Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Կրկին Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման և Կարսի պայմանագրի հետևանքների հնարավոր ճանաչման մասին

 4 մայիսի 2009թ.

Վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցները հետևողականորեն լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Կարսի պայմանագրի ճանաչման կամ նախկին սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածը որպես հայ-թուրքական սահման ճանաչելու վերաբերյալ: Ներկայումս Ախուրյան և Արաքս գետերով անցնող բաժանարար գիծը չունի հայ-թուրքական պետական սահմանի կարգավիճակ, քանի որ չկա դրա վերաբերյալ որևէ օրինականորեն ուժի մեջ մտած և գործող միջազգային պայմանագիր: 

Ենթադրենք, շեշտում եմ ենթադրենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս կամ այն ձևակերպմամբ ներկայումս de facto բաժանարար գծին տալիս են de jure միջպետական սահմանի կարգավիճակ: Ինչքանո՞վ այն կլինի օրինական՝ միջազգային իրավունքի և սահմանադրական իրավունքի  տեսանկյուններից: 

Հայ-թուրքական սահմանը, բնականաբար նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև գոյություն ունեցող միակ de jure սահմանը, այսինքն՝ վիլսոնյան սահմանը, չի հաստատվել երկկողմ պայմանագրով, որպեսզի հնարավոր լիներ այն բեկանել կամ փոփոխության ենթարկել միայն երկու կողմերի համաձայնությամբ: Հայ-թուրքական սահմանը կայացել է օրինապես ուժի մեջ մտած իրավարար վճռով (arbitral award), որը

պարտադիր իրավական որոշում է ավելի քան մի քանի տասնյակ երկրների համար, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության համար: Այսինքն, վիլսոնյան իրավարար վճիռը, որն անշրջելիորեն ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, ոչ միայն ճանաչում է Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու տիտղոսը որոշակի տարածքի վրա, այլև Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է ստանձնած միաջազգային հանձնառություններին հավատարիմ մնալու անսակարկ պարտավորություն:

Տվյալ իրավարար վճռի անբեկանելիության ամենավառ վկայությունը ԱՄՆ Սենատի կողմից 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ-ի և Թուքիայի de facto իշխանության միջև 1923թ. օգոստոսի 6-ին կնքված պայմանագրի մերժումն էր, քանի որ հավանությունը կհակասեր ԱՄՆ-ի արդեն իսկ ստնաձնած պարտավորություններին, որոնք բխում էին իրավարար վճռից: 

Հետևաբար Հայաստանի Հանրապետության իշխանությունները որևէ ձևակերպմամբ չենկարող օրինապես ճանաչել Կարսի պայմանագրի հետևանքով առաջացած իրավիճակը, քանի որ նման քայլը կհակասի ՀՀ միջազգային արտավորություններին:

Կարսի պայմանագրի հետևանքների ճանաչումը, չեմ ասում Կարսի պայմանագրի, քանի որ այն ստորագրման իսկ օրից անօրինական էր, կլինի նաև Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության ոտնահարում: Ըստ ՀՀ սահմանադրության 49-դ հոդվածի ՙՀանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է՚: Այսինքն, քեմալա-բոլշևիկյան անօրինական գործարքի ճանաչումը և օրինականացման փորձը կհանգեցնի

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, քանի որ անկախ այն բանից, որ Թուրքիան 1920թ.-ից ի վեր բռնազավթել է de jure Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի մի զգալի մասը, այնուհանդերձ բռնազավթումը չի կարող հիմք լինել որևէ տարածքի օրինական իրավատիրության համար, առավել ևս հանգեցնել տվյալ տարածքի տիտղոսի փոխանցմանը: 

Արա Պապյան,

“Մոդուս վիվենդի” հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար,

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: