասնաբաժին է ունեցել. «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը` «Վիվասել»), «Ագրոձեռնարկություն» ՍՊԸ (1870 հա), «Գոլդեն Փելաս» հյուրանոց Երեւանում (83%-ի իրական սեփականատերը եղել է Սեդրակ Քոչարյանը), «Արարատցեմենտ» (33%), «Կոնվերսբանկ» (Սեդրակ Քոչարյանի միջոցով): Այս բանկը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ուշադրությունը գրավեց, երբ պարզվեց, որ նրա միջոցով միջազգային ահաբեկչության հետ կապված մի շարք կեղծ ընկերություններ եւ բանկեր փողեր են լվացել (մոտ 800-900 մլն դոլար): Այս սկանդալի արդյունքում պաշտոնաթող եղավ բանկի նախագահ Սմբատ Նասիբյանը եւ Քոչարյանի ընտանիքի փայաբաժինը վաճառվեց մյուս սեփականատիրոջը` Է. Էռնեկյանին: Սակայն բավական հիմքեր կան ենթադրելու, որ Սեդրակ Քոչարյանի փայաբաժնի վաճառքի գործարքը կեղծ է եղել, եւ նա իրականում մնում է «Կոնվերսբանկի» համասեփականատեր: ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ Սերժ Սարգսյան (այդ թվում լիազորված անձանց, եղբոր` Ալեքսանդրի եւ փեսայի` Միքայելի միջոցով). «Ֆլեշ» ընկերության ակտիվներ (համասեփականատեր` Բարսեղ Բեգլարյան), բենզալցակայանների ցանց, գինու 3 գործարան Լեռնային Ղարաբաղում (Ստեփանակերտ, Մարտունի, Կարմիր Շուկա), օղու գործարան (Կարմիր Շուկա, Հայաստանում վաճառվող օղու 1/3-ը, 2-3 մլն լիտր), «Արարատ» բանկ, «Արարատ» ռեստորանների ցանց (թվով մոտ 30), «ՄԻԿԱ» ընկերության ակտիվներ (վառելիքի, բենզինի, դիզվառելիքի, ավիակերոսինի (մենաշնորհ) ներմուծման մասով, համասեփականատեր` Միխայիլ Բաղդասարով), «Արմավիա» ավիաընկերություն, «Միկա» ֆուտբոլային ակումբ (գնահատվում է մոտ 40-50 մլն դոլար), «Միկա-ցեմենտ», «Միկա հաուս» շինարարական ընկերություն (ավելի քան 5 մեծ էլիտար շենքեր Երեւանում), հյուրանոցա-ռեստորանային համալիր Մոսկվայում, սեփական տուն Լոնդոնում, ՎՏԲ բանկ (գնել է 300 հազ. դոլարով, վաճառել է 28 մլն դոլարով), «Ջազվե» սրճարանների ցանց, ՀՀ ՊՆ նախարար եղած ժամանակ Բուլղարիայի մասնավոր ձեռնարկությունների կողմից արտադրվող զենքի մատակարարումների միջնորդ է հանդիսացել դեպի երրորդ երկրներ, լիազորված անձանց միջոցով փեսան` Միքայել Մինասյանը, հանդիսանում է «ՀայTV» հեռուստաընկերության սեփականատերը: Մեկնաբանություններն ավելորդ են: «Հայաստանի ի՞նչ բարգավաճման մասին կարող է խոսք գնալ նման պետական համակարգի դեպքում», հայտարարել է Սմբատ Կարախանյանը:
ՍԵՐԺԻ ՍԱՇԻԿՆ ՈՒ ԿՐԻՄԻՆԱԼԸՀիշեցնենք, այս շարքի առաջին հոդվածում խոսվում էր ոչ միայն երկրի առաջին դեմքերի` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուսների միլիարդավոր դոլարների կարողության մասին` փաստերով, այլ նաեւ նշվում էր, որ Հայաստանը թմրադեղերի տարանցիկ ճանապարհ է, իսկ այդ ֆոնին աննշան են թվում ոսկյա իրերի եւ թանկարժեք քարերի, հատկապես` չհաշվառված ադամանդների մաքսանենգությունը: Ինչպես ռուսաստանյան ԶԼՄ-ների հրապարակումների մեջ է նշվում` «ՀՀ յուրաքանչյուր քիչ թե շատ կարեւոր չինովնիկ ձեւավորված օլիգարխ է, ով իր ունեցվածքը կուտակել է պետական լծակների օգտագործմամբ` անձնական բարեկեցության նպատակով»: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի եւ բիզնեսների մասին արդեն 2-րդ նյութն է հրապարակվել: Այս անգամ էլ խոսվում է Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի եւ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի ունեցվածքի, բիզնեսների, քրեական աշխարհի հետ կապերի եւ խայտառակ ապօրինությունների մասին: «Հայաստանում ձեւավորվել է քրեական-ուժային համակարգ, որը, մասնավորապես տնտեսության ոլորտում գործում է ֆինանսական մեքենայությունների բուրգի կանոններով.... Ամբողջ խնդիրն այն է, որ ողջ երկիրը գտնվում է մի քանի մարդու վերահսկողության տակ, որոնք սերտաճած են եւ գործում են գողական կանոնների վատագույն ավանդույթներով»,- այս անգամ Հայաստանի մասին գրում է wek.ru էլեկտրոնային պարբերականը: Խոսելով դրամի կուրսի արհեստական բարձրացման մասին, որը ապահովում է ՀՀ քրեաօլիգարխիկ խմբավորումների համար բարձր վալյուտային եկամուտ, նույն պարբերականը շարունակում է. «Բայց ամենավատը այն է, որ այդ խմբավորումները հայաստանյան իրենց ձեռնարկությունները համարում են որպես գործիք` վալյուտային միջոցներ քամելու, որոնք հետագայում տեղափոխում են արտասահմանյան բանկերում եւ օվշորային գոտիներում իրենց հաշվեհամարների վրա»: Պարբերականը նաեւ նշում է, որ ՀՀ պաշտոնյաները Հայաստանին տրամադրված հսկայական միջազգային վարկերը բաշխում են իրենց պատկանող ձեռնարկությունների միջեւ, ինչը ոչ միայն չի բարձրացնում հասարակ քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը, այլեւ սպառնացող տեմպերով մեծացնում է երկրի արտաքին պարտքը, այդ իսկ պատճառով էլ ռեալ եւ համապատասխան աշխատատեղերի աճ չի արձանագրվում: Ռուսական պարբերականի սույն հրապարակման մեջ այս անգամ երկար «շարանով» թվարկված են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բիզնեսները` «Արթֆուդ» ընկերությունը, Ղրիմում հանգստյան տունը, որը Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել 2007 թվականին, ավազահանքեր, գազալցակայաններ, հեկտարներով հողատարածքներ, գործարաններ, հանգստյան տներ եւ այլն, եւ այլն: ԱԺ նախագահի բիզնեսները թվարկելուց բացի պարբերականը նշում է, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը Մխչյան գյուղում «ԱվտոՎազ»-ի սովորական աշխատողից դարձել երկրի երկրորդ դեմքը: «Նա 2003 թվականի նախագահական ընտրությունների գլխավոր կեղծարարներից մեկն է: 2004-ին հենց նա առաջարկեց օլիգարխների եւ քրեական կառույցների կիրառման իդեան` ընդդիմության ակցիաները ճնշելու համար: Նա իշխանության այն դեմքերից է, ով իր վրա է վերցնում օլիգարխիկ խմբավորումների միջեւ ծագած վեճերի հարթեցման գործը: Վերահսկում է երկրում խաղատնային բիզնեսի զգալի մասը: Հայաստանի ամենախոշոր հողատերերից է»,- գրում է պարբերականը: Հաջորդը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: «Նա երկրում ստվերային ֆինանսական սխեմաների գլխավոր ճարտարապետն է»,- վարչապետի մասին գրում է wek.ru-ն: Թվարկելով ՀՀ քաղաքական եւ ֆինանսական դաշտում Տիգրան Սարգսյանի «սխրանքները»` պարբերականը նշում է, որ միայն նրա ԿԲ նախագահ եղած առաջին տարում ՀՀ բյուջեն Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում կորցրեց 30 մլն դոլար: Պարբերականը նշում է, թե ինչպես է Տիգրան Սարգսյանը նպաստել ոչ իրենց «կռուգի» մարդկանց բանկերի «պայթեցմանը» եւ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանկերի բարգավաճմանը: Ի թիվս այլ խայտառակությունների, պարբերականը նշում է, որ ՀՀ վարչապետը իր կապիտալը տեղափոխում է Իսպանիա, որտեղ արդեն 10 տարուց ավելի շքեղ առանձնատանը ապրում են նրա կինը եւ որդին: Ըստ wek.ru-ի, Տիգրան Սարգսյանի կարողությունը գնահատվում է 25-30 մլն դոլար: Պարբերականի ցանկում հաջորդը Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է: Նշվում է, որ վերջինս «թափ է հավաքել» 99-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչական ակտից հետո. նա Գագիկ Ծառուկյանի եւ Քոչարյանի հանգուցյալ եղբոր հետ գազալցակայանների ցանցի համասեփականատեր է դարձել: Նրա սեփականությունը հանդիսացող լցակայանները հարկեր չեն վճարել, արդյունքում, նա վաճառել է «գազային բիզնեսի» իր մասնաբաժինը Ծառուկյանին, որի հետ անձնական ու գործնական բնույթի մի շարք խնդիրներ ունի: Ըստ պարբերականի, Սաշիկ Սարգսյանն ակտիվ է անշարժ գույքի շուկայում, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Հոդվածում նշվում է նաեւ, որ Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտնվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, եւ որ ԱՄՆ-ում նա արդեն 30 մլն դոլարի կարողություն ունի: Ըստ wek.ru-ի, Սաշիկ Սարգսյանի «քաջագործությունների» շնորհիվ ժամանակին զբաղեցրած պաշտոնից ազատվեց ԱԱԾ ղեկավար Կառլոս Պետրոսյանը: Պարբերականը հիշեցնում է, որ 2007-ին Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ Սաշիկ Սարգսյանը մահափորձ է կազմակերպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ եւ, «ունենալով հարուստ կրիմինալ անցյալ», այդ նպատակով դիմել է վարձու մարդասպանի: Ըստ Գեղամյանի, մահափորձի տապալումից հետո է Կառլոս Պետրոսյանն ազատվել աշխատանքից: Հոդվածում նաեւ նշվում է, որ Գեղամյանը հստակ ասել է, որ Սաշիկ Սարգսյանը սերտորեն կապված է Հրազդանի ցեմենտի գործարանի նախկին սեփականատերերից մեկի` «օրենքով գող» Միքայել Ազատյանի սպանության հետ: Հոդվածում խոսվում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի արած չարաշահումների` մասնավորապես «մազութի գործի», երթուղայինների գծերի վերահսկման մասին: Ինչպես նաեւ` նշվում է, որ Զախարյանի ենթակաները սերտորեն կապված են մարդկանց առեւտրի (թրաֆիքինգի) հետ: Հրապարակման վերջում անդրադարձ կա ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանին: Նշվում է, որ ղարաբաղյան ծագումով այս պաշտոնյան էլ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ զբաղվել է ՀՀ-ից սեւ եւ գունավոր մետաղների արտահանմամբ: Նա «1000+1» խանութների ցանցի սեփականատերն է եւ հայտնի է դարձել ՀՀ-ից բանանի արտահանման գործով (!): Սույն անձը հայտնի է որպես ամենախոշոր շինկազմակերպություններից մեկի` «Գրիար»-ի սեփականատեր, որ, ըստ պարբերականի, «սկանդալային էլիտար շինարարություն է իրականացնում Բուզանդի փողոցի վրա, որտեղ մարդկանց չնչին կոպեկներ են վճարել իրենց տների համար, իսկ նրանց անհամաձայնության դեպքում մարդկանց այդ տներից վտարել են ուժային կառույցների օգնությամբ, ինչի արդյունքում նաեւ մահվան դեպքեր են արձանագրվել»: «Սա երկրի սեփականության հափշտակիչների եւ սեփական ժողովրդին թալանողների ամբողջական ցանկը չէ: ՀՀ պետական եւ քաղաքական էլիտայի եկամուտների ուսումնասիրությունը շարունակվում է եւ հետաքննության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- այսպես է ավարտվում wek.ru-ի հոդվածը:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: