Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
   

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄ

 Ռազմավարական քաղաքականության ակումբի անդամ Արթուր Ավթանդիլյանը Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում խոսել է երիտասարդության նկատմամբ Հայաստանում իրականացվող քաղաքականության մասին:
 
Ավթանդիլյանը նշել է, որ երիտասարդներն ավելի գաղափարականացված են, ավելի քիչ են տեղի տալիս ճնշման միջոցներին:
 
Ճնշումների համար օգտագործվում է բռնությունը, երբ կարող են քանի հոգի դարանակալել և հարձակում կատարել: Նման ֆունկցիա շատ հաճախ իրենց վրա են վերցնում օլիգարխների թիկնապահները, մի շարք արևելյան մարտարվեստների դպրոցների ներկայացուցիչները, որոնք ոչ թե արևելյան փիլիսոփայություն են ներկայացնում, այլ որպես բուծարան են աշխատում կոնկրետ նպատակով մարդկանց պատրաստելու համար, ասել է նա:
 
Ավթանդիլյանի կարծիքով, երիտասարդությանը վերահսկողության տակ պահելու համար, իշխանությունները նախահարձակ միջոցառումներ են կազմակերպել, այլընտրաքնային նախագծեր իրականացնել, օրինակ զանազան բազեների և ավելի պրակտիկ բնույթ կրող պրոեկտների միջոցով:
 
Ըստ Ավթանդիլյանի՝ այդ պրոեկտները առաջին հերթին այսպես կոչված բոնուսներն են: Օրինակ, այս կամ այն հարաբերություններում դատավոր դառնալու կարգավիճակ կամ այսպես կոչված լոկալ երիտասարդական 'նայողներ': Սակայն ամբողջ երիտասարդությանը հնարավոր չէ ինտեգրել այնպիսի կառույցներում, ինչպիսին իշխանական կուսակցությունների երիտթևերն են: Մյուսների վրա վերահսկողություն սահմանելու համար արդեն օգտագործվում է երիտասարդական պրոեկտների ինստիտուցիոնալացման գործընթացը: Օրինակ, այնպիսի քրեական գաղափարախոսություն ունեցող երկրում, ինչպիսին նացիստական Գերմանիան էր, մտցվեց երիտասարդ հիտլերականների ինստիտուտը, որտեղ հավաքում էին պատանիներին և նրանց մեջ որոշակի գաղափարախոսություն ձևավորում: Նույն ախտանիշերը նկատվում են Հայաստանում: Վերջերս Հայաստանում մի նոր հասարակական կազմակերպություն է հայտնվել, որը կոչվում է Հայաստանի արծիվներ: Սա Սյունյաց արծիվներ ՀԿ-ի հաջորդն է: Ըստ պաշտոնական տվյալների, այս ՀԿ-ն զբաղվում է ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներով: Բայց, եթե վերցնենք կոնկրետ իրավիճակ, ապա 2004 թվականի հոկտեմբերին այդ ՀԿ-ն իր ղեկավարով, ով հիմա սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանն է, մտավ Կապանի մի խմբագրի մոտ և ծեծի ենթարկեց նրան՝ կրթության ոլորտը քննադատելու համար: Դրանից հետո ՀԿ-ին հանրապետական կարգավիճակ շնորհվեց: Կա հստակ ուղղորդված ներքին քաղաքականություն, որը երիտասարդությանը երիտկամավոր է դարձնում բառի ամենավատ ու քրեական իմաստով, նշել է Արթուր Ավթանդիլյանը:
 
Նրա խոսքով, երիտասարդության կրիմինալացման ինստիտուցիոնալացումը շարունակվելու է, քան որ այլ կերպ չի կարող լինել: Սրա հիմքում վարչախմբի ինքնապահպանման խնդիրն է: Այդպիսի կազմակերպություններին ֆինանսական, ադմինիստրատիվ հնարավորություններ են տրվում, նաև արտոնություններ, որոնք հրապուրիչ խայծ են շատ երիտասարդների համար, ասել է Արթուր Ավթանդիլյանը, ավելացնելով, որ եթե մի նժարին փողն է ու արտոնությունը, ապա մյուսին ոչինչ չկա, եւ պետք է դրվի գաղափար:

lragir.am 04/02/10

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: