| |
Արեւե՞լք, թե՞
Արեւմուտք. կողմնորոշումները քննարկել են քաղաքական գործիչն ու արվեստագետը

«Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններ. Արեւմո՞ւտք, թե՞
Արեւելք». այս խորագրով հերթական քննարկումն է այսօր կազմակերպել «Սարդարապատ»
նախաձեռնությունը:
Ժամանակակից դիվանագիտությունը գործածում է տարբեր հասկացություններ`
սահմանելով հստակ աշխարհաքաղաքական համակարգեր, որոնց առկայությունը պահանջում
է նույնպիսի հստակ դիրքորոշում:
Ո՞րը պետք է լինի Հայաստանի կողմնորոշումը£ Տարբեր տեսանկյուններից դիտարկելով
հարցը` պատասխանն են փորձել ձեւակերպել քննարկման գլխավոր բանախոսները` «Սարդարապատ»
նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանն ու «Ժառանգություն» կուսակցության
խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ստեփան Սաֆարյանը, չթաքցրեց, որ ներկայացնում է քաղաքական ուժ, որի օրակարգում
առաջնահերթությունը եվրոպական ինտեգրումն է: «Երբ հարց ենք տալիս Արեւե՞լք, թե՞
Արեւմուտք, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեկը շատ վատ բան է, մեկը`
շատ լավը, եւ պիտի ընտրենք շատ լավը»,- ասում է նա:
Պատմական անդրադարձ կատարելով` «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան
Խզմալյանը նկատեց, որ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանը վերանայել է իր
աշխարհաքաղաքական կողմնորոշվածությունը: Ընդ որում, նրա դիտարկմամբ, եղել է
նաեւ ժամանակաշրջան, երբ միեւնույն սերնդի կյանքի ընթացքում ընտրություն է
կատարվել երկու անգամ` հակառակ ուղղություններով: Նման բան, նրա խոսքով, վերջին
ընտրությունը տեղի ունեցավ Տիգրան Մեծի օրոք, որը ընտրեց Արեւելքը:
Գալով մեր ժամանակներին` Տիգրան Խզմալյանն այսպիսի եզրահանգում կատարեց. «Երբ
տեղական գործիչները հաշվարկում են ԵՄ- ին անդամակցելու մեր հնարավորությունները,
արժե վերհիշել սեփական պատմությունը, որպեսզի հետեւելով Տիգրան Մեծ արքային՝
եզրակացնենք՝ Արեւմտյան ծովային մայրաքաղաքներում ու նավահանգիստներում մեզ չեն
սպասում եւ չեն ընդունելու»:
Սա, ըստ Տիգրան Խզմալյանի, պատմության ընթացքում տարբեր ժամանակներում
ապացուցվել է: Նա նկատեց նաեւ, որ կան հայտնի խոսքեր այդ ամենի մասին փաստող,
օրինակ, նույն արեւմուտքից հնչած ձեւակերպումը` «Մեր նավերը հայկական լեռները
չեն բարձրանում»:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսպիսի
կարծիք հայտնեց. «Հայաստանին ոչ Արեւմուտքում, ոչ Արեւելքում, ոչ Հարավում եւ
ոչ Հյուսիսում որեւէ ընտանիքում չեն ընդունի, եթե Հայաստանը շատ անկարգ մեկը
լինի, պրոբլեմատիկ մեկը լինի, խնդրահարույց լինի, որը ուզում է իր այդ
անկարգությունները տեղափոխել Արեւելք կամ Արեւմուտք, Հյուսիս կամ Հարավ»:
Ո՞րն է, ելքը եւ ի՞նչ աշխարհաքաղաքական կողմնորոշում պետք է որդեգրի Հայաստանը:
«Ընդհանրապես՝ շատ դժվար է դատողություններ անել այս թեմայի շրջանակներում»,-
կարծում է Ստեփան Սաֆարյան:
«Հարցը տարօրինակ է հնչում արեւապաշտ մեր ազգի համար, որ առ այսօր երդվում է
հոր ու մոր արեւով, բայց մոռանում են` որտեղից է ելնում արեւը: Ելքը` Արեւելքն
է»,- կարծում է «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը:
«Բոլոր սցենարների պարագայում, միեւնույնն է, Հայաստանի Հանրապետության համար,
այս երկընտրանքի կամ ոչ երկընտրանքի պայմաններում, թիվ մեկ խնդիրը մնում է
Հայաստանի ինքնիշխանությունը` լայն իմաստով»,- հավելեց Ստեփան Սաֆարյան: Եվ սա
անգամ այն դեպքում, եթե ընդունենք, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է:
Ծայրահեղ սոցիալական բեւեռացում եւ անարդարություն, տնտեսական կախվածություն,
քաղաքական անկայունություն եւ անազատություն. սրանք են այն արդյունքները, որոնք,
ըստ Տիգրան Խզմալյանի, ծնվել են անցած 20 տարիներին Հայաստանի` արեւմտյան
արժեքների որդեգրման արդյունքում: Մինչդեռ, ըստ նրա, նույն այդ
ժամանակահատվածում բացարձակապես հակառակ ուղղությամբ զարգացող արեւելյան
քաղաքակրթություններ ենք տեսնում:
«Ի դեմս Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, որոնք մեր աչքի առաջ հասան, բառիս բուն
իմաստով, տիեզերական բարձունքների ապավինելով սեփական ուժերին, ձգտելով ազգային
շահի ու արժեքների իրականացմանը»:
Տիգրան Խզմալյանը պատահական չհամարեց, որ վերջին երկու դարերի Հայաստանի
դաշնակից Ռուսաստանի հետ հենց այդ երկրներն են կազմել Շանհայան դաշինքը, որը,
բանախոսի ձեւակերպմամբ, խորհրդանշում է մայրցամաքային քաղաքակրթության պատմական
հաղթանակը երրորդ հազարամյակում: Նա համոզմունք հայտնեց, որ հենց այստեղ է
Հայաստանի տեղն ու դերը, այն ապագան, որը նախանշել էր հայոց արքան, միակը, որին
ոչ պատահականորեն ժողովուրդը կոչեց Տիգրան Մեծ:
armradio.am 18/02/10 |