Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ապրիլի 22-ին,  «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպել էր հավաք – քննարկում «Արցախյան ճակատում «ստատուս-քվոյի» հրամայականը» թեմայով։

Ստորև ներկայացնում ենք  «Արմենական-Ռամկավար» ազատական կուսակցության Հանրապետական վարչության ատենապետ Արմեն Մանվելյանի խոսքը։

 

Հակիրճ ներկայացնեմ մեր կուսակցության դիրքորոշումները, և հետո իմ կարծիքը քննարկվող թեմայի վերաբերյալ։

Մեր կուսակցությունը վերջերս հանդես եկավ հայտարարությամբ, որով մենք դեմ արտահայտվեցինք ազատագրված տարածքների զիջմանը և ընդհանրապես տարածքների շուրջ ցանկացած բանակցային գործընթացի։ Տարածքների զիջման մասին անգամ խոսք լինել չի կարող։ Սակայն այսօր կա հասարակական կարծիք, որը շատ դեպքերում մեզ հետ համակարծիք չէ։

Նժդեհը մի լավ խոսք ուներ ասում էր. «Ազգերի կործանման պատճառը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին ունեցած սխալ պատկերացումների հետևանքով է»։

Մեզ մոտ շատ սխալ պատկերացում կա, թե ի՞նչ բան է խաղաղությունը և ինչպե՞ս այն պահպանել։ Հետևաբար մենք պետք է փորձենք առաջին հերթին այդ հարցի պատասխանը տալ և ձևավորել հասարակական կարծիք. խաղաղություն պահպանելու հիմնական և միակ գրավականը դա տարածքների պահպանման  խնդիրն է, ավելին, ոչ միայն պահպանման այլ նաև բնակեցման և հայացման խնդիրն է, որը երբեք մեր հասարակության մոտ չի եղել որպես կարևոր պայման և առավել ևս այդ խնդիրը երբեք չի եղել Հայաստանի իշխանությունների մոտ որպես կարևոր պայման։

Խնդիրը նրանում է, որ 1991թ-ից սկսած մինչև օրս  իշխանությունները իրենց քաղաքական գործունեության մեջ երբեք չեն վստահել հայ ժողովրդին, ինչպես չէին հավատում, որ 1994-ին պատերազմը կավարտվի հաղթանակով։ Այնպես էլ չեն հավատում այսօր, որ մենք կարող ենք այդ տարածքները պահել: Հենց սա պատճառներից մեկն է, թե ինչու չենք կարողանում հասարակական կարծիք ձևավորել։ Այսօր այդ հասարակական կարծիքը պետք է ձևավորել լրատվամիջոցներով, թերթերով, ինտերնետային կայքերի միջոցով, որ տարածքները չի կարելի զիջել։ Կա հին ճշմարտություն. ցանկացած պետություն եթե կայանում է,ապա կայանում է զինվորի թափված արյան գնով։ Հետևաբար, թափված արյունը միակ քաղաքական կատեգորիան է, որի շնորհիվ ստեղծվում է պետություն։ Երիտթուրքերը մի շատ լավ ասացվածք ունեն ասում են. Թուրքիան այն պետությունն է որի տակ կանգնած է թուրք զիվորը։

Այսօր հայ ժողովուրդը ունի մի տարածք, որը փորձում են դարձնել սակարկման առարկա և չեն բնակեցնում, ասելով, որ երբևէ այն ետ կվերադարձվի։ Իշխանությունները չեն հավատում, որ հայ ժողովուրդր կպահպանի և կպաշտպանի այդ հայրենի հողը։

Եվ հիմնական այս իրավիճակի փոփոխման կարևորագույն պայմաններից մեկը նաև այսօրվա քաղաքական էլիտայի փոփոխության խնդիրն է։ Սկսած 1991թ-ից մինչ օրս իշխանությունները շարունակողներն են եղել նույն քաղաքական կուրսի, որոշակի շեշտադրումների տարբերությամբ։

Եկեք չասենք որ 1998-ից հետո ինչ–որ բան էականորեն փոխվեց, հնարավոր է որոշ մարդկանց համար շատ բան էականորեն փոխվեց, բայց սովորական ժողովրդի համար ոչինչ էլ  չփոխվեց, առավել ևս չփոխվեց քաղաքական կուրսը։ Եվ ուղղակի տարբեր ձևաչափերով, տարբեր անվանումներով միշտ էլ փորձ է արվում տարածքները զիջելու խնդիրը լուծել։

Իրականում մենք լուծել ենք հայկական հարցի մի մասը, որն այսօր անվանում են Ղարաբաղի հարց։ Մեզ հարկավոր է անվտանգության մի տարածք, որտեղ հայ էթնոսը կարող է հանգիստ կերպով գոյատևել, զարգանալ և բազմանալ։ Եվ էական չէ, որ այդ տարածքը լինի Արցախում, Ջավախքում, թե Նախիջևանում։ Մենք լուծում ենք հայկական հարց, հայկական էթնոսի համար տարածքի խնդիր, որը պետք է պահպանվի և չտրվի որևէ մեկի։ Հետևաբար խնդիրը դրվում է այսպես. մենք պետք է պահպանենք այդ տարածքները, առավել ևս բնակեցնենք իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է իշխանափոխություն,և առաջին հերթին հարկավոր է նոր քաղաքական վերնախավի ձևավորում, նոր քաղաքական կուսակցություններ, կամ նոր մտածելակերպի մարդկանց ի հայտ գալ, որոնք կմտնեն քաղաքական դաշտ և կասեն, որ այսպես շարունակել այլևս չի կարելի։ Իսկ այդպիսիք, ցավոք սրտի գոնե այն քաղաքական ուժերի մեջ, որոնք ակտիվ գործում են ես չեմ տեսնում։

Շնորհակալություն։                               

azadakrum.org 22.04.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: